22 տարի առաջ ճեղքվեց ԼՂՀ շրջափակումը

22 տարի առաջ ճեղքվեց ԼՂՀ շրջափակումը

Մինչ Լաչինի շրջանի ազատագրումը ԼՂՀ-ն դաժան շրջափակման պայմաններում էր ապրում, դադարեցված էր էլեկտրա- և ջրամատակարարումը

Մայիսի 18-ին լրացավ Բերձորի (Լաչինի) ազատագրման 22 տարին: Լեռնային Ղարաբաղի շրջափակումը վերջնականապես ճեղքվեց՝ Բերձորի ազատագրումը ռազմական, քաղաքական ու հոգեբանական հաղթանակ էր: Առանց շրջափակումից դուրս գալու անհնար կլիներ ԼՂՀ անկախությունն ու ազատությունը պաշտպանելն ու կայուն և հուսալի զարգացման հիմքեր ստեղծելը:

PanARMENIAN.Net - Խորհրդային իշխանության առաջին տարիներին ԼՂԻՄ-ը սահմանակից էր Հայաստանին, սակայն 1930-ականներին, հերթական վարչական բարեփոխումից հետո, աշխարհագրական կապը խզվեց: 1962 թվականի քարտեզում, որը զետեղված է «Խորհրդային մեծ հանրագիտարանի» առաջին հատորում, ԼՂԻՄ-ը սահմանակից է Հայաստանին մեկ տեղում, իսկ հետագայում մի շարք տարածքային վերափոխումների հետևանքով Ղարաբաղը գիտակցաբար անջատվեց Հայկական ԽՍՀ-ից: 1930-ից համապատասխանաբար շտկվեցին նաև քարտեզները, որտեղ Լաչինի միջանցքը սկսեցին նշել որպես Ադրբեջանի տարածք, իսկ ԼՂԻՄ-ը՝ անջատ բուն Հայաստանից: Լեռնային Ղարաբաղը Հայաստանից ընդամենը 7 կմ էր անջատում:

Մինչ Լաչինի շրջանի ազատագրումը ԼՂՀ-ն դաժան շրջափակման պայմաններում էր ապրում, դադարեցված էր էլեկտրա- և ջրամատակարարումը: Դեպի Ղարաբաղ անհրաժեշտ զինամթերքի, սննդամթերքի, դեղորայքի տեղափոխման միակ ու շատ վտանգավոր ուղին օդայինն էր՝ «Մի-8» ուղղաթիռների ու բեռանփոխադրումների համար հարմարեցված ուղևորատար «Յակ-40» և «ԱՆ-2» ինքնաթիռների միջոցով: Այլ ելք չկար: Պետք էր բացել «կյանքի ճանապարհը»:

Մայիսի 13-ին շարունակվեց հայկական ուժերի կենտրոնացումը Զարասլի գյուղի մոտ, որը Շուշիի ու Լաչինի միջև է գտնվում: Այստեղ էին կուտակված հայկական զորքերի կենդանի ուժն ու տասնյակ զրահամեքենաներ: Մայիսի 13-ի առավոտյան ինտենսիվ հրթիռակոծության ու գնդակոծության ենթարկվեցին Աղդամն ու Ֆիզուլին, ինչպես նաև Բարդա քաղաքը: Նույն օրը սկսվեց Լաչինի գրոհը: Հայկական կողմը վերջնագիր ներկայացրեց. Լաչինի բնակիչները պետք է հեռանան մեկ շաբաթվա ընթացքում, հակառակ դեպքում հայկական կողմը կսկսի հարձակումը Լաչինի վրա Հայաստանի Գորիսի շրջանի կողմից:

Մայիսի 15-ին հայկական ջոկատները գրոհեցին բարձունքում գտնվող Աղդամի շրջանի Գյուլաբլու գյուղը: Ադրբեջանական զորքերը, ունենալով քանակային ու դիրքային առավելություն, ետ մղեցին հարձակումը: Գյուլաբլուի բարձունքից հակառակորդի բանակը գնդակոծում էր Ստեփանակերտի ու այլ հայկական բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը:

Մայիսի լույս 18-ի գիշերը Լաչինում բնակվող քրդերի զինված ջոկատները գրավեցին Լաչին շրջկենտրոնը: Մայիսի 18-ի կեսօրին Լաչինի շրջանում մարտերը շարունակվում էին ոչ միայն հայկական ու ադրբեջանական ուժերի, այլ նաև քրդերի ու ադրբեջանական բանակի միջև: Մոսկվայում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը, սակայն, հերքեց քրդերի ու ադրբեջանցիների միջև բախումների փաստը, անվանելով դա «հայկական կողմի քարոզչություն»:

