«Դարի կողոպուտները». Համաշխարհային գլուխգործոցների ամենաաղմկահարույց առևանգումները

«Դարի կողոպուտները». Համաշխարհային գլուխգործոցների ամենաաղմկահարույց առևանգումները

Նկարները և արվեստի այլ գործերը միշտ ցանկալի ավար են եղել գողերի համար, չէ որ միշտ կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ են ցանկացած գումար վճարել սեփական հավաքածուին համաշխարհային մի գլուխգործոց հավելելու համար

Ինչպես հայտնի դարձավ նախօրեին, բրիտանական Sothbey’s աճուրդի տունը սակարկություններից հանեց ավելի վաղ մասնավոր հավաքածուից գողացված Հովհաննես Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» կտավը: Նկարը հանվեց սակարկություններից, երբ Ռուսաստանը հայտարարեց, որ նկարը գողացված է: Մինչ այդ Ինտերպոլի ռուսական բաժանմունքը հարցում էր ուղարկել Մեծ Բրիտանիա` պահանջելով վերադարձնել 1997-ին գողացված նկարը:

PanARMENIAN.Net - Նկարը գողացել են 1997 թվականին Մոսկվայում` մասնավոր հավաքածուից: Կտավն անհետացել էր ԽՍՀՄ նավաշինարարական արդյունաբերության ժողկոմ Իվան Նոսենկոյի այրիի մոսկովյան բնակարանից: Դրանից հետո ոչ մի տեղեկություն դրա մասին չի եղել մինչև, որ այն չի հայտնվել աճուրդում: Նկարները և արվեստի այլ գործերը միշտ ցանկալի ավար են եղել գողերի համար, չէ որ միշտ կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ են ցանկացած գումար վճարել սեփական հավաքածուին համաշխարհային մի գլուխգործոց հավելելու համար:

Արվեստի գործի ամենաառաջին աղմկահարույց առևանգումը տեղի է ունեցել XV դարում. ծովահենները գողացան Հանս Մեմլինգի «Ահեղ դատաստանը» տրիպտիխը: Սա առաջին գեղարվեստական գործն էր, որը պաշտոնապես գողացված համարվեց: Ամեն ինչ տեղի ունեցավ ծովում` Ֆլորենցիայի ճանապարհին: Նկարտ տեղափոխվում էր «Մատեո» նավով Բրյուգգե-Պիզա-Կոստանդնուպոլիս երթուղով:

Ծովահենների նավապետ Պաուլ Բենեկեն մեծահոգության մասին տարօրինակ պատկերացումներով մարդ էր և նվիրեց նկարը իր տերերին Գդանսկում, իսկ նրանք իրենց հերթին` նույն քաղաքի Սբ Մարիամի եկեղեցուն: Չնայած նկարը վերադարձնելու Ֆլորենցիայի ապարդյուն փորձերին, նկարը կախված մնաց Գդանսկի եկեղեցում ավելի քան 500 տարի` որոշ ընդհատումներով Եվրոպայում «ցուցադրվելու» ժամանակ: Այսօր այն կարելի է տեսնել տեղի Պոմորի թանգարանում:

«Ահեղ դատաստանը» տրիպտիխ / Մոնա Լիզայի դիմանկարը

XX դարի իսկական սենսացիա դարձավ Մոնա Լիզայի դիմանկարի առևանգումը 1991 թ. օգոստոսի 21-ին: Դրանից հետո Լեոնարդ դա Վինչիի այդ գործի գինը կտրուկ աճեց և այն դարձավ ամենահայտնի կտավն աշխարհում: Կա կատարվածի մի քանի վարկած; Ճշգրիտ հայտնի է, որ «Մոնա Լիզա» դիմանկարը գողացել է Վինչենցո Պերուգգիան: Նա հանել է նկարը պատից այն օրը, երբ թանգարանը չէր աշխատում, և դուրս է եկել շենքից` կտավը պահելով հագուստի տակ:

Իսկ թե ինչու նա արեց դա. այստեղ կարծիքները տարբեր են: Ոմանք կարծում են, որ բանվորը Փարիզից ուղղակի սիրահարվել էր Մոնա Լիզային, հենց որ նայել է նրա աչքերին: Նա մտադիր չի եղել վաճառել կտավը` նկարը երկու տարի կախված է եղել նրա խոհանոցում: Մեկ այլ վարկածով, Պերուգգիան գործել է հայրենասիրական մղումներով: Այսինքն նա ցանկացել է վերադարձնել ժամանակին Նապոլեոնի կողմից հափշտակված կտավը հայրենիք` Իտալիա: Սակայն մասնագետների մեծամասնությունն այնուամենայնիվ շահադիտական մղումներ է վերագրում նրան:

«Մոնա Լիզան» Դա Վինչիի միակ նկարը չէ, որին աչք էին դրել գողերը: 2003-ի օգոստոսին հանցագործները Շոտլանդիայի Դրամլենրինգ դղյակից գողացան այդ նկարչի ևս մեկ կտավ` «Իլիկով Տիրամայրը»: Դղյակի թանգարանում են պահվում նաև Դա Վինչիի, Ռեմբրանդտի, Հանս Գոլբեյնի ընդհանուր արժողությամբ 650 մլն դոլարի կտավներ: «Իլիկով Տիրամայրը» գնահատվում է 65 մլն դոլար: Նկարը հայտնաբերվել է 4 տարի անց:

Եվս մեկ աղմկահարույց կողոպուտ է տեղի ունեցել 1985 թվականի հոկտեմբերի 13-ին: Փարիզի Մարմոտան թանգարանից գողացան Մոնեի, Ռենուարի և Մորիզոյի վրձնին պատկանող գեղանկարչության մոտ 10 գլուխգործոց: Գողոնի ընդհանուր գումարը կազմեց 20 մլն դոլար:

«Տպավորություն. Ծագող արև»/ «Իլիկով Տիրամայրը»

Հանցագործները թանգարան են ներխուժել օրը ցերեկով: Նրանք գետնին են տապալել պահակներին ու այցելուներին, հանել են պատերից այն ամենն, ինչ նրանց հարկավոր էր, և հանգիստ հեռացել են: Ավազակների գողացածից ամենաարժեքավորը Կլոդ Մոնեի «Տպավորություն. Ծագող արև» լեգենդար կտավն էր, որը անվանում տվեց իմպրեսիոնիզմի մի ամբողջ ուղղության:

Գողոնը փնտրեցին 5 տարի: Արդյունքում կտավները հայտնաբերեցին 1990-ին Կորսիկայի հարավում գտնվող լքյալ մի առանձնատանը` Պորտո Վեկկիոյում: Նկարներն այդպես էլ չհաջողվեց վաճառել. համաշխարհային հռչակ ունեցող ստեղծագործություններն ու աղմուկը, որ մամուլը բարձրացրեց կողոպուտի շուրջ, անհնար դարձրեցին նրա իրացումը: Այն ժամանակ հանցագործները, Ինտերպոլի ճանկը չընկնելու համար, որոշեցին ուղղակի ազատվել այդ նկարներից:

20-րդ դարի ամենաաղմկահարույց գողությունը կարելի է համարել 1990 թ. կողոպուտն ԱՄՆ-ում: Այն ժամանակ ոստիկանական համազգեստ հագած գողերը թալանեցին Բոստոնի Իզաբելլա Գարդների թանգարանը: Նրանց հաջողվեց ներս մտնել` ստելով թանգարանի աշխատակիցներին, թե շենքում գործել է տագնապի ազդանշանը: Իսկ հետո ձեռնաշղթաներ են հագցրել պահակների վրա: Թանգարանից դուրս է բերվել 12 նկար, այդ թվում` Ռեմբրանդտի երկու նկար («Սևազգեստ տղամարդն ու կինը» և «Փոթորիկը Հալիլեյում»), Հովարդ Ֆլինկի գեղանկարը, Մանեի վրձնած դիմանկարը, Դեգայի 5 ակվարել, ինչպես նաև թանգարանի մարգարիտը` Վերմեր Դելֆտսկու «Համերգը»: Թալանածի գումարն ապշեցնում է` 300 մլն դոլար: Ընդ որում կողոպտիչների մասին տեղեկությունների համար 5 մլն դոլար պարգևատրություն նշանակվեց: Չնայած դրան, այս նկարները մինչ օրս որոնում են:

2000 թ. դեկտեմբերի 22-ին Շվեդական Ազգային թանգարանից գողացան «Պատանի փարիզուհին» կտավը և Ռենուարի ևս երկու նկար: Այստեղ մի համակարգված խումբ է աշխատել: Սկզբից ականապատել են թանգարանի մոտ կայանած ավտոմեքենաները` երբ ռումբերը պայթեցին, ոստիկանություն եկավ: Այս իրավիճակում ինքնաձիգներով զինված 3 անձ մտավ թանգարան: Հանցագործներից մեկը զենքն ուղղեց պահակների և այցելուների վրա, իսկ մյուս երկուսը պատերից հանեցին Ռենուարի աշխատանքները` «Պատանի փարիզուհին». «Զրույցը այգեպանի հետ» և ինքնանկարը:

Թանգարանը հենց ջրի ափին է գտնվում, ուստի գողերը հեռացան մոտորանավակով: Այս ամենը մարտաֆիլմի տեսարան էր հիշեցնում` հեռանալով, ավազակները նույնիսկ մեխեր շաղ տվեցին` դժվարացնելու համար հետապնդումը: Մեկ տարի անց «Պատանի փարիզուհին» ի հայտ եկավ թմրամոլների որջի խուզարկության ժամանակ, իսկ մյուս 2 նկարը մինչ օրս չի գտնվել: Վնասի գումարը հասնում է մոտ 30 մլն դոլարի:

