Հայկական մետաղադրամների պատմությունից. Սասանյանների դրախմաները, Դվինում թողարկված արաբական մետաղադրամներն ու Օմայանների եզակի դինարը

Հայկական մետաղադրամների պատմությունից. Սասանյանների դրախմաները, Դվինում թողարկված արաբական մետաղադրամներն ու Օմայանների եզակի դինարը

III դարից Հայաստանում սկսում են շրջանառվել սասանյան դրախմաները

III դարի առաջին կեսում Պարթևական թագավորության անկումից հետո իշխանության է գալիս Սասանյանների նոր տոհմը: Սասանյանների մետաղադրամները լայն շրջանառություն են ունեցել Հայաստանի տարածքում: Դրանք շատ հետաքրքիր են և, ի տարբերություն պարթևական դրամների, իրենցից ներկայացնում են միանգամայն նոր դրամի տիպ՝ թե պատկերագրությամբ, թե ձևավորմամբ, թե ոճով և թե չափսերով:

PanARMENIAN.Net - Մետաղադրամի նկարագրությունը

Սասանյանների կառավարման շրջանի մետաղադրամները՝ դրախմաները, մեծ տրամագծով, բարակ արծաթե թիթեղներ են: Սասանյան դրախմայի դիմերեսին գահակալի պատկերն է, իսկ դարձերեսին՝ կրակի պահապան երկու զինվորների պատկերները: Մետաղադրամներին առկա մակագրությունները կատարված են պահլեվերեն:

Սասանյանների արծաթե դրահմերի դիմերեսը

Այսպիսով III դարից Հայաստանում սկսում են շրջանառվել սասանյան դրախմաները: Շրջանառության մեջ շարունակում են մնալ հռոմեական մետաղադրամները, իսկ պարթևական դրամներն աստիճանաբար դուրս են գալիս գործածությունից: Կան վկայություններ, որ եղել են նաև Սասանյանների ոսկե մետաղադրամներ, սակայն Հայաստանի տարածքում դրանք չեն հայտնաբերվել, ինչպես և պղնձե մետաղադրամները: Բայց արծաթյա դրախմաները բավականին տարածված էին և մեծ քանակով հանդիպում են Հայաստանի տարածքում հայտնաբերված դրամների գանձերում:

7-րդ դարում Սասանյանների իշանությունն ընկավ Արաբական խալիֆայության ճնշման տակ՝ նվաճվեց նաև Անդրկովկասը, որտեղ կազմավորվեց Արմինիա նահանգը, որի մեծ մասը պատմական Հայաստանի տարածքն էր: Խալիֆների առաջին տոհմը մետաղադրամներ չի հատել, սակայն արդեն Օմայանների տոհմը սկսել է իր մետաղադրամների թողարկումը:

Առաջին շրջանում, որպեսզի նվաճված տարածքների բնակչությունն ընդունի նրանց մետաղադրամները, Խալիֆայությունը շատ աննշան փոփոխություններ կատարեց մինչ այդ շրջանառվող մետաղադրամների պատկերագրությունում: Այսինքն, դրամահատման հիմքում սասանյան մետաղադրամների տիպն էր, սակայն արաբերեն գրությունների որոշ հավելումներով: Նմանատիպ իրավիճակ էր նաև բյուզանդական մետաղադրամների դեպքում, որոնք ևս շրջանառվում էին Հայաստանի տարածքում: Այս նոր դրամների խմբերը կոչվում էին արաբա-սասանյան և արաբա-բյուզանդական մետաղադրամներ, որոնք դեպի Արաբական խալիֆայության դասական մետաղադրամներն եղել են անցումային օղակ:

Դրամներին մարդկանց և այլ պատկերների ձևավորումը, ինչը հատուկ էր այն ժամանակաշրջանում շրջանառվող մետաղադրամներին, թույլատրելի չէր մահմեդական կրոնով: Այդ պատճառով էլ արդեն 8-րդ դարից Արաբական խալիֆայությունը սկսում է թողարկել նոր արաբական մետաղադրամներ, որոնց երկու կողմում միայն կրոնական բնույթի մակագրություններ էին:

7-րդ դարում՝ նվաճելով Անդրկովկասը, Արաբական խալիֆայությունը կազմավորում է Արմինիա նահանգը, որի մեծ մասը պատմական Հայաստանի տարածքն էր: Արմինիա նահանգի վարչական կենտրոնը սկզբնական շրջանում Դվինն էր, որտեղ կար դրամահատարան: Այն գործում էր դեռևս Սասանյանների օրոք: Հետագայում սկսեց գործել նաև Պարտավի դրամահատարանը:

