Ո՞վ պետք է վճարի երեխայի ծննդյան միանվագ նպաստները և ինչո՞ւ չի վճարում

Ո՞վ պետք է վճարի երեխայի ծննդյան միանվագ նպաստները և ինչո՞ւ չի վճարում

Շահառուներն իրենք կարող են ընտրել` որ բանկում են ուզում ներդնել գումարը

Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար երեխայի ծնողներից մեկը կամ երեխայի խնամակալը տարածքային կենտրոն է ներկայացնում դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը: Սա ըստ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի: Նպաստը տրամադրվում է հաջորդ ամսվա ընթացքում: Ավելի ճիշտ` տրամադրվում էր: 2013-ի դեկտեմբեր ամսին, կամ ավելի վաղ ծնված, բայց փաստաթղթերը դեկտեմբերին ներկայացրած և 2014-ի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների ծնողները դեռ համապատասխան միանվագ նպաստը չեն ստացել:

PanARMENIAN.Net - Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի տարածքային բաժինները ծնողների հարցումներին պատասխանում էին, որ նախարարությունից իրենց ոչ ցուցակ են տվել, ոչ էլ փող փոխանցել, և թե երբ կլինի` չգիտեն:

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում բացատրեց խնդրի էությունն ու ուշացման պատճառները:

«Հունվարի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու գոռծառույթը փոխանցվեց սոցիալական ապահովության պետական ծառայությանը: Օրենքն ընդունված է, սակայն հաստատված չէր Կառավարության համապատասխան որոշումը: Կառավարության որոշման վերջնական տարբերակը մենք դեռ չենք ստացել, իսկ մինչ այդ վճարումներ կատարել չենք կարող»,- ասաց Սաիյանը:

Նա նաև մանրամասնեց, որ որոշման հաստատումից հետո էլ դեռ որոշակի գործընթացներ պետք է կատարվեն` Հայփոստի և բանկերի հետ պայմանագրեր պետք է կնքվեն. «Առաջիկայում, կարծում եմ` մինչև մարտի վերջ հաստատ, երեխայի ծննդյան միանվագ նպաստները կվճարվեն շահառուներին»:

Ինչո՞ւ է այսքան ձգձգվում հարցին Սաիյանը պատասխանեց. «Հարցն այն է, որ սա պարզապես գոչծառույթների մեխանիկական փոխանցում չի եղել: Օրենքի ընդունումից հետո որոշակի ժամանակ է անհրաժեշտ Կառավարության որոշման մշակման համար, քանի որ գործառույթը չեն վերցրել ու պարզապես հանձնել մեզ, որոշակի ընթացակարգային վերանայումներ են կատարվել, Կառավարությանը թողնված է կարգավորումների մեծ սպեկտր»:

Փոփոխությունները կապված են հիմնականում երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստների վճարման հետ: 2014-ի հունվարի 1-ից հետո ծնված յուրաքանչյուր 3-րդ և 4-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կազմում է 1 մլն, իսկ 5-րդ և հաջորդ երեխաներինը` 1.5 մլն դրամ: Սակայն ծնողը կամ խնամակալը ստանալու է այդ գումարի միայն մի մասը` 500 000 դրամ:

«Մնացած 500 000-ը, իսկ 5-րդ և հաջորդ երեխայի դեպքում` 1մլն-ը որպես ընտանեկան դրամագլուխ ներդրվելու է ծրագրին մասնակցող բանկերից մեկում երեխայի անվամբ բացվող սոցիալական ապահովության հաշվին»,- ասաց Սաիյանը` հավելելով, որ ծնողը սահմանափակ դեպքերում կարող է այդ գումարից օգտվել` երեխայի բուժման, ուսման կամ բնակարանային հարցի լուծման համար. «Սա ևս որոշակի աշխատանք է պահանջում: Բանկերի հետ պետք է պայմանագրեր կնքենք, հստակեցնենք պայմաններն ու տոկոսադրույքները»:

Ի դեպ, շահառուներն իրենք կարող են ընտրել` որ բանկում են ուզում ներդնել գումարը, քանի որ յուրաքանչյուր բանկ իր պայմանները կառաջարկի, որի տոկոսադրույքը կլինի ոչ պակաս, քան ցպահանջ ավանդի դեպքում:

Սոցիալական ապահովության պետական ծառայությունում այս պահի դրությամբ ստացվել է մոտ 4400 դիմում, որոնցից 760-ը 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան համար: 2014 թվականի համար պետբյուջեից Երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար հատկացվել է 8.2 մլրդ դրամ. «Արդեն իսկ համապատասխան վերաբաշխումը կատարված է և գումարները փոխանցվել են նախարարությանը»,- հավելեց Սաիյանը:

Ինչ վերաբերում է 2013-ին ծնված երեխաների ծննդյան դեռևս չվճարված միանվագ նպաստներին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության («Փարոս» ծրագիր) մասանգետ Պողոսյան Սուսաննան PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեց, որ դեկտեմբերին ստացված դիմումների հիման վրա նախարարությունը ցուցակ չի կազմել, քանի որ սպասել են նոր օրենքի հաստատմանն ու Կառավարության կողմից բյուջեի վերաբաշխմանը:

«Ցուցակները նոր ենք պատրաստել, դրանք արդեն փոխանցել ենք սոցապ տարածքային բաժիններ: Վճարումները կկատարվեն փուլ առ փուլ: Շիրակում, Լոռիում ու Տավուշում վճարումներ արդեն իսկ կատարվում են: Վաղը` մարտի 19-ին, կսկսեն վճարումներ կատարել նաև Երևանում, իսկ մյուս մարզերում մի քիչ ավելի ուշ` հավանաբար, մինչև ապրիլի սկիզբ»,- ասաց մասնագետը:

«Պետական նպաստների մասին» ՀՀ նոր օրենքն ընդունվել է 2013-ի դեկտեմբերի 12-ին: Օրենքն ուժի մեջ է մտել 2014-ի հունվարի 1-ից:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---