7  03.06.14 - Չտեսնված Երևան. Մի կտոր Ուխտասար Երևանում` Նոր Նորքի ժայռապատկերները ( Ք.Ա. II հազարամյակ)
Չտեսնված Երևան. Մի կտոր Ուխտասար Երևանում` Նոր Նորքի ժայռապատկերները. Ք.Ա. II հազարամյակ

Չտեսնված Երևան. Մի կտոր Ուխտասար Երևանում` Նոր Նորքի ժայռապատկերները. Ք.Ա. II հազարամյակ

Տիգրան Մեծի զբոսայգում բաց երկնքի տակ ցուցադրված են Ուխտասարից բերված Ք.Ա. II հազարամյակի ժայռապատկերներ

2013-ի նոյեմբերին Նոր Նորքում վերաբացվեց Տիգրան Մեծի զբոսայգին: Այգու կառուցման համար համայնքի բյուջեից ծախսվել է 123 մլն դրամ: Ճեմուղիները վերակառուցվել են, նոր նստարաններ տեղադրվել, արդիականացվել ոռոգման ու լուսավորման համակարգերը, անտառային տեսարաններով նկարազարդվել անհրապույր կրպակների հետին պատերը… բայց, միևնույն է, «մոռացել են» այգու մի անկյունում ծվարած Սյունյաց ժայռապատկերների մասին, որոնք ինչպես անուշադրության մատնված էին, այդպես էլ մնացել են: Ավելին՝ պարզ երևում են վայրագության թարմ հետքերը` ժայռաբեկորների կիսված, սղոցված եզրերը…

PanARMENIAN.Net - Զբոսայգու տարածքում ներկայացված ժայռապատկերները բերվել են Սիսիանի շրջանի Ուխտասար հնավայրից և թվագրում են Ք.Ա. II հազարամյակով: Դրանք ներառված են Պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում (համարանիշը` 1.8/11):

2000-ականների սկզբին այգու ու Գայի պողոտայի եզրին կրպակաշար տեղադրվեց, որը ժայռաբեկորները մեկուսացրեց փողոցի կողմից: Այգում չկա ոչ մի ցուցանակ, պահպանվող հուշարձանի կարգավիճակի մասին ոչ մի հիշեցում, և սովորական անցորդի համար դա կարող է դիտվել որպես սովորական անհրապույր քարակույտ…

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հին դարերի բաժնի գիտաշխատող, աստղագետ, ժայռապատկերաբան Կարեն Թոխաթյանը PanARMENIAN.Net ին ներկայացրեց ժայռապատկերների ու դրանց` Երևանում հայտնվելու պատմությունը:

Ի դեպ, ի սկզբանե դրանք եղել են 8-9 հատ, սակայն մնացել են 4-ը: 2010-ի առկա ժայռապատկերներից մեկը (որը, ի դեպ, հրատարակված է 1970-ին Կարախանյանի և Սաֆարյանի հեղինակած գրքում` №42) նույնպես անհետացել է:

2010-ին առկա ժայռապատկերներից մեկը, որ հիմա չկա

Ժայռապատկերներ

Նախնադարի մշակույթն առավել ակնառու և վառ կերպով ներկայացնում են ժայռապատկերները, որոնք մարդկության վաղնջական մտածողության ու գործունեության պատկերագրական դրսևորումներն են: Ժայռապատկերումը հայոց մշակույթի անքակտելի մասն էր, հատկապես` նախագրային ժամանակներում: Նախնյաց քարեղեն «մատենադարանի» բյուրավոր դրոշմյալ էջերը պահպանել են հնադարի շունչն ու ոգին: Հայոց աշխարհի ժայռապատկերները տասնյակ հազարներով սփռված են Հայկական լեռնաշխարհի և շրջակայքի բարձրալեռնային, ալպիական գոտու քարակուտակներում` 2000-3300 մ բարձրությամբ: Հայաստանի ժայռապատկերները բազմազան են ու ընդգրկված տարբեր թեմատիկ խմբերում: Ժայռարվեստի հուշարձաններում պատկերված է Հայաստանի ֆաունայի ամբողջ հարստությունը` վերարտադրված են ժամանակի կենդանական աշխարհի ներկայացուցիչների` բեզոարյան այծի, մուֆլոնի, հովազի, արջի և այլ կենդանիների պատկերներ: Շատ են նետ ու աղեղով, տեգով, նիզակով, վահանով զինված որսորդների, մարտի, մարզական, պարային տեսարաններ ու հնարքներ ցուցադրող ժայռապատկերները: Դրանցում ներկայացված են նախնադարի մարդու կյանքն ու կենցաղը, զբաղմունքը, պաշտամունքն ու ծեսը, պատկերացումները: Խորհրդանիշերի թվում կան նույնիսկ տառանման նշաններ: Նոր Նորքում ներկայացված ժայռապատկերների վրա, օրինակ, հստակ երևում են մարդու, այծի ուրվագծերը:

