Թուրքիայի մեջլիսի ընտրությունները. 7 հավանական հայ թեկնածուն և հեռանկարը

Թուրքիայի մեջլիսի ընտրությունները. 7 հավանական հայ թեկնածուն և հեռանկարը

7 հավանական հայ թեկնածու՝ 550 պատգամավորական աթոռ ունեցող մեջլիսում

Թուրքիայում ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գործակցելու փոխադարձ ցանկություն են դրսևորում թուրքական կուսակցություններն ու տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Ինչպես մարտին կայացած ՏԻՄ և օգոստոսին՝ նախագահական ընտրությունների ժամանակ, հայերն ակտիվ են հիմնականում քրդերով համալրված Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունում (HDP). դրա կենտրոնական գործադիր խորհրդի անդամ Կարո Պայլանը ոչ միայն թեկնածությունը հաստատելու, այլև խորհրդարան անցնելու գործնական հնարավորություն ունի:

PanARMENIAN.Net - Այս կուսակցությունից առաջադրվելու համար դիմել են նաև Սասունի Աջար գյուղի հայերի միության նախագահ և Մուշի հայերի միության ղեկավարներից Ֆիքրի Չալըշը, 23 տարի Եվրոպայում ապրելուց հետո Մարդինի նահանգի Դերիկ գավառ վերադարձած Զաքարիա Սաբունջուն և Ստամբուլի ՏԻՄ ընտրություններին Բաքըրքոյ թաղամասի թաղապետի պաշտոնում առաջադրված Նվարդ Բաքըրջըօղլուն:

Վերջինիս խոսքով, իր թեկնածությունն առաջադրելու որոշումը կայացրել է կուսակցության հենց քրդական թևի աջակցությամբ, այնպես որ հաստատվելու հեռանկարը բավական հստակ է: Հիմնականում Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ շրջաններում ընտրազանգված ունեցող այս կուսակցությունից խորհրդարան անցնելու իր հնարավորությունը Նվարդ Բաքըրջըօղլուն իրատեսական է համարում՝ ընդգծելով հենց Վանից առաջադրվելու իր որոշումը:

«Սա այն կուսակցությունն է, որի ղեկավարներից մեկը՝ անցած նախագահական ընտրություններում թեկնածու Սելահեթթին Դեմիրթաշը, հրապարակավ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Կուսակցության հայկական թևն ազատ է բարձրաձայնել իր ազգային խնդիրները: Իսկ որ այդպիսիք կան, փաստ է. նույնիսկ ներկայիս Թուրքիայում հայերի համար ֆիզիկապես անվտանգ չէ», - PanARMENIAN.Net ին ասաց նա՝ նկատի ունենալով Ստամբուլում տարեց հայ կանանց սպանություններն ու թուրքական բանակում հայ զինծառայողների մահվան դեպքերը:

«100 տարի անց էլ «հայ»-ը Թուրքիայում հայհոյանք է, 100 տարի անց էլ պատմական փաստերն այստեղ ժխտում են ու հերքում՝ պետական հատուկ քաղաքականություն մշակում այդ ուղղությամբ, ինչպես մշակել էին 100 տարի առաջ: 100 տարի Թուրքիայի խորհրդարանում հայ պատգամավոր չի եղել, իսկ մինչև այդ կար Գրիգոր Զոհրապը, որի գործը, հաջողության դեպքում, փորձելու եմ շարունակել», - ասաց Նվարդ Բաքըրջըօղլուն:

Վերջին հարցում ոչ բոլոր հնարավոր հայ թեկնածուների տեսակետներն են համընկնում: «Յենի Շաֆաք» թերթից իշխանամետ հոդվածներով հայտնի Մարգար Եսայանի անունը երկար ժամանակ քննարկվում էր Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) կուլիսներում: Նրանից բացի այս կուսակցությանը դիմել է նաև Սուրբ փրկիչ հայկական հիվանդանոցի փոխնախագահ Հերման Բալյանը: Մեկ այլ՝ Սուրբ Հակոբ հիվանդանոցի հանրային կապերի պատասխանատու Թալին Էրգյունեշ Գազերն իր թեկնածությունն առաջադրելու համար դիմել է քեմալականների Ժողովրդահանրապետական կուսակցությանը (CHP):

Ամենատարբեր թուրքական կուսակցություններում ընտրությունների համար հայ թեկնածուներ ունենալը վերջին տարիներին օրինաչափ է դառնում: Տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններին թեկնածու կար անգամ հակահայ դիրքորոշումներով հայտնի Ազգայնական շարժում կուսակցությունից:

«Հայ թեկնածուներ առաջադրելով թուրքերը փորձում են ոչ միայն հայ համայնքի ձայները ստանալ, այլև արտաքին քաղաքական խնդիրներ լուծել», - ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը՝ նկատելով՝ այն, որ Թուրքիայի իշխող շրջանակները կարող էին հայ թեկնածուներ առաջադրել այս տարվա խորհրդարանական ընտրություններում, սպասելի էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի գործոնի առկայության պայմաններում:

2014-ի հոկտեմբերին Էթիեն Մահչուփյանի՝ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում նշանակման տրամաբանությամ մեջ չի բառացվում Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում հայ պատգամավորի ներկայությունը Թուրքիայի օրենսդիր կառույցում:

«Այս կերպ Թուրքիան լուծում է միջազգային հանրության վրա դրական տպավորություն թողնելու իր խնդիրները, ինչպես և Մահչփույանի դեպքում էր», - ասաց Գևորգ Պետրոսյանը:

Մանրամասնելով հայ թեկնածուների հնարավորությունները՝ նա նշեց, որ ֆավորիտը Մարգար Եսայանն է, որը ոչ միայն հայտնի է լայն զանգվածներին, այլև ընդգծված իշխանամետ կեցվածք ունեցող գործիչներից է: Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունում հայերի կշիռը բավական նկատելի է, սակայն նույնը կուսակցության ընտրազանգվածի մասին կարելի է վերապահումով ասել: Քեմալականների հայ թեկնածուի պարագայում պետք է հաշվի առնել, որ կաթոլիկ հայերի ձայները մեծաթիվ չեն, իսկ այդ կուսակցության գաղափարախոսությունն արդեն իսկ մեծ հաշվով մերժում է ազգային փոքրամասնությունների գոյությունը:

Գերագույն ընտրական հանձնաժողովի հրապարակած՝ խորհրդարանի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակացույցով Թուրքիայի քաղաքացիները նոր խորհրդարան ընտրելու համար կքվեարկեն հունիսի 7-ին: Արտերկրում բնակվող և ընտրելու իրավունք ունեցողները՝ մայիսի 8-ից 31-ը:

Ընտրություններին մասնակցող կուսակցություններն իրենց նախընտրական ցուցակները պետք է հանձնաժողով ներկայացնեն մինչև ապրիլի 7-ը, իսկ խորհրդարանի պատգամավորի թեկնածու առաջադրվածների պաշտոնական ցանկը Թուրքիայի Գերագույն ընտրական հանձնաժողովը հրապարակելու է ապրիլի 24-ին:

Այս ընտրություններում գլխավոր գերխնդիրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն է. «նրա» կուսակցութունը՝ «Արդարություն և զարգացում»-ը ծրագրում է ստանալ ձայների մեծամասնությունը, հետևաբար նոր Սահմանադրություն մշակելու հնարավորություն: Իսկ նոր Սահմանադրությունը փոխելու է երկրի կառավարման համակարգը՝ ընդլայնելով նախագահի լիազորությունները:

Անի Ավետյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ

Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---