Ամեն մայիսի 9-ին Կոմանդոսը մեկնում է Արցախ՝ խնկարկելու ընկած հերոսների հիշատակը

Ամեն մայիսի 9-ին Կոմանդոսը մեկնում է Արցախ՝ խնկարկելու ընկած հերոսների հիշատակը

Արկադի Տեր-Թադևոսյան. Ղարաբաղում մեկ հարց էր լուծվում՝ Հայաստանի լինել-չլինելու հարցը

«Ցավոք, Հայաստանում չեմ մեծացել, իսկ երբ տեղափոխվեցի այստեղ, արդեն մեծ մարդ էի: Բայց հաստատվելով Հայաստանում, հասկացա, որ այստեղ ամեն ինչ հարազատ է: Այստեղ յուրային ես. յուրայինը յուրայինների մեջ: Դու զգում ես, որ ամեն ինչ ընտանիքիդ ու երեխայիդ համար այստեղ է ստեղծվում: Հայաստանն այն վայրն է, որտեղ ապրում են, արարում և որով հպարտանում եմ: Սիրում եմ հայկական հողի ամեն մի թիզը»,- ասել է իր հարցազրույցներից մեկում լեգենդար Կոմանդոսը՝ Շուշիի ազատագրման գործողության հեղինակ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, որի 75 տարին է լրանում մայիսի 22-ին:

PanARMENIAN.Net - Ամեն տարի մայիսի 9-ին Արկադի Տեր-Թադևոսյանը մեկնում է ԼՂՀ՝ գլուխ խոնարհելու ընկած հերոսների շիրիմիներին, նշելու Շուշիի ազատագրումը: Կոմանդոսը դա իր սուրբ պարտքն է համարում: Իսկ ծնվել է նա Թբիլիսիում, ավարտել Բաքվի ընդհանուր ռազմական հրամանատարական ուսումնարանը, Լենինգրադի տրանսպորտի ու թիկունքի ռազմական ակադեմիան: Ժամանակին ուզում էր նավաստի դառնալ, բայց չստանալով բուժհանձնաժողովի դրական եզրակացությունը, ստիպված էր ընդունվել ընդհանուր զորքերի ուսումնարան:

Մինչ Հայաստան տեղափոխվելը Կոմանդոսը ծառայել է Աֆղանստանում, Չեխոսլովակիայում, Գերմանիայում, Բելառուսում: 1988-ից ակտիվ մասնակցցել է աշխարհազորայինների ուսուցմանը, իսկ 1990-ից՝ անդամագրվել «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատին:

1991-ին նա նշանակվեց ՀՀ կառավարությանը կից առաջին պետական գերատեսչության՝ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ: 1992-ին մշակեց և կյանքի կոչեց Շուշիի ազատագրման գործողությունը՝ մայիսի 8-9-ին:

1992-ի մայիսի 25-ին Կոմանդոսին գեներալ-մայորի կոչում շնորհվեց: Նա պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության առաջին աստիճանիՄարտական խաչ շքանշանով:

2009-ին Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար Արկադի Տեր-Թադևոսյանին ԼՂՀ գերագույն՝ Արցախի հերոսի կոչում շնորհեց:

Իսկ ահա թե ինչ է պատմում ինքը Կոմանդոսը. «Ինչ ռազմավար էլ լինեի, գոյություն ունեն ռազմական օրենքներ: Արցախում իմ առաջին իսկ օրվանից առաջնորդվել եմ դրանցով: Պատերազմի առաջին փուլում, երբ անտառներում էինք, բոլոր ռազմական օրենքները շատ հաջող աշխատում էին: Երբ այնքան հզորացանք, որ դուրս եկանք անտառներից, սկսվեց զինյալ ջոկատների կազմավորումը: Մարդիկ սովորում էին, մարտական փորձ ձեռք բերում: Ամեն ինչ արվում էր մարտական կանոնադրության հիման վրա: Սա պատմում եմ, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչ է նշանակում հրամանատար ու ռազմավար լինելը և որն է նրա դերը: Բոլորը սիրում են չափազանցնել մասշտաբները: Ընդունված է համարել, որ հանճար եմ, եթե մշակել եմ Շուշիի ազատագրման պլանը: Ոչ: Դա մեր հերոսների ավանդն է, որոնք իրենց չէին խնայում հանուն հայրենիքի ազատության: Առանց նրանց ոչ մի բան չէինք կարող անել՝ նույնիսկ ամենահանճարեղ պլանը ունենալով: Մենք չունեինք քաղաքն ազատագրելու հրաման, քանի որ, ըստ ռազմական օրենքների, պետք է երեք անգամ ավելի շատ զինվորներ ունենայի, քան պաշտպանվողները: Այդքան մարդ չունեինք (3000 կամավորական էր հակառակորդի 2500 զինվորի դիմաց), ուստի ռիսկի գնացինք: Ունեինք 5 խմբավորում, յուրաքանչյուրում՝ 72 ջոկատ: Հարձակման ճակատը շատ մեծ էր՝ 160 կմ:

Այդ հատվածում հարկավոր էր այնպիսի պլան մշակել, որ գրոհից առաջ մերոնք ուսումնասիրած լինեին հակառակորդի ուժերի դասավորությունն ու միջոցները: Դա ես չեմ արել, դա արել են այդ խմբերի հրամանատարները, կամավորականներն ու իրենց հայրենիքի արժանի զավակները: Նրանք են հետախուզել ու զննել և հստակ որոշել, որ վերցնելու են Շուշին: Եվ նրանք դա արեցին: Իրավացի էր Նապոլեոնը, որն ասում էր, թե ոգով ուժեղ զինվորը հավասար է երեք զինվորի: Ստացվում է, որ մենք ունեինք 9․000 ֆիդայի, փաստացի, այն թիվը, որն էլ հարկավոր էր: Շնորհակալ եմ ճակատագրին, որ այդ ծանր պահին եղել եմ այնտեղ իմ մարտական ընկերների հետ: Նախկինում Ղարաբաղն ինձ համար Անդրկովկասում գտնվող տարածք էր: Երբ սկսվեց ազգային-ազատագրական պայքարը, հասկացա, որ պանթուրքիզմի ծրագրերը շատ մոտ էին իրականացմանը: Միայն մենք էինք կանգնած թուրքի ճանապարհին: Թուրքերն իրենք չէին հարձակվի Հայաստանի վրա, նրանք ամեն ինչ անում էին ու անում են Ադրբեջանի ձեռքերով: Ղարաբաղում լուծվում էր Հայաստանի լինել-չլինելու հարցը: Մեկնեցի Ղարաբաղ փորձ ձեռք բերելու ապագայում իմ պատմական հայրենիքի՝ Կարսի ազատագրման համար: Վստահ էի, որ եթե պահենք Արցախը, վաղ թե ուշ Կարսը մերն է լինելու»:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---