Գյումրիի ծրագրավորողները համակարգչի և մարդու փոխգործակցության նոր մեթոդ են մշակել

Գյումրիի ծրագրավորողները համակարգչի և մարդու փոխգործակցության նոր մեթոդ են մշակել

Improvis ստարտափը ներկայացնում է ավտորիզացիայի տեխնոլոգիա, որը չի ենթադրում ֆիզիկական շփում ստեղնաշարի կամ թաչսքրինի հետ

Վավերացման և ավտորիզացիայի (լիազորման) դասական համակարգերի գլխավոր թերությունն այն է, որ օգտագործելով ստեղնաշարը կամ սենսորային էկրանը, մարդն ակամայից ի ցույց է դնում շրջապատի մարդկանց իր ծածկագրի որոշ տարրերը: Բացի այդ, գոյություն ունեն տարբեր հաքերային արձանագրություններ, որոնք թույլ են տալիս բացահայտել ծածկագիրը ստեղների սեղմման հաջորդականության գրանցման միջոցով: Հայկական Improvis ստարտափը նպատակ էր դրել վերացնել այդ թերությունը` բացառելով մարդու և սարքի ֆիզիկական կոնտակտը, օգտվելով վերջին 2 տարիների գիտական առաջադեմ մշակումներից:

PanARMENIAN.Net - Ընկերությունը հիմնվել է 3 տարի առաջ ԵՊՀ չորս ուսանողների ջանքերով` Հայաստանում գիտական ծրագրավորման զարգացման նպատակով: Սկզբից ստեղծվում է գիտական հիմքը` տարբեր ալգորիթմների մշակման, օպտիմալացման և արագացման միջոցով, և միայն դրանից հետո է սկսվում բուն ծրագրավորման գործընթացը, երբ կիրառվում են արդեն մշակված ալգորիթմները: Ըստ էության, նման գործընթացը 70%-ով բաղկացած է գիտական աշխատանքից, և միայն 30%-ով է ծրագրավորում:

Ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Սարգսյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց, որ թիմի ստեղծման ու առաջնային զարգացման համար 2 տարի պահանջվեց: Այդ ընթացքում հաջողվեց պրոֆեսիոնալ թիմ հավաքել, մշակել և օպտիմալացնել բարդագույն ալգորիթմներ: Improvis-ի ներկայացրած նախագիծը դարձավ համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի հաղթող, որը հայտարարել էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը: Մարզերում նորարարությունների ոլորտի զարգացման նպատակով հիմնադրամը համաֆինանսավորվող դրամաշնորհներ է տրամադրում, որոնց միջոցով ֆինանսական աջակցություն են ստանում Գյումրիում և Վանաձորում աշխատող ստարտափ ընկերությունները: Մրցույթում հաղթած ընկերությունները ստանում են ֆինանսավորման 85 տոկոսը: Հաղթանակը թույլ տվեց երևանյան գրասենյակին զուգահեռ բաժանմունք բացել նաև Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնում:

«Գյումրիի սկսնակ ընկերությունն արդեն 3-4 ամիս է ինչ աշխատում է: Այս պահի դրությամբ այն բաղկացած է 4 պրոֆեսիոնալ աշխատակիցներից և 8 ինտերներից, որոնց փորձում ենք ներգրավել թիմում: Ավելին, մայրաքաղաքի ընկերություններում բարձր պաշտոններ զբաղեցնող մեր գործընկերներից ոմանք թողել են իրենց աշխատանքն ու Գյումրի վերադարձել` զարգացման ավելի մեծ ներուժ տեսնելով: Այժմ նրանք մեզ հետ են աշխատում և օգնում են թիմ հավաքել և շարունակել ընդլայնվել»,-ասել է մեր զրուցակիցը:

Հենց սկզբից թիմը նպատակ էր դրել գերարագ և գերճշգրիտ ալգորիթմներ ստեղծել, որոնք կհետևեն մարդու դեմքի և աչքերի շարժումներին, կաշխատեն սովորական վեբ տեսախցիկի օգնությամբ, առանց եռաչափ սենսորային սարքերի և այլն: 2014-2015-ին աշխարհի լավագույն գիտնականներն արդեն հասցրել էին մշակել այնպիսի ալգորիթմներ, որոնք բավականին արագ կարող էին հետևել և վերլուծել դեմքի, գլխի և աչքերի շարժումները:

«Տեխնոլոգիայի գիտական հիմքը ակտուալ դարձավ միայն վերջին 2 տարում, և հիմա մենք փորձում ենք կիրառել գիտական ներուժը նաև բջջային հարթակներում, քանի որ դրանք չեն հասնում սեղանի համակարգիչների հզորությանը: Ուստի մենք ստիպված ենք շտկումներ կատարել ալգորիթմներում, օպտիմալացնել դրանք և արագացնել, նոր ծածկագիր գրել, հարմարեցնել այն բջջային սարքերի համար»,-ասել է Սարգսյանը:

Նպատակին հասնելու ճանապարհին թիմում տարբեր գաղափարներ ծնվեցին ստեղծված ալգորիթմների կիրառման վերաբերյալ: Տարբերակներից մեկն է օգտատերի ծածկագրի և վավերացման նույնականացման ունիվերսալ նոր մեթոդը: Այն թույլ է տալիս օգտատերին հաստատել իր վավերականությունը և ավտորիզացվել առանց ստեղնաշարի հետ ֆիզիկական կոնտակտի` ներմուծելով ծածկագիրն աչքերի շարժումով:

«Աչքերը շարժելով`օգտատերը հետևում է ծածկագիրը կազմող տարրերին, որոնք կարող են շարժվել ցանկացած ուղղությամբ և ունենալ ազատ վիզուալիզացիա, որը հասկանալի կլինի միայն տվյալ օգտատերին: Ծածկագրի նույն տարրը կարող է հազարավոր տարբերակներ ունենալ և միայն օգտատերը, տեսնելով դրանք էկրանին, կկարողանա նույնականացնել` մյուս բոլորի համար դրանք կթվան նիշերի անիմաստ հավաքածու: Այսինքն, հաշվի է առնվում սեմանտիկ վերլուծության մարդու ընդունակությունը: Ըստ էության, դա պաշտպանության նոր տեսակ է, որը բացառում է ֆիզիկական շփումը սարքի հետ»,-պարզաբանել է ընկերության համահիմնադիրը և գործադիր տնօրենը:

Ըստ նրա, տեխնոլոգիան ամենուր կարելի է կիրառել, որտեղ օգտագործվում են ավտորիզացման դասական մեթոդները` սոցցանցերում, համակարգչում, հեռախոսում, բանկոմատներում և այլն: Սակայն, մյուս կողմից, խնդիր է առաջանում, կապված նոր տեխնոլոգիայի ուսուցման հետ սովորական օգտատերի համար:

«Ուստի որոշվեց այս փուլում վերջնական արտադրանք ներկայացնելու փոխարեն փորձել քայլ առ քայլ սովորեցնել մարդկանց օգտվել դրանից: Ստեղծվեցին խաղային հավելվածներ, որոնք թույլ են տալիս արագ յուրացնել այդ տեխնոլոգիան: Դրանցից մեկում օգտատերը կառավարում է ինքնաթիռի թռիչքը , ուղղակի շարժելով գլուխը և թիրախներ ընտրելով աչքերի օգնությամբ: Կիրառելով ստեղծված ալգորիթմը տարբեր շերտերի համար նախատեսված խաղերում` մենք կկարողանանք սովորեցնել օգտատերերին օգտվել տեխնոլոգիայից: Միայն դրանից հետո կսկսվի նոր համակարգի ներմուծումը»,-հավելել է Սարգսյանը:

Android հավելվածի տեսքով առաջին խաղն արդեն գոյություն ունի, 3 ամսից կհայտնվի նաև iOS-ի համար նախատեսված տարբերակը: Բուն տեխնոլոգիան, ըստ հեղինակների, կարող է կիրառման լայն սպեկտր ունենալ, օրինակ, բժշկությունում: Մասնագետները նշում են, որ այդ տեխնոլոգիան կարող է կանխել հենաշարժողական ապարատի տարբեր հիվանդություններ, կապված անբավարար շարժունակության հետ: Այդպիսի խաղի ժամանակ միաժամանակ մարզվում են պարանոցի և աչքերի մկանները: Տեխնոլոգիան կարելի է կիրառել նաև սահմանափակ կարողությունների մարդկանց համար, որոնք չեն կարող համակարգչից օգտվել սովորական եղանակով: Դա թույլ կտա նրանց, ոչ միայն խաղեր խաղալ, այլ նաև համացանցից օգտվել:

«Այսինքն, մենք տրամադրում ենք միայն սոֆթը, որը նրանք կարող են գործարկել սեփական սարքում, առանց թանկարժեք սարքեր գնելու: Improvis-ը մտադիր է նոր տեխնոլոգիայի ներդրման ամբողջ նախագիծն ավարտել մեկ տարվա ընթացքում: Չէ որ, երբ առաջին ստեղնաշարերը հայտնվեցին, մարդկանց դժվար էր հարմավել դրանց: Սակայն, սովորեցին, ընտելացան»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---