Անկինոթատրոն. «Ռոսիա». Շուկայից` կինոթատրոն, ու դարձյալ շուկա. Մոտ կես դարում

Անկինոթատրոն. «Ռոսիա». Շուկայից` կինոթատրոն, ու դարձյալ շուկա. Մոտ կես դարում

Առևտրամշակութային համալիրն այսօր իրականացնում է մի գործառույթ՝ առևտուր

Կինոթատրոն «Ռոսիա», հետագայում «Այրարատ»: Հասցեն՝ Տիգրան Մեծի պողոտա 14: Շահագործման է հանձնվել 1974 թվականին: Ճարտարապետներ՝ Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան, Հրաչ Պողոսյան: Սեփականաշնորհվել է 2004 թվականին: Գնորդ՝ «Նարեկ» ընկերություն («Սիլ կոնցեռն»): Գինը` 500.000 ԱՄՆ դոլար:

PanARMENIAN.Net - Ի տարբերություն Երևանի մյուս չգործող կինոթատրոնների` «Ռոսիայի» մասին հաճախ է խոսվել: Այս կինոթատրոնի մասին երևանցիները համեմատաբար ավելին գիտեն, քան մյուսների: Վերջին տարիներին շատերն են անդրադարձել հատկապես «Ռոսիայի» շուկայից շուկա փոխակերպմանը: Սեփականաշնորհումից հետո խոստումներ եղան, որ այն համալրելու է մայրաքաղաքի մշակութաառևտրային կառույցների շարքը, բայց «Ռոսիան» դեռ միայն առևտրային համալիր է, մշակութայինին հերթը, ասում են, կհասնի:

Կինոթատրոնի պատմությունն այնպես, ինչպես եղել է: Ինչպես նախագծվեց ու կառուցվեց Երևանի ամենամոդեռնիստական կառույցներից մեկն այն ժամանակ, երբ Երևանում 3 մեծ կինոթատրոն կար և 1000 մարդուն բաժին էր ընկնում 5 տեղ` կինոթատրոնների դահլիճներում: Ինչում մեղադրեցին հեղինակներին, ու ինչով պարգևատրեցին: Ի վերջո՝ որն էր այս կինոթատրոնի գլխավոր առանձնակատկությունը ու ինչ հաղթահարվեց հայկական ճարտարապետության մեջ «Ռոսիայի» կառուցմամբ:

Այս անգամ ավելի շատ գնահատականներ ու ճարտարապետական մանրամասներ, քան հիշողություններ ու մարդիկ:

««Ռոսիա» կինոթատրոնի կառուցումը կարևոր փուլ էր: Առաջին անգամ մենք կարողացանք կատարել մեր առջև դրված խնդիրը` միաժամանակ դեմ չգնալով մեր ստեղծագործական սկզբունքներին: Մենք չգնացինք որևէ փոխզիջման: Կարծում ենք, որ մեզ հաջողվեց կյանքի կոչել մեր մտածածը առանց որևէ բացառության: Նույնը մեզ հաջողվեց նաև Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշակոթողի դեպքում, արդեն Քալաշյանի հետ: Պարզապես վերջինի դեպքում հոգևոր սկիզբ կար»:

Սա հատված է Արթուր Թարխանյանի հետ զրույցից, որը տպագրվել է 1985 թվականին «Կոմունիստում»:

60-ականներին այնտեղ, որտեղ «Ռոսիան» է, սև շուկա էր: Որոշվեց, որ շուկայի տեղում պետք է կինոթատրոն կառուցվի:

Ճարտարապետներ Արթուր Թարխանյանը, Սպարտակ Խաչիկյանն ու Հրաչ Պողոսյանը որոշեցին ներկայացնել իրենց նախագիծը: Կինոթատրոնի համար տասնյակ էսքիզներ արվեցին ու առանձնացվեցին երկու հիմնական տարբերակներ: Սկզբում առաջինը՝ պանորամային կինոթատրոն: Այն պետք է մեծ լիներ, նախատեսված 2600 հանդիսատեսի համար և պետք է երկու դահլիճ ունենար` էկրանով միմիանցից բաժանված:

1964 թվականին Հայաստանի Ճարտարապետների միությունում տեղի ունեցավ կինոթատրոնի նախագծի բուռն քննարկումը: Այստեղ սկիզբ առավ մի վեճ, որը շարունակվեց երկար, անգամ այն ժամանակ, երբ ավարտվել էր «Ռոսիայի» շինարարությունը:

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի 1966 թվականի նոյեմբերի 29-ի համարում տպագրված հոդվածն անդրադառնում է այս վեճին: Հոդվածի հեղինակը Ա.Կակոսյանն է: Այն արտացոլում է ամենը, ինչ տեղի է ունեցել նախագծի քննարկման ժամանակ:

Ըստ հոդվածի հեղինակի` Սպարտակ Խաչիկյանին անգամ հարցնում են.«Այդ ինչ եք կախել կինոթատրոնի ճակատին, սպիտակեղեն է, ինչ է»:

«Չգիտեմ` ինչպիսին էին ուզում տեսնել կինոթատրոնը, բայց ես հակված եմ մտածելու, որ բոլորին վախեցնում էին կառույցի վառ արտահայտված օրիգինալությունն ու ժամանակակից լուծումները: Հակառակ դեպքում՝ ինչպես բացատրել դիտողությունը, թե «նախագծում վատ են արտահայտված ազգային միջավայրին առնչվող հարցերը» կամ «նախագիծը պետք է համապատասխանի Երևանի ճարտարապետական դիմագծին»:

«Նոր ճարտարապետությունը պետք է կառուցվի հնի հիմքի վրա» թեզը նոր չէր և, կարելի է ասել, արդարացված էր: Բայց Խաչիկյանն էլ իր հերթին էր ճիշտ, երբ ասում էր, որ ազգայինը պետք է փնտրել նոր մտքի, տեխնիկայի մեջ»,- գրում է Կակոսյանը:

Պանորամային կինոթատրոնի գաղափարը չընդունվեց: 1970-ականների սկզբին Ճարտարապետների միություն ներկայացվեց այժմյան «Ռոսիայի» նախագիծը:

Նախագիծը քննարկվեց ու հաստատվեց Երևանի Քաղխորհրդի կողմից: Սկսվեց շինարարությունը:

Այն նախատեսվեց 2600 հանդիսատեսի համար, ինչպես և մտածել էին հեղինակները: Դահլիճներից մեկը 1600, մյուսը՝ 1000 տեղանոց: «Ռոսիա» կինոթատրոնի կախովի ծածկը առաջինն էր Հայաստանում: Նման լուծում երբևէ չէր կիրառվել:

Կինոթատրոնը վերածվեց բազմաֆունկցիոնալ համալիրի, որը բաղկացած էր երեք հիմնական մասից. չափսերով տարբեր, բայց միևնույն կաղապարով երկու դահլիճներ` եզրերից վերև ձգվող, իսկ դահլիճների տակ բաց տարածք, որտեղ տեղակայված են ցուցասրահներ, սրճարան, բար, տոմսարկղեր: Այս տարածքով կարելի էր անցնել ինչպես փողոցով` առանց կինոթատրոն մտնելու: Հենց այս` դրսի ու ներսի կապն էլ համարվում է ամենահետքրքիր լուծումներից մեկը:

Իսկ երբ պարզ դարձավ, որ տեխնիկական պատճառներով երկու դահլիճները միավորել հնարավոր չի լինի, նաև ինտերֆեյսի հետ կապված բարդություն առաջացավ: Բայց սա չխանգարեց մտահղացմանը. հեղինակները հիշեցին Մարմարաշենի եկեղեցին. երկու կառույցներ են կողք կողքի ու դրանց միջև «աշխատող» տարածություն կա, նույնը Հաղպատում: Երկու դահլիճների միջև եղած տարածությունը դարձավ ամբողջ համալիրի կենտրոնը: Եզրերից ձգվող և կենտրոնում դեմ դիմաց բարձրացող դահլիճները տեսողական տարբեր զգացողություններ են առաջացնում: Եվ ամենից հաճախ մարդիկ այն նմանեցնում են Արարատ սարին, այստեղից էլ կինո «Ռոսիային» հետագայում տրված երկրորդ անունը՝ Այրարատ:

Կինոթատրոնը բացվեց 1974 թվականի դեկտեմբերին:

Բոլորովին վերջերս լույս տեսավ ճարտարապետ Կարեն Բալյանի «Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան, Հրաչյա Պողոսյան» գիրքը, որտեղ Բալյանն անդրադարձել է «Ռոսսիա» կինոթատրոնին.

«1960-ականների ու 1970-ականների սկզբի Երևանը այն հետաքրքիր ճարտարապետական հարթակներից մեկն էր, որտեղ շատ էին էքսպերիմենտները: Քաղաքի միջավայրը՝ նույն զբոսայգին, որի վերջին հատվածում կառուցված է կինոթատրոնը, շատ հաջողված քաղաքաշինական և ծավալական լուծումների օրինակ է: Թարխանյանը, Խաչիկյանն ու Պողոսյանը գտնվում էին իրադարձությունների կիզակետում:

Անշուշտ, նման ռադիկալ նախագծի իրականացման փաստը ստեղծագործական որոնման համար խթան էր: Ինչ ճարտարապետական մեղքերի համար ասես չեն մեղադրել կինոթատրոնի հեղինակներին: Նույնիսկ ֆունկցիոնալ հարցերը չլուծելու մեջ: Թեև նույն հաջողությամբ կարելի էր մեղադրել ավելորդ ֆունկցիոնալության մեջ:

Ակնհայտ է, որ կինոթատրոնի ճարտարապետական լեզուն՝ այն կարելի է կոնստրուկտիվ անվանել, զարգացավ նաև հետագա նշանակալի աշխատանքներում, և առաջին հերթին բազմաֆունկցիոնալ համալիրներում:

Այդ քննադատության ամենամեծ սխալն այն էր, որ դրա հեղինակները փորձում էին կինոթատրոնի ճարտարապետությունը հարմարեցնել սեփական հայեցակարգին՝ չգնահատելով գաղափարն ամբողջությամբ: Այդ տեսակետից գլխավոր մեղադրանքը, որ ներկայացվում էր, այն էր, որ ճարտարապետությունն ազգային չէր: Այդ ասպեկտը կարևորագույններից մեկն է ճարտարապետների համար: Կիոնթատրոնն աչքի է ընկնում ձևերի, կոնստրուկցիաների ու տարածության պարզ ու մաքուր ուրվագծով, որոնք բնորոշ են դասական հայկական ճարտարպետությանը: Սակայն այստեղ էլ գտնվում է որոնման ամենաբարդ պահը:

«Ռոսիա» կինոթատրոնը ամենաառաջինն է Թարխանյանի, Խաչիկյանի ու Պողոսյանի հեղինակած բազմաֆունկցիոնալ համալիների շարքում:

«Հատակի» կեսոնային կառուցվածքը պահում է հարթ վերին ծավալները, որոնք երեսպատված են օխրայի գույնի տուֆով:

Կիրառված լուծման շնորհիվ հաջողվել է հասնել տարածքային ու տեկտոնիկ մաքրության: Դա արդեն հայեցակարգի հաջորդ կետերի իրականացումն է՝ հիշել ոչ միայն գեղեցիկ տեսքի, այլ նաև օգտակարության ու ամրության մասին: Մինչդեռ բարդ կոնստրուկցիան ամենևին էլ տառացիորեն չի մարմնավորվել: Դահլիճների կողային պատերի հարթությունների միջանկյալ խորշերում թաքցված են պահաճոպաններով (կայմապարաններով) ամրացված բազում տեխնիկական տարրեր, պրոեկցիոն սենյակներ, ջրահավաք խողովակներ: Իսկ բուն ազատ տարածությունը պատերի միջև ու կրկնակի հատակը ձայնամեկուսիչ շերտերի դեր են կատարում, ինչը կարևոր է, քանի որ կինոթատրոնը գտնվում է քաղաքի աղմկոտ մայրուղիներով շրջապատված տարածքում: Դահլիճներից յուրաքանչյուրը, անկախ մյուսից, կանգնեցված է չորս պիլոնների վրա, որոնք մխրճված են հիմքի մեջ: Ամբողջ համալիրը կառուցված է միաձույլ երկաթբետոնից՝ 9-բալանոց հատվածում սա առաջին նման կառույցն է Հայաստանում: Առաջին անգամ ԽՍՀՄ-ում դահլիճների կախովի ծածկերում օգտագործվել են կոշտ պահաճոպաններ: Հենց կինոթատրոնի ճարտարապետության մեջ առաջին անգամ որոշակիորեն արտահայտվեց ճարտարապետներ Թարխանյանի, Խաչիկյանի ու Պողոսյանի ձգտումը՝ հասնել արտահայատչականության բարդ, ժամանակակից, կոնստրուկտիվ լուծումների միջոցով: Դրան նպաստեց նաև գործակցությունը տաղանդավոր ինժեներներ Գ.Գևորգյանի ու Ի.Ծատուրյանի հետ:

Ոչ շահեկան եղավ կինոթատրոնի քաղաքաշինական դիրքը: Նրա ձևերը, որ նվազ չափով են միտված շրջակա միջավայրի կոնտեքստուալ իմաստավորմանը, ուղղված են ենթարկելու միջավայրը ծավալների ակտիվ կոմպոզիցիոն գործառույթին, ինչը միանգամայն տարածված մոդեռնիստական մոտեցում է: Թվում է, թե ավելի լավ կլիներ կառույցը շրջել 90 աստիճանով, որպեսզի նրա առավել շահեկան ուրվագիծը տեսանելի լինի զբոսայգու բաց տարածքներից: Թարխանյանը այդ դիտողությանը հակադարձեց, թե` ըստ մտահղացման, զբոսայգին պետք է «սահեր» կինոթատրոնի վեր խոյացած ծավալների տակ, իսկ ներքին կորություն ունեցող մեծ դահլիճի տանիքը պետք է դառնար զբոսայգու հարթության վիզուալ շարունակությունը: Սակայն զբոսայգին կինոթատրոնի կղզյակից անջատված է լայն պողոտայով, որն այդ հատվածում մի փոքր բարձր է, որի արդյունքում կինոթատրոնը զբոսայգու վերին կետերից «կորչում է»: Արդյունքում, զբոսայգին իր շարունակությունը չի ստանում կինոթատրոնի թևերի տակ և չի «խտանում» դահլիճների արանքի ներքին տարածքում: Իսկ դահլիճի տանիքի կորության վրայով սահող հայացքը միանգամայն իներտ մի պատկերի է հանդիպում, որտեղ բավականաչափ հստակ չի արտացոլվում կինոթատրոնի ծավալն ու նրա երկրաչափական ձևերը:

Բարդ ու տևական ստացվեց բանավեճը կինոթատրոնի ֆորմալ լեզվի, նրա կոմպոզիցիոն կառուցվածքի առաջնայնության մասին, որը շարունակվեց նաև կինոթատրոնի կառուցումից հետո… 60-ականները ակնհայտորեն դրսևորում էին այն մեկուսացումը, որ առկա էր առաջադեմ համաշխարհային փորձից: Հասարակության բացարձակ գաղափարականացման պայմաններում նման վիճակը ներկայացվում էր որպես երկու համակարգերի մշակույթի դիմակայություն:

Կինոթատրոնի ճարտարապետությունը, կարծես, ուղղված էր մշակութային մեկուսացման հաղթահարմանը, առնվազն, ճարտարապետության լեզվի առումով կարելի է ասել, որ տեղի էր ունենում «կոնվերգենցիայի»՝ արևմտյան ճարտարապետության հետ մերձեցման գործընթաց: Հետագա տարիներին դա չստացավ իր շարունակությունը»:

1979թ. «Ռոսիա» կինոթատրոնի ճարտարապետության համար նրա հեղինակներն արժանացան ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակի: Սակայն բարձր պարգևից շատ առաջ կինոթատրոնն արդեն ճանաչում էր բերել հեղինակներին՝ «Ռոսիայի» հաջողությունն անկասկած էր: Հստակ ձևերը, վեր սլացած կոնստրուկցիաները միաձուլվեցին՝ ստեղծելով հայ ճարտարապետության միանգամայն նոր մի կերպար:

Կինոթատրոնը դարձավ նորի այն որոնումների մարմնացումը, որոնք միշտ ճանապարհ են բացում մի ողջ ուղղության զարգացման համար:

Շուրջ երկու տասնամյակ «Ռոսիան» «ծառայեց» երևանցիներին: Այստեղ ֆիլմ նայելը իսկական արարողակարգի էր վերածվում, քանի որ այն միայն կինոթատրոն չէր: Երևանցիները քայլում էին ցուցասրահում, դիտում նկարները, քանդակները, զրուցում միմյանց հետ, սեանսից հետո սրճում, քննարկում ֆիլմը: Բայց եկան 90-ականները ու «Ռոսիան» էլ մյուս կինոթատրոնների պես դադարեց գործել:

Իսկ 2004-ին սեփականաշնորհվեց:

2006-ին կառույցի մի հատվածում բացվեց «Ռոսիա» առևտրամշակութային կենտրոնը, որը հետագայում պետք է ընդլայնվեր:

Առևտրամշակութային համալիրն այսօր իրականացնում է մի գործառույթ՝ առևտուր:

40 տարում շուկան դարձավ կինոթատրոն, հետո՝ նորից շուկա:

Մնացին այս փոխակերպման հիշողությունները ու շենքը, որ գուցե դեռ կդառնա մշակութային կենտրոն:

Աստղիկ Հակոբյան / PanARMENIAN News
«Անկինոթատրոն» նախագիծ

«Մոսկվա», «Նաիրի»: Կինո գնալու համար կամ Աբովյան փողոց 18, կամ Մաշտոցի պողոտա 50: Սա մեր ընտրությունն է: Դժվար է պատկերացնել, որ 3-4 տասնամյակ առաջ այս նույն ընտրության համար Երևանում ավելի քան 2 տասնյակ հասցե կար, այսինքն այդքան կիոթատրոն: Ձեզնից ոմանք աշխատանքի, դասի գնալիս ամեն օր անցնում են այդ կինոթատրոնների կողքով: Հիմա դրանք ինչ-որ մեկի սեփականությունն են, գրասենյակ, խանութ, անգամ կուսակցության շտաբ: Շենքեր, որոնք մեզ գուցե ոչինչ չեն ասում: Բայց ժամանակին դրանք այն մեծ մշակույթի մի մասն էին, որ կոչվում էր կինոթատրոն: PanARMENIAN.Net-ը ներկայացնում է այդ մշակույթին ու այդ երկու տասնյակ չգործող կինոթատրոններին նվիրված շարք: Փաստեր, մարդիկ, հիշողություններ: Այն ամենը ինչ մենք՝ այդ կինոթատրոնները երբևէ ներսից չտեսած անկախության սերնդի ներկայացուցիչներս, կարողացել ենք լսել, հավաքել ու գրառել:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---