Թե ինչպես Ադրբեջանն իրականը 3 անգամ գերազանցող ռազմական բյուջե նկարեց

Թե ինչպես Ադրբեջանն իրականը 3 անգամ գերազանցող ռազմական բյուջե նկարեց

Պարզվում է` Ադրբեջանի պաշտպանության ոլորտի պաշտոնական ծախսերը մի քանի անգամ պակաս են քարոզչական սպառնալիքներից

2015 թվականին Ադրբեջանը պետբյուջեից 3,3 մլրդ մանաթ կամ մոտ 4,2 մլրդ դոլար կհատկացնի ուժային կառույցներին, բացառությամբ ԱԻՆ-ի: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն ստորագրել է 2015-ի բյուջեն՝ հաստատելով այդ գումարը:

PanARMENIAN.Net - Ադրբեջանը միշտ օգտագործում է մեծ ծախսերի գործոնը Հայաստանի դեմ քարոզչական պատերազմում անհրաժեշտ ֆոնն ապահովելու համար: «Ադրբեջանի ռազմական բյուջեն գերազանցում է Հայաստանի ամբողջ բյուջեն» կամ «Ադրբեջանի ռազմական բյուջեն ՀՀ ռազմական բյուջեից ավելի է մոտ 10 անգամ» արտահայտությունները վաղուց արդեն կայուն կլիշե են դարձել ադրբեջանցի քարոզիչների ճառերում ու հոդվածներում:

Սակայն Ադրբեջանը «մոռանում է» նշել, որ վերոնշյալ գումարը բուն բանակի ու պաշտպանության համար ծախսերից բացի ներառում է նաև մի շարք այլ ուժային կառույցների ֆինանսավորում՝ հատուկ ծառայություններից մինչև նախագահի թիկնապահներ, պետական օբյեկտների պահապաններ ու ոստիկանություն:

Խոսելով ծախսերի բաշխման մասին՝ Haqqin.az-ը գրում է, որ վերոնշյալ 4,2 մլրդ դոլարը ներառում է ԶՈւ, Պետական սահմանապահ ծառայության, զորակոչի ու մոբիլիզացման պետծառայության, պաշտպանական արդյունաբերության նախարարության, ազգային անվտանգության նախարարության, ՆԳՆ ներքին զորքերի, Պահնորդական հատուկ պետական ծառայության ծախսերը, ինչպես նաև պաշտպանական նշանակության տարբեր հատուկ միջոցառումների ու նախագծերի համար հատկացվող միջոցները: Բուն պաշտպանական ոլորտին այդպիսով բաժին է ընկնում հայտարարված գումարի միայն կեսը՝ 1,651 մլրդ մանաթ կամ 2,116 մլրդ դոլար: Սակայն սա էլ ամենը չէ. միջոցների մի մասը հատկացվում է սահմանապահներին, որոնք ծառայում են Իրանի, ՌԴ, Թուրքիայի ու Վրաստանի հետ սահմանին, զորակոչային և այլ ծառայություններին: Բուն պաշտպանության նախարարությանը բաժին է ընկնում 1,255 մլրդ մանաթ կամ 1,6 մլրդ դոլար: Քարոզչության հնչեցրած թվերի ու իրականության միջև տարբերությունը գրեթե 3 անգամ է:

Հայկական կողմը նման թվեր չի հնչեցնում: 2015-ին պետբյուջեից պաշտպանության ոլորտի համար նախատեսվում է ծախսել 199 մլրդ դրամ՝ մոտ 450 մլն դոլար ընթացիկ փոխարժեքով: Այս գումարի մեջ չեն մտնում ոստիկանության համար նախատեսված ծախսերը՝ 38 մլրդ դրամ կամ մոտ 86 մլն դոլար, ազգային անվտանգության ծախսերը՝ մոտ 52 մլն դոլար և այլն:

Այսպիսով Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնապես հայտարարված ծախսերի միջև տարբերությունն իրոք մեծ է: Միամտություն կլինի չնկատելը վերջին տարիներին կնքված բազմամիլիարդանոց գործարքներն այդ ոլորտում: Սակայն, այնուամենայնիվ, դա 10-պատիկ տարբերությունը չէ, որի մասին Բաքուն ամեն առիթով թմբկահարում է՝ տարբերությունը 3,5-պատիկ է: Բացի այդ, պաշտպանական ոլորտի համար ՀՀ հնչեցրած ծախսերից բացի կա նաև ԼՂՀ Պաշտպանության բանակը, որի թվաքանակի, կառուցվածքի, սպառազինության ու ֆինանսավորման մասին տվյալները չեն հրապարակվում և «անակնկալ» կդառնան Ադրբեջանի համար լայնածավալ ռազմական արկածախնդրության փորձի դեպքում:

հ.գ. գլխավոր լուսանկարում Իլհամ Ալիևը «նշանառում է հայերին»՝ նստած կեղծ խրամատում: Նման լուսանկար անելու համար լուսանկարիչը ստիպված է եղել դուրս գալ խրամատից և հայտնվել հայ դիրքապահների տեսանելիության գոտում:

Նիկոլայ Թորոսյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ

Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---