Ժայռապատկեր (պետրոգլիֆ) եզրը ծագում է հունարեն πετροσ - քար և γλυφη - փորագրել, քանդակել բառերից: Դրանք քարե անմշակ մակերևույթին արված հնագույն պատկերներ են. ժայռի ու ժայռաբեկորի մակերեսին ամուր գործիքով արված փորագրություն, կամ քարանձավի պատին, առաստաղին հանքային և օրգանական ներկերով արված նկար: Հնագույն ժայռապատկերները վերաբերվում են հին քարե դարին, վերջինները՝ միջնադարին:

Հայագետ Համլետ Մարտիրոսյանը 2008-ին հրատարակված իր «Հայկական ժայռապատկերների և հին աշխարհի գրային համակարգերի ծագումնաբանական առնչությունները» հոդվածում գրում է.

«Պատմական Հայաստանի տարածքի այսօր հայտնի և ծագումնաբանորեն ամենահին ու ամբողջական հնագիտական նյութը ժայռապատկերներն են: Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերներն իրենց ծավալով, կատարման տեխնիկայով, նշանների բազմաքանակությամբ ու սյուժեների բազմազանությամբ աշխարհում նմանակը չունեն: Միաժամանակ, հայկական ժայռապակերների որոշ առանձնահատկություններ թույլ են տալիս ենթադրել, որ ժայռապատկերային նշանները գործածվել են որպես գիր, իսկ ամբողջական կոմպոզիցիաներն ունեցել հոգևոր և ծիսական նշանակություն»:

Երբ և ով բերեց Երևան

1960-ական թվականներին հնագետ-պատմաբան Գրիգոր Կարախանյանը ձեռնամուխ է լինում հայագիտության մեջ սակավ ուսումնասիրված հնագույն ժայռապատկերների ուսումնասիրությանը: Այդ տարիներին` 1963-69 թթ., ՀԿԿ Սիսիանի շրջկոմի առաջին քարտուղարը Պավել Սաֆյանն էր` Կարախանյանի համակուրսեցին: Նրանք լայնածավալ ուսումնասիրություններ են իրականացնում Ուղտասար և Ջերմաջուր անունը ստացած հնավայրերում: Արդյունքում 1970-ին հրատարակվում է 805 ժայռապատկեր ընդգրկող «Սյունիքի ժայռապատկերները» ծավալուն աշխատությունը՝ (Պ. Սաֆյանի հեղինակակցությամբ):

Ծովի մակերևույթից 3000-3300 մ բարձրության վրա, լճի ափերին պահպանված է մոտ հազար ժայռապատկեր, որոնք թվագրվում են Ք.Ա. V-II հազարամյակներով: Տեղանքը գտնվում է Սիսիանից 15 կմ հյուսիս, Ծղուկ լեռան (3258 մ) արևմուտքում: Կարախանյանի և Սաֆյանի գրքում նշված Ուղտասար տեղանվան մասին Ժայռապատկերաբան Կարեն Թոխաթյանը նշում է, որ ուսումնասիրողները հավանաբար, հարցրել են այնտեղ ժամանակին ներխուժող քոչվորներից, որոնք երկգագաթ լեռն ուղտի էին նմանեցրել:

«Աշխարհի բոլոր երկգագաթ սարերն էլ ուղտանման են: Իսկ իրականում, դա պետք է Ուխտասար եղած լինի՝ ի նշան դեպի ժայռապատկերները հեռավոր անցյալում կատարվող ուխտագնացության»,- նշում է Թոխաթյանը:

1972-ին Պավել Սաֆյանը նշանակվում է Երևանի նորաստեղծ` Խորհրդային շրջանի, այժմ` Նոր Նորք թաղամասի կուսշրջկոմի առաջին քարտուղարի պաշտոնում, որը զբաղեցնում է ավելի քան 11 տարի` նպաստելով թաղամասի կայացմանը, զարգացմանը, կառուցմանն ու առկա բազմաթիվ խնդիրների լուծմանը:

Հենց այդ տարիներին (ենթադրվում է` պաշտոնավարման առաջին 2-3 տարում) Սաֆյանի նախաձեռնությամբ Ուխտասարի ժայռապատկերներից մի քանիսը (հստակ թիվը հայտնի չէ) հետաքրքրվողներին հասանելի դարձնելու նպատակով բերվել են քաղաք և Նոր Նորքի այգիներից մեկում դրվել ցուցադրության բաց երկնքի տակ:

