Ատելի ութնյակը. Գրավիչ պատում թատերական ոգով

Ատելի ութնյակը. Գրավիչ պատում թատերական ոգով

Անհաճո անվան տակ Տարանտինոն թաքցնում է հիասքանչ մի կտավ, որից անհնար է կտրվել

Երևանի կինոթատրոններում մեկնարկել է Քվենտին Տարանտինոյի «Ատելի ութնյակը» ֆիլմը, որի ճակատագիրն այնքան էլ հաջող չդասավորվեց դեռ սցենարի գրման պահից: 2013-ին դերասանների գործակալներից մեկի մեղքով ձեռագիրը հրապարակվեց, իսկ մի քանի շաբաթ առաջ կինոնկարը ցանցահենության զոհ դարձավ՝ կինոժապավենի պրոմոպատճենը հայտնվեց ցանցում, իսկ առաջին 24 ժամվա ընթացքում ներբեռնվեց ավելի քան կես միլիոն անգամ: Օրերս կինոնկարը համացանցում տեղադրած ցանցահենները հրապարակավ ներողություն խնդրեցին մեծ ռեժիսորից՝ նշելով, որ դա թույլ տվեց լավ գովազդել ֆիլմը: Սակայն, ցանկացած կինոնկարի համար լավագույն նվաճումը կինոդիտողի ճանաչումն է: Իսկ դա Տարանտինոյին շատ լավ է հաջողվել՝ չէ որ անհաճո անվան տակ Տարանտինոն թաքցնում է հիասքանչ մի կտավ, որից անհնար է կտրվել:

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ը իր տպավորություններն է ներկայացնում Տարանտինոյի 8-րդ ֆիլմի դիտումից:

Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Վայոմինգում՝ Քաղաքացիական պատերազմից մի քանի տարի անց: Մարդկանց որսով զբաղվող Ջոն Ռութը սպանության համար հետախուզվող և կախաղանի միջոցով մահապատժի դատապարտված Դեյզի Դոմերգին տանում է Ռեդ Ռոք՝ փոխանցելու համար արդարադատությանը և ստանալու իր պարգևավճարը: Ճանապարհին նրանք հանդիպում են երկու անծանոթի՝ Հյուսիսի դաշնային բանակի նախկին սպա Մարկիզ Ուորենին, որը վարձկան է դարձել, և Հարավի ճամբարից փախուստի դիմած Քրիս Մեննիկսին, որը ներկայանում է իբրև քաղաքի նոր շերիֆը: Մոլորվելով ձնաբքի ժամանակ՝ քառյակը ապաստան է գտնում լեռնանցքում՝ Միննիի կրպակում, որտեղ տիրուհու փոխարեն նրանք հանդիպում են հերթական անծանոթներին՝ խանութին հետևող Բոբին, Կոնֆեդերացիայի գեներալ Սմիթերսին, կովբոյ Գեյջին և Ռեդ Ռոքի դահիճ Մոբրեյին:

Տարանտինոյի ամեն մի նոր գործ համաշխարհային մասշտաբի իրադարձություն է: Նրա ֆիլմերի կինոդիտումը վաղեմի ծանոթների հետ հանդիպում է հիշեցնում, առանց որոնց կյանքը լիարժեք չէր լինի, կզրկվեր մի կարևոր յուրահատկությունից: Դա նման է պատկերասրահ այցելության, որտեղ ցուցադրության է հանվել այն կտավը, որը տարիներ շարունակ երազել եք տեսնել: Այդ կտավի առաջ նստելով, կինոդիտողն անկարող է կտրել հայացքը, նա ընկալում է ամեն մի երանգը, ամեն մի մանրուքը՝ միաժամանակ հիանալով ամբողջականությամբ: Վարպետն անշտապ պատմում է իր պատմությունը՝ դանդաղ գունավորելով կտավը, դասավորելով ֆիգուրները շախմատի տախտակին, կյանք հաղորդելով նրանց՝ Տարանտինոյի ֆիլմերի դիտումը ոչ թե լոկ հիացմունք է բուն կտավով, այլ նաև հնարավորություն է հետևել դրա ստեղծմանը:

Դիպուկ, հյութեղ երկխոսությունները, որից յուրաքանչյուրը թևավոր կարող է դառնալ՝ այս հարցում Տարանտինոն իսկական գուրման է: Նա երբեք չի հրամցնի հանդիսատեսին հում և անհամ ուտեստ: Նա անսահման շռայլ է, նրա գործերի բաղադրությունն ու համեմունքները նրբաճաշակ են՝ պատրաստված ամենաբարձրաճաշակ կիոնսիրողի համար: Սակայն Տարանտինոն թույլ չի տալիս հագենալ. երկխոսությունները կարող են կես ժամ տևել, բայց կինոդիտողի համար միևնույն է, դա քիչ է, նա ավելին է պահանջում: Ռեժիսորը ներկայացնում է պատմությունը, նրբաճաշակորեն ծեփելով հասկանալի և շատ կենդանի կերպարներ, բնավորությամբ օժտելով նրանց և աներևակայելի խարիզմայով: Տարանտինոյի յուրաքանչյուր սցենար արվեստի գործ է: Մեծ դերասանների ներկայացմամբ այդ դրամատուրգիական հենքն ամբողջ 3 ժամով տանում է կինոդիտողին մի անհայտ և զարմանալի աշխարհ: Այստեղ չկա ոչ մի ավելորդ բան, ամեն մի վայրկյանը, ամեն ժեստն ու արտասանած բառն իր նշանակությունն ունի:

«Ատելի ութնյակը» ֆիլմը կամերային, թատերական պիես է, որը ծավալվում է էկրանին: Թերևս, սա հեղինակի ամենակուռ ստեղծագործությունն է շարադրանքի հաջորդականության առումով: Նվազագույն քանակի ֆլեշբեքեր և ուշադրության կենտրոնացում այն ամենի վրա, ինչ կատարվում է կրպակի չորս պատում: Մշտապես աճող լարվածություն, որից կինոդահլիճի օդը կարծես լիցքավորված է դառնում, աստիճանաբար բերում է անխուսափելի և արյունալի ավարտի: Տարանտինոն հանգուցալուծման մեջ ներդրել է իր ողջ վարպետությունը՝ հիշեցնելով, որ նույնիսկ գողացված սցենարը կարող է զարմացնել ու հիացնել:

Ռեժիսորի ութերորդ ֆիլմը միաժամանակ հարգանքի տուրք էր նրա նախորդ գործերին: Տարանտինոն ամբողջ ֆիլմի ընթացքում շռայլորեն չպարտադրող ակնարկներ է անում՝ նորովի անցնում է իր ճանապարհը, շոյում է իր «երեխաների» գլուխները, ծանոթացնում է նրանց նորեկի հետ: Ֆիլմի անվանումը ոչ միայն և ոչ այնքան գործող անձանց քանակն է ֆիքսում: «Ութնյակն» այն ամենն է, ինչ հասցրել է անել այս կյանքում վարպետը: Սիրված և ատելի, նրա նվաճումն ու անեծքը՝ կինոն Տարանտինոյի համար, հատկապես իր սեփական ֆիլմերը, ոչ միայն ապրելակերպ է, այլ կուռք, որին երկրպագում են և որից տարիքի հետ գնալով ավելի են երկյուղում:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---