Ինչպես հայ  վաճառականը հեղինակեց Աստվածաշնչի առաջին ամբողջական չինարեն թարգմանությունը

Ինչպես հայ վաճառականը հեղինակեց Աստվածաշնչի առաջին ամբողջական չինարեն թարգմանությունը

Հայ-չինական դարավոր առնչությունների պատմությունը բավական ուշագրավ դրվագներ ունի:

Հատկապես հետաքրքիր է չինահայ գործիչների՝ քիչ հայտնի կամ անհայտ գործունեությունը։

PanARMENIAN.Net - ը հավաքել և ներկայացնում է Աստվածաշնչի չինարեն առաջին և ականավոր թարգմանիչներից մեկի՝ Հովհաննես Ղազարյանի գործունեության կարևոր դրվագները։

Հովհաննես Ղազարյանի կամ, անգլիական տարբերակով, Ջոն Լազարի (Joannes Lassar) վերաբերյալ հայկական աղբյուրներ չկան, ըստ էության, նրա գործունեությունը հայտնի չի եղել ժամանակի հայկական շրջանակներին։ Փոխարենը չինահայ գործչի մասին հետաքրքիր տեղեկություններ կան Հնդկաստանում և Չինաստանում գործած անգլիացի միսիոներների թողած աղբյուրներում։

Ըստ այդ աղբյուրների՝ Հ․ Ղազարյանը ծնվել է 1781 (այլ տվյալներով՝ 1778 թ․)թվականին Չինաստանի Մակաո քաղաքում, մեծահարուստ հայ վաճառականի ընտանիքում։ Բացի հայերենից, մանկության տարիներին իրենց տանն ապրող չինացի ծառաների օգնությամբ սովորել և հրաշալի տիրապետել է չինարենի հարավային խոսվածքին, ապա հոր նախաձեռնությամբ Կանտոն քաղաքում սովորել է նաև գրական չինարեն, ինչպես նաև պորտուգալերեն ու անգլերեն։ Նա այնքան էր հմտացել չինարենի ուսման մեջ, որ Մակաոյում՝ պորտուգալական կառավարչական հիմնարկում որպես թարգմանիչ վարել է պաշտոնական գրագրությունը չինական իշխանությունների հետ։ Զբաղվել է նաև ուսուցչությամբ ու առևտրային գործունեությամբ։

Ժամանակաշրջանում Հարավային ու Հարավ-արևելյան Ասիայում ակտիվանում է անգլիացի քրիստոնյա միսիոներների, հատկապես բողոքականնների գործունեությունը։ Միևնույն ժամանակ, միսիոներական գործունեությունը ընդլայնելու և Աստվածաշունչը տարածաշրջանի լեզուներով հասանելի դարձնելու նպատակով, մեծապես կարևորվում է թարգմանական գործունեությունը։ 1800 թ․ Կալկաթայում հիմնադրվում է Ֆորտ Ուիլիամի քոլեջը, որն այլ խնդիրներից բացի պետք է զբաղվեր նաև թարգմանական աշխատանքներով։ Ահա հենց Հնդկաստանը դարձավ այն կենտրոնը, որտեղ տեղի լեզուների հետ մեկտեղ կարևորվում է նաև Աստվածաշնչի չինարեն թարգմանությունը։

Նշենք, որ քրիստոնեական գրականությունը չինարեն թարգմանելու առաջին քայլերը կատարելվել են դեռևս միջնադարում՝ եվրոպացի կաթոլիկ քարոզիչների կողմից․ եղել են Աստվածաշնչի որոշ հատվածների ձեռագիր թարգմանություններ։ 19-րդ դարի սկզբին ահա բողոքական եկեղեցիների, ինչպես նաև Անգլիական եկեղեցու կողմից խնդիր դրվեց ունենալ ամբողջական տպագիր թարգմանություն։ Սակայն չինարենի լեզվական դժվարությունների պատճառով նախնական փորձերը հաջողություն չունեցան և կիսատ մնացին։

1804 թ․Ջոն Լազարը առևտրական գործունեության նպատակով ժամանում է Կալկաթա, որտեղ էլ Ֆորտ Ուիլիամի քոլեջի փոխտնօրեն, Անգլիկան եկեղեցու նշանավոր քահանա Կլոդիուս Բյուքենենը, տեղեկանալով չինահայ գործչի հմտությունների ու լեզվական գիտելիքների մասին, առաջարկում է նրան հանձն առնել Աստվածաշունչը չինարեն թարգմանելու գործը։ Հովհաննեսը, որի ֆինանսական գործերն այդ ժամանակ այդքան էլ լավ չէին, համաձայնում է։ Քոլեջում աշխատանքի դիմաց նա ստանում է տարեկան 300 հնդկական ռուփի կամ 450 անգլիական ֆունտ ստերլինգ։

Թարգմանության գործին մասնակցում էր նաև բողոքական գործիչ Ջոշուա Մարշմանը, որը դեռևս անհրաժեշտ չափով չէր տիրապետում չինարենին։ Թարգմանության գործը հաջողությամբ գլուխ բերելու և արագացնելու նպատակով 1806 թ․ սկզբին Հ․ Ղազարյանը չինարենի դասընթաց է կազմակերպում, որին մասնակցում էին Մարշմանը, նրա երկու որդիները, ինչպես նաև քոլեջի տնօրենի որդին։ Ջոն Լազարը թարգմանություն կատարելիս օգտվել է Աստվածաշնչի ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն հրատարակություններից և պորտուգալերեն-չինարեն բառարանից։

1807 թվականին Ջ․ Լազարն ու Ջ․ Մարշմանը տեղափոխվում են Կալկաթայից ոչ հեռու գտնվող Սերամփուր քաղաք։ Նույն տարում ավարտվում է Մատթեոսի ավետարանի թարգմանությունը, որի օրինակը Ջ․ Լազարն ուղարկում է Անգլիա՝ Քենթերբերիի արքեպիսկոպոսին, Լամբեթի գրադարանի համար։ Հաջորդ տարիների ընթացքում Լազարն ու Մարշմանը շարունակում են մաս առ մաս թարգմանել նաև մյուս երեք ավետարանները։ 1810 թ․ Սերամփուրում արդեն առանձին գրքերով հրապարակվում են Մատթեոսի և Մարկոսի ավետարանները։ Հաջորդ տարի ամբողջովին ավարտվում է Նոր կտակարանի թարգմանությունը, որն էլ հրատարակվում է 1813 թվականին Սերամփուրում։

Գրքերը աչքի էին ընկնում ինչպես թարգմանության բարձր որակով, այնպես էլ հիերոգլիֆների գեղագրական (կալիգրաֆիական) լավ ձևավորմամբ։ Բացի այդ, աստվածաշնչյան անուններն ու տերմինները չինարենի հնչյունաբանությանը հարմարեցնելու համար հեղինակների կողմից ստեղծվում են նոր օժանդակ հիերոգլիֆներ։

Հովհաննես Ղազարյանի կատարած թարգմանական աշխատանքը բարձր է գնահատվել արդեն իսկ իր ժամանակակիցների կողմից։ Այսպես, 1806 թ․ սեպտեմբերի 13-ին Ֆորտ Ուիլիամ քոլեջի տնօրեն, վերապատվելի Դեվիդ Բրաունը Անգլիա ուղարկված իր նամակներից մեկում նշում է․ «Պրոֆեսոր Լասարն ինձ [Աստվածաշնչի] երեք չինարեն օրինակ է ուղարկել՝ իր սեփական գլխի և ձեռքի աշխատանքը: Քանի որ նշված օրինակները այս առավոտ են հապճեպ հրատարակվել, ես դրանք խիստ քննադատության չէի ենթարկի, սակայն պարոն Լասարը կատարյալ չինացի է և հրաշալի աշխատանք կատարած կլինի` թարգմանելով այդ լեզվով, եթե Աստված նրան հինգ-վեց տարվա կյանք տա: Նա Աստվածաշունչը այդ լեզվով կարդում է ամեն ինչ այնքան արագ, որքան դուք` անգլերեն, և նույնքան արագ էլ գրում է»:

Պետք է նշել, որ Ջ․ Լազարի ու Ջ․ Մարշմանի թարգմանությանը զուգահեռ Լոնդոնի միսիոներական ընկերության հովանավորությամբ Կանտոնում նույնպիսի աշխատանք էր կատարում նաև բողոքական գործիչ Ռոբերտ Մորիսոնը, և այդ իմաստով, նրանց միջև որոշակի մրցակցություն կար, թեև թարգմանության մասնագիտական հարցերի շուրջ նաև համագործակցում էին։

Նույն 1813 թ․ Կանտոնում Ռ․ Մորիսոնի թարգմանությամբ հրատարակվում է Նոր կտակարանի ամբողջական տարբերակը։ 10 տարի անց այս անգամ արդեն Մալակկայում (ներկայիս Մալազիայի տարածքում) հրատարակվում է Աստվածաշնչի ամբողջական տարբերակը Մորիսոնի թարգմանությամբ։ Սակայն դրանից մեկ տարի առաջ՝ 1822 թ․ Հնդկաստանում հրատարակվում է Հ․ Ղազարյանի ու Ջ․ Մարշմանի թարգմանական տարբերակը, որը, մասնագետների համոզմամբ տվյալ ժամանակաշրջանի լավագույն չինարեն թարգմանությունն էր թե իր բարձր որակով, թե թարգմանական ոճի յուրահատկությամբ։

Հովհաննես Ղազարյանի հետագա կյանքի ու գործունեության վերաբերյալ ստույգ տվյալներ չկան: Ենթադրվում է, որ մահացել է 1820-ական թթ․, այլ տվյալներով՝ 1835 թվականին։

Օգտագործված աղբյուրներ․ Stephen Neill, A History of Christianity in India: 1707-1858, Cambridge, 1985 Elijah Coleman Bridgman, S. Wells Williams, The Chinese Repository, vol IV, Canton, 1836 Ching Su, The printing presses of the London missionary society among the Chinese, London, 1996 Claudius Buchanan ,Two discourses preached before the University of Cambridge, on Commencement Sunday, July 1, 1810, Boston, 1811 Daniel Jeyaraj , Embodying Memories: Early Bible Translations in Tranquebar and Serampore, International bulletin of missionary research David Helliwell /Curator of Chinese Collections, Bodleian Library/, The earliest missionary editions, SERICA, some notes on old Chinese books, January 2013 "Кино, человек, время" - Интервью с Рубеном ГИНИ, Анив, 10.04.2013 №6 (45)

Սամսոն Հովհաննիսյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---