Յոթ որդու Բավական քույրըՏարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում «Օջախի ծուխը կհանգչի, եթե ընտանիքում զավակ չծնվի»: Հայկական ընտանիքներում արմատացած այս կարծրատիպի պատճառով մեր երկրում ամեն տարի չի ծնվում 1100-1400 աղջիկ: Հայերը սիրում են մշտապես առաջինը լինել, կամ էլ գոնե թոփ եռյակում: Այս անգամ մեր երկիրն առաջատար դիրքերում է` վատ լույսի ներքո: 10 փետրվարի 2022 PanARMENIAN.Net - Global Gender Gap Report զեկույցի համաձայն՝ 2016-ին սելեկտիվ աբորտների քանակով Հայաստանն աշխարհում երկրորդն է, զիջում է միայն Չինաստանին: Վերջին տարիներին սելեկտիվ աբորտների նվազման միտում կա, Հայաստանն էլ այս «արյունոտ մրցավաքում» այլևս երկրորդ տեղում չէ, բայց պատկերը դեռ մտահոգիչ է, մենք էլ դեռ «թոփ 10-ում» ենք: Հայաստանում նորածինների սեռերի համամասնության շեղումը նկատվել է դեռևս 90-ականների սկզբին: Վատագույն պատկերը 2000-ականների սկզբին էր: Այդ տարիներին Հայաստանում 100 աղջկա դիմաց 120 տղա էր ծնվում: Որպեսզի պատկերացնեք շեղման մակարդակը՝ նորմալ հարաբերակցության դեպքում 100 աղջկա դիմաց պետք է ծնվի 103-105 տղա: Տեղեկատվական արշավների և հասարակական կազմակերպությունների մեծ ջանքերի շնորհիվ վերջին տարիներին նվազման միտումը մեծ հաշվով պահպանվում է: Խոսենք թվերով: 2012-ին ծնվածների աղջիկ-տղա հարաբերակցությունը եղել է 100-115, 2014 թվականին՝ 100-113, 2015-ին՝ 100–112, 2016 թվականին՝ 100-111: Վերջին տարիներին այս միտումը շատ չի շեղվել, 2020-ին ևս հարաբերակցությունը 100-111 է եղել: 2021 թվականին դրական միտում է նկատվել: Հայաստանում ծնվել է 19,064 տղա և 17,521 աղջիկ: Սեռերի հարաբերակցությունը կազմել է մոտ 109 տղա՝ 100 աղջկա հաշվով: Սրանք ընդհանուր տարեկան տվյալներն են: Պատկերը փոքր ինչ այլ է, երբ խոշորացույցով ուսումանսիրում ենք մարզերը, գյուղական և քաղաքային բնակավայրերը: Ընտանիքներում արու զավակին նախապատվություն են տալիս հատկապես Արմավիրում (20%) Արագածոտնում (18,2%) և Տավուշում (16,7%): Ընդհանուր առմամբ, գյուղական բնակավայրերում ապրող կանանց կարծիքով իրենց շրջապատում տղաներին նախապատվություն է տալիս մարդկանց 40%-ը, աղջիկներին՝ 5.5 %-ը: Այս պատկերի երկարաժամկետ հետևանքներն արդեն երևում են: 2019-ի տվյալով 0-19 տարեկանների շրջանում տղաների քանակը 48.000-ով գերազանցում է աղջիկների թվին: Եթե սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների միտումը պահպանվի կամ չնչին շեղումներով փոփոխվի, ապա մինչև 2060 թվականը Հայաստանում շուրջ 93.000 աղջիկ չի ծնվի: Դրական փոփոխության հույսով ու սպասումով պետք է նկատել, որ սկսած 2013 թվականից ամեն տարի տարբերությունը կրճատվում է գրեթե 1 միավորով: Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները երկարաժամկետ հեռանկարում ոչ միայն ժողովրդագրական, այլ նաև սոցիալ-տնտեսական, հասարակական և հոգեբանական հետևանքներ են ունենում: Մարդու իրավունքների պաշտանի զեկույցներն էլ ամեն տարի վկայում և հիշեցնում են, որ խնդրի պատճառները խորքային են՝ սկսած կանանց դերի վերաբերյալ կարծրատիպային պատկերացումներից մինչև ծնողների սոցիալ-տնտեսական պայմաններ: Խնդիրն առավել ցայտուն է 3-րդ և 4-րդ երեխաների դեպքում, հատկապես եթե առաջին և երկրորդ երեխաները աղջիկ են: Հին հայկական ավանդույթ է, անընդմեջ աղջիկներ ունեցող ծնողները փոքր դստեր անունը Բավական կամ Հերիքնազ էին դնում, որպեսզի այլևս աղջիկ չունենան: 2019-ին #Բավականէ սոցիալական արշավը խնդրի մասին հիշեցնելու համար կարմիր հագցրեց Մայր Հայաստանին և արձանագրեց՝ բավական է:
Մեկ այլ տվյալով գյուղերում տղաներին նախապատվություն տվողները երեք անգամ գերազանցում են աղջիկներին նախապատվություն տվող ընտանիքներին: Քաղաքներում՝ երկու անգամ: Մասնագետները կարծում են, որ սելեկտիվ աբորտներին նպաստում է նաև բժշկական տեխնոլոգիաների զարգացումը: Պտղի սեռը հնարավոր է առավել վաղ ժամկետներում որոշել: Մյուս կողմից, Հայաստանում 12 շաբաթականից մինչև 22 շաբաթ հղիության ժամկետի շրջանակներում հղիության ընդհատումն արգելվում է, եթե բժշկական հակացուցումներ չկան: Աշխարհում ևս պատկերը մտահոգիչ է, բայց հույսի նշույլներ կան: «Ամենաարյունոտը» Չինաստանի և Հնդկաստանի ձեռքերն են: Տարեկան 1 միլիոնից ավելի աղջիկ չի ծնվում աշխարհում և այս երկու երկրները միասին ապահովում են այս ցուցանիշի 90%-ը: Թոփ տասնյակում են նաև Վիետնամը, Ալբանիան, Հայաստանն ու Ադրբեջանը: Վերջին 50 տարիներին չծնված աղջիկների թիվն աշխարհում կրկնապատկվել է՝ հասնելով 142 միլիոնի: Լավ լուրն էլ այն է, որ նշված բոլոր երկրներում տեղեկատվական և կանխարգելիչ աշխատանքներ են տանում: Հիմնական ծանրությունը հասարակական կազմակերպությունների վրա է, երբեմն աջակցում են նաև պետական մակարդակով: Ամենաընթերցվողը բաժնում Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին Բաժնի այլ նյութերը Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը Վարորդներին ԳԱԶազացրին Ինչ է կատարվում վառելիքի շուկայում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |