10  Հայկական բնապատկերներ. Իջևան, Լաստիվեր
Լաստիվերը, դրա քարանձավն ու «հեթանոսական» քանդակների իրական հեղինակը

Լաստիվերը, դրա քարանձավն ու «հեթանոսական» քանդակների իրական հեղինակը

Ինչպես ստացվեց, որ Լաստիվերում զբոսաշրջիկներին չեն պատմում Բենիկ Պետրոսյանի մասին, փոխարենը ներկայացնելով, որ քանդակները հեթանոսական շրջանի են, և ինչ պետք է անել, որ մարդիկ իմանան այդ միասին

«Լաստիվեր» կամ «Անապատ» քարանձավ» բառերը համացանցում որոնելիս կգտնեք բազմաթիվ էջեր, որոնք կոչ են անում միանալ դեպի Իջևանի Ենոքավան գյուղի մոտակայքում գտնվող ձոր արշավներին․ ձորը գյուղից երկու ժամվա հեռավորությամբ է: Իջնում ես ջրվեժի մոտ, ուղևորվում քարանձավ, կամ էլ հակառակը: Հասնում ես «Անապատ», որտեղ բազմաթիվ քանդակներ կան. դրանց մասին պատմում են թռուցիկ՝ շատ բան չկա ասելու. պատմում են այն, ինչ գրված է համացացում.

PanARMENIAN.Net - «Անապատ»՝ Լաստիվերի նախաքրիստոնեական քարանձավ, որտեղ բազմաթիվ թե հեթանոսական, թե քրիստոնեական ժամանակաշրջանների քանդակներ ու խաչքարեր կան», «հեղինակը ստեղծում էր այդ գլուխգործոցները քարանձավում ճգնավորի կյանքով ապրելիս, այդ պատճառով քարանձավը հիշատակվում է «Անապատ» անունով. նվիրված էր կնոջ աստվածություններից մեկին, ամենայն հավանականությամբ՝ Նանեին կամ Անահիտին: Դրա վկայությունն են քարայրի պատերին պատկերված կանանց բազմաթիվ հարթաքանդակները»...

Իրականում քանդակները հեղինակ ունեն՝ Բենիկ Պետրոյանն է, ով ոչ միայն ոչ մի կապ չունի հեթանոսական շրջանի հետ, այլև ծնվել է խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանում, սովորել Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, այնուհետև՝ Գեղարվեստաթատերականում: Մի շարք ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում, նաև մասնակցել քանդակի սիմպոզիումների: Նրա ստեղծագործությունները բազմաժանր են` մանրաքանդակ, գրաֆիկա, մոնումենտալ արվեստ, կերամիկա, դրվագումներ ու ոչ միայն: Այժմ քանդակագործը չկա... Նրա մահվանից 6 տարի անց՝ 2002-ին, մշակույթի նախարարությունը Բենիկ Պետրոսյանի անվան մանրաքանդակի միջազգային Բիենալե էր կազմակերպել… Ու եթե այս ամենը ձեզ ոչինչ չի ասում, ապա ասենք, որ Կամերային թատրոնի որմնանկարների հեղինակն էլ է ինքը: Սա ինչ վերաբերում է քարանձավում գտնվող քանդակների հեղինակին:

Բայց վերադառնանք քարանձավին. ահա ինչ է գրում 1976-ին «Հայաստանն այսօր» թերթը.

«Իջևանի մոտակայքում, անտառապատ, գեղատեսիլ բլուրների վրա, ոչ այնքան խոշոր ժայռի մեջ, տեղավորվել է մի սովորական քարայր: Արտաքուստ այն ոչնչով չի տարբերվում Հայաստանի շատ անկյուններում ընկած հարյուրավոր քարայրներից: Բայց եթե ներս մտնեք, կբացվի մի հետաքրքիր տեսարան: Առաջին հայացքից կթվա, թե այդ խորդուբորդ նկարները քանդակված են շատ դարեր առաջ, ժողովրդի միջից դուրս եկած աշխատասեր վարպետների ձեռքով: Դրանք գեղջկական կյանքի պատկերներ են՝ բերքահավաք, գինու տոն, հայ շինականի դաշտային աշխատանք: Տղամարդկանց, կանանց և կենդանիների որոշ կերպարների բարձրությունը հասնում է երկու մետրի: Իջևանի քարայրի պատերի հարթաքանդակները նույնպես թողնում են հնադարյան աշխատանքի տպավորություն: Բայց ամենազարմանալին այն է, որ այդ ստեղծագործությունների հեղինակը մեր ժամանակակից, երևանցի երիտասարդ քանդակագործ, դրվագող և գեղանկարիչ Բենիկ Պետրոսյանն է: Ի դեպ, այդ պատկառելի աշխատանքը քանդակագործը կատարել է կարճ ժամանակաշրջանում, մի քանի օրվա ընթացքում»:

Ու չնայած այս ամենին, բազմաթիվ արշավների կազմակերպիչներին չի խանգարում առանց ուսումնասիրելու տարբեր տեղերից լսածն որպես պատմություն ներկայացնել՝ նշելով, օրինակ, որ միջնադարում այնտեղ ճգնավորներ են ապրել, կամ 70-ականներին դրանք իջևանցի մի քանդակագործ է արել։ Ասում են նաև, որ քարայրի պատերին ինչ-որ նկարիչ «գեղեցիկ խորաքանդակ է թողել․ այն, կարծես, հարսանիք է պատկերում»:

Թեմայից շեղվելով ասենք նաև, որ տուրիստական գործակալություններից մեկը 5 հոգուց խումբը Լաստիվեր ուղեկցելու ու ուղեկցորդ տրամադրելու դիմաց (ով նաև կպատմի քարանձավների մասին, ու, ենթադրաբար այն, ինչ բոլոր են պատմում) 40 հազար դրամ գումար ուզեց․․․

Այդ արշավների կազմակերպիչները քանդակների իրական հեղինակի՝ Բենիկ Պետրոսյանի անունն ու դրանց պատմությունը չգիտեն, ու ոչ թե չգիտեն, որովհետև ցուցանակները չեն կարդացել, այլև որովհետև չկան ցուցանակներ՝ ոչ քարանձավի մոտակայքում, ոչ էլ անգամ համացանցում։ Այդ մասին գիտի քանդակագործի ընտանիքն ու որոշ մարդիկ, ովքեր չեն բավարարվել համացանցի երկու տողով ու փորձել են մի քիչ ավելի խորը «փորել»։

Լաստիվերի ջրվեժին հարող տարածքը պետական սեփականություն է, այն վարձակալում են Վահագն ու Հովհաննես Թանանյանները։ Այնտեղ իրենց սրճարանն ու փայտե տնակներ ունեն, որտեղ «սեզոնին» կարելի է գիշերել. իհարկե, ոչ անվճար։ «Տարածք» մտնելու համար մինչև 10-հոգանոց խմբերը մուծում են 10 000 դրամ, 10-ից ավելի՝ 1 հոգու համար հազար դրամ։ Այդ գումարով կարող են օգտվել փայտե սեղաններից ու անվճար սուրճ կամ թեյ «հյուրասիրվել»: Այն խմբերին, ովքեր գիդ չունեն, հենց եղբայրներն էլ ուղեկցում են դեպի քարանձավներ։ Իրենք էլ են ասում՝ դրանք քարե դարի են, հեթանոսական քանդակներ կան։ Հարցին՝ որտեղի՞ց այդ տեղեկությունը, նկատում են, որ պատմում են այն, ինչ լսել են իրենց մեծերից՝ պապերից, «գրված կոնկրետ պատմություն չկա»։

Պատմությունը կգրվի, ու, հավանաբար, կգրվի հենց Պետրոսյանի ընտանիքի կողմից։ Կինն ու դուստրն արդեն նյութեր են հավաքում, որոնք որոշ ժամանակ անց կհրապարակեն։ Թեև փակագծերը շատ չբացեցին, բայց կինը՝ Ալիս Ադամյանը, պատմեց, որ 70-ականներին քանդակագործը հաճախ էր ընկերների հետ արշավների, ձկնորսության, որսորդության գնում․ անտառներում օրեր էր անցկացնում, այդ արշավներից մեկի ժամանակ էլ արել է «Անապատի» քանդակները։ Մտաբերեց, որ 1974-ին էր, ասաց նաև, թե ընտանիքին չէր էլ ասել, որ նման աշխատանք է արել, որոշ ժամանակ անց են իմացել։ Խոսրովի արգելոցում էլ բազմաթիվ քանդակներ ունի, որտեղ ևս ոչ մի ցուցանակ փակցված չէ, բայց հետագայում պատրաստվում են շտկել դա։ Իմիջիայլոց, քանդակների նման մի շարք էլ քանդակագործը Հալեպում է թողել։

Բենիկ Պետրոսյանի գործընկերներից Լևոն Թոքմաջյանը քանդակագործին ու իր աշխատանքները լավ է հիշում ու վրդովվեց՝ լսելով, որ քանդակները միջնադարին են վերագրում.

«Ախր իրենք ինչ գիտեն՝ Միջնադարը որն է, Վերածնունդը որն է: Կարող է Բենիկը միջնադարյան ոճի քանդակ է արել։ Հիմա ոճերն այնքան տարբեր են, չես կարող տարբերել»:

Հիմա պաշտոնականի մասին. մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունում տեղյակ են, որ խոսակցություններ են պտտվում, թե քարայրի քանդակները հին են, բայց նշում են՝ դա այդպես չէ, դրանք Բենիկ Պետրոսյանի հեղինակած քանդակներն են, որոնք արվել են խորհրդային տարիներին:

Ինչպես ասացին գործակալությունում, նախարարության «ՀՀ Տավուշի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում» քարայրն ընդգրկված չէ: Հարցին՝ ով ու ինչպես է որոշում կայացնում այս կամ այն հուշարձանը դրանում ընդգրկելու մասին, պատասխանեցին՝ քանի որ անթիվ հուշարձաններին հետևել չեն կարող, ցուցակում այս կամ այն հուշարձանն ընդգրկելու համար իրենց կարող են դիմել իրավաբանական անձինք (օրինակ, թաղապետարանը): Իրենց հերթին կհանձարարեն նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին ուսումնասիրել տվյալ օբյեկտը, որից հետո կենտրոնը կեզրակացնի՝ ցանկում ընդգրկելու համար պատմամշակութային արժեք տվյալ հուշարձանն ունի, թե՝ ոչ:

Հ.Գ. Այս նյութով փորձեցինք հարգանքի տուրք մատուցել Բենիկ Պետրոսյանի հիշատակին ու նրա արած գործին: Ամեն օր չեն ծնվում քանդակագործներ, ովքեր սեփական կամքով, առանց պետպատվերի կամ սիմպոզիումի, թողնում են Երևանն ու մի քանի օրով գնում մոտ 150 կմ հեռու քարանձավում քանդակներ կերտելու: Ամեն դեպքում, հուսով ենք, որ նրա ընտանիքը գործն ավարտին կհասցնի ու կհասնի նրան, որ մյուս տաիր Լաստիվեր ուղևորվող զբոսաշրջիկները քարանձավի պատին տեսնեն հեղինակ Բենիկ Պետրոսյանի անունն ու մանրամասն ծանոթանան քանդակների պատմությանը:

Մանե Եփրեմյան / PanARMENIAN.Net, Կարո Սահակյան / PanARMENIAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---