Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը, հանճարներն ու խորհուրդները

Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը, հանճարներն ու խորհուրդները

10-րդ «Ոսկե ծիրանի» շրջանակում Հայաստանում է նաև մեծանուն կինոռեժիսոր-վավերագիր Արտավազդ Փելեշյանը, ում այստեղ միշտ անհամբերությամբ են սպասում, հատկապես` լրագրողները, չնայած որ նա սովորաբար հրաժարվում է շփվել լրագրողների հետ: Թեև այս անգամ նախատեսված մամուլի ասուլիսը հետաձգվեց, Փելեշյանը չմերժեց ու իր ֆիլմերի հետահայաց ցուցադրություններից հետո զրուցեց լրագրողների հետ: Փելեշյանը ոչ միայն խոսեց իր ֆիլմերից, այլև պատմեց իր հանճարների մասին, ինչպես նաև խորհուրդներ տվեց ապագա ռեժիսորներին:

Համբերությունը լավ բան է:

PanARMENIAN.Net - Փելեշյանի փիլիսոփայությունը

Ամեն ինչ պիտի լինի այնպես, ինչպես պիտի լինի, թեկուզ և հակառակը լինի:

Լավագույններն ասպարեզում

Տարբեր տարիներին տարբեր աշխարհընկալում եմ ունեցել. տարբեր մարդկանց եմ լավագույնը համարել` սկսած իտալական նեոռեալիզմից, վերջացրած Ֆելինիով, Բերգմանով… Հիմա մեծացել, երևի մի քիչ հանգստացել եմ, աշխարհայացքս փոխվել է: Կինոյում երեք մարդու եմ հանճարեղ համարում` Սերգեյ Գերասիմով («Խաղաղ Դոն»), Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա («Կնքահայրը») ու Չին Սիու Տունգ («Ուրվականների չինական պատմությունը»):

21-րդ դարի ամենամեծ նվաճումը

Կենդանի ենք մնացել:

«Վերջը»

Ոչ վերջակետ էր, ոչ` ստորակետ, շարունակություն է: Դա պարզապես թունելի վերջն էր…

Ֆիլմերում բեմադրությունների մասին

Իմ ֆիլմերում չեմ բեմադրել, բայց ընտրել եմ իրավիճակը, տեղը, հասկացել եմ, որ այդ տեղը կթելադրի մարդկանց գործել այնպես, ինչպես ես եմ ուզում. այդպես էլ եղել է:

Բառերի ու կինոն բառերից զրկվելու մասին

Կինոն բառերից չի զրկվի: Ես բառերի կարիք չեն ունեցել, բայց դրանք շատ կարևոր են: Գիտե՞ք, ինչու բառեր չեմ օգտագործել. պատկերացնում եք, որ բառը, խոսակցությունն օգտագործելն այդքան տևողության պատկեր է պահանջում, ինչքան կտևի խոսացկությունը: Իսկ դա խանգարում է, կաշկանդում կերպար ստեղծելուն, դրա համար էլ հրաժարվել եմ բառերից: Պատկերները, գործողությունը, ձայները, հնչյունը, աղմուկը, երաժշտությունը… միասին այդ ամենն ավելի խոսուն է, քան բառերը: Տվյալ դեպքում` օգտագործելով երաժշտությունը և պատկերը, ֆիլմի շուրջ «էմոցիոնալ դաշտ» եմ ստեղծում ոչ թե տվյալ հատվածի, այլ ամբողջ ֆիլմի համար:

Փելեշյանի ֆիլմերում նորը բացահայտելու մասին

Աբսուրդ է թվում, բայց դա է իրականությունը` մոնտաժում եմ ոչ միայն ներկա պատկերները, այլև բացակա: Դա է պատճառը, որ յուրաքանչյուր անգամ նայելիս նոր բան եք տեսնում: Հետևաբար, ամբողջ ֆիլմը կառուցված է, կեսը` բացակա է, պատկերների կեսն են բացակա: Բայց մոնտաժի, երաժշտության ու պատկերների շնորհիվ նրանք ենթագիտակցության մեջ են: Որ օրինակ բերեմ, բացակայությունը կվերանա, կդառնա ներկայություն. հետևաբար, խոսքն իսկական բացակայության մասին:

«Մենք»-ի առաջացրած խնդիրները

Lիամետրաժ ֆիլմ էր, դարձրին կարճամետրաժ: Ազգային տարրի հետ կապված խոսակցություններ չեն եղել: Խոսում էին, թե անհամեստություն է նման վերնագիր դնելը` «Մենք»: Նեղ են մոտեցել հարցին` վերագրելով, որ մենք` հայերս: Ես դա արել եմ ոչ թե` մենք` հայերս, այլ մենք` մարդիկ, մարդկությունը: Մարդիկ, որի մի մասն էլ հայերն են կազմում. մենք, հայերս:

Սցենարը

Սցենարը ձեռնտու է: Դա չի նշանակում, որ իրականությունը, շրջապատը ճշտումներ չեն բերի: Պետք է նախօրոք որոշես` ինչ ես ուզում նկարահանել ու ինչի մասին, ու գրես: Պարտադիր չէ, որ բոլոր դետալները համապատասխանեն, կրկնես: Սցենարն անպայման է, դա քեզ է պետք, առաջին հերթին որպես ռեժիսորի, որ հիշես` ինչ ես որոշել նկարել, ինչի մասին, որ չշեղվես, իսկ իրականությունը կօգնի, ճշտումներ, դետալներ, էպիզոդներ կբերի, որոնք դու կվերցնես, բայց նախօրոք մտածած շրջանակների համար:

Ոգևորվել Փելեշյանից

Կրկնօրինակելը դժվար է: Մարդիկ ոգևորվել են իմ արածից: Փորձել են մոտավորապես այդ ոճի ֆիլմեր անել, բայց դա չի նշանակում կրկնել Փելեշյանին: Նրանք կրկնել են իրենց:

Մարչելոյի «լռությունը»

«Փելեշյանի լռությունը» վերնագրի տակ պահանջվում է փոքր-ինչ մոտեցում, բացատրություն` գաղտնիքը որն է, ինչո՞ւմ է այդ լռությունը: Բայց ռեժիսորն ինձանից օրինակ վերցրեց, ինքն էլ է լռում…

Թե ինչ է արվեստը…

Մարդ ու ռեժիսոր չկա, ռեժիսորն արտահայտոււմ է իրեն: Գիտե՞ք, ինչ է արվեստը` ինքդ քեզնից ազատվես: Էլ ի՞նչ ռեժիսոր, ի՞նչ մարդ... նույնն է` եթե կարողանում ես ազատվել ինքդ քեզնից:

Ապրել Հայաստանում

Հնարավորություն կա, երևի կա… տեսնենք… կլինի: Համբերությունը լավ բան է:

Հրանտ Խաչատրյան, Տիգրան Մեհրաբյան / PanARMENIAN Photo, Մանե Եփրեմյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---