Արցախում է Լյուբով Կազարնովսկայան. Բաքվում նեղացել են՝ երգչուհին անտարբեր է նրանց «սև ցուցակի» հանդեպ

Արցախում է Լյուբով Կազարնովսկայան. Բաքվում նեղացել են՝ երգչուհին անտարբեր է նրանց «սև ցուցակի» հանդեպ

Ծիծաղելի է, որ ադրբեջանական կողմը դեռ շարունակում է զարմանալ՝ Արցախ այցելած, այցելող կամ այցելել պատրաստվողներին իրոք չի հետաքրքրում Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակը»

Այս օրերին Լեռնային Ղարաբաղում է օպերային հայտնի երգչուհի Լյուբով Կազարնովսկայան: Նա վարպետության դասեր է անցկացնում Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում ու պատրաստվում երգչախմբի հետ լսումներ կազմակերպել:

PanARMENIAN.Net - Երգչուհու խոսքով, ղարաբաղցիները հիասքանչ ձայն ունեն, նրանց հետ հետաքրքիր է, կարելի է աշխատել ու լավ արդյունքների հասնել, այդպիսով նրանց համար դեպի մեծ կյանք ճանապարհ բացելով:

«Սա այն հողն է, որտեղ պետք է արարել, որտեղ հիմա խաղաղ չէ, բայց նմանատիպ միջոցառումներով մարդկանց մոտ կարելի է տպավորություն ստեղծել, որ պետք չէ վախենալ այցելել Ղարաբաղ: Այստեղ կարելի է բացել սիրտն ու հոգին, և միասին արարել»,- նշել է Կազարնովսկայան:

ԼՂՀ մշակույթի ու երիտասարդության հարցերինախարարությունը երգչուհու հետ գործակցության մասին պայմանավորվածություն էր ձեռք բերել դեռ մեկ տարի առաջ՝ Արցախ նրա առաջին այցի ընթացքում:

Ըստ նախարար Նարինե Աղաբալյանի, մտահղացում կար Արցախում Վերդիի «Ռեքվիեմը» ներկայացնել ու որոշեցին միաժամանակ վարպետության դասեր կազմակերպել:

«Իմանալով, որ Ղարաբաղում պլանավորում ենք Պատանի երաժիշտների «Տնջրե» 4-րդ միջազգային փառատոնն անցկացնել, Լյուբով Կազարնովսկայան ցանկություն հայտնեց հենց դրա շրջանակում վարպետության դասեր կազմակերպել»,- ասել է Աղաբալյանը:

Նրա համոզմամբ, Ղարաբաղի կատարողների համար նման դասերը լավ հնարավորություն են՝ բացահայտելու ու զարգացնելու ստեղծագործական հմտությունները:

Այդ դրական միջոցառումը, ինչպես և սպասվում էր, հարևան Ադրբեջանում, որը դրոշակի պես թափահարում է պերսոնա նոն-գրատաների իր «սև ցուցակը», «վրդովվմունքի» ալիք է բարձրացրել:

Ադրբեջանական մամուլում «Ռուս հայտնի երգչուհին թքում է Ադրբեջանի «սև» ցուցակի վրա» վերնագրերը երկար չսպասեցրին:

Ծիծաղից բացի այլ զգացմունք չի առաջացնում այն, որ ադրբեջանական կողմը դեռ շարունակում է զարմանալ՝ Արցախ այցելած, այցելող կամ այցելել պատրաստվողներին իրոք չի հետաքրքրում Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակը»:

Մինչդեռ, դրանում արդեն տարբեր երկրների տասնյակ ներկայացուցիչներ կան, և Լյուբով Կազարնովսկայան միակ օպերային աստղը չէ, որ հայտնվել է այնտեղ: Առաջիններից մեկն իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն էր: «Ձեզ ձեռքս ու սիրտս եմ առաջարկում»,- Արցախում ասել է Կաբալյեն:

Նրա խոսքով՝ Արցախը ոչ միայն քրիստոնեության կղզի է, այլև՝ քրիստոնեության ակունքը: «Ես քրիստոնյա եմ մինչև մատներիս ծայրերը»,- Արցախում եկեղեցի այցի ընթացքում ասել է նա՝ շեշտելով, որ Ստեփանակերտ է այցելել որպես երգչուհի, բայց նաև հիշեցրել, որ ՄԱԿ-ի և ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան է:

2013-ի հունիսին Ադրբեջանն Իսպանիային բողոքի նոտա է հղել Կաբալյեի՝ Արցախ այցի առթիվ: Չնայած դրան՝ նույն տարվա դեկտեմբերին Փարիզում կայացավ Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան և Արցախ. Քրիստոնեության կղզյակ» ձայներիզի շնորհանդեսը:

Մարդկանց վրա պարզապես չի ազդում Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը»: Չի ազդում: Բայց Բաքվում չեն ուզում դրան հավատալ ու շարունակում են բազմացնել բազմագույն ցուցակները: Այսպես, այս տարվա հունիսին Ադրբեջանում Եվրոպական առաջին խաղերի նախօրեին պարզվեց, որ այդ երկրում գոյություն ունի նաև «կարմիր ցուցակ»:

Մասնավորապես, հունիսի 10-ին «Սպորտը մարդու համար» հարթակի ակտիվիստ Էմմա Հյուզը բերման էր ենթարկվել Բաքվի օդանավակայանում: Նրան ասել էին, թե իր անունը ներառված է անցանկալի անձանց «կարմիր ցուցակում»: Հյուզի անձնագիրը վերցրել էին ու հայտարարել, որ կարտաքսեն երկրից:

Չի բացառվում, որ «կարմիր ցուցակն» այն մարդկանց ցանկն է, ովքեր գրում ու խոսում են Ադրբեջանում գոյություն ունեցող խնդիրների մասին՝ այդպիսով դառնալով անցանկալի այդ երկրի իշխանությունների համար: Իսկ ապրիլին ադրբեջանցի անվտանգության փորձագետ Քամիլ Սալիմովն առաջարկել է երկրում ևս մեկ «սև ցուցակ» ստեղծել, որը կներառի հավատարմագրման համար արգելված ԶԼՄ-ների անունները: Մասնավորապես, Քալիմովն առաջարկում էր «սև ցուցակում» ներառել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին գրող ԶԼՄ-ների անունները:

Հայտնի չէ՝ ինչ է եղել այս գաղափարի հետ հետագայում, բայց չի բացառվում, որ հենց այն են «սուս ու փուս» կյանքի կոչել: Ամփոփելով վերոնշյալ և միանգամայն ծիծաղելի փաստերը, կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը, չհամակերպվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աստիճանաբար աճող ժողովրդականության դեմ պայքարելու սեփական անկարողությանը, հետագայում էլ շարունակելու է զանազան բազմագույն ցուցակներ հորինել: Իսկ մարդիկ էլ շարունակելու են արհամարել այս ցուցակներն ու այցելել Արցախ:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ

Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---