Փետրվարի 5
Գագիկ Ծառուկյանի ելույթը ԲՀԿ-ի խորհրդաժողովում
«Մարդիկ պետք է հիշեն, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ: Ոչ մի պաշտոն ցմահ չէ: Եվ եթե պետության զարգացումը, պետության անվտանգությունը պահանջում են իշխանության փոփոխություն, ուրեմն այդպես էլ պետք է լինի»:
Փետրվարի 7
ՓՄՁ բողոքի ցույցերին մասնակցող ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանի առևանգում և ծեծ
«Մենք սա գնահատում ենք որպես քաղաքական ուժերին և հասարակությանն ուղղված լկտի և ցինիկ մարտահրավեր: Միանշանակ է, որ կատարվածի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է երկրի քաղաքական իշխանության վրա»,- ասվում էր ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությունում:
Փետրվարի 12
Գագիկ Ծառուկյան-Վլադիմիր Գասպարյան հանդիպում
«Գագիկ Ծառուկյանը 100 հազար ԱՄՆ դոլար է խոստանում այն անձին կամ անձանց, ովքեր արժեքավոր տեղեկություն կտան և կօգնեն բացահայտել «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի առևանգման և ծեծի զարհուրելի հանցագործության կատարողներին և կազմակերպիչներին»,- հայտարարում է Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Փետրվարի 12
Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ խորհրդի նիստում
«Ժամանակն է ամբարտավանին ցույց տալու իր տեղը, տգետին՝ իր տեղը, իսկ մոլորյալին՝ իրենը: Եվ ժամանակն է հստակություն մտցնելու դաշտում: Կուտակված քաղաքական խնդիրներն ուղղակի պիտի լուծել, և այդ գործընթացը մենք կսկսենք հենց այսօրվանից»:
Փետրվարի 12-16
ՀՀԿ վերնախավն ակտիվորեն մեկնաբանում է Ծառուկյանի հետ առճակատումը
«Այն մարդկանց, որոնք մեկ, երկու, երեք անգամ ասելուց չեն հասկանում, պիտի մի քանի անգամ ասենք ու մի հատ էլ, եթե պետք լինի, բամփենք»,- հայտարարում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Իրա նմաններն են խանգարում էսօր իմ երեխեքին դպրոցներում սովորել, որովհետև իմ էրեխեքը տեսնում են, որ տգետը կարող է հասնել հաջողության ու ասում են «Խի՞ սովորեմ, հեն ա՝ Դոդի Գագոյի օրինակն ունեմ»,- R-Էվոլյուցիային հարցազրույցում նշում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Տգիտությունը, կիսագրագիտությունը, զոռբայությունը, բիլակերով հարցեր լուծելը, պոպոուլիզմը, դեմագոգիան տեղ չունեն քաղաքականության մեջ»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը:
«Հենց Դոդի Գագո էլ, ու մնացած ամեն ինչ իր անուններով կոչելով էլ: Էս պահից սկսած ամեն ինչն ընկնելու է իր տեղը...»,- հայտարարեց ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանը:
Փետրվարի 13
Գագիկ Ծառուկյանի պատասխան ելույթը ԲՀԿ քաղխորհրդի նիստում
«Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը»:
Փետրվարի 13-23
ԲՀԿ պատգամավորները լքում են խմբակցությունը
ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը լքում են Արագած Ախոյանը, Գրիգորի Մարգարյանը, Հարություն Ղարագյոզյանը, Կարո Կարապետյանը, Դավիթ Քոչարյանը: Մելիք Մանուկյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացնում:
Փետրվարի 15
Եռյակի՝ փետրվարի 20-ին «շտապ հավաք» անցկացնելու մասին որոշում
«ՀՀ քաղաքացիների հետ միասին ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով որոշում կայացնելու համար»,- հավաքի նպատակների մասին ասվում էր եռյակի հաղորդագրության մեջ:
Փետրվարի 16
Քաղաքապետարանը չի ընդունում «շտապ հավաքի» մասին իրազեկումը
«Հավաքն անցկացվելու է Հանրապետության Նախագահի` դեռևս փետրվարի 12-ի ելույթին արձագանքելու նպատակով: Գրության մեջ նշված իրադարձությանը ութ օր անց արձագանքելու անհրաժեշտությունը չի կարող մեկնաբանվել որպես «շտապ հավաքի» անցկացման հիմք»:
Փետրվարի 16
Ծառուկյանի տարածքների անվտանգությունն ապահովող, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության մոտ 200 աշխատակցի աշխատանքից ազատում
«Այս ամենն իրականացվում է ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակում՝ խնդիրն անվտանգության ապահովումն ավելի փորձառու կադրերով իրականացնելն է»,- ասվում էր ՀՀ ոստիկանության տարածած պարզաբանման մեջ:
Փետրվարի 17
Լևոն Տեր-Պետրոսյանի նամակը Սերժ Սարգսյանին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագրի կապակցությամբ
«Ուզում եմ հանդես գալ նաև գործնական առաջարկով, այն է՝ Ձեր նախընտրած ժամկետներում և պայմաններում դեմ առ դեմ հանդիպել Ձեզ հետ՝ այդ խնդրի շուրջ մտքերի փոխանակման նպատակով»:
Փետրվարի 17-18
Ծառուկյան-Սարգսյան բանակցություններ՝ Մոսկվայից ժամանած Սամվել և Կարեն Կարապետյանների ու ՀՅԴ միջնորդությամբ
«Բոլոր նրանք, ովքեր ուզում էին երկու կողմի բախումից ձեռքերը տաքացնել, նրանք հիասթափվելու են, չի լինելու դա»,- հայտարարում է ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը:
Փետրվարի 18
Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը
«Ցավով եմ նշում, որ վերջին օրերի ընթացքում գործընթացները մեր երկրում բոլորովին այլ ուղղությամբ են ընթանում: Սա որևէ բարի տեղ չտանող ուղղություն է»:
Փետրվարի 18
Հայտարարված հանրահավաքը չեղյալ է հայտարարվում
«Հաշվի առնելով հասարակության գերլարված հուզական վիճակը, զերծ մնալու համար հնարավոր պրովոկացիաներից և բախումներից` ԲՀԿ քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել չեղյալ համարել փետրվարի 20-ի հանրահավաքի անցկացումը»,- ասվում էր ԲՀԿ քաղխորհդի հայտարարությունում:
Փետրվարի 23
«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը բոյկոտում է ԱԺ հերթական քառօրյան՝ այդպիսով չմասնակցելով Սերժ Սարգսյանի պաշտոնանկության ու կառավարական ճգնաժամի վերաբերյալ նախագծերի քննարկումներին: