Մարաղայի ու Մարգուշավանի սև ապրիլը

Մարաղայի ու Մարգուշավանի սև ապրիլը

Ըստ տարբեր տվյալների, Մարաղայում սպանվել է 53-100 մարդ, պատանդ է վերցվել 60 հոգի, այդ թվում 9 երեխա և 29 կին

1992 թվականի ապրիլի 10-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա և Մարգուշավան գյուղերի հայ բնակչությունը դաժան սպանդի ենթարկվեց ադրբեջանական կանոնավոր բանակի կողմից, թեև բարբարոսների ամբոխը դժվար է բանակ անվանել: 2013 թվականին գրող Բակուր Կարապետյանը գրեց «Մարգուշավան-Մարաղա» գիրքը, որն անհնար է առանց սարսուռի կարդալ:

PanARMENIAN.Net - Ըստ տարբեր տվյալների, Մարաղայում սպանվել է 53-100 մարդ, պատանդ է վերցվել 60 հոգի, այդ թվում 9 երեխա և 29 կին: Պատանդներից 30-ը հետագայում սպանվեցին ադրբեջանական գերության մեջ: Երկու շաբաթ անց գյուղը երկրորդ գրոհի թիրախ դարձավ, իսկ բնակիչները, որ վերադարձել էին հողին հանձնելու իրենց մերձավորներին, ադրբեջանական բանակի վայրագությունների նոր զոհը դարձան:

1992 թվականի ապրիլի 10-ի վաղ առավոտյան գյուղը հրետակոծվեց, ինչպես և նախորդ օրերին, իսկ կեսօրին մոտ գնդակոծությունն ուժգնացավ, ադրբեջանական զինված կազմավորումների ստորաբաժանումները շարժվեցին գյուղի ուղղությամբ: Տեղի ինքնապաշտպանական ջոկատի անդամները զգուշացրեցին բնակիչներին, որ չեն կարողանա պահել գյուղից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող դիրքերը: Ըստ ականատեսի վկայությունների, որը փոխանցում է գյուղի բնակիչների խոսքերը, բնակիչների մեծ մասը ու աշխարհազորայինները հեռացան գյուղից, բայց մի մասը՝ հիմնականում տարեցներն ու հաշմանդամները, թաքնվեցին նկուղներում ու գետնափոր ապաստարաններում: Հաջորդ օրը գյուղ վերադառնալով հայերը հայտնաբերեցին մոտ 40-50 դիակ, ընդ որում մի մասը գլխատված էր, անդամահատված, հրկիզված կամ խոշտանգումների հետքեր ուներ:

Գրում է Բակուր Կարապետյանը. «Չգիտես ինչու քաղաքակիրթ աշխարհն անտեսեց արյունալի կոտորածն այդ գյուղում, փոխարենը տուրք է տալիս ադրբեջանցիների լաց ու կոծին Խոջալուի իրադարձությունների դեպքում»: 22 տարի անց քաղաքակիրթ աշխարհը նույնքան անտարբեր մնաց Քեսաբի հայության հարցում, իսկ ավելի վաղ, գրեթե 100 տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության տարիներին: Այնպես որ զարմանալի չէ:

Բակուր Կարապետյանը մեջբերում է փրկվածների ու կամավորականների վկայություններըը. «…80-ամյա Փառանձեմը գլուխը հանեց տան ետևից, որ տեսնի, թե ինչ է կատարվում փողոցում: Պատի ետևում ադրբեջանցի զինվոր էր կանգնած, նա հրացանի փողը մոտեցրեց նրա ճակատին ու կրակեց…»:

Զինված ադրբեջանցիները շրջում էին Մարաղայի բակերով ու կոտորում բոլորին անխտիր: Թաքցնելու համար բարբարոսության հետքերը, նրանք այրում էին դիերը: Թամար Գրիգորյանը պառկած էր անկողնում, ներխուժեցին թուրքերն ու… վերջ: Զոհվեցին հիմնականում նրանք, ովքեր իրենց բակերում գետնափոր ապաստաններ էին փորել և չէին լսել զգուշացումները՝ ելեք, հեռացեք: Մարաղայի իրադարձությունները վերապրածների ցուցմունքները վերցված են The Human Rights Committee c/o Centre for Human Rights, United Nations Office at Geneva ուղղված դիմումներից.

Ղազարյան Ժենյա, 1935 թ. ծնված, պատանդ է վերցվել ապրիլի 10-ին. «Մտան իմ տուն ու կրակեցին ոտքիս ինքնաձիգից: Խփեցին հրացանով ու ես վայր ընկա: Հետո ինձ նետեցին մեքենայի մեջ, ուր թալանված գույքն էին հավաքում: Ինձանից բացի մեքենայում էին իմ տեգրը՝ Ղազարյան Յուրան ու նրա կինը՝ Ղազարյան Անուշը…Մեզ բանտում շան պես էին պահում: Թույլ չէին տալիս կանգնել, խոսել: Մենք շղթայակապ էինք, քայլում էինք չորեքթաթ, մեզ չէին կերակրում: Որոշ ժամանակ անց սպանեցին Սվետա Մովսիսյանին ու նրա մսով էին կերակրում նրա ցնորված ու արդեն մարդկային կերպարանքը կորցրած ամուսնուն՝ Ռազմիկ Մովսիսյանին, հետո սպանեցին նաև նրան»:

Սարգսյան Լենա, 1932 թ. ծնված, պատանդ է վերցվել ապրիլի 10-ին. «Առավոտյան երկու պայուսակով դուրս եկա տնից..մտա հարևանների բակը, որտեղ ինձ բռնեցին երկու ադրբեջանցի զինվորներ…Խլեցին պայուսակները, կրակեցին, ոտքից վիրավորեցին: Գյուղի մոտակայքում արդեն ամբոխ էր հավաքվել Միր Բաշիրից, նրանք եկել էին թալանի…Ուշքի եմ եկել Բարդայի միլիցիայում, ամբողջությամբ արյունլվա…»:

Պողոսյան Սվետլանա. «Ես թաքնվեցի հորում, իսկ երեկոյան փախա Մատաղիս գյուղը, հետո նորից վերադարձա Մարաղա, որտեղ ամեն ինչ հրկիզված էր…Մի կնոջ այնպես էին մորթել ու այրել, որ ես միայն հագուստից հասկացա, որ դա Վարյան է: Նրա ամուսնուն սպանել էին նրանից քիչ հեռու, սպանել էին նրա դստերն ու վերջինիս սկեսրոջը, իսկ երկու թոռներին պատանդ էին վերցրել…ես փնտրում էի աղջկաս, հետո իմացա, որ նրան՝ Պողոսյան Կարինեին երկու երեխաների՝ 2-ամյա Նարեկի ու նորածին Լյոլյաի հետ, պատանդ են վերցրել…Իմ մյուս աղջկան՝ Զարինեին նույնպես երկու երեխաների հետ, մեկը չորս տարեկան, մյուսը՝ վեց, պատանդ են վերցրել…»:

Նուշիկ Աղաջանյան. «Ադրբեջանցիներն այդ օրը Մարաղայում շատ անմեղ մարդկանց սպանեցին՝ ծերերի, կանանց ու երեխաների, այդ թվում նաև 70 տարեկան Ռոզա Բարսեղյանին, 70-ամյա Ժոռա Ստեփանյանին, կտրեցին Բորիկի կոկորդը սղոցով, կացնով անդամահատեցին Էդիկ Նադալյանին, Զառային, սպանեցին Փառանձեմ, Էվալդ, Սերժիկ, Բագրատ, Վարդանուշ, Վանյա Մարությաններին, նրա կնոջը՝ Ռայային, Ալյոշա Հովսեփյանի վրա բենզին լցրեցին ու վառեցին»:

Լարիսա Բադալյան. «Ապրիլի 10-ին ես կարտոֆիլի դաշտում էի: Իմանալով հարձակման մասին՝ գնացի գյուղ: Մարաղան այրվում էր: Մոտեցանք քեռուս տանը: 50-ամյա քեռիս սպանված էր: Հարևան 100-ամյա Անուշ տատիկի տունն արյան մեջ էր: Հատակին կանանց ու ծերունիների դիակներն էին բաց աչքերով…»: Լարիսան պատանդ էր ադրբեջանցիների մոտ 1992 թվականի ապրիլի 10-ից մինչև դեկտեմբերի 2-ը, այդ օրերի մասին նա հետագայում պատմել է. «...Կանանց բանտախցից հերթով էին դուրս բերում, հետ էին բերում կիսամերկ ու արյունլվա՝ Զոյային, Մաշոյին, Թամարին: Մեկ ժամից դուռը բացվեց, խուժեցին զինված զինվորներ ու սկսեցին կանանց վրայից պոկել հագուստի մնացորդներն ու բռնաբարել: Երեք օրից մեզ տեղափոխեցին Կուբաթլիի բանտը, որտեղ ես տեսա հոգեկան հիվանդություն ունեցող իմ որդուն՝ Ապրեսին: Նրա մի աչքը չկար, գլուխն ուռած էր: Հատակին մի երիտասարդ հայ էր Մարտակերտից, ծեծից կիսամեռ վիճակում…Որդիս հովիվ էր աշխատում, իսկ ես տան գործեր էի անում: Քնում էինք բարակում, ուտում էինք կերակուրների մնացորդները: Տղայիս հաճախ ծեծում էին իմ աչքի առաջ: Մի անգամ մի ադրբեջանցու գյուղ բերեցին, ու մեզ ուզում էին մորթել նրա գերեզմանին…»:

Ելենա Բարսեղյան. «70-ամյա հարևանուհուս՝ Վարդանուշի հետ թաքնվել էինք նկուղում: Ազերիները մութ նկուղի շեմից կրակում էին դեպի ներս, վիրավորեցին ինձ ու Վարդանուշին: Մենք բղավեցինք: Ազերիները մտան, հայտնաբերեցին մեզ, ու ինքնաձիգերով խփելով դուրս քշեցին նկուղից: Բակում Վարդանուշը, որն արնաքամ էր լինում, անգիտակից ընկավ: Անկյունից այդ պահին տանկ հայտնվեց ու անցավ նրա մարմնի վրայով: Նրանից միայն մարմնի, արյան ու հողի խառնուրդ մնաց»; Այս վկայություններից հետո բոլոր խոսքերը թվում են ավելորդ ու անիմաստ …

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ

Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---