Ժայռապատկերների ուսումնասիրմամբ զբաղվող որոշ գիտնականներ կարծում են, որ դրանց մի մասը գովազդի յուրահատուկ նախատիպն է. որսորդը նշել է, թե, օրինակ, քանի այծ է որսացել տվյալ տեղանքում և ինչի հետ կփոխանակի:

Կարեն Թոխաթյանը համոզված է, որ ժայռապատկերները, վիշապաքարերը և այլ հնագույն արժեքները Երևան բերելն արդեն իսկ սխալ էր. «Ընդհանրապես, չի կարելի հնագիտական հուշարձանը տեղից պոկել, այն իր տեղում է արժեքավոր: Նրանք ունեն դիրքային կողմորոշում, մարդու կողմից տեղանքի իմաստավորման մասն են կազմել, արտահայտելով մեր նախնիների աշխարհայացքային ընկալումները: Այս ժայռապատկերներն իրենց տեղում միմյանցից եղել են 5-10 մ հեռավորությամբ, թեմատիկ և իմաստային խումբ են կազմել: Գուցե այն ժամանակ իրար հետ «խոսում էին» դրանք: Զգալի է խոսքին հատուկ իմաստային կապակցվածությունն ու հաջորդականությունը՝ թե մեկ պատկերում, և թե պատկերախմբի սահմաններում: Սա ժայռապատկերային պատկերագրական մշակույթը մերձեցնում է մտքի արտահայտման խոսքային՝ պատմողական, նկարագրողական ձևերի հետ: Այս առումով՝ ժայռապատկերը գիրք է և գրադարան, որի էջն իմաստազրկվում է պոկելիս, մնում առանց իր ուրույն գիտական արժեքի»:

Ուր կորան ԵՊՀ բակի ժայռապատկերները

Նոր Նորքում ներկայացված ժայռապատկերները միակը չէին Երևանում: ՀՀ կառավարության 2007-ի մարտի 15-ի N 385-Ն որոշմամբ «Մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում» նշված են նաև Երևանի պետական համալսարանի բակի երկու ժայռապատկերը (մ.թ.ա. V-III հազարամյակ), համարանիշ` 1.6/90.1:

Փորձեցինք գտնել ու նկարել նաև այդ ժայռապատկերները, բացահայտել` ինչ ճանապարհով և երբ են բերվել Երևան… սակայն ապարդյուն. դրանք այլևս նախկին տեղում չէին: Անգամ պատկան մարմինները չգիտեն, թե կոնկրետ որտեղ են. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Մարինե Ավանեսյանը հուշեց մի քանի հավանական հասցե, սակայն մեր փնտրտուքներն անարդյունք մնացին: ԵՊՀ Հնագիտական հետազոտությունների լաբորատորիայում նույնպես տեղյակ չեն…

Ճշմարտությանն ամենամոտ ենթադրությունը` այգու վերջին բարեկարգման ժամանակ բանվորները, հավանաբար, չնկատելով ժայռապատկերները, դեն են նետել բազալտե քարերը, կամ էլ դրանք արդեն օգտագործվել են ինչ-որ շինարարության մեջ: Չի բացառվում նաև, որ տեղափոխվել են ավելի ապահով վայր, սակայն դեռ ճշտել է պետք:

Համալսարանի բակի ժայռապատկերը 2007-ին

PanARMENIAN.Net ը կշարունակի ԵՊՀ բակի կորած ժայռաբեկորների փնտրտուքը, գուցե ի վերջո այժմյան գտնվելու վայրը բացահայտենք…

«Մեր ժայռապատկերների մեծ քանակությունը, թեմատիկ հարստությունն ու տեսականին արդյունք են նպատակային գործունեության այս` ժայռափորագրման ոլորտի հանդեպ նախնյաց ցուցաբերած հատուկ՝ սրբազնացված ու ակնածալի վերաբերմունքի...»,- նշում է Կարեն Թոխաթյանը:

Սակայն այսօր այդ «սրբազնացված ու ակնածալի վերաբերմունքի» հետքն էլ չի մնացել, և «հատուկ պահպանման ցուցակում» ներառված լինելն անգամ ոչինչ չի նշանակում: Յուրաքանչյուր պատմական հուշարձան մի օր կարող է պարզապես հռչակվել «հանրային գերակա շահ» և օտարվել, կամ էլ, որ ավելի վատ է, անհետ կորել…

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net, Կարո Սահակյան / PAN Photo, Կարեն Թոխաթյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---