Քաղաքական երկարակեցության միավորը՝ մեկ Միկոյան

Քաղաքական երկարակեցության միավորը՝ մեկ Միկոյան

Հուշարձանի շուրջ բորբոքված կրքերը արհեստական են և կոչված են ուղղակի շեղելու ժողովրդի ուշադրությունն առկա խնդիրներից

Վերջին շաբաթներին մամուլում շատ է քննարկվում Անաստաս Միկոյանի հուշարձանը կանգնեցնելու գաղափարը՝ անցնելով արդեն իրատեսականի շեմը: Դատեք ինքներդ. մարդիկ հիմնականում դեմ են հուշարձանին, նույնիսկ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, որոնք գոնե ի պաշտոնե պետք է զերծ մնան այլ պետության ներքին գործերին միջամտելուց, առավել ևս հուշարձան կանգնեցնել-չկանգնեցնելու հարցում:

PanARMENIAN.Net - Միկոյանի անձը չգիտես ինչու անառոջղ հետաքրքրություն է առաջացնում, առաջին հերթին, դա, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ նա եղել է ստալինյան Քաղբյուրոյի անդամ և նրա ստորագրությունն ի թիվս այլոց կա գնդակահարության ենթակա մարդկանց ցուցակի տակ: Այս ամենը, անշուշտ, իրողություն է, բայց արժե՞ արդյոք վայնասուն բարձրացնել ու ասել, թե «դահիճների համար Երևանում տեղ չկա»: Իսկ ի՞նչ կասեք մյուս բոլոր գործիչների մասին, որոնք Հայաստանումարյամբ էին խորհրդային կարգեր հաստատում՝ ոչնչացնելով Սարդարապատի ճակատամարտի հերոսներին, լավագույն դեպքում, աքսորելով հասարակ գյուղացիներին ՀՅԴ-ին անդամակցելու մեղադրանքով:

Եթե դատելու լինենք հայաստանյան մամուլի հրապարակումներից, հիմնականում Միկոյանի մասին քիչ բան գիտեն, այն էլ «իրազեկ մարդկանց» մատուցմամբ: Իսկ չէ որ 1914-ի վերջում Անաստաս Միկոյանն անդամագրվել է Անդրանիկի կամավորական ջոկատին, մարտնչել է թուրքական ռազմաճակատում մինչև 1915-ի գարունը, բայց թողել է բանակը մալարիայով հիվանդանալու պատճառով: 1916-ին նա ընդունվել է Էջմիածնի ճեմարան, հետո դարձել բոլշևիկյան կուսակցության անդամ ու…միանգամայն այլ կյանք է սկսվել: Միկոյանի անվան հետ են կապում նաև Բաքվի 26 կոմիսարի ձերբակալության ու գնդակահարության մշուշոտ պատմությունը: Թուրքիայի կողմից Բաքուն գրավելուց առաջ Միկոյանը Կենտրոնական Կասպիի դիկտատուրայի ղեկավար Վելունցից կոմիսարներին ազատելու ու հետո տարհանելու թույլտվություն է ստանում: Շուտով «Թուրքմեն» ջերմանավով նա տարհանում է կոմիսարներին, սակայն Կրասնովոդսկում նրանց ձերբակալում են: Միկոյանին ազատեցին 1919-ի փետրվարին, իսկ մարտին նա արդեն գլխավորեց ՌԿԿ (բ) Կովկասյան շրջանային կոմիտեի Բաքվի բյուրոն: 1919-ի հոկտեմբերին Միկոյանին Մոսկվա են կանչում, որտեղ նա դառնում է ՀԿԳԿ անդամ: Ստալինի երաշխավորությամբ Միկոյանը 1926-ից Քաղբյուրոյի անդամակցության թեկնածու էր, ինչպես նաև առևտրի ժողկոմիսար, լինելով նրանցից ամենաերիտասարդը: Նարկոմի պաշտոնում նա նաև արվեստի գործեր է վաճառել խորհրդային թանգարաններից: Ի դեպ, հենց Միկոյանին էր դիմել ակադեմիկոս Հովսեփ Օրբելին՝ պահանջելով կասեցնել ազգային ժառանգության վաճառքն Էրմիտաժից: Խնդրանքը տեղ հասավ և հանձնաժողովը սկսեց ավելի խիստ գնահատել վաճառքի ենթակա արվեստի իրերը:

1930-ին Միկոյանը զբաղեցրել է մատակարարման ժողկոմիսարի պաշտոնը, իսկ 1934-ից՝ եղել սննդարդյունաբերության ժողկոմիսարը: Այդ պաշտոնում նա ալցելել է ԱՄՆ՝ ծանոթանալու նորագույն տեխնոլոգիաներին և կարողացել հասնել սննդարդյունաբերության արագ զարգացման, որի մասին մինչ օրս հիշեցնում է հայտնի միսկոմբինատի անվանումը: Անաստաս Միկոյանի պնդմամբ Խորհրդային Միությունում ձկան օր է սահմանվել․ դա, կարծես, հինգշաբթին էր:

1920-ականներին Միկոյանը չափավոր հայացքներ ուներ, ինչն արտահայտվեց Հյուսիսային Կովկաս նրա այցելության ժամանակ կազակների հարցում: Իսկ գյուղացիության հարցում ավելի աջակողմյան էր՝ առաջարկելով հացի ճգնաժամի դեմ պայքարել ոչ թե արտակարգ միջոցներով, այլ գյուղեր արդյունաբերական արտադրանքի առաքումների ընդլայնմամբ:

«Մեծ բեկման» ժամանակ Միկոյանը սատարեց Ստալինին: Այդպես նա վարվեց նաև 1937-ի ռեպրեսիաների ժամանակ՝ այսինքն նախաձեռնող չէր, բայց չէր էլ դիմադրում: Նրա թույլտվությամբ ձերբակալվեց ԽՍՀՄ Սննդարդյունաբերության ու Արտաքին առևտրի կոմիսարիատների հարյուրավոր աշխատակից: Միկոյանը ոչ միայն արտոնում էր ձերբակալությունները, այլև այս դեպքում նաև ինքը նախաձեռնում: 1937-ի աշնանը Միկոյանն այցելեց ՀԽՍՀ՝ կուսակցական ու պետական մարմինների աշխատակիցների ռեպրեսիաներ անցկացնելու նպատակով: Միկոյանին այդ այցելության ժամանակ ուղեկցում էին Մալենկովն ու Ներքին գործերի կոմիսարիատի մի խումբ աշխատակիցներ:

Նա գլխավորում էր կուսակցության հայտնի դեմքերի հակահեղափոխական գործունեության մեղադրական հանձնաժողովը: 1940-ի մարտի 5-ին Ստալինի, Մոլոտովի և Վորոշիլովի հետ Միկոյանն իր ստորագրությունը դրեց գերի լեհ սպաների, ոստիկանների, սահմանապահների ու ժանդարմների գնդակահարության (Կատինի գնդակահարություն) մասին որոշման տակ:

Այստեղ որոշ հստակեցում է հարկավոր: Կուսակցության գլխավոր քաղաքական գծին անհամաձայն քաղաքական գործիչներին վերացնում էին անմիջապես, իսկ այսօրվա իրողությունից հեշտ է դատել այն մթնոլորտի մասին, որն իշխում էր ԽՍՀՄ-ում: Ստալինը, չարիքի այդ մարմնացումը, իր ամբողջ շրջապատը շաղկապել էր հավաքական պատասխանատվությամբ, և ոչ ոք չկարողացավ հրաժարվել իր ստորագրությունը դնելուց այս կամ այն ցուցակի տակ: Երբ 1956-ին Նիկիտա Խրուշչովը խոսեց անձի պաշտամունքի մասին, դահլիճից հարցրեցին. «Իսկ մինչև հիմա ինչո՞ւ էիք լռում»: Խրուշչովը, դիմելով դահլիճին, հարցրեց. «Ո՞վ տվեց հարցը»: Ոչ ոք չպատասխանեց: «Տեսնում եք՝ վախենում եք: Մենք էլ էինք վախենում»,- ասաց նա:

1940-ականների վերջում Միկոյանը Մոլոտովի հետ միասին հայտնվեց սպառնալից մի վիճակում՝ Ստալինը նոր «զտում» էր պատրաստում: Անաստաս Միկոյանի դեմ ցուցմունքներ էին հավաքում «Հրեական հակաֆաշիստական կոմիտեի» գործով մեղադրյալներից:

1949-ին նրան ազատեցին արտաքին առևտրի նախարարի պաշտոնից, իսկ 1952-ին Իոսիֆ Ստալինը հանդիմանեց նրան XIX համագումարին հաջորդած ԿԿ պլենումում: Նա ընտրվեց ԿԿ Նախագահության կազմում, բայց չմտավ Նախագահության բյուրոյի կազմի մեջ, որը փոխարինեց Քաղբյուրոյին: Ստալինի մահից հետո Միկոյանը կրկին նշանակվեց Նախարարների խորհրդի փոխնախագահ և արտաքին ու ներքին առևտրի նախարար՝ 1953-ից՝ առևտրի նախարար:

Սուր հարցերում Միկոյանը, սովորաբար, խուսափողական դիրքորոշում ուներ. Բերիայի ճակատագիրը քննարկելիս նա համաձայնվեց բոլոր մեղադրանքների հետ, սակայն, միևնույն ժամանակ, հույս հայտնեց, որ Բերիան «հաշվի կառնի» քննադատությունը: Նույնպիսի դիրքորոշում նա սկզբից ուներ նաև Ստալինի պաշտամունքի բացահայտման հարցում՝ երբ 1956-ի XX համագումարից առաջ ԿԿ Նախագահության նիստում Խրուշչովն առաջարկեց քննարկել Ստալինի գործողությունները դատապարտելու հարցը, Միկոյանը ոչ կողմ եղավ, ոչ դեմ: Բայց համագումարի ժամանակ հանդես եկավ հակաստալինյան ելույթով, թեև չնշեց Ստալինի անունը՝ հայտարարելով, որ գոյություն ունի «անձի պաշտամունք», հարկավոր է խաղաղ գոյակցել Արևմուտքի հետ և խաղաղ ընթանալ սոցիալիզմի ճանապարհով՝ քննադատելով Ստալինի «ՀԿԿ (բ) պատմության կրճատ կուրսը» և «ԽՍՀՄ-ում սոցիալիզմի տնտեսական խնդիրները» աշխատությունները: Հետո Միկոյանը գլխավորեց կալանավորների ռեաբիլիտացիոն հանձնաժողովը: 1957-ին ԿԿ պլենումում նա միանշանակ աջակցություն հայտնեց Խրուշչովին հակակուսակցական խմբի դեմ՝ ապահովելով կուսակցական կարիերայի նոր թռիչքը: Ինչը հետո նրան չխանգարեց առանցքային դերակատարություն ունենալ 1964-ին Խրուշչովի պաշտոնանկության գործում:

Անաստաս Միկոյանի անունը կապված է նաև 1956-ին Լեհաստանում և Հունգարիայում հակակոմունիստական ելույթների ճնշման հետ: Նա միակն էր Քաղբյուրոյի անդամներից, ով «կասկած հայտնեց զորքեր մտցնելու նպատակահարմարության վերաբերյալ»: Նա հատուկ կարծիք հայտնեց, որ հունգարացիները կարող են սեփական ուժերով շտկել իրավիճակն ու փորձել հանգուցալուծել քաղաքական մեթոդներով:

Ալեքսանդր Ստիկալին. «ԽՄԿԿ ԿԿ Նախագահությունը երկու անգամ որոշում է կայացրել զորքերը մտցնելու մասին՝ հոկտեմբերի լույս 24-ի գիշերն ու հոկտեմբերի 31-ին: Եվ երկու անգամ էլ Միկոյանը դեմ է քվեարկել, ինչպես նաև 1962-ին Նովոչերկասսկում բանվորների գնդակահարության հարցում, ուր Միկոյանը մեկնեց որպես ԿԿ Նախագահության ներկայացուցիչ, Կոզլովի հետ»:

1954-ին Խրուշչովը Միկոյանին դիվանագիտական հանձնարարություն տվեց՝ որպես մի մարդու, որը կապված չէր Ստալինի արտաքին քաղաքականության հետ, նրան գործուղեցին Հարավսլավիա, Տիտոյի հետ հարաբերությունները կարգավորելու համար: 1957-ից հետո Միկոյանը դարձավ Խրուշչովի վստահված անձանցից մեկը՝ նա ուղևորվեց Ասիայի երկրներով, իսկ 1959-ին Խրուշչովի այցը նախապատրաստելու նպատակով եղավ ԱՄՆ-ում: Նա բանակցել է Ֆիդել Կաստրոյի հետ խորհրդա-կուբական հարաբերությունների հաստատման շուրջ՝ Միկոյանի շնորհիվ աշխարհը խուսափեց երրորդ համաշխարհային պատերազմից, որին կարող էր վերաճել 1962-ի Կարիբյան ճգնաժամը: 1963-ի նոյեմբերին Միկոյանը ներկայացնում էր խորհրդային ղեկավարությունն ԱՄՆ սպանված նախագահ Ջոն Քենեդիի հուղարկավորության ժամանակ:

Հուղարկավորված է Միկոյանը Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանոցում, ոչ թե Կրեմլի պատում, ինչն ինչ-որ չափով շնորհազրկության նշան էր: Գրությունը նրա շիրմաքարին հայերեն է:

Միկոյանին ինչ-որ չափով կարելի է համարել նաև խորհրդային գովազդի հիմնադիրներից մեկը: Իր հուշերում Ստալինի անձնական թարգմանիչ Բերեժկովը գրում է. «Արդեն մթնել էր, հրապարակը վառ լուսավորված էր, Պոլիտեխնիկական թանգարանի տանիքին վառ գովազդ էր տեղադրված, դրանք բոլորը Միկոյանի գաղափարներն էին, որը նաև ներքին առևտուրն էր համակարգում: Նա հորդորում էր հայտնի բանաստեղծներին հետևել Մայակովսկու օրինակին ու գովազդ հորինել:

1970-ականներին Միկոյանի մասին անեկդոտներ էր շրջում. «Իլյիչից մինչև Իլյիչ առանց ինֆարկտ ու պարալիչ», կամ «Քաղաքական երկարակեցության միավորը՝ մեկ Միկոյան»:

Ոչ արդարացելով Միկոյանի գործողությունները ստալինյան զտումների ժամանակ, ոչ չափից ավելի մեծարելով նրա ծառայությունները՝ կարծում եմ, որ հուշարձանի շուրջ բորբոքված կրքերը արհեստական են և կոչված են ուղղակի շեղելու ժողովրդի ուշադրությունն առկա խնդիրներից: Իսկ Անաստաս Միկոյանն այստեղ ոչ մի կապ չունի:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---