Տարվա մեմերը, iPhone 4-ի օգտատերերի հիասթափությունն ու չկայացած BarCamp Արցախը. ՏՏ  2012

Տարվա մեմերը, iPhone 4-ի օգտատերերի հիասթափությունն ու չկայացած BarCamp Արցախը. ՏՏ 2012

BarCamp-ներին սովորաբար մասնակցող հանրությանն այս տարի մի բան շատ տխրեցրեց, նախապես պլանավորված BarCamp Արցախը չկայացավ

2012-ի ձեռքբերումների ու բացթողումների մասին խոսելիս չէինք կարող չանդրադառնալ մեր երկրի համար շատ կարևոր մի ոլորտի: Վերջին տարիներին հայաստանյան ՏՏ ոլորտը բոլորի ուշադրության կենտրոնում է: 2012-ին ՏՏ ոլորտն աչքի ընկավ միջոցառումների ու մրցույթների բազմազանությամբ, ինտերնետ հանրության ակտիվությամբ, իսկ ոլորտի մասնագետներն ասում են, որ մենք ընթանում ենք համաշխարհային միտումներին համաչափ:

PanARMENIAN.Net - Մրցույթներ, իրադարձություններ

BarCamp չկոնֆերանսներ

Ինչպես արդեն նշեցինք, այս տարի ՏՏ ոլորտում բազմաթիվ մրցույթներ են կազմակերպվել: Շարունակելով լավագույն ավանդույթները` այս տարի արդեն 4-րդ անգամ Երևանում կազմակերպվեց BarCamp Երևանը: BarCamp Երևանը նորամոծություն ուներ: Այս տարի երևանյան չկոնֆերանսի ժամանակ անցկացվեց նաև աշխատանքային տոնավաճառ, որտեղ տարբեր կազմակերպություններ ներկայացրին, թե ինչ թափուր աշխատատեղեր կան իրենց ընկերություններում:

BarCamp-ի հաջորդ կանգառը Գյումրին էր: Հայաստանի երկրորդ քաղաքում այն անցկացվեց առաջին անգամ: Գյումրիում անցկացված BarCamp-ը 150 մասնակից ուներ, այն բացվեց տեխնոպարկի վերակառուցվող հիմնական շենքում և շարունակվեց «ԿԱԶԱ» հիմնադրամի գրասենյակում:

BarCamp-ներին սովորաբար մասնակցող հանրությանն այս տարի մի բան շատ տխրեցրեց՝ նախապես պլանավորված BarCamp Արցախը չկայացավ:

Հեքըթոն[ՅԱՆ] նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ

Այս տարի այն անցկացվեց դեկտեմբերի 22-23-ը Մերգելյան ինստիտուտում: Մրցույթին մասնակցեց 37 թիմ: Հեքըթոն[ՅԱՆ] 2012-ին զուգահեռ Մերգելյան ինստիտուտում ընթանում էր նաև նորաստեղծ ընկերությունների մրցույթ «ATS 2012»-ը, որը Հայաստանի առաջին մրցանակաբաշխությունն էր, որտեղ պարգևատրվեցին ՏՀՏ ոլորտի լավագույն նորաստեղծ ընկերությունները: Այս տարվա Հեքըթոն[ՅԱՆ]-ը նախորդից տարբերվեց նրանով, որ չկար թեմատիկ սահմանափակում:

«ArmNet Awards» ամենամյա մրցանակաբաշխություն

Այս տարի «ArmNet Awards»-ի գլխավոր մրցանակին արժանացավ «Մենք ենք այս քաղաքի տերը» ֆեյսբուքյան խումբը: Մրցույթն այս տարի անցկացվեց երրորդ անգամ:

Նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 8-ը տևած SMS-քվեարկությանը մասնակցեց 9824 բաժանորդ: Ընտրվեց լավագույն կայքը, եղան նաև խրախուսական մրցանակներ:

«Արմթեք» համաժողով

Այս տարի համաժողովում Հայաստանի կառավարության և «Ինթել» ընկերության միջև ստորագրվեց Հայաստանում գիտահետազոտական կենտրոն հիմնելու մասին փոխըմբռնման հուշագիր: Եվս մեկ հուշագիր ստրոգրվեց «Corporation America» ընկերության հետ:

Համաժողովում չորս ինտերակտիվ քննարկում եղավ, որի ընթացքում բանախոսներն ու մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնել և քննարկել առաջիկա տարիներին Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավոր ուղղությունները:

Mardamej. Reload սոցիալական նորարարությունների ճամբար

Այս տարի արդեն 2-րդ անգամ անցկացվեց Մարդամեջ սոցիալական նորարարությունների ճամբարը: Այս տարի էլ մասնակիցները զբաղված էին շատ կարևոր խնդրով. oգտագործել օնլայնը՝ օֆլայնը փոխելու համար:

Այս տարվա Մարդամեջն ուղղված էր հակակոռուպցիոն խնդիրների նորարար լուծումների մշակմանը և հաղթեց «Մանկապարտեզների մոնիթորինգ» ծրագիրը, որը հնարավորություն կտա մանկապարտեզներում բացառել ստվերային վճարումները:

Տարվա մեմերը

Համացանցի հայկական հատվածն այս տարի մեմաշատ էր: Այստեղ հատուկ շնորհակալություն պետք է հայտնել Երևանի քաղաքապետարանին. ամենահաջողված մեմերը ծնվեցին հենց քաղաքապետարանի շնորհիվ: Դրանից ամենահայտնին հարապետության նախագահի հորդորն էր քաղաքապետին՝ «Սիրուն չի, Տարոն ջան»-ը, սրան հաջորդեցին նարնջագույն թռչունններն ու նրանց մյուս ընկերները:

Այս տարվա ամենահայտնի մեմերից մեկն էլ մատնաքաշն էր. օրեր շարունակ հայկական հացը պատկերող դեմոտիվատորները սոցիալական ցանցերի լրահոսի անբաժան մասն էին:

Ինտերնետի հայ օգտատերերին ոչ պակաս ուրախացրեց Ճանապարհային ոստիկանների արկածներից հետո տարածված մեմը: «Դու լրիվ ոնց որ խառնում ես սաղ»-ը ևս տարվա գլխավոր մեմերից էր:

Ուշագրավ

2012-ի տվյալներով Հայաստանի բնակչության 60%-ը համարվում է ինտերնետ օգտագործող: Սրան զուգահեռ, մասնագետները պարբերաբար հիշեցնում են, որ հայ ինտերնետ օգտագործողները չեն տիրապետում համացանցից օգտվելու շատ նրբությունների, Հայաստանում մեծ տոկոս են կազմում հենային ծրագրերից օգտվողները, իսկ համակարգչային տեխնիկա վաճառող ընկերությունների կեսը գնորդներին առաջարկում է հենային ծրագրեր:

Կարևոր

2012-ին Հայաստանում սկսեց գործել վենչուրային հիմնադրամ: Վենչուրային հիմնադրամը ֆինանսական ներդրումային կազմակերպություն է, որը ներդրումներ է կատարում նոր հիմնադրվող ռիսկային ոլորտներում, հիմնականում բարձր տեխնոլոգիաների, գիտական հետազոտությունների և ՏՏ ոլորտներում: Հիմնադրամը ծրագրերը կյանքի կոչելու համար կտրամադրի 500 հազ դոլարից մինչև 2 մլն դոլար:

Եվ վերջում

Չէինք կարող չնշել նաև iPhone 5-ի` հայկական շուկայում հայտնվելը: Տեխնոլոգիասեր հայ հանրությունը կհասկանա, թե ինչ կարևոր իրադարձություն էր սա, հատկապես iPhone 4-ի տերերի համար: Առաջացավ տարվա գլխավոր հարցը. ինչպես հաջողացնել վաճառել iPhone 4-ը և որտեղից գտնել iPhone 5-ի համար անհրաժեշտ գումարի մնացած մասը:

Աստղիկ Հակոբյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Հայաստանում շատերը բողոքում են, որ գործատուն աշխատավարձը փոխանցում է բանկային քարտի վրա, սակայն բողոքողները չեն հասկանում, որ 21-րդ դարում բանկերի քարտային համակարգը սեփական ֆինանսները տնօրինելու արդյունավետ և լայն հնարավորություններ ընձեռող տարբերակն է։
Հայաստանը 2012-ին վերջապես կունենա էլեկտրոնային առևտրին վերաբերող օրենսդրություն, որը կկազմի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Այս մասին այս շաբաթ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկային փոխնախարար Վահե Դանիելյանը։
2011-ի ամենահիշարժան իրադարձություններից մեկը Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակի այցելությունն էր Հայաստան
 Ուշադրության կենտրոնում
Shadowmatic. 3D գլուխկոտրուկ՝ ստվերում թաքնված ուրվագծերով

Shadowmatic. 3D գլուխկոտրուկ՝ ստվերում թաքնված ուրվագծերով Triada Studio Games-ը ներկայացնում է Shadowmatic խաղը, որն առաջիկայում հասանելի կլինի App Store-ում iPhone-ի, iPad-ի ու iPod touch-ի համար

 Բաժնի այլ նյութերը
Ինչու՞ են 3D ակնոցները ցավեցնում աչքերը Մարատ Սաֆարյան. «Մոսկվա» կինոթատրոնի բոլոր 3D ակնոցները թանկարժեք են՝ յուրաքանչյուրը 50 եվրո արժողությամբ և ավելի բարձր
Ե՞րբ կլուծվի Հայաստան-Արցախ ռոումինգյան «խառնաշփոթի» հիմնահարցը Դիանա Հովհաննիսյան. Որպես կանոն բիզնեսը փող է վաստակում ցանցից դուրս ստացած և կատարած զանգերի հաշվին
Հայաստանը մի օր կզրկվի ինտերնետից, քանի որ պետությունը «անելիք չունի» մալուխների անվտանգության հարցում Անուշ Բեղլոյան. Պղինձ փնտրելն ազգային սպորտ է դարձել թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում