Անտեսվածները. 8 լավ ֆիլմ, որոնք աննկատ մնացին 2015-ին

Անտեսվածները. 8 լավ ֆիլմ, որոնք աննկատ մնացին 2015-ին

Այդ ֆիլմերի համար դրամարկղերի մոտ հերթեր չեն գոյանում և աստղաբաշխական գումարներ չեն հավաքվում

Մասշտաբային և դիտարժան կինոն ցանկալի հյուր է յուրաքանչյուր կինոթատրոնի համար: Մեծ բլոկբաստերները երբեք աննկատ չեն մնում` պատվավոր տեղեր զբաղեցնելով Երևանի բոլոր կինոթատրոնների սեանսներում: Հեղինակային և ոչ ծավալուն ֆիլմերը հնարավորություն չեն ունենում մրցելու հսկաների հետ` գուցե միայն հատուկ, փակ ցուցադրությունների ժամանակ, որոնց սեանսները խիստ սահմանափակ են: Այդ ֆիլմերի համար դրամարկղերի մոտ հերթեր չեն գոյանում, դրանք աստղաբաշխական գումարներ չեն հավաքում, սակայն դրանից այդ ֆիլմերը պակաս հետաքրքիր չեն դառնում:

PanARMENIAN.Net - Աննկատ մնացած չի նշանակում վատ. PanARMENIAN.Net ը ներկայացնում է 2015-ի 8 լավ կինոնկար, որոնք չկարողացանք տեսնել կինոթատրոններում:

«Բաբադուկ»

Չնայած բավականին տարօրինակ անվանմանը, այս սարսափ ֆիլմը իսկական գանձ է այս ժանրի միապաղաղ և միջակ ֆիլմերի շարքում: Ավստրալացի հեղինակները զարմանալիորեն լավ են զգում, թե որ թելերը պետք է քաշել, հանդիսատեսի մոտ իսկական սարսափ առաջացնելու համար: Քննադատները բարձր են գնահատել ֆիլմը խորը հոգեբանական խաղի ու ցանկացած ընտանիքի համար ակտուալ խնդիրների վեր հանման համար: «Բաբադուկն» ուղղակի սարսափ ֆիլմ չէ: Առաջին հերթին դա բարդ դրամա է սերունդների փոխհարաբերությունների մասին:

«Ով եմ ես»

Գերմանական կինոն գնալով ավելի ու ավելի է նմանվում հոլիվուդյան կինոարտադրությանը: Սակայն, մյուս կողմից Գերմանիայում կարողանում են ինքնատիպ կինո նկարահանել, ինչն էլ յուրաքանչյուր կինոնկարը իրադարձություն է դարձնում գնահատողների համար: Հաքերների մասին այս թրիլերի հեղինակներն օգտագործում են այն հնարքները, որոնք մշակել ու կատարելության է հասցրել «արդյունաբերական թրիլերի արքա» Դևիդ Ֆինչերը: Նրանք անընդհատ խաբում են հանդիսատեսին, կեղծ ճանապարհով են տանում, որպեսզի ի վերջո ապշեցնեն նրան հիանալի մի «թվիսթով», որը կարող է հերթական խաբեությունը լինել:

«Իրական արնախումները»

Նոր Զելանդիայում կենսուրախ մարդիկ են ապրում: Դա շատ լավ երևում է նրանց կիոնյից: Քլեմենթ-Վայտիտի ռեժիսորական դուետը կարողացել է «2 կոպեկով» ստեղծել վերջին տարիներին անկասկած ամենածիծաղելի ֆիլմը: Սովորական մարդկանց կողքին ապրող մի խումբ վամպիրների դժվարին առօրյան ներկայացված է հեռուստառեպորտաժի տեսքով: Կինոնկարն այնքան հյութեղ է ու համոզիչ, որ իրականության վերաբերյալ կասկածներ չեն առաջանում:

«Լոբստերը»

Հույն ռեժիսոր Յորգոս Լանտիմոսի դեբյուտը դաժան ու բարձրաձայն բողոքի ակցիա է: Խենթ մի գաղափար օգտագործելով` ֆիլմի հեղինակը կարողացել է մերկացնել ժամանակակից հասարակության ամենացավոտ վերքերը, որոնք հաճախ չեն բացահայտվում: «Լոբստերը» սիրո պատմություն է, որը ծավալվում է մոտ ապագայում, որտեղ միայնակ մարդկանց ձերբակալում են և ուղարկում սարսափելի մի հյուրանոց: Այնտեղ նրանք պարտավոր են իրենց համար զույգ գտնել 45 օրվա ընթացքում: Եթե դա չի հաջողվում, նրանց վերածում են կենդանիների ու անտառ տեղափոխում:

«Էակը»

Այս հիանալի սարսափ ֆիլմի տարօրինակ սյուժեի ետևում հստակ մի կոչ է նշմարում` «սիրո մեջ էլ է անհրաժեշտ պաշտպանվել»: Վախեցնելու համար հանդիսատեսին` ռեժիսոր Դևիդ Ռոբերտ Միթչելն օգտագործում է այդ ժանրի համար միանգամայն ոչ ստանդարտ մոտեցում: Անշտապ շարադրանքի մեջ գործնականում բացակայում են «բու-էֆեկտները», չարագուշակ ձեղնահարակ ու սարսափազդու ձայնեը: Դրանց փոխարեն մոտեցող սարսափի մշտական զգացողությունն է, որից հանդիսատեսն իրեն իրոք լավ չի զգում:

«Սերը»

Էպատաժային արգենտինացի Գասպար Նոեն, որը շոկ առաջացրեց հանդիսատեսի մոտ անմոռանալի «Անդառնալիություն» ֆիլմով, կրկին օգտագործում է իր նախընտրած մոտեցումը` քայքայման թեման կրկին ներկայացվում է ծայրահեղ բաց դրվագներով: Ռեժիսորի ուշադրության կենտրոնում սերն է, որը նա ուսումնասիրում և մատցում է իր նախնական տեսքով: Ֆիլմն արգելված է բազում երկրներում բազմաթիվ անկողնային դրվագների պատճառով, որնոք առավելագույնս իրականին մոտ են նկարահանված:

«Փողոցի ձայնը»

Ռեժիսոր Ֆ. Գերի Գրեյը կատարել է անհնարինը: Միջակ մարտաֆիլմերի հեղինակը զարմանալի ներդաշնակ ու գեղեցիկ երաժշտական դրամա է ստեղծել` պատմելով Կալիֆորնիայի Կոմպտոնում N.W.A. խմբի կայացման մասին, որը 1980-ականների կեսերին հեղափոխություն գործեց հիփ-հոփ երաժշտության մեջ: Նույնիսկ եթե դուք անտարբեր եք այդ ժանրի երաժշտության հանդեպ, կինոնկարն արժե նայել, քանի որ, դա առաջին հերթին լավ սոցիալական դրամա է:

«Ալիքը»

Սկանդինավյան երկրներում կարողանում են լավ կինո նկարահանել: Եվ նույնիսկ առաջին հայացքից պարզ ֆիլմերը կարողանում են առաջին իսկ րոպեներից գրավել հանդիսատեսին: Հավանաբար, պատճառն այն մանրակրկիտ մոտեցումն է, որով այդ հյուսիսային երկրների բնակիչները ցուցադրում են իրենց կենցաղն ու ապրելակերպը կինոյի միջոցով: Փոքրիկ նորվեգական քաղաքում ծավալվող տեղական նշանակության ապոկալիպսիսը կրքերի շիկացման աստիճանով շատ է գերազանցում հոլիվուդյան կինոյի «գլոբալ աղետները»:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---