«Ճիչը» / «Պատանի փարիզուհին»

Ոչ պակաս աղմկահարույց կողոպուտ տեղի ունեցավ 2004-ի օգոստոսին: Էդվարդ Մունկի թանգարանից այցելուների աչքի առաջ զինված գողերը մի քանի արժեքավոր նկար առևանգեցին, այդ թվում նկարչի գլուխգործոցները` «Ճիչն» ու «Տիրամայրը» : Կողոպտիչների մասին տեղեկատվության համար իշխանություններն առաջարկեցին 250 հազար եվրո: Բարեբախտաբար, արվեստի գլուխգործոցները հաջողվեց գտնել 2006-ին:

«Դարի կողոպուտ» են անվանում նաև գողությունը Էմիլի թանգարանից Ցյուրիխում: Այն տեղի ունեցավ 2008թ. փետրվարի 10-ին: Գողացվեց 4 կտավ 164 մլն դոլար ընդհանուր արժողությամբ: Երեք կողոպտիչները թանգարանի պատերից հանեցին Մոնեի («Կակաչները Վետենի արվարձաններում»), Սեզանի («Կարմիր անթև հագուստով տղան»), Դեգայի (Կոմս Լեպիկը դուստրերի հետ) և Վան Գոգի («Շագանակի ծաղկած ճյուղերը») կտավները ու հեռացան անհայտ ուղղությամբ: Նկարները դեռ չեն գտել` հայտարարված է 100 հազար ֆրանկ պարգևավճար:

2012-ի հունիսի 19-ին ԱՄՆ «Վեներան Մանհեթենի վրա» պատկերասրահից գողացվեց Սալվադոր Դալիի «Դոն Խուան Տենորիոյի աֆիշը» կտավը:

Կողոպտիչն ուղղակի ժամը 16-ին մոտ մտել է պատկերասրահ, ուղղակի դրել է հայտնի սյուրռեալիստի աշխատանքը սև պայուսակի մեջ և ուղղակի դուրս է եկել: Նա պատկերասրահում է մնացել 14 րոպե: Չնայած, որ այդ ամենը նկարահանվել է տեսախցիկներով և այդ կադրերը հետագայում ամբողջ աշխարհը տեսավ, ոչ ոք չկարողացավ ճանաչել այդ ճաղատության հակումով, վանդակավոր վերնաշապիկ հագած մարդուն` այնքան աննշան էր նրա արտաքինը: Իսկ մեկ ամիս անց պատկերասրահը նամակ ստացավ. «Ձեր կտավն արդեն ձեր մոտ է գալիս» գրությամբ, որին կցված էր Եվրոպայից փոստային առաքման համարը: Նկարը բարեհաջող տեղ հասավ և զբաղեցրեց իր տեղը, իսկ հանցագործի անձը հնարավոր եղավ պարզել միայն վերջերս` դա 29-ամյա հույն Ֆիվոս Իստավրիօղլուն էր, որը շատ հիմար կերպով մատնեց իրեն: Հունաստանում նա սուպերմարկետից մի շիշ հյութ էր գողացել, նրան բռնեցին, մատնահետքեր վերցրեցին, որոնք համընկան նկարի վրայի մատնահետքերի հետ:

«Դոն Խուան Տենորիոյի աֆիշը» / «Տիրամայրը»

Արվեստի գործերի ամենազանգվածային առևանգումը 7-10 հազար արտեֆակտերի գողությունն էր Իրաքի թանգարանից 2003 թ.:

2003 թ. մարտ-ապրիլին ռազմական հակամարտության ժամանակ Իրաքի մշակութային հաստատություններն ու հնագիտական կենտրոնները հսկայական կորուստներ կրեցին: Թալանը համաճարակի չափեր ստացավ: Իրաքի Ազգային թանգարանից գողացված իրերի մեծ մասը վերդարձվեց, սակայն, մինչ օրս մոտ 7-10 հազար ցուցանմուշ հետախուզման մեջ է:

Որոնվողների թվում այսօր երկու գլուխգործոց կա` Վան Գոգի երկու նկար, որոնք գողացել են Ամստերդամի թանգարանից 2002-ին: Մյուս որոնվող նկարների թվում են Դա Վինչիի, Սեզանի, Վան Գոգի, Մունկի և այլ հայտնի նկարիչների գործեր:

Ընդհանուր առմամբ, 10 ամենաաղմկահարույց կողոպուտների արդյունքում առևանգված արվեստի գործերը մասնագետների կողմից գնահատվում են 600 մլն դոլար: Սակայն դրանք անգին են մարդկության մշակութային ժառանգության համար:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---