Անկինոթատրոն. «Արագած». կինոթատրոն, որտեղ Փարաջանովը 18-րդ անգամ դիտեց  «Շերբուրգյան հովանոցները»

Անկինոթատրոն. «Արագած». կինոթատրոն, որտեղ Փարաջանովը 18-րդ անգամ դիտեց «Շերբուրգյան հովանոցները»

«Արագած» կինոթատրոնին պետք է պարզապես շնորհակալություն հայտնել: Մավրը կատարեց իր գործը և Մավրը հեռացավ:

Կինոթատրոն «Արագած»: Հասցեն՝ Հալաբյան 18: Շահագործման է հանձնվել 1961 թվականին: Քարից հասարակական կառույց: Տարածքը՝ 915,54 քմ: Սեփականաշնորհվել է 1993 թվականին: Վաճառող՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն՝ Պավել Ղալթախչյան: Գնորդ՝ Ալորիկ Դավթյան: Գինը՝ 137.930.000 ՀՀ դրամ:

PanARMENIAN.Net - Կինոարագածը Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան ու Հրաչ Պողոսյան ճարտարապետական եռյակի առաջին գործերից է: Այն ստանդարտ նախագծով կառուցված շինություն է, որի նմանությամբ ավելի ուշ կառուցվեցին «Կոմիտասն» ու «Անին»:

Կինոթատրոն, որտեղ Շիրազը, Վահրամ Փափազյանն ու Ֆրունզե Դովլաթյանը մշտական հյուրեր էին: Կինոթատրոն, որտեղ Փարաջանովը 18-րդ անգամ դիտեց «Շերբուրգյան հովանոցները»:

Այս անգամ այն ամենն, ինչ մեզ պատմել են կինոթատրոնի 30 տարվա տնօրեն Հրաչյա Մխիթարյանն ու կինոգետ Դավիթ Մուրադյանը:

Հրաչյա Մխիթարյան. «Արագած» կինոթատրոնի տնօրեն (1961-1991 թթ)

Ես «Հրազդան» կինոթատրոնում էի աշխատում, երբ սկսվեց «Արագածի» շինարարությունը: Ինձ նշանակեցին «Արագած» կինոթատրոնի կառուցման աշխատանքների ղեկավար:

Հետևել եմ շինարարության ողջ ընթացքին` ուսումնասիրելով` որտեղ ինչ են կառուցում, որ խողովակը որտեղ է, օդափոխությունը, ջեռուցումն ինչպես է կազմակերպվում, որ հետո ամեն ինչ իմանամ և իմ աշխատանքում թերացումներ չլինեն: Աշխատակազմին էլ եմ ես ընտրել. հիմնականում Աջափնյակի բնակիիչներ էին ` 37 հոգի` 6-7 մեխանիկ, հսկիչներ, գանձապահներ, նկարիչ:

1961 թվականի դեկտեմբերի 21 ին՝ Ստալինի ծննդյան օրը, բացեցինք կինոթատրոնը: Ցուցադրեցինք Ֆրունզե Դովլաթյանի «Առավոտյան գնացքներ» ֆիլմը, որը նրա դիպլոմային աշխատանքն էր: Դրանից մոտ 20 օր առաջ բոլոր թերթերով հայտարարություն էի տվել (այդ ժամանակ գումար չունեինք, բայց տպագրում էին անշահախնդիր):

Ֆրունզիկը Երևանում էր, կանչեցի, շատ լավ ցերեկույթ արեցինք, մի քանի սեանսից առաջ ելույթ ունեցավ, ու այդպես բացեցինք Արագածը, և ես աշխատեցի այնտեղ ուղիղ 30 տարի՝ մինչև 1991 թվականի մարտը:

Աջափնյակը ոնց որ քաղաք-հյուրանոց լիներ` առավոտյան դատարկվում էր, երեկոյան մարդիկ վերադառնում էին:

Սկզբնական շրջանում ցերեկային սեանսներին դահլիճը դատարկ էր: Գլախո Զաքարյան անունով երգիչ կար (Վրաստանում էր ապրում), ով Սայաթ-Նովայի երգերի լավագույն կատարողներից էր: Գլախոյին հրավիրեցի, ու նա սկսեց սեանսներից առաջ 10 րոպեանոց ելույթներ ունենալ: Ժողովուրդը կամաց-կամաց կապվեց կինոթատրոնին:

Պլանները միշտ գերակատարում էինք: 3 անգամ Մոսկվայից պատվոգիր ենք ստացել: Միութենական կինոմատոգրաֆիայի «գերազանցիկն» էինք, ես ամենաստաժավորն էի կինոթատրոնների տնօրեններից և միշտ հրավիրվում էի Մոսկվա՝ ժողովների, երբեմն փոքր ելույթներ էի ունենում:

Մինչ ֆիլմը «տեղ կհասներ», մենք արդեն մեկ ամիս առաջ ստանում էինք տեքստեր, որոնք տալիս էինք մամուլին, տպագրվում էր, և մարդիկ իմանում էին` ինչի մասին է լինելու ֆիլմը, ով է գլխավոր դերակատարը:

Ես շատ տպավորված եմ մի ֆիլմով, որը բալետ պարող մի ռուս աղջկա մասին էր` «Աննա Պավլովա»-ն… Չտեսնված գեղեցիկ կինո էր:

Հաճախ էինք հրավիրում արվեստագետների, գրողների՝ սենասներից առաջ ելույթ ունենալու:

Շիրազի ելույթներն եմ հիշում. միշտ ասում էի ՝ 10 րոպեից ավելի չխոսես, որովհետև մյուս սեանսի ժամն էր խախտվում, բայց ամեն անգամ մի կերպ էի համոզում ավարտել խոսքը, քաշում էի բաճկոնից, որ էլ չշարունակի:

«Շերբուրգյան հովանոցներն» էինք ցուցադրում, երբ կինոթատրոն եկավ Փարաջանովը: Եկավ ու թե. «Դիրեկոտոր ջան, ի՞նչ ունես»:

Ամեն ինչ էլ կար: Ցույց տվեցի սեղանը, ասաց` չէ, ուրիշ ի՞նչ ունես, ասացի՝ ի՞նչ կուզես…«Քաղցր խոսք». պատասխանեց:

Մեկ էլ, թե քանի՞ անգամ ես նայել «Շերբուրգյան հովանոցներնը»: Ասացի՝ 5:

«17 անգամ նայել եմ, սա 18 -րդն է»,-պատասխանեց ծիծաղելով:

Իսկ Վահրամ Փափազյանը, որ կինո էր գալիս, միշտ վերջում էր նստում ու խնդրում էր` կողքի աթոռի տոմսը չվաճառենք: Նստում էր, գլխարկն էլ դնում կողքի աթոռին: Մի անգամ նրան հարցրի այդ սովորության պատճառը, ասաց, որ հակառակ դեպքում կողքը կանայք են նստում, շատ են խոսում:

«Արագածը» աննկարագրելի սիրված էր երեխաների կողմից: Գալիս էին, հերթ կանգնում` հաճախ առանց տոմսի: Երբ այցելուներից վերջինն էր ներս մտնում, հետո իրենց թողնում էինք, ու զգուշացնում էի` ստուգողները որ գան, ասեք` տնօրենն է թույլ տվել:

Մի օր էլ մի տեղ նստած հաց էինք ուտում ընկերներով, մեր սեղանին գինի ու միրգ բերեցին ու ասացին, որ «Արագած» կինոթատրոնի տնօրենին են փոխանցել այն տղաները, ովքեր երեխա ժամանակ անվճար կինո են նայել:

1985 թվականին պաշտոնական տվյալներով 15 միլիոն մարդ ենք սպասարկել. աշխատում էինք օրնիբուն:

Մի չարաբաստիկ դեպքի պատճառով ինձ զրկեցին իմ սիրած աշխատանքից:

Միակ պատճառն այն էր, որ ՀՀՇ-ից եկան և ասացին` Աջափնյակի բնակիչների համար ժողովներ պիտի անենք, ես էլ ասացի` կինոն վճարովի է, վճարեք և ժողովրդից ներողություն խնդրենք մի սեանս բաց թողնելու համար, իսկ դուք արեք ձեր ժողովները:

Գնացին մինիստրին պատմեցին:

Կանչեցին, ու, քանի որ երկարամյա աշխատող էի, չուզեցին ասել գնացեք տուն. նշանակեցին «Ռոսիայի» փոխտնօրեն, տեղափոխվեցի:

Մի երիտասարդ աղջիկ էր տնօրենը. նա ինձ դժկամությամբ ընդունեց: Կարճ ժամանակ անց այդ աղջիկը գնաց Մոսկվա ու չեկավ: Մի տարի կամ մի քիչ ավել էլ այնտեղ աշխատեցի ու հետո դուրս եկա:

Իմ ամբողջ կյանքն անցավ կինոյում. մի ուրիշ աշխարհ էր: Հաճախ կինոթատրոնի աշխատողներն իրար հետ կատակում էին, թե կինոն սիրուհի է, որ կապվեցիր, կապվում ես ողջ կյանքում:

Դավիթ Մուրադյան. Կինոգետ

Այս կինոթատրոնի պատմությունն իրականում Աջափնյակ թաղամասի պատմությունն է, որովհետև կինոթատրոնը թաղամասի հետ ծնվեց:

Նրանք, ովքեր նոր էին բնակարան ստացել այդ թաղամասում, հիմնականում Կենտրոնից էին:

Այդ տարիների քաղաքաշինության մեջ կար «սոցիալական պլանավորում» կոչվածը, որի նպատակը թաղամասը դեղատնով, պոլիկլինիկայով, մթերային խանութուվ, և, իհարկե, մշակութային օջախով ապահովելն էր…Աջափնյակում այդ օջախը «Արագածն» էր:

Հենց այդ կինոթատրոնն էլ դարձավ թաղի հավաքատեղին. գալիս էին հիմնականում պատանիներ, երիտասարդներ և ընտանիքներ: Երևանում սովորություն կար՝ տնով-տեղով վեր կենալ, գնալ կինո: Բոլորը չէ, որ ամեն օր կգնային, ասենք, Սունդուկյանի անվան թատրոն, բայց կինո ամեն օր էլ կարելի էր:

Կինոն շատ առավելություններ ուներ: Հեռուստացույցների մեծ մասը սև-սպիտակ էր, կինոն` գունավոր: Կար «լայնէկրան ֆիլմ» հասկացությունը. հեռուստատեսությամբ կադրը աջից -ձախից մնում էր կիսատ: Դե արի ու «Սպարտակը» նայի այդ ձևով:

«Արագածը» շատ չէր տարբերվում այդ ժամանակվա թաղային մյուս կինոթատրոններից, որոնց նպատակը մշակութային սնունդ տալն էր, նաև ժամանց ապահովելը, իսկ այդ ընթացքում ձևավորվում էր հանդիսատեսը:

Ինչպես Երևանի բոլոր կինոթատրոններում, «Արագած»-ում ևս հիմնականում երեկոյան ժամերին հերթեր էին գոյանում, և, եթե բերում էին որևէ նոր ու ուշադրության կենտրոնում հայտնված ֆիլմ (ասենք` Լուի դե Ֆյունեսի մասնակցությամբ կամ Ժան Մարեի), հերթերն ավելի էին խտանում` երբեմն բախումներով, աղմուկ-աղաղակով:

Այդ ժամանակ գալիս էր «Արագածի» անփոխարինելի տնօրեն Հրաչյա Մխիթարյանը, փորձում էր կարգի բերել հերթը, զսպել նամանավանդ թաղի եռանդուն տղաների կրքերը:

Եվ, իհարկե, նախքան ֆիլմը, միշտ ցուցադրում էին «Ժուռնալը»: Դա ինֆորմացիոն տեսաշար էր՝ օրվա նորություններով: Նկարահանում էին Մոսկվայում ու տարածում ողջ երկրով, որպեսզի մենք նախքան 3 հրացանակիրներին տեսնելը, մի քիչ Բրեժնևին տեսնեինք, տեսնեինք` ինչպես են խոպանում ցորեն հավաքում, ինչպես են որևէ տեղ մարզադաշտ կառուցում, ինչպես է սովետական ժողովուրդը հանգստանում Ղրիմի ծովափին:

«Ժուռնալի» ընթացքում գնում-գալիս էին, ուշացածներն իրենց տեղերն էին փնտրում, աղմուկ-աղաղակ, աթոռները շրխկում էին, որովհետև մեծ հաշվով դա որևէ մեկին չէր հետաքրքում, ու բոլորը սպասում էին ֆիլմին:

Երբեմն-երրբեմն հայտնվում էին ֆիլմեր, որոնք տարբերվում էին սովորաբար ցուցադրվող ֆիլմերից: Այդ տարիքում շատ կարևոր էր այդ ֆիլմերի հետ շփումը, որովհետև հանկարծ մեկ ուրիշ տարածություն էր բացվում և ուրիշ հասկացություն այն մասին, թե ինչ կարող է անել կինոն մարդու հոգու հետ:

