1949-ից մինչև 2014-ը. «Էմմի»-ի հաղթողները, ռեկորդակիրներն ու պատմությունը

1949-ից մինչև 2014-ը. «Էմմի»-ի հաղթողները, ռեկորդակիրներն ու պատմությունը

«Էմմի» անվանումն immy բառից է՝ այդպես էր կոչվում առաջին հեռուստատեսային տեսախցիկների միջի կատոդային խողովակը:

Լոս Անջելեսի Nokia Theatre-ում անցել է «Էմմի» հեռուստատեսային 66-րդ մրցանակաբաշխությունը. տրիումֆատոր է դարձել Breaking Bad հեռուստասերիալն իր 5 արձանիկով, որը նաև որպես լավագույն դրամատիկական սերիալ է ճանաչվել: Դրանում Ուոլթեր Ուայթին մարմնավորած Բրայան Քրենսթոնը լավագույն դերասանի կոչմանն է արժանացել, իսկ Աարոն Փոլն ու Աննա Գաննը՝ երկրորդ պլանի լավագույն դերասանների: Լավագույնն է ճանաչվել նաև հեռուստասերիալի սցենարը:

PanARMENIAN.Net - Ռեժիսուրայի համար էմմի է ստացել Քերի Ֆուքունագան, որը նկարահանել է True Detective սերիալը: Դրամատիկական սերիալի լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջուլիանա Մարգուլիսը The Good Wife սերիալում դերի համար:

Արդեն անցած սեզոնի լավագույն կատակերգական սերիալ արդեն 5-րդ տարին շարունակ ճանաչվել է Modern Family-ն: Ջիմ Փարսոնսը լավագույն կատակերգուի մրցանակի է արժանացել The Big Bang Theory-ում դերի համար, այդ ժանրում դերասանուհի՝ Ջուլիա Լուի Դրեյֆուսը՝ Veep-ի համար:

Լուի Սի Քեյը մրցանակի է արժանացել կատակերգական Louie սերիալի լավագույն սցենարը գրելու համար: Ինչպես գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, որպես լավագույն ռեալիթի շոու են ընտրել Amazing Race-ը, որի համար սա արդեն 10-րդ մրցանակաբաշխությունն է:

Սթիվեն Մոֆաթը ստացել է «Մինի-սերիալի, ֆիլմի կամ դրամատիկական ծրագրի լավագույն սցենար» մրցանակը Sherlock. His Last Vow սերիայի համար: Շերլոկ Հոլմսի դերակատար Բենեդիկտ Քամբերբեչն արժանացել է մինի-սերիալի լավագույն դերասանի կոչմանը:

«Էմմի»-ն ամերիկյան մրցանակաբաշխություն է, որն «Օսկար»-ի, «Գրեմմի»-ի ու «Թոնի»-ի հեռուստատեսային համարժեք տարբերակն է:

Դրա շրջանակում մի քանի մրցանակաբաշխություն է անցկացվում, բայց հեռուստադիտողների հիմնական մասը տեղյակ է միայն դրանցից մեկի՝ այսպես կոչված մրցանակաբաշխության պրայմ-թայմի մասին, որն անցնում է սեպտեմբերին: Առաջին «Էմմի»-ն 1949-ի հունվարի 25-ին էր՝ Հոլիվուդյան սպորտային ակումբում, որում, սակայն, ներառված էին միայն Լոս Անջելեսի ծրագրերը:

Ի սկզբանե գոյություն ուներ միայն մեկ «Էմմի», որն ամեն տարի հանձնում էին հեռուստատեսային նոր շրջանի մեկնարկից առաջ: 1950-ին «Էմմի»-ն ազգային կարգավիճակ ստացավ ու ընդգրկում էր նախագծերն ամբողջ երկրով մեկ, բայց ամեն ինչ փոխվեց, երբ 1974-ին հիմնվեց «Ցերեկային Էմմի մրցանակաբաշխությունը», որը մրցանակ էր շնորհում ցերեկվա ժամերին թողարկվող լավագույն ծրագրերին: Դրանից հետո «Էմմի» սկսեցին կոչել մրցանակների տարբեր շարքերը, իսկ հենց լավագույն պրայմ-թայմ սերիալների ու դրանց հերոսների մրցանակաբաշխությունը անվանակոչվեց «Պրայմ-թայմ Էմմի մրցանակաբաշխություն»: Բացի այդ, 70-ականների սկզբում հիմնվեց «Էմմիի միջազգային մրցանակաբաշխությունը», որի նպատակն էր խրախուսել ակադեմիկոսների կարծիքով լավագույն հեռուստահաղորդումները:

Այսօր «Էմմի» մրցանակներն իրենցից ներկայացնում են ամերիկյան հեռուստատեսային արդյունաբերության տարբեր սեկտորներն ու մրցանակաբաշխություններն անցկացվում են ամեն տարի, բայց տարբեր ամիսներին՝ ըստ ոլորտի:

Մրցանակաբաշխությունը երեք կազմակերպություն է ներկայացնում՝ Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիան մրցանակներ է հանձնում երեկոյան ծրագրերին, բացի մարզականներից, Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիան՝ ցերեկային, մարզական, լրատվական ու դոկումենտալ ծրագրերին, իսկ Միջազգային հեռուստատեսային ակադեմիան՝ հաղորդումներին, որոնք արտադրվել ու հեռարձակվում են ԱՄՆ տարածքից դուրս:

«Էմմի» մրցանակը հանձնում են 463 անվանակարգում:

«Էմմի» անվանումն immy բառից է՝ այդպես էր կոչվում առաջին հեռուստատեսային տեսախցիկների միջի կատոդային խողովակը: Արձանիկի վրայի կնոջ ձեռքի ատոմը հեռուստատեսությունը որպես գիտություն է խորհրդանշում, իսկ նրա հետևի թևերը՝ որպես արվեստ:Հայտնի արձանիկի հեղինակը հեռուստատեսային ինժեներ Լուի Մաքմանուսն էր, որը որպես մոդել ընտրել էր իր կնոջը:

Հեռուստատեսային ակադեմիան ընդհանուր առմամբ 47 առաջարկ է մերժել՝ մինչև 1948-ին Մաքմանուսի դիզայնի վրա կանգ առնելը: Հենց այդ արձանիկը, որը արվեստի մուսան խորհրդանշող թևերով հրեշտակ էր հիշեցնում, հեղինակի մտահղացմամբ ապացուցում էր, որ հեռուստատեսությունն արվեստի, գիտության ու տեխնոլոգիաների սինթեզ է:

Յուրաքանչյուր արձանիկ 3,08 կգ է կշռում, բարձրությունը 39 սմ է, իսկ պատրաստված է պղնձի, նիկելի, արծաթի ու ոսկու խառնուրդից: «Էմմի» տարածաշրջանային մրցանակները 29 սմ են: Արձանիկները ձուլում են Նյու Յուրքում, նույն ընկերությունում, որը պատրաստում է օսկարներն ու ոսկե գլոբուսները:

Մրցանակաբաշխության սեփականատերերը, որոնք, հետևաբար, նաև ապրանքանիշի տերերն են, խիստ պահանջներ ունեն արձանիկների պատկերման հարցում՝ դրանք կարելի է պատկերել միայն ձախ կողմից:

Մրցանակաբաշխության գոյության ընթացքում էմմի արձանիկների արժանացած ռեկորդակիրներն են.

CBS հեռուստաընկերությունը՝ տարեկան առավելագույն հաղթանակների քանակով (1974-ին այն 44 արձանիկ ստացավ):

Saturday Night Live՝ ավելի շատ արձանիկ է ստացել (40 հատ), քան մյուս շաբաթօրյա ծրագրերը:

The Simpsons մուլտսերիալը «Լավագույն անիմացիոն ծրագիր» անվանակարգում 27 արձանիկի է արժանացել:

Շեյլա Նևիսը՝ HBO հեռուստաալիքի դոկումենտակ ու ընտանեկան ծրագրերի տնօրերը, 21 անձնական հաղթանակ ունի:

Կլորիս Լիչմենը՝ Մել Բրուքսի հայտնի պարոդիաների աստղը, «Լավագույն դերասանական աշխատանք» անվանակարգում 8 հաղթանակ ունի:

John Adams (2008)՝ կենսագրական սերիալը, որը, պատմելով ԱՄՆ հիմնադիրներից մեկի ճակատագրի մասին, «Լավագույն մինի-սերիալ» անվանակարգում 13 էմմիի է արժանացել:

«Դրամա» անվանակարգում առավելագույն հաղթանակների հասած սերիալները.

Hill Street Blues՝ 4 էմմի,

L.A. Law՝ 4 էմմի,

The West Wing՝ 4 էմմի:

Photo: AP
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---