Ցեղասպանության ժխտումը քրեականացնող ռուսական բանաձևը որպես «մտրակ» ու «քաղցրաբլիթ» Թուրքիայի համար

Ցեղասպանության ժխտումը քրեականացնող ռուսական բանաձևը որպես «մտրակ» ու «քաղցրաբլիթ» Թուրքիայի համար

Ակամայից հայ հանրության մի մասի մոտ տպավորություն ստեղծվեց, որ օրինագծի ընդգրկումը ՌԴ Պետդումայի օրակարգում Թուրքիայի դեմ քաղաքական դեմարշի դրսևորումներից մեկն է

Ռուս քաղաքական գործիչները նախօրեին հայ հանրության կողմից երկար սպասված քայլ կատարեցին` ՌԴ Պետդումայի «Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Միրոնովը և Նիկոլայ Լևիչևը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ են ներկայացրել Պետդումա, ինչը սակայն ստեղծված իրավիճակում միանշանակ չի ընկալվում:

PanARMENIAN.Net - Ինչպես ասել է բանաձևի համահեղինակ Սերգեյ Միրոնովը, «Հայոց ցեղասպանության ճանաչելու կամ չճանաչելու հարցը ուղղակի պատմական հարց չէ»: «Դա խղճի, բարոյականության հարց է: Դա հրեշավոր մի ոճրագործությանը վերաբերմունքի հարց է, որը չի կարելի մոռանալ ու ներել: Թուրքիայի այդ դաժան և անմարդկային քայլը հրապարակավ ժխտողները ոչ թե ուղղակի օգնում են այդ երկրի իշխանություններին վերաձևել պատմությունը, այլ նաև պարտակում են ոճրագործներին և օգնում են արդարացնել այն հանցագործությունները, որոնք կարող է հետագայում կատարել թուրքական ռեժիմը»:

Տեղեկանք. Ըստ օրինագծի, Հայոց ցեղասպանությունը ժխտելու կամ կատարված ոճիրն արդարացնելու համար առաջարկվում է տուգանք մինչև 300 հազար ռուբլի կամ աշխատավարձի չափով մինչև 2 տարի ժամկետով, կամ ազատազրկում մինչև 3 տարի ժամկետով: Եթե դա արվել է ԶԼՄ-ների միջոցով, ապա տուգանքի վերին շեմն առաջարկվում է սահմանել 500 հազար ռուբլու չափով: Ազատազրկումն այդ դեպքում կսահմանվի մինչև 5 տարի ժամկետով:

Կարծես, ամեն ինչ լավ է և հայկական կողմը պետք է որ ողջուներ նման նախաձեռնությունը, սակայն տհաճ նստվածք թողեց այն հանգամանքը, որ փաստաթուղթը Պետդումա ներկայացվեց ռուսական Սու-24-ի պատճառով Մոսկվայի և Անկարայի միջև ստեղծված լարվածության ֆոնի վրա:

Միջադեպից հետո Ռուսաստանում տարբեր մակարդակներով սկսեցին խոսել Թուրքիայի հանդեպ պատասխան քայլերի մասին, ոչ թե ռազմական, այլ տնտեսական և քաղաքական:

Ակամայից հայ հանրության մի մասի մոտ տպավորություն ստեղծվեց, որ օրինագծի ընդգրկումն օրակարգում Թուրքիայի դեմ քաղաքական դեմարշի դրսևորումներից մեկն է:

Ինչո՞ւ ոչ նախորդ շաբաթ: Ինչո՞ւ ոչ մեկ ամիս անց: Ինչո՞ւ հենց հիմա: Եվ հետո` արդյո՞ք օրինագիծն իրոք կընդունվի, երբ Թուրքիան և Ռուսաստանն ի վերջո հաշտվեն:

Ըստ որոշ տվյալների, այդ փաստաթուղթը «Արդար Ռուսաստանը» սկսել էր մշակել դեռ ապրիլին, բայց ինչո՞ւ այն ներկայացվեց հենց այս պահին:

Ինչպես PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց ՌԴ Պետդումայի փոխնախագահ, Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագծի համահեղինակ Նիկոլայ Լևիչևը, միջազգային իրավիճակն, անկասկած, ազդեց այս օրենսդրական նախաձեռնությունն օրակարգում ընդգրկելու վրա: «Իսլամական պետության» գործողություններն այսօր ցեղասպանության մի շարք տարրեր են պարունակում` այլ հավատ ունեցողների զանգվածային սպանություններ, քրիստոնեական սրբությունների ավերում, ահաբեկչության քարոզչություն սոցցանցերում, անհամաձայնների հանդեպ հոգեբանական ճնշում: Եթե մենք պատշաճ ուշադրություն չդարձնենք պատմական փաստերին, չպաշտպանենք պատմական ճշմարտությունը, մենք դատապարտված ենք արյունալի իրադարձությունների կրկնության»,-ասել է նա:

Լևիչևը խորհուրդ է տվել նաև պատրանքներ չունենալ: «Նման օրինագծերը երբեք մեկ ակնթարթում չեն ընդունվում: Բայց ավելի բարենպաստ պայմանների սպասելու դեպքում, գուցե, ստիպված լինեինք սպասել մեկ այլ «կլոր» տարելիցի»,-ասել է նա:

Ստացվում է, որ սա կարծես քաղաքական պատասխան չէ թուրքական սադրանքին, սակայն որոշակի կապ այնուամենայնիվ նկատվում է:

Առավել անկեղծ արտահայտվեց ՌԴ Պետդումայի քաղաքացիական, քրեական, արբիտրաժային և ընթացակարգային օրենսդրության գծով կոմիտեի ղեկավար Պավել Կրաշենիննիկովը, որը ակտուալ չի համարում «Արդար Ռուսաստան» խմբակցության նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին` ի պատասխան թուրքերի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման:

Ըստ նրա, «օրենսդրորեն պետք է կանոնակարգել գոյություն ունեցող հարաբերությունները: Ես չեմ լսել, որ մեզ մոտ ինչ-որ մեկը ժխտի հայերի ցեղասպանությունը: Մեր նախագահն այս տարի մասնակցել է Հայաստանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին և ելույթ ունեցել այնտեղ, զանգվածային ժխտում չկա: Այստեղ կապը ինքնաթիռի հետ տարօրինակ է: Այնքան էլ ճիշտ չէ ամեն ինչում առաջնորդվել «ինքդ ես հիմարը» սկզբունքով»,-ասել է կոմիտեի ղեկավարը:

Ինչ վերաբերվում է Հայաստանի արձագանքին այս բավականին նրբանկատ հարցին, ապա, հավանաբար, որոշ կասկածներ առաջացան ոչ միայն շարքային քաղաքացիների, այլ նաև երկրի ղեկավարության շրջանում: Շատ զգուշավոր էր ԱԳ փոխնախարարի մեկնաբանությունը:

«Մենք ողջունում ենք, որ Ռուսաստանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և միշտ կողմ ենք եղել, որ քրեականացում լինի, որն այսօրվա դրությամբ միայն չորս պետությունում է իրականացված: Այնպես որ տեսնենք ինչպիսին կլինեն զարգացումները»,-ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Այնպես, որ կարծես, թե ՀՀ իշխանություններն էլ այնքան հիացած չեն այս զարգացումներով:

Եվ եթե ավելի անկեղծ, ապա հազիվ թե կարելի է հուսալ, որ ներկայացված օրինագիծը կընդունվի, համենայն դեպս առաջիկայում: Կարելի է միանգամայն հավանական համարել այն, որ 1,5 մլն հայերի բնաջնջման մասին օրինագիծն ուղղակի «մտրակ» դարձավ Ռուսաստանի ձեռքում: Իսկ «քաղցրաբլիթ» կլինի փաստաթղթի հետկանչը, եթե Թուրքիան իրեն լավ պահի, կամ էլ չընդունումը ռուս պատգամավորների կողմից:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ

Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---