Երբ ես պատանի էի, «Արագած»-ում ցուցադրվեց «Ուժասպառ ձիերին սպանում են» ֆիլմը:

Այն ֆիլմերից էր, որ 15-16 տարեկանում նայում ես ու հոգեպես հասուն ես դուրս գալիս կինոթատրոնից:

Պետք է ասեմ, որ «Արագածը» մեծ դեր խաղաց անընդհատ մեծացող այդ թաղամասի կյանքում. պատանիները դեռահասությունից դեպի երիտասարդություն անցան այդ կինոթատրոնով: Կինոն նրանց անձը այս կամ այն կերպ ձևավորելու ճանապարհ էր:

Ես չեմ կարծում, որ ճիշտ են այն մարդիկ, ովքեր ասում են` այդ բոլոր կինոթատրոնները պետք է նորից գործեն: Չի լինի այդպես :

Ընդհանրապես, անցյալը չի վերադառնում, իսկ եթե վերադառնում է, ուրվականի տեսքով միայն, իսկ ուրվականներին ոգեկոչել չարժի:

Չեմ կարծում, որ Երևանում հնարավոր է նույնությամբ վերականգնել այդ համակարգը, որովհետև յուրաքանչյուր համակարգ ապրում է տվյալ սոցիալ-հասարակական իրողությունների տրամաբանության մեջ:

Ժամանակի հետ կինոթատրոնների վերափոխման խնդիր կար: Այլ բան է, եթե դրանք սովորական կինոթատրոնից վերածվեին այդ թաղամասի մշակութային կենտրոնի:

Կինոն լույսի արվեստ է. որտեղ կա լույս, այնտեղ կա կինո` բառի ֆիզիկական ու փիլիսոփայական իմաստով, և քանի որ չկար էլեկտրականություն, կինոթատրոնները փակվեցին: Դրանք այնպիսի ժամանակներ էին, որ առաջնային միտքն ու գործողությունը «հացիվ»-ն էր:

Կյանքն ամեն ինչ իր տեղն է գցում: Եթե Աջափնյակում կար այդ մշակութային, երիտասարդական կենտրոնի կարիքը, ապա այսօր այդ բացը լրացնում է Թումոն` իրականացնելով մշակութային, այժմեական գործառույթ, իսկ «Արագած» կինոթատրոնին պետք է պարզապես շնորհակալություն հայտնել:

Մավրը կատարեց իր գործը և Մավրը հեռացավ:

Կինոգետ Դավիթ Մուրադյանի խոսքով՝ մի կարճ շրջան «Արագած»-ում մթերք էին վաճառում, հետո այն վերածվեց խաղասրահի:

Այժմ կինոթատրոնը ավտոմեքենաների վաճառասրահ է:

Աստղիկ Հակոբյան / PanARMENIAN News
«Անկինոթատրոն» նախագիծ

«Մոսկվա», «Նաիրի»: Կինո գնալու համար կամ Աբովյան փողոց 18, կամ Մաշտոցի պողոտա 50: Սա մեր ընտրությունն է: Դժվար է պատկերացնել, որ 3-4 տասնամյակ առաջ այս նույն ընտրության համար Երևանում ավելի քան 2 տասնյակ հասցե կար, այսինքն այդքան կիոթատրոն: Ձեզնից ոմանք աշխատանքի, դասի գնալիս ամեն օր անցնում են այդ կինոթատրոնների կողքով: Հիմա դրանք ինչ-որ մեկի սեփականությունն են, գրասենյակ, խանութ, անգամ կուսակցության շտաբ: Շենքեր, որոնք մեզ գուցե ոչինչ չեն ասում: Բայց ժամանակին դրանք այն մեծ մշակույթի մի մասն էին, որ կոչվում էր կինոթատրոն: PanARMENIAN.Net-ը ներկայացնում է այդ մշակույթին ու այդ երկու տասնյակ չգործող կինոթատրոններին նվիրված շարք: Փաստեր, մարդիկ, հիշողություններ: Այն ամենը ինչ մենք՝ այդ կինոթատրոնները երբևէ ներսից չտեսած անկախության սերնդի ներկայացուցիչներս, կարողացել ենք լսել, հավաքել ու գրառել:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---