Ջազը ծնվել է Նոր Օռլեանում, որտեղից շոգենավերով հասել է Չիկագո ու Նյու Յորք

Ջազը ծնվել է Նոր Օռլեանում, որտեղից շոգենավերով հասել է Չիկագո ու Նյու Յորք (վիդեո)

Ապրիլի 30-ին նշվում է Ջազի միջազգային օրը

Ամերիկացիները վստահ են, որ աշխարհին տվել են սահմանադրություն, ջազ ու բեյսբոլ: Գուցե այդպես էլ կա: Բայց, հավանաբար, առաջին տեղում պետք է ջազը դնել: Այն նույն ջազը, որն, ինչպես ասնում են, փրկեց ԱՄՆ-ն Մեծ դեպրեսիայի տարիներին և մի քանի սերնդի ճակատագիր որոշեց, որոնք գեթ մեկ անգամ լսել են այդ աննման երաժշտությունը: Ամերիկայում ամենասիրված հաղորդումը, բնականաբար «Ամերիկայի ձայնից» հետո, Ուիլլիս Քոնովերի «Time for jazz» հաղորդումն էր, որը սկսվում էր Դյուկ Էլինգթոնի Take The A Train ստեղծագործությամբ:

PanARMENIAN.Net - Լայն տարածում ստացած լեգենդն ավանդում է, որ ջազը ծնվել է Նոր Օռլեանում, որտեղից հին շոգենավերով Միսիսիպիով հասել է Մեմֆիս, Սենտ Լուիս և վերջապես Չիկագո ու Նյու Յորք: Հին լեգենդը հավանաբար հեռու չէ իրականությունից: Ջազն իրոք ծնվել է Նոր Օռլեանում, նրա աղքատ թաղամասերում ու արվարձաններում, իսկ հետո տարածվել է ամբողջ երկրով մեկ: Նոր Օռլեանի երաժիշտները միանգամայն յուրահատուկ երաժշտություն էին նվագում, որը պատրաստակամությամբ նմանակում էին մյուս կատարողները: Կլարնետահար Բասթեր Բեյլին Մեմֆիսից հիշում է, որ իր քաղաքում երաժիշտները սկսեցին իմպրովիզներ անել միայն երբ հայտնվեցին Նոր Օռլեանի կատարողների ձայնագրություններով սկավառակները, և որ այն ժամանակ «ջազ» բառ անգամ չկար: Այն, որ Նոր Օռլաենը ջազի օրրանն է, հաստատում են նաև ձայնագրությունները: Առանց բացառության ջազի բոլոր ձայնասկավառակները, որ ձայնագրել էին ինչպես սևամորթներ, այնպես էլ սպիատակամորթներ մինչև 1924 թվականը, իսկ գուցե մինչև 1925 թվականը, ձայնագրել էին Նոր Օռլեանի երաժիշտները կամ նրանց կատարողական ոճի բացահայտ նմանակողները:

1917 թվականի փետրվարի 26-ին Նյու Յորքի Victor ֆիրմայի ստուդիայում հինգ սպիտակամորթ երաժիշտներ Նոր Օռլեանից ձայնագրեցին ջազի առաջին ձայնասկավառակը: Այդ իրադարձության նշանակությունը ջազի պատմության համար դժվար է գերագնահատել: Մինչ սկավառակի թողարկումը ջազը երաժշտական ֆոլկլորի համեստ մի ճյուղավորում էր, նրա կատարողների շրջանակը սահմանափակվում էր մի քանի հարյուր սևամորթներով ու մի խումբ սպիտակամորթ նորօռլեանցիներով, ջազը դուրս չէր եկել այդ քաղաքի սահմաններից:

Ձայնասկավառակի թողարկումից հետո (մարտի 7-ին) ջազը մի քանի շաբաթում ուղղակի ապշեցրեց Ամերիկային, իսկ հինգ սպիտակամորթ երաժիշտները հայտնի դեմքեր դարձան: Նրանք իրենց նվագախումբը կոչեցին «Original Dixieland Jass Band» (հիմա ընդունված է գրել jazz): Որքան էլ տարօրինակ է հնչում, բայց ջազի վերելքը համընկավ «չոր օրենքի» տասնամյակի հետ: Այն ժամանակ դեռ քիչ հայտնի Էլինգթոնը, Քելոուեյը, Արմսթրոնգն ու Միլլերը վարպետանում էին ընդհատակում գործող պանդոկներում՝ «չոր օրնեքը» խախտողներին ցնցելով անհավանական իմպրովիզացիաներով: Ջազի հսկաների թվարկումը միայն մի քանի էջ կպահանջեր. Դյուկ Էլինգթոն՝ մոտ 100 ջազային ստանդարտների հեղինակ, Ջորջ Գերշվին «Պորգին և Բեսը» օպերայով և անմահ Rhapsody in blue-ով, շեփորահարներ Լուսի Արմսթրոնգն ու Մայլզ Դևիսը, սաքսոֆոնահար Չարլի Փարքերն ու այդպես անվերջ: Եվ էլի՝ Էլլա Ֆիցջերալդ, Նինա Սիմոնե, Դայեն Ուորվիք, Ռեյ Չարլզ, Լյուտեր Վանդրոս…

Եվ էլի դաշնակահարներ՝ անկրկնելի Օսկար Փիթերսոն, Քաունթ Բեյսի, Թելոնիուս Մոնկ, Բիլլ Էվանս, Հերբի Հենքոկ, Չիկ Կորեա, Դեյվ Բրուբեկ, նրանք շատ են և յուրաքանչյուրն իր անկրկնելի հնչեղությունն ունի, որը ճանաչում ես առաջին իսկ տակտերից:

Ջազի առաջին միջազգային օրը (International Jazz Day) նշվեց 2012 թվականին: Այն նշվում է ապրիլի 30-ին Դյուկ Էլինգթոնի ծննդյան օրը: «Ջազային երաժշտի համար շատ կարևոր է պահպանել հիշողությունն անցյալի մասին: Երգի մասին, որ երգել են ծերունիները բակում լուսնյակ գիշերով, կամ այն մասին, թե վաղեմի ժամանակներում ով ինչ է ասել»,-ասել է Էլինգթոնը:

Իսկ հայտնի A Train-ը բացվեց 1936 թվականին և ամբողջ Նյու Յորքի միջով հասնում էր Գարլեմ ու հյուսիսային Մանհեթեն: Ստանդարտի հեղինակը Բիլլի Սթրայհորնն է, բայց հենց Էլինգթոնի շնորհիվ այն հիթ դարձավ և շատերը գտնում են, որ նա ինքն է այն գրել:

Եվ, իհարկե, հայկական ջազի մասին: Առաջին ջազ նվագախումբը Հայաստանում դեռ 1936 թվականին հիմնեց շեփորահար Ցոլակ Վարդազարյանը, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի հայրը: Դա «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ գտնվող Շինարարների տան նվագախումբն էր, իսկ հետո արդեն դրա հիման վրա ստեղծվեց Հայաստանի պետական ջազ նվագախումբը Արտեմի Այվազյանի գլխավորությամբ: Այնտեղից էլ ամեն ինչ սկսվեց: Հայկական ջազի հիմքում, ի տարբերություն Ուտյոսովի, Ցֆասմանի, Սկոմորովսկու ու մյուսների ջազի, ազգային մեղեդին է: Եվ հետո հայկական երաժշտությունը շատ ճկուն է, այն հեշտությամբ է ներառում տարբեր ոճեր ու ուղղություններ, և արդյունքում ծնվեց այն, ինչ անվանում ենք հայկական ջազ: 1948 թվականին «ջազ» բառը բացառվեց խորհրդային մարդկանց բառապաշարից, սակայն ինչպես սնկերն անձրևից հետո սկսեցին ստեղծվել էստրադային նվագախմբեր: Իսկ հայ կոմպոզիտորներն ինչպես գրում էին ջազ ստեղծագործություններ, այնպես էլ շարունակեցին դա անել: Բավական է հիշել միայն Էդգար Հովհաննիսյանի կոնցերտը սաքսոֆոնի և ջազ նվագախմբի համար, Այվազյանի, Առնո Բաբաջանյանի ու Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները: Իսկ ընդհանրապես ջազը Հայաստանում ուղղակի ջազ չէ, դա հոգեվիճակ է, եթե ուզում եք, քաղաքական մշակույթի մի ամբողջ շերտ:

«Հայաստանում ամենուր լեռներ են, իսկ լեռներում թմբուկներ: Մենք սուր ենք ընկալում թմբուկի ռիթմը, չէ որ ջազը ծնվել է աֆրիկյան թմբուկների ռիթմից: Իսկ այլ առումներով ես առանձնակի տարբերություն չեմ տեսնում հայկական ջազի մեջ: Թեև, եթե նվագում եմ ինչ-որ տեղ արտերկրում, միանգամից ինձ բնութագրում են որպես արևելյան դաշնակահար: Ինքս եմ զարմանում, կարծես թե արևելյան ոչ մի «քաղցր» բան չեմ անում»,-ասում է Լևոն Մալխասյանը, Մալխասը, ամենահայտնի հայ ջազմենը:

Կարինե Տեր-Սահակյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Հուլիսյան պրեմիերաներն ավանդաբար մեծ ու սպասված բլոկբասթերներ են
Մարդկությունը վաղուց է հասկացել ջրի հատկությունը՝ պահպանելու ուժերն ու կյանքը, այդ իսկ պատճառով ջրի պաշտամունքը հատուկ է աշխարհի շատ ժողովուրդների համար։
Փառատոնի առաջին օրը նաև Մուտիի հանդիպումն էր լրատվամիջոցների ներկայացուցիչների և երկրպագուների հետ
Ամառվա վերջին ամիսը եզրափակում է խոշոր կինոնախագծերի շրջանը, իսկ ստուդիաները պատրաստվում են «աշնան ճակատամարտին»
 Ուշադրության կենտրոնում
Այվազովսկու «Իններորդ ալիքը»` աշխարհի 10 լավագույն ծովանկարների ցանկում

Այվազովսկու «Իններորդ ալիքը»` աշխարհի 10 լավագույն ծովանկարների ցանկում Լավագույն կտավների տասնյակում են Աբրահամ Ուիլարեթսի «Փոթորկոտ ծովը» (1629), Ուիլյամ Թյորների «Սառցե փոթորիկ» (1842), Կլոդ Մոնեի «Էտրետատի փոթորկոտ ծովը» (1883)

 Բաժնի այլ նյութերը
7 փաստ ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանի մասին Գեդիգյանը բազմաթիվ կինոփառատոնների մասնակից է
Պրահայի քվադրինալեն. Ինչպես ամեն ինչ սկսվեց Առաջին «Ոսկե տրիգային» արժանացավ Ֆրանսիան
Ամառային հեռուստասեզոն. 5 սերիալ, որոնք կարելի է դիտել ամռանը Արձակուրդը ոչ միայն ծով է ու ամառանոց, այլ նաև լավ հեռուստապատմություններ դիտելու ժամանակ