Մայիսի 17-ին հայկական ուժերը ետ մղեցին ադրբեջանական բանակի գրոհը Շուշիի ուղղությամբ, որին մասնակցում էր շուրջ 1000 զինվոր, 20 տանկ ու այլ զրահատեխնիկա: Ռազմական իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրվեց: Գորիսի Ներքին գործերի շրջանային բաժնից հայտնեցին, որ Կուբաթլիի կողմից դեպի Լաչին է շարժվում տանկերի շարասյունը, իսկ հակառակ ուղղությամբ՝ բեռնատար մեքենաների հոսք է, որոնք տարհանում են Լաչինի բնակիչներին, որը վերածվել էր լավ ամրացված հենակետի: Մայիսի 12-ին և 13-ին «Գրադ» կայաններից գնդակոծվում էին Գորիսը, Կապանը, Բերդն ու այդ շրջանների տանսյակ գյուղեր, կային սպանվածներ ու վիրավորներ: Այդ շրջաններից սկսեցին տարհանել բնակչությանը: Ըստ ԼՂՀ ինքնապաշտպանության շտաբի տվյալների, վերջին օրերին Լաչինում փոխհրաձգություն էր տեղի ունենում այնտեղ գտնվող Ադրբեջանի Ժողովրդական ճակատի զինված ջոկատների ու տեղաբնակ քրդերի միջև: Սակայն, երբ վերսկսվեց երթևեկությունը Բերձորից Գորիսի շրջան շրջանցիկ ճանապարհով, ադրբեջանական ջոկատները, տանելով իրենց հետ տեղի բնակչությանը, սկսեցին շտապ լքել Լաչինը: Մայիսի 19-ի դրությամբ այդ բնակավայրը գործնականում ամայի էր՝ մնացել էին միայն մի քանի քուրդ ընտանիքներ: Քաղաքում տեսանելի էին քրդերի ու ազերիների միջև բախումների հետքերը:

Այսօրվա Բերձորը Քաշաթաղի շրջանի կենտրոնն է 9800 բնակիչներով: Քաղաքը կառուցվում է, վերականգնվել է երկրագիտական թանգարանը, որտեղ հավաքված են ոչ միայն վերջին հարյուր տարվա նմուշները, այլ նաև հին ժամանակների ցուցանմուշներ: 2010 թվականի աշնանը շրջանի տարածքում հայտնաբերվեց մի գանձ, որտեղ կար 112 իր ոսկուց, արծաթից ու բրոնզից: Այն տեղափոխվեց Հայաստան ու հայտարարվեց ազգային արժեք: Այժմ իրերը պահվում են Հայաստանի Պատմության թանգարանում:

Քաշաթաղի շրջանը հիշատակվում է Րաֆֆու «Դավիթ-բեկ» վեպում, Քաշաթաղն այնտեղ նշված է որպես Մեծ Հայքի Սյունիքի շրջանի մի մասը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ըստ Համաշխարհային բանկի, 2009-ին միջին տոկոսադրույքը եղել է 18,8%, 2010-ին` 19,2%, 2011-ին` 17,2%, իսկ 2013 թվականի արդյունքում կազմել է 16%
Եվրոպայի ու դրա մերձակայքի ամենանշանակալի տարածաշրջանները, որտեղ բնակչությունն անջատվել է կենտրոնի կամքին հակառակ, կամ դեմ չէր լինի անկախանալուն
Ի տարբերություն ադրբեջանցիների, անգլիացիներն՝ այդ տարօրինակ մարդիկ, չեն հայտարարում թե շոտլանդացիները եկվորներ են, չեն ոչնչացնում շոտլանդացիների մշակույթը
Չգիտես ինչու Ալիևը «մոռացել է», որ ոչ այնքան վաղ անցյալում, պատմական չափանիշներով տառացիորեն դեռ երեկ, այդ «ընտանիքում», ինչպես նա է ասել, մարդու համար անհավանական դաժանությամբ հայերի զանգվածային ջարդեր են եղել
 Ուշադրության կենտրոնում
Ուորլիք. Ղարաբաղյան կարգավորումը կախված է ոչ թե միություններից, այլ կողմերի կամքից

Ուորլիք. Ղարաբաղյան կարգավորումը կախված է ոչ թե միություններից, այլ կողմերի կամքից Ամերիկացի համանախագահը նշել է, որ ՀՀ կառավարությունն արդեն կայացրել է որոշումը, և ինքը հարգում է այն

 Բաժնի այլ նյութերը
Սահմանադրական շրջադարձ. Հետխորհրդային երկրների տատանումները նախագահական և խորհրդարանական կառավարման միջև Հետխորհրդային երկրների սահմանադրական բարեփոխումները հաճախ ընկալվում են որպես իշխանությունների վերարտադրման փորձ, թեև փոփոխությունները երբեմն դեմ են հենց նախաձեռնողների շահերին
Ինչ սպասել Էրդողան-նախագահից... Բավականին մեծ հավանականությամբ կարելի է ասել, որ քանի դեռ Էրդողանը նախագահի աթոռին է, Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորում ակնկալել չի կարելի:
Քեսաբ. Պղծված սրբությունները «Ջեբհաթ ան Նուսրի» խմբավորման գրոհայինները ջախջախել են Հայ ավետարանչական եկեղեցու Սբ Երրորդությունն ու «Միսակյան» մշակութային կենտրոնը: