Պատմում են հետախույզները. Ամեն հետախույզի որդի կերազի հոր հետ գործողության մասնակցել

Պատմում են հետախույզները. Ամեն հետախույզի որդի կերազի հոր հետ գործողության մասնակցել

Նոյեմբերի 5-ը Հետախույզի օրն է

Համաշխարհային հետախուզության պատմությունից մինչև Արցախյան ազատամարտ, հայկական բանակի կազմավորում և մեր օրեր. հայ հետախույզներն առանձնանում են պրոֆեսիոնալիզմով ու գործողությունների արդյունավետությամբ: Կամավորական ջոկատների առանձին հետախուզական խմբերից կանոնավոր բանակի հետախուզական ստորաբաժանումներ անցումն ընդուված է ավարտված համարել 1992-ին: «Հետախուզական ստորաբաժանումները բանակից առաջ են ստեղծվել՝ հետախուզել են, որ բանակը ստեղծվի». կատակում են:

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ը Հետախույզի օրն է: Հայ ընտանիքներից մեկում տոնը կրկնակի է. մայորը 25 տարվա հետախույզ է, որդին՝ 5 ամսվա ժամկետային զինծառայող, շարքային հետախուզական ստորաբաժանման կազմում:

«Ամեն հետախույզի որդի կերազի հոր հետ գործողության մասնակցել: Բայց հայրս խուսափում է՝ ուշադրությունն ինձ վրա կկենտրոնանա: Գործողության ժամանակ միտքն ու հոգին խաղաղ պիտի լինեն»:

«Ձեռնամարտի միջազգային մրցաշարերի եռակի չեմպիոն եմ, իսկ հետախուզական ստորաբաժանման կազմում ծառայելը նշանակում է ֆիզիկական պատրաստվածությունն ու կարգապահությունը զարգացնել ու արժեվորել ոչ պակաս մարզված մտքով»:

«Հակառակորդի հետախույզներն ինքնավստահ են միայն երբ մեծ խմբերով են գործում: Ադրբեջանցիների հոգեբանությունը որոշիչ է: Վերջին 2 տարում Արցախի ուղղությամբ հետախուզադիվերսիոն խմբերում թվաքանակը կրկնապատկվել է: Բայց հայկական կողմի կանխարգելիչ գործողությունների արդյունքում, միևնույն է, խուճապի են մատնվում: Ապացույցն էլ այն է, որ ռազմարդյունաբերության առաջատարներից գնած վերջին զինատեսակները թողնում են, գնում իրենց կաշին փրկելու»:

«Մեր մեկը հավասար է թուրքի տասին, ու սա մեծամտանալ չի, դեռ քիչ եմ ասում: Բոյը, «թափը» կապ չունի: Գլուխը գործի կեսն է: Գլուխդ պետք է վերահսկելի ու մտածող լինի»:

«Աղջիկ հետախույզները մեր ստորաբաժանման կազմում մի քանիսն են: Միանշանակ նրանց հետ գործողության կգնամ՝ ոչնչով չեն զիջում տղամարդկանց, իսկ որոշ առումներով ավելին կարող են»:

«Հայ հետախույզների առավելությունը համարձակությունն է՝ «դուխով» ենք, չենք հանձնվում: Ու ընկերոջ մեջքը պահող ենք ամենադժվար ժամանակ էլ»:

«Հետախուզությունը 23 տարի առաջ և այսօր. միջոցների ու տեխնիկայի փոփոխություն միանշանակ կա: ՀՀ ԶՈւ հետախուզական ստորաբաժանումները համալրված են նորագույն զինատեսակներով ու հետևում են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը»:

«Պարտադիր զինծառայությունն ավարտելուց հետո նախատեսում եմ շարունակել հետախույզ լինել՝ պայմանագրային հիմունքներով: Մանկությունից հետախույզի հետ եմ: Հիմա ես եմ հետախույզ: Իմ կյանքն է սա»:

«Հետախույզի գլխավոր խնդիրն աչք ու ականջ լինելն է, իսկ հետախուզությունը բանակի սիրտն է, շատ բան է փոխում ու պայմանավորում: Հետախույզ կոչվելը բարձր պատիվ է: Եվ այս գիտակցությամբ հայկական հետախուզության ապագան անցյալին չզիջելու նախադրյալներ ունի»:

Անի Ավետյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---