Այլ աշխարհ. Անցնող տարվա համակարգչային խաղերի լավագույն հնգյակըՀամակարգչային խաղերի ինդուստրիան որակապես նոր մակարդակի է անցնում` կրնկակոխ հետևելով կինոարտադրությանն ու արվեստի մյուս ճյուղերին Համակարգչային խաղերի աշխարհը շատ արագ է զարգանում` ամեն տարի հեղինակներին ու արտադրողներին միլիարդավոր դոլարների եկամուտ բերելով: Առաջարկվող ապրանքացանկի հսկայական բազմազանության մեջ շատ բարդ է ինչ-որ արժանի բան գտնելը: Չնայած դրան, աշխարհի տարբեր անկյուններում աշխատում են մշակողների տաղանդավոր խմբեր, որոնք ոչ թե ուղղակի խաղեր են ստեղծում, այլ արվեստի իսկական գործեր: Դրանք անհատական աշխատանքի արդյունք են և նման չեն մյուսներին, կարող են միլիոնավոր մարդկանց ուշադրությունը գրավել տևական ժամանակ: Հենց նրանց շնորհիվ է, որ համակարգչային խաղերի ինդուստրիան որակապես նոր մակարդակի է հասնում` կրնկակոխ հետևելով կինոյին ու արվեստի մյուս ճյուղերին: 17 դեկտեմբերի 2015 PanARMENIAN.Net - Լավ համակարգչային խաղն, անկասկած, Ամանորի հրաշալի նվեր կարող է լինել: Ճիշտ ընտրություն կատարելու համար PanARMENIAN.Net ը ներկայացնում է 2015-ի համակարգչային խաղերի լավագույն հնգյակը: Rise of the Tomb Raider Արկածային մարտախաղ, RPG Մշակողներ` Microsoft Studios, Square Enix Հարթակներ` Xbox One, Xbox 360, Microsoft Windows (2016թ. սկիզբ), PlayStation 4 (2016-ի ավարտ)
Դամբարաններ թալանող Լարա Քրոֆթի արկածների մասին պատմող համակարգչային խաղերի լեգենդար շարքը սկիզբ է առել դեռ 1996-ին: Այդ օրվանից թողարկվել են բազում շարունակություններ և լրացումներ, ինչը թույլ է տվել այդ խաղաշարին երկրպագուների հսկայական բանակ ձեռք բերել ամբողջ աշխարհում: Rise of the Tomb Raider-ը շարքի 10-րդ խաղն է և 2013-ի վերաթողարկման շարունակությունը: Իրադարձությունները ծավալվում են Սիբիրում` Լարա Քրոֆթը մեկնում է առեղծվածային արտեֆակտի որոնումների, որն անմահություն է տալիս գտնողին: Լինելով տարվա ամենասպասված խաղերից մեկը` Rise of the Tomb Raider-ը օգտագործում է համակարգչային խաղերի ոլորտի բոլոր վերջին նվաճումները, աչքի ընկնելով հարմար կառավարմամբ, գերազանց գրաֆիկայով և հետաքրքիր սյուժեով, որը կարող է տասնյակ ժամերի տևողությամբ խաղ ապահովել: Metal Gear Solid V: The Phantom Pain Սթելս-էքշըն Մշակող` Kojima Productions Թողարկող` Konami Digital Entertainment Հարթակներ` PlayStation 3, PlayStation 4, Xbox 360, Xbox One, Microsoft Windows
Անցնող տարվա նշանակալի խաղերից մեկն է, ոչ միայն բարձր որակի շնորհիվ, այլ նաև նրա թողարկման հետ կապված սկանդալի պատճառով: Metal Gear Solid ամբողջ շարքի անփոփոխ հեղինակ Հիդեո Կոդզիման անարդարացիորեն վտարվեց ճապոնական Konami հսկայի կողմից, ինչն այնքան էլ փայլուն հեռանկարներ չի խոստանում այս խաղաշարին: Չնայած դրան, Կոդզիմային հաջողվել է, սեփական ստեղծածին հատուկ մոտեցմամբ և մանրամասների հանդեպ ուշադրությամբ, հանրությանը ներկայացնել ոչ թե ուղղակի խաղ, այլ հսկայական մի աշխարհ իր տրամաբանությամբ և չափազանց խճճված, դրամատիկ սյուժեով: Ընդ որում, խաղացողը ստանում է գործողությունների գրեթե լիակատար ազատություն, որի շնորհիվ կարող է հաճույքով շաբաթներ շարունակ անցկացնել այդ վիրտուալ աշխարհում: Fallout 4 Action/RPG Մշակող` Bethesda Game Studios Թողարկող` Bethesda Softworks Հարթակներ` Windows, PlayStation 4, Xbox One
Լեգենդար խաղաշարի ևս մեկ շարունակություն: Առաջին խաղերն այնքան բարդ էին ու բազմաշերտ, որ մինչ օրս համարվում են դերակատարային համակարգչային խաղերի օրինակ: 4-րդ խաղն արժանի շարունակությունն է, նույնքան հետաքրքիր, բազմազան և դաժան հետապոկալիպտիկ աշխարհի իրողությունների մեջ ամբողջովին ընկղմվելու ցանկությամբ: Fallout 4-ի գլխավոր արժանիքը ոչ միայն հսկայական չափերի քարտեզն ու հետաքրքիր լոկացիաների և քվեսթերի հսկայական քանակն է: Ամենակարևորն այստեղ այն է, որ խաղացողը կարող է խաղարկային աշխարհում անել այն ամենն, ինչ կամենա` սկսած ցանկացած որակներով ու արտաքինով կերպար ստեղծելուց, վերջացրած անսահման Ամայության տարածքով դեգերումներով, սեփական գաղութի ստեղծմամբ, զենքի կատարելագործմամբ և այլն: The Witcher 3: Wild Hunt Action/RPG Մշակող` CD Projekt RED Թողարկողներ` Cdp.pl, Bandai Namco Entertainment, Warner Bros. Interactive Entertainment, Spike Chunsoft Հարթակներ` Windows, PlayStation 4, Xbox One
Եվս մեկ «խաղահարթակ» միանգամայն բաց աշխարհով, առանց խաղային գործընթացի որևէ սահմանափակման: Մշակողների CD Projekt RED լեհական ստուդիան հայտնի է աշխարհում իր արտադրանքի բարձր որակով` յուրաքանչյուր նոր նախագիծ գլուխգործոց է մանրակրկիտ կատարմամբ, որի մշակումը տարիներ է պահանջում: Ստուդիան սովոր չէ չմշակված խաղ ներկայացնել շուկայում, ուստի մշակման բոլոր փուլերում այն հասցվում է փայլուն մակարդակի և կարող է նույնիսկ ամենափորձառու խաղացողի հիացմունքն առաջացնել: Հիմնված լինելով լեհ գրող Անջեյ Սապկովսկու ֆենտեզի վեպերի վրա` The Witcher 3: Wild Hunt արժանիորեն համարվում է 2015-ի լավագույն խաղը: Bloodborne Action/RPG, survival horror Մշակողներ` From Software, SCE Japan Studio Թողարկող` Sony Computer Entertainment Հարթակ` PlayStation 4
Թերևս ընթացիկ տարվա ամենայուրահատուկ և հիշվող համակարգչային խաղն է, որի մասին խոսակցությունները չեն մարում արդեն բավական երկար ժամանակ: Շատ մռայլ, վիկտորիանական և գոթիկային հատուկ մթնոլորտով դաժան, արնաշաղախ խաղը և հիասքանչ հրեշները անցումն անմոռանալի են դարձնում: Մինչև ամենափոքր մանրուքները հիանալի ձևավորված խաղարկային աշխարհով, բրուտալ գլխավոր հերոսով և, ամենագլխավորը, իր մեծ բարդությամբ, Bloodborne-ը պարտական է ճապոնացի հեղինակ Հիդետակա Միյաձակիի հանճարին, որը մի քանի տարի առաջ իրարանցում առաջացրեց խաղերի աշխարհում հիանալի DarkSouls-ով: Խաղը բարեհաճ չէ խաղացողի գործողությունների հանդեպ, այստեղ բավականին հեշտ է սխալվելը, սակայն հենց բազում փորձերի ու սխալների միջով անցումն է դարձնում այն այդքան հիշարժան: Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները Բաժնի այլ նյութերը Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք |