15  Շառլ Ազնավուր
Շառլ Ազնավուր․ 90-ամյա կենդանի լեգենդը

Շառլ Ազնավուր․ 90-ամյա կենդանի լեգենդը

1946-ին էր, երբ նրա կյանքում հայտնվեց Էդիթ Պիաֆը․․․

Աշխարհին հայտնի ֆրանսահայ շանսոնյե․ այս բառերը լսելով ոչ մեկի մոտ կասկած չի առաջանա, թե խոսքն ում մասին է։ Շառլ Ազնավուր՝ երգիչ, երգահան, դերասան, հասարակական գործիչ, ում սիրում ու պաշտում են ոչ միայն աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը, այլև առհասարակ ամբողջ աշխարհը․ նա 90-տարեկան է: Ու, չնայած տարիքին, այսօր էլ նա շարունակում է շրջագայել աշխարհի տարբեր երկրներով՝ համերգներն անցկացնելով լեփ-լեցուն դահլիճներում։ Շահնուր Վաղինակ Ազնավուրյանն (հենց այդպես էին նրան անվանել) 90 տարի առաջ այս օրը՝ մայիսի 22-ին, ծնվեց Փարիզում հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Ախալցխայում ծնված հայրը՝ Միշա Ազնավուրյանը, արմատներով Էրզրումից էր, մայրը՝ Իզմիրից:

PanARMENIAN.Net - Ժամանակին դերասանական խմբի հետ Միշա Ազնավուրյանը Բաթումից անցավ Կ.Պոլիս, որտեղ հանդիպեց, հետագայում՝ ամուսնացավ Քնար Բաղդասարյանի հետ։ Վերջինիս ընտանիքը միլիոնավոր հայերի հետ 1915-ի Մեծ եղեռնի զոհ էր դարձել: 1920-ականների սկզբին Ազնավուրյանների երիատասարդ ընտանիքը նորածին դստեր՝ Աիդայի հետ, տեղափոխվեց Բուլղարիա, ապա` Փարիզ: Միշան սկսեց աշխատել հոր ռեստորանում, նա հայերեն ու ռուսերեն երգեր էր երգում, թառ նվագում․ այդ ընթացքում ընտանիքի հոգսերը ծանրացել էին կնոջ ուսերին։ Տարիներ անց, աշխարհահռչակ դառնալուց հետո, նրանց որդի Շառլն իր «Անցած օրեր, հուշեր» գրքում կգրի.

«…տեսնում եմ մորս` նավթի լամպի տակ, Զինգերի ոտնակն անընդհատ պտտելիս, շտապելով հաջորդ օրը հանձնելիք գործն ավարտել, ստանալու համար արդյունքն իր անքուն գիշերվա, իր սիրասուն ընտանիքի գոյության համար անհրաժեշտ այդ ֆրանկը: Հիվանդ թե առողջ, հոգնած թե ոչ, մայրիկը լծվում էր աշխատանքին:

Հազվագյուտ պահերին մայրս դաշնամուր էր նվագում կամ տրվում գրելուն: Ջահել ժամանակ Թուրքիայում նա հայկական թերթի խմբագրությունում էր աշխատել, և գրելու ցանկությունը երբեք չեր լքում նրան»:

Շառլի մայրը դերասանուհի էր, այդ պատճառով էլ Շառլը թատրոնի աշխարհին ծանոթ էր դեռ մանկուց: Արդեն 9 տարեկանում տարված լինելով արտիստի կյանքով, նա թողեց դպրոցը: Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ազնավուրյանների տանն ապաստան էին գտել փախուստով փրկված բազմաթիվ ռազմագերիներ` հայեր, ռուսներ, հրեաներ: Ֆրանսիական դիմադրության լեգենդար հերոս Միսաք Մանուշյանն ու նրա կինը` Մելինեն, բազմիցս փրկվել են հետապնդումից Միշայի օգնությամբ, իմիջիայլոց հենց նրանց տանը թաքնվելիս Մանուշյանը Շառլին շախմատ խաղալ է սովորեցրել:

Հայաստանի ազգային արխիվում պահպանվող համապատասխան փաստաթղթերի համաձայն, Ազնավուրների ընտանիքում 1946-ին կարևոր իրադարձության է եղել, որի վերաբերյալ ոչ մի ակնարկ անգամ չկա Շառլի կենսագիրների մոտ, գրում է «Դարձ»-ը։ Երիտասարդ արխիվագետ Արմեն Բադալյանի ուսումնասիրած փաստաթղթերի համաձայն, 1946-ին Շառլ Ազնավուրն ու իր ընտանիքը՝ հայրը, մայրը և քույրը, ուզում էին հայրենադարձվել Խորհրդային Հայաստան: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1945-ի նոյեմբերի 21-ին, երբ ԽՍՀՄ ժողկոմխորհը «Արտասահմանյան հայերի Խորհրդային Հայաստան վերադառնալու կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին» որոշում ընդունեց, աշխարհասփյուռ հայությունը, բացի ՀՅԴ արմատական անդամներից, ուզում էր տունդարձի ճանապարհ բռնել, նրանց մեջ նաև բազմաթիվ ֆրանսահայեր կային, որոնց թվում էր Շառլի ընտանիքը: 1946-ի մայիսի 30-ին նա և ընտանիքի մյուս անդամները դիմեցին Փարիզում գտնվող Ներգաղթ կոմիտե և մոտ մեկ շաբաթ անց, հունիսի 5-ին, ըստ փաստաթղթերի, պաշտոնապես դիմում ներկայացրին որպես «ԽՍՀՄ քաղաքացի» Խորհրդային Հայաստան մեկնելու թույլտվության համար, գրում է կայքը՝ հղում անելով երիտասարդի կողմից «Ազգ»-ին տրամադրված փաստաթղթերին:

Թե ինչու հայրենադարձությունը չկայացավ՝ պարզ չէ, բայց պետք չէ մոռանալ, որ հետ վերադառնալ ցանկացողների և դիմորղների թիվը քառապատիկ ավելին էր, քան հայրենադարձվածներինը: Գուցե Ազնավուրների ընտանիքին էլ, ինչպես տասնյակ հազարավորներին, հերթը չի հասել՝ 1948-ին ներգաղթն անսպասելի ընդհատվեց…

Անդրադառնալով շանսոնյեի փառքի ճանապարհին․․․ Այն 20 տարի տևեց։ Հանրությունը սուլոցներով էր ճանապարհում Շառլին, լրագրողները ծաղրում արտաքինը, բայց նա իր մեջ ուժ էր գտնում ու նորից ու նորից բեմ բարձրանում, մինչև չստիպեց լսել իրեն։

Նույն 1946-ին էր, երբ նրա կյանքում հայտնվեց Էդիթ Պիաֆը։

...Էդիթը դուրս եկավ սեղանից՝ արդեն արբած էր, ու հրամայեց․ «Գնացինք պարելու»։ Շառլը կարմրեց, անսպասելի վեր կացավ ու նրան նորից իր տեղը նստեցրեց․ «Հենց հիմա նստիր»։ Պիաֆն առանց հասկանալու՝ ինչ է կատարվում, նայում էր երիտասարդի վրա։ Բոլորը լուռ էին։ Շառլն առանց շտապելու դուրս եկավ սեղանից, մի քանի քայլ առաջ արեց, շրջվեց դեպի Պիաֆն ու ոչ շատ բարձր սուլեց՝ դա փողոցային արարողություն էր, միայն տղամարդը կարող էր պարելու հրավիրել ու միայն այդ կերպ։ Էդիթը դա շատ լավ գիտեր՝ նա էլ էր դաստիարակվել այդ կանոններով։ «Իսկ նա վատը չէ, խիստ է»,- ուրախ ասաց նա իր շքախմբին։ Բոլորը սկսեցին ծիծաղել։ -Հրեա՞ ես։ -Ոչ, հայ եմ։ -Այդ ինչպե՞ս։ -Երկար պատմություն է։ –Դե, եթե երկար է, ուրեմն պետք չէ պատմել... Իսկ ինչո՞ւ ես սև հագել։ -Այդպես քիչ է երևում, որ շորերս այնքան էլ մաքուր չեն։ –Գուցե, շորերդ հիմա՞ էլ մաքուր չեն։ -Միգուցե...

Իմիջիայլոց, Շառլը հիմնականում ելույթ է ունենում սև հագուստով։ Նրանք ծանոթացել էին Փարիզում՝ Պիաֆն ընկերների հետ պատահաբար հայտնվել էր Ազնավուրի ու Պիեր Ռոշի համերգին, նրանց առաջարկել ելույթ ունենալ իր համերգային շրջագայության առաջին հատվածում։ Բայց այդ հյուրախաղերը երկար չտևեցին։ Էդիթը պիտի մեկներ ԱՄՆ։ Երբ Ազնավուրը, ամաչելով, այնուամենայնիվ հարցրեց Պիաֆին՝ արդյոք նա մտադիր չէ երկարացնել պայմանագիրը, վերջինս զարմացավ․ «Իհարկե, եկեք այնտեղ ինձ մոտ։ Սպասելու եմ ձեզ»։ Ասաց ու մոռացավ, ավելի շուտ՝ սկսվեց նրա հերթական սիրավեպն ու Էդիթն այլևս չհիշեց հրավերի մասին։ Ազնավուրն ու Ռոշը մեկնեցին Կանադա ու բավականին լավ ելույթ ունեցան։

Մի քանի ամսից նա վերադարձավ Փարիզ, ու, իրենից գոհ, ներկայացավ Պիաֆին (զմրուխտե պիջակով, մերկ կնոջ նկարով լայն ատլասե փոխկապով), վերջինս շատ զարմացավ. «Ինչ է՝ այնտեղ կրկեսո՞ւմ ես աշխատել» - հարցրեց նա Շառլին։ Ազնավուրին դա շատ վիրավորեց, բայց երկար բարկանալ այդ կնոջ վրա նա չէր կարողանում։

«Էդիթը հրաշք էր,- տարիներ անց կասի Ազնավուրը. – Իսկ հրաշքին հնարավոր չէ դիմակայել»։ Ու նա չէր դիմակայում։ Առավել ևս, որ բացի Էդիթից նրա կողքին ոչ ոք չէր մնացել։ Ռոշը հերթական սիրավեպն էր սկսել Կանադայում ու Փարիզ չվերադարձավ, իսկ Միշլենը, հոգնելով ամուսնու բացակայող հայացքից, նրան ասաց, որ ուզում է բաժանվել։

Այդպես սկսվեց Ազնավուրի կյանքի, երևի թե, ամենազարմանալի՝ Էդիթ Պիաֆի հետ նրա տարօրինակ հարաբերությունների շրջանը։ Շուրջ բոլորը համոզված էին, որ նրանք սիրավեպ ունեն, ու արդեն մի քանի ամսից նրա մասին խոսում էին որպես «երիտասարդի, ով երգեր է գրում ու ապրում Պիաֆի հետ»։

Ազնավուրը փորձում էր համոզել ծանոթներին, որ ոչ մի սիրավեպ էլ չկա, բայց ոչ ոք չէր հավատում։ Չնայած, արդեն շուտով Շառլն ինքն էլ չէր կարողանում կողմնորոշվել իր զգացմունքներում՝ դրանք չափազանց ցավոտ էին ուղղակի ընկերության համար ու չափազանց պլատոնիկ սովորական կրքի։ Դառնալով Պիաֆի վարորդը, քարտուղարն ու «բաժակի ընկերը», Շառլը տեղափոխվեց նրա բնակարան։ Նա միշտ մոտակայքում էր, կատարում էր բոլոր ցանկությունները՝ գիշերվա ժամը 3-ին շտապում էր քաղաքի մյուս ծայրն Էդիթի սիրած խմորեղենի հետևից, ժամերով լսում նրա պատմությունները հերթական սիրեկանի մասին...

«Շառլ, ահավոր քիթ ունես»․ անսպասելիությունից Ազնավուրը քիչ էր մնում խեղդվեր գինով։ Նրանք ընթրում էին ռեստորաններից մեկում՝ Շառլը, Էդիթն ու նրա նոր սիրեկանը՝ Էդդի Կոնստանտեն, և ծանոթներից մի քանիսը։ Ու, ինչպես և միշտ, Պիաֆի հերթական մտքերից մեկն ավելի քան անսպասելի էր։ «Հա, հա․ նման քիթը բանի պետք չէ՝ այն չափազանց երկար է։ Անհրաժեշտ է շտապ ինչ-որ բան ձեռնարկել»։ Սեղանակիցներից մեկն ասաց, որ շատ լավ պլաստիկ վիրաբույժի է ճանաչում։

«Որոշված է»,- հայտարարեց Պիաֆն ու, մինչ Ազնավուրը կառարկեր, հրամայեց կապվել բժշկի հետ ու հերթագրել Շառլին։ Վերջինս ներկայացավ վիրաբույժի մոտ ու համաձայնեց վիրահատության։ Դրանից մեկ օր առաջ Էդիթը որոշեց «հրաժեշտ տալ» երկար քթին։ Ընկերներով հավաքվել էին մինչև առավոտվա ժամը 6-ը։ Երբ վիրահատությանը հաշված ժամեր էին մնացել, Պիաֆը նայեց Շառլին ու մտածելով ասաց․ «Գիտես, մյուս կողմից էլ մտածում եմ՝ կարծես, այդքան էլ վատը չէ քիթդ...»։ Բայց արդեն ուշ էր՝ Ազնավուրը գնաց վիրահատության՝ փորձելով փախչել աշխարհից։

Հաջորդ օրը նա իրերը հավաքեց ու լքեց Պիաֆի բնակարանը, ինչից հետո ամբողջ Փարիզը խոսում էր, թե Էդիթը նրան դուրս է արել։ Ընկերները մի ակնթարթում անհետացան, շոու բիզնեսի բոլոր դռներն էլ ամուր փակվեցին․․․

Վերադառնանք Երկրորդ համաշխարհայինի ավարտի առաջին տարիներին։ Շառլն իր ընկեր Պիեր Ռոշի հետ ամեն երեկո աշխատանք էին փնտրում փարիզյան տարբեր ակումբներում։ Ժամանակ առ ժամանակ նրանց թույլ էին տալիս բեմ բարձրանալ, մի քանի երգ երգել ու մի քանի ֆրանկ վաստակել... Մեկ-մեկ էլ կողքից հաջողվում էր ինչ-որ երգ վաճառել, որոնք գրվում էին Փարիզի կենտրոնում գտնվող Ռոշի բնակարանում։

Ազնավուրի հայրն ինքնակամ էր մեկնել պատերազմ, ու Շառլը ընտանիքի միակ կերակրողն էր։ Մինչև գերմանացիների քաղաք մտնելը նա թերթեր էր վաճառում, հետո բավականին հաջող աշխատում «սև շուկայում», վաճառելով հեծանիվներ, շոկոլադ ու օծանելիք, ինչի համար վերմախտի զինվորները ահագին գումար էին տալիս։ Անգամ Մոնպարնասի «Ժոկեյ» կաբարեում աշխատանք ստանալով, նա չթողեց այդ եկամտաբեր գործը՝ հյուրախաղերից «սոված» Փարիզ վերադառնալով հետ վաճառքի համար գյուղմթերքներ էր բերում։ Այդ օրերին Շառլը հիշում էր հոր ընկերներից մեկի խոսքերը, ում նա դիմել էր որդու՝ թատերական դպրոցի համար գումարով օգնելու համար․ «Միշա, գժվել ես, ինչ է, - ասում էր հոր ընկերը, - Ինչ թատրոն։ Հայերը ստեղծված են կոմերցիայի համար։ Եթե քո Շառլն ուզում է առևտրով զբաղվել՝ կոգնեմ նրան։ Իսկ եթե ուզում է ամբողջ կյանքը զվարճանալ, Աստված վկա, նա ինձնից ֆրանկ անգամ չի ստանա»։ Հոգու խորքում Ազնավուրյանը համաձայն էր ընկերոջ հետ՝ առևտուրը որդու համար շատ ավելի պերսպեկտիվ աշխատանք էր։ Բայց նաև մեկ այլ բան էր հասկանում՝ առանց բացառությունների կանոններ չեն լինում․․․

Փարիզի ակումբներից մեկում առաջին մենահամերգի պայմանագիր ստորագրելու համար Շառլին մեկ տարի պահանջվեց։ Նա նորից դարձավ աղքատ սկսնակ երգիչ․․․ Հյուսիսային Աֆրիկա, պայմանագիր «Մուլեն Ռուժի» հետ, ելույթ փարիզյան «Օլիմպիայում», սարսափելի ավտովթար, գիպսով անցկացրած անթիվ ամիսներ, համաշխարհային հռչակ ու, վերջապես, հաջողույթուն... Քիչ-քիչ, տարեցտարի Ազնավուրն իրեն ու մյուսներին ապացուցում էր, որ ինչ-որ բանի ունակ է։ Նրանք, ով դեռ մի քանի տարի առաջ չարախոսում էին, սկսեցին ընկերանալու փորձեր անել։ Նա, ինչպես և Պիաֆը, ընկերների իր շքախումբը ձեռք բերեց, բայց շատ լավ էր հիշում Էդիթը խոսքերը․ «Հիշիր, թափառաշրջիկ, երբ քեզնից սկսում են պարտքով գումար խնդրել, կամ բացեիբաց հափշտակում՝ նշանակում է, որ ճիշտ ուղղու վրա ես»,- ու չէր զարմանում ժամանակ առ ժամանակ հայտնվող աղքատ բարեկամներին ու մանկության դժբախտ ընկերներին։ Ազնավուրին արդեն ամբողջ աշխարհն էր ճանաչում, բայց դա նրան քիչ էր սփոփում։ Ինչպես և տարիներ առաջ, Շառլն իրեն փոքր թափառաշրջիկ էր զգում՝ միայնակ ու դժբախտ։ 1963-ի դեկտեմբերի 11-ին Էդիթ Պիաֆը մահացավ։ Վերջին տարիներին նրանք քիչ էին շփվում, Էդիթը վատառողջ էր, ու դժվար թե նրա մահվան մասին լուրն ինչ-որ մեկին զարմացրեց, բայց, այնուամենայնիվ, երգիչը նրա մահը ծանր տարավ։ Նա գնաց՝ իր հետ տանելով նաև կյանքի այն հատվածը, որը միասին էին անցկացրել։

Շառլ դե Գոլլ․ Դուք կգրավեք աշխարհը, որովհետև կարողանում եք հուզել։

Մորիս Շեվալյե. «Շառլ Ազնավուրը մեծ դրամատիկ տաղանդի տեր մարդ է: Նա անմիջապես գերում է, մեծագույնն է իր արվեստում: Ազնավուրը սիրո մասին երգում է այնպես, ինչպես ոչ ոք չի երգել, այդպես է նա սիրում, զգում, ապրում այդ ամենը»:

Ազնավուրի կենսագիր Իվ Սալգ. «Այդ ձայնը, որը, կարծես, աղետի եզրին է ու ամեն պահ կարող է խռպոտանալ ու լռել, այդ մեծագույն ձայնը հևացող, բայց արիաբար գագաթը նվաճող լեռնագնացի ձայն է, վիրավոր թռչունի խուլ ու տանջալից ձայն, որը փետուրների հետ բեմին է գցում սիրո կախարդական երգերը, այդ հոգևարք ապրող ստրադիվարիուսը, այդ ձայնը, որ մարած հրաբուխ է հիշեցնում, որը բառերն արտասանում է ավելի շատ սրտի, քան ականջի համար… լսելի է ամբողջ աշխարհում: Իր արվեստի մեջ անկրկնելի կինոկրնօրինակող Սեմ Յունիորը, որը վարպետորեն նմանակում է այնպիսի մեծությունների ձայնն ու արտիստիզմը, ինչպիսիք են Լուի Արմսթրոնգը, Ռեյ Չարլզը, Մորիս Շեվալյեն ու այլոք, հրաժարվեց Ազնավուրի կատարումը նմանակելուց: «Ազնավուրի երգերը նրա արտաքին կերպարն են,- գրել է նա: -Ազնավուրի անձի անսքող անկեղծությունը բացառում է նմանակումը: Մահացու թռիչքի պատրաստ այդ տխուր կոմեդիանտի մարմնում ողբերգակ է թաքնված: Եթե փորձեմ նմանակել Ազնավուրին, հանդիսատեսն ինձ չի հավատա: Ազնավուրը ծիծաղ չի ընդունում»:

Ոմանք ասում են, որ Ազնավուրը նորաձև չէ, իսկ նա պատասխանում է. «Երբեք նորաձև չեմ եղել: Լավ է հայտնի. ոչինչ այնքան արագ չի հնանում, որքան նորաձև իրը: Իսկ երգն ապրում է անվերջ՝ այնքան, որքան մարդը»:

«Իմ հայրը երգում էր Սայաթ-Նովայի երգերը, ես դրանք թարգմանում էի: Մայրս սիրում էր հույն ողբերգակներին: Իմ նախնիների երգերը, Արևմտյան Հայաստանի գուսանների երգերը մեր ընտանեկան երգացանկում էին»,- ասում է Շառլ Ազնավուրը:

Ըստ CNN և Time-ի անցկացրած հարցումների այսօր շանսոնյեն ճանաչվել է XX դարի լավագույն էստրադային երգիչ: Նրա գրած 9 երգը լավագույն ֆրանսիական երգերի թվում են: 1973-ին «She» (Նա) երգը արժանացավ ոսկե, հետո նաև պլատինե սկավառակի: Ընդհանուր առմամբ ֆրանսահայ շանսոնյեն հազարից ավելի երգ է գրել: Ազնավուրը Պատվո լեգիոնի շքանշանակիր է, արժանացել է Victory և շատ ու շատ այլ մրցանակների: Իր երկար կարիերայի ընթացքում նա նկարահանվել է հայտնի կինոռեժիսորների ավելի քան 60 ֆիլմում, պարգևներ ստացել դերասանական աշխատանքի համար, 1971-ին արժանացել Վենետիկի կինոփառատոնի ամենահեղինակավոր «Ոսկե առյուծ» մրցանակի: Նա ինքը մի քանի օպերետ է բեմադրել, որից առաջինը՝ Monsieur Carnaval-ը միանգամից ճանաչվեց, այնտեղ հնչեց նրա հայտնի հիթը՝ La boheme-ը:

Նա միշտ ուշադիր է հանդերձանքի հանդեպ: Դա ևս նկատվեց և 1974-ին էլեգանտ արտաքին տեսքի համար Ազնավուրը ստացավ Brummel մրցանակը, որպես «պոպ» անվանակարգում լավագույն հագնված մարդը:

Ամեն տարի ֆրանսիացի լրագրողները դերասաններին, երգիչներին ու ռեժիսորներին հանձնում են «Նարինջ» մրցանակը մամուլի և նրա աշխատակիցների հանդեպ բարյացակամ վերաբերմունքի համար: Իսկ նրանք, ովքեր դժվարացնում են մամուլի աշխատանքը, «Լիմոն» են ստանում: 1970-ին Շառլ Ազնավուրին նարնջով լի մի մեծ զամբյուղ հանձնեցին:

Թերևս, ամենաանմոռացը հանգուցյալ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի հետ Երևան նրա այցն էր: Ազնավուրը Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հավերժ կրակի մոտ Ave, Maria երգեց: Դա իրոք աղոթք էր, երգչի ձեռքերը դողում էին, ձայնը՝ նույնպես, իսկ արդեն ծեր ու հիվանդ Հռոմի պապը լսում էր ու թվում էր, որ նա ևս կատարողի հետ միասին աղոթում է առ Աստված…

Մանե Եփրեմյան, Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net, Վահան Ստեփանյան, Հրանտ Խաչատրյան / PAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
PAN Photo-ն, բնականաբար, լուսանկարեց երիտասարդ արվեստագետներին իրենց իսկ արհեստանոց-արվեստանոցներում
Երգեց 60-ականներին շատ հայտնի Ժան Թաթլյանը, որին բոլորը հիշում են «Լապտերներ» երգով, երգեցին Սյուզան Մարգարյանը, Գայանե Հովհաննիսյանը
«Էմմի» անվանումն immy բառից է՝ այդպես էր կոչվում առաջին հեռուստատեսային տեսախցիկների միջի կատոդային խողովակը:
 Ուշադրության կենտրոնում
Խորեն Հովհաննիսյանի մասին ֆիլմ է նկարահանվում. Նրա 60-ամյակի առթիվ Մարադոնան կգա Հայաստան

Խորեն Հովհաննիսյանի մասին ֆիլմ է նկարահանվում. Նրա 60-ամյակի առթիվ Մարադոնան կգա Հայաստան Արդեն բանակցություններ են ընթացել Դիեգո Մարադոնայի հետ, և նա իր նախնական համաձայնությունն է տվել ժամանելու Հայաստան

 Բաժնի այլ նյութերը
«Համաշխարհային արվեստի առաջնակարգ վարպետը»՝ Թումանյանը, 145 տարեկան է Կրտսեր որդին՝ Արեգը, դիահերձման ժամանակ գողացել էր հոր սիրտը, որը տեղափոխել էր Թիֆլիս
Հունվարի 24-ին Սևակը կդառնար 90 տարեկան Սևակը աչք էր ծակում. խմում էր, մարդկանց երեսին ասում այն, ինչ մտածում էր, ու բանաստեղծություններ գրում, որոնք սոցռեալիզմի պահանջներից դուրս էին
«Հայ երաժշտության վերջին հանճարի»՝ Առնո Բաբաջանյանի 93-ամյակն է Նրա երգերը, կարելի է ասել, դատապարտված էին հաջողության ինչպես Միության ամեն մի անկյունում, այնպես էլ արտերկրում