11  19.02.15 - Պուշկինի 25. Թամանյանի նախագծած շենքի վերակառուցումը
Պուշկինի 25-ը. 17 հարկանի հյուրանոց Թամանյանի ԱԻՆ-ի շենքի տեղում

Պուշկինի 25-ը. 17 հարկանի հյուրանոց Թամանյանի ԱԻՆ-ի շենքի տեղում

PAN-ը հավաքել է Թամանյանի շենքի մասին ճարտարապետների կարծիքներ՝ սկսած հեղինակից

Պուշկինի 25-ում գտնվող Արտակարգ իրավիճակների կոմիտեի աշխատակիցների համար նախատեսված բնակելի նախկին շենքը, որը 1927-1929 թվականներին նախագծել էր Ալեքսանդր Թամանյանը, վերակառուցում են: Շինարարությունն արդեն մի քանի օր է, ինչ սկսվել է: Ինչպես դեռ 2013-ին հայտարարել էր ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանը, իսկ քաղաքապետարանը չէր հաստատում, շենքի տեղում հյուրանոց են կառուցում: Քաղաքապետարանն իր հերթին այն ժամանակ ասում էր, թե շենքի արտաքին տեսքի և ծավալային լուծումների հետ կապված որևէ փոփոխություն չի նախատեսվում: Միաժամանակ նշվում էր, որ հարևանությամբ նախատեսվող կառույցների էսքիզային նախագծերը մանրամասն քննարկվել են Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի ճարտարապետության հանձնաժողովում և ՀՀ մշակույթի նախարարությունում, արդյունքում որոշվել էր բացառել Թամանյանի նախագծած շենքին որևէ միջամտություն:

PanARMENIAN.Net - Այժմ նախագիծը ոչ միայն հաստատվել է, այլև շինարարությունն է սկսվել: Հեղինակը ճարտարապետ Լևոն Վարդանյանն է, ըստ որի շենքի հետնամասում 17 հարկանի հյուրանոց է կառուցվելու: Շենքը նաև ստորգետնյա կայանատեղի է ունենալու: PanARMENIAN.Net ին նա ասաց, որ կառուցապատողը «Լև ընդ Դավ Գրուպ» ՍՊԸ-ն է, իսկ կավարտվի շինարարությունը, հավանաբար, 3 տարուց: Նշենք, որ նախագծի էսքիզային տարբերակից երևում է, որ նորակառույցն ընդգրկելու է նաև այն հատվածը, որտեղ ապամոնտաժումից առաջ գտնվում էր Աֆրիկյանների տունը: Հեղինակը, սակայն, հերքում է այդ տարբերակը՝ նշելով, որ շինարարության այդ հատվածը դեռ հաստատված չէ: PAN-ը հավաքել է նոր շինության մասին ճարտարապետների կարծիքներ՝ սկսած հեղինակից:

Լևոն Վարդանյան, «Հին Երևան» նախագծի հեղինակ

Շենքը որպես հուշարձան անցել է բոլոր մասնագիտական քննարկումները, նախագիծը հաստատվել է: Ինչքան պետք է՝ շենքը կպահպանվի, կախված նրանից, թե մասնագիտորեն որքան նպատակահարմար կգտնենք: Այդ շենքը վթարային էր, այսօր ֆունդամետ չունի: Երբևիցե մեկն անհանգստացե՞լ է, որ կարող է մի օր արթնանանք, տեսնենք՝ Թամանյանի շենքը լրիվ պարկած է:

Աֆրիկյանների շենքի հետ ոչ մի կապ չունի, շինարարությունն ընթանալու է ԱԻՆ-ի շենքի երկարությամբ, հետնամասում: Կողքի կտորները, որոնք հաստատված չեն, դեռ փոփոխվում են, հիմա նստած այդ կտորի վրա եմ աշխատում, ուղղակի ժամանակին էսքիզ էի ներկայացրել, որ ընկալվի՝ որ կտորն է կառուցապատվելու: Մոտ մեկ ամսվա ընթացքում վերջնական նախագիծը պատրաստ կլինի:

Հրաչիկ Պողոսյան, Երևանի քաղաքապետարանի քաղաքային հատակագծման խորհրդի անդամ

Քաղաքապետարանում նախագիծը քննարկվել է: Հիմա արդեն ուշ է դրա մասին որևէ կարծիք հայտնել: Սեյսմակայունության որևէ խնդիր չկա՝ նյութերը, որ այսօր օգտագործվում են, շատ ամուր են: Խնդիրը Թամանյանի շենքի մեջ է, ու անձամբ ես այդ վայրում բարձրահարկ չէի կառուցի, մանավանդ այդ նեղ փողոցում: Ինչքան տեղյակ եմ, այդ նախագծով ձեռք է տրվում նաև Աֆրիկյանների տանը, որը թե փողոցին էր խանգարում, թե այս նախագծին, դրա համար էլ ապամոնտաժեցին, որ տեղափոխեն: Այսինքն, այդ շենքը զբաղեցնելու է Աֆրիկյանների շենքի տարածքը: Եթե նույնիսկ նախագծի այդ հատվածն այսօր դեռ հաստատված չէ, վաղը կհաստատվի, իր տրամաբանական ավարտը կունենա...

Մկրտիչ Մինասյան, Ճարտարապետների միության նախագահ

Ժամանակին էսքիզային նախագիծն եմ տեսել, վերջինին ծանոթ չեմ, չգիտեմ՝ ինչ մակարդակով և ինչպես է այժմ արվում: Այն ժամանակ մեր կարծիքը հայտնեցինք, նշեցինք, որ անհրաժեշտ է հնարավորինս պահպանել Թամանյանի շենքը՝ նման կառույցնեք քիչ ունենք: Կարծում եմ՝ պահպանելով, միջամտություն է արվում: Հիմա նման դեպքեր չեն լինում, որ շենքը միայն վերակառուցվի, որովհետև ներդրողները, որոնք գումար են հատկացնում, իրենց սպասելիքներն ունեն, հետևաբար ուզում են ինչ-որ նոր բան ստանալ:

Արսեն Կարապետյան, ճարտարապետ

Կխուսափեմ այդ նախագծին փորձագիտական գնահատական տալուց, մանրամասն ծանոթ էլ չեմ: Ինձ երկու այլ հարց է հուզում. նախ, հուշարձան շենք է, որին չի կարելի կպնել, ու հարց է առաջանում՝ արդյո՞ք օրենքի բոլոր պահանջները պահպանված են: Մի քիչ չեմ հասկանում հետևյալը. ժամանակին Նարեկ Սարգսյանն ասում էր՝ պետք է օրենք ընդունվի, որով կենտրոնում շենքերի խտության ճափորոշիչներ են սահմանվելու և այլ, արդյո՞ք այն ընդունվել է, թե ոչ, ու եթե ոչ, ապա ո՞վ է որոշել, որ այդ տեղում կարող են շենքերը խտացնել: Հարցն այն է՝ արդյո՞ք կենտրոնում պետք է էլ ավելի խտացնել շենքերը: Դրանից հետո այլ հարցեր էլ են առաջանում՝ ինչո՞ւ է այդպես նախագծվել, ինչո՞ւ է հեղինակը հենց Լևոն Վարդանյանը, այլ որևէ մրցույթ չի անցկացվել... Ինչ վերաբերում է Աֆրիկյանների շենքի վայրում շինարարությանը, ապա կարծում եմ՝ դա էլ կարող է լինել, ուղղակի մենք այդ մասին կիմանանք ամենավերջում:

Մանե Եփրեմյան / PanARMENIAN.Net, Վարո Ռաֆայելյան / PAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---