Մետաղադրամների նկարագրությունը

Արաբական Խալիֆայության ոսկե մետաղադրամները՝ դինարները, դրվագվել են սահմանափակ քանակով և Հայաստանի դրամաշրջանառությունում չեն օգտագործվել, իսկ արծաթե դիրհեմներն ու պղնձե ֆելսերը լայն տարածում են ունեցել ոչ միայն Խալիֆայության, այլև հարևան երկրների տարածքներում: Խալիֆայության մետաղադրամների վրա նշվում էր հատման տարեթիվն և քաղաքի անվանումը, որտեղ թողարկվում էր մետաղադրամը: Արմինիա նահանգում հատված մետաղադրամների վրա նշվում էր կամ նահանգի անունը՝ Արմինիա, կամ դրամահատման վայրը՝ Դվին կամ Պարտավ:

Կենտրոնական բանկի հավաքածուում կա Օմայանների եզակի ոսկե դինար, որը հայտնաբերվել է Հայաստանի տարածքում:

Օմայանների ոսկե դինար

Ինչ վերաբերում է Բյուզանդական կայսրության թողարկումներին, ապա դրանք ոսկե, արծաթե և պղնձե մետաղադրամներ էին: Արծաթե մետաղադրամները քիչ էին տարածված, իսկ ոսկե և պղնձե մետաղադրամները պատմական Հայաստանի տարածքում լայն շրջանառություն ունեին:

Մետաղադրամների նկարագրությունը

Բյուզանդական մետաղադրամներին հատուկ են Հիսուս Քրիստոսի, կայսրերի և կայսերական ընտանիքի անդամների պատկերները, քրիստոնեական խորհրդանշանները խաչերի տեսքով, ինչպես նաև համապատասխան մակագրությունները հունարեն լեզվով:

Բյուզանդական Կոստանդին 8-ի ոսկե մետաղադրամ

Նյութը նախապատրաստվել է Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ, ՀՀ ԿԲ դրամագետ Գևորգ Մուղալյանի մասնակցությամբ

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN.Net , Վարո Ռաֆայելյան / PanARMENIAN Photo
| Նախագծի գործընկեր
 Ամենաընթերցվողը բաժնում
Մոլորակի ամենաանսովոր լեզուներից է սուլոցի լեզուն, որը մինչ օրս օգտագործվում է Կանարյան կղզիներում
Նաիրի Հունայանը պնդում էր` իր քայլն ուներ մեկ նպատակ. «Հայաստանն ազատել հակազգային վարչակարգից»
Տիգրանակերտը շքեղ բացառություն է, քանի որ պեղումների արդյունքում քարե մեծ քաղաքի ավերակներ են բացվել
Ժենգյալով հացի պատրաստումը մի ամբողջ ծիսակարգ է
 Ուշադրության կենտրոնում
Խմելու ջուր` Արծվաբերդին. Վերանորոգվում է վթարային դարձած պոմպակայանը

Խմելու ջուր` Արծվաբերդին. Վերանորոգվում է վթարային դարձած պոմպակայանը Ծրագրի արդյունքից օգտվելու է նշված չորս գյուղի մոտ 6800 բնակիչ: Այդ նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը տրամադրել է 70 միլիոն, իսկ ԱՄՆ ՄԶԳ-ն՝ 60 միլիոն դրամ

 Բաժնի այլ նյութերը
Հարկադրանք հանուն օրենքի. ԴԱՀԿ-ն` կազմավորումից մինչև օրս ԴԱՀԿ-ն ամսական ապահովում է 120.000 վարույթի իրականացում
Որ արագաչափերը լավ ֆիքսեն. Նոր նմուշի պետհամարանիշ ձեռք բերելը դեռևս կամավոր է Տեսախցիկների համար խնդրահարույց են հատկապես O, Q, D, C տառերը
Ի՞նչ է կանխագուշակում «արյունոտ լուսինը». Փաստեր ու հորինվածքներ խավարման մասին XXI դարի մարդկանց բախտը բերել է՝ առաջիկա տասնամյակներին միանգամից 6 տետրադ է լինելու: Կանադայի աստղագիտական ընկերակցությունը հայտնել է, որ «արյունոտ» լուսինը կրկին կհայտնվի հորիզոնում 2032—2033 թթ. իսկ հետո՝ 2043–2044 թթ.