Կինոաֆիշ. 5 ֆիլմ, որոնք կարելի է դիտել փետրվարին

Կինոաֆիշ. 5 ֆիլմ, որոնք կարելի է դիտել փետրվարին

Ձմռան վերջին ամիսը համաշխարհային կինոյի համար նշանավորվում է «Օսկարի» առաջիկա մրցանակաբաշխությամբ

«Օսկարի» համար մրցավազքն» ավարտվել է մեկ ամիս առաջ: Բաղձալի արձանիկի գլխավոր հավակնորդներն արդեն հայտնի են, կինոքննադատները կանխատեսումներ են անում, իսկ ստուդիաները մեծ զգուշավորությամբ են իրենց նորություններն ընդգրկում աֆիշում: Չնայած այն հանգամանքին, որ ձմռան վերջին ամիսը համաշխարհային կինոյի համար նշանավորվում է «Օսկարի» առաջիկա մրցանակաբաշխությամբ, գարնանն ընդառաջ կարելի է նաև բլոկբաստերների հանդիպել:

PanARMENIAN.Net - Ծանոթանալով աֆիշին` PanARMENIAN.Net ը ներկայացնում է 5 նորույթ, որոնք կարելի է դիտել Երևանի կինոթատրոններում փետրվարին:

«Դեդփուլ» (օրիգ. անվանումը` Deadpool)

Կատակերգություն, մարտաֆիլմ, թրիլեր, ԱՄՆ, 2016 թ.

Ռեժիսոր` Թիմ Միլլեր

Դերերում` Ռայան Ռեյնոլդս, Մորեան Բաքքարին, Էդ Սքրեյն, Ջինա Քարանո, Թի Ջեյ Միլլեր:

Պրեմիերան Երևանում փետրվարի 11-ին:

Աշխարհի ամենախարիզմատիկ և հայտնի հակահերոսներից մեկի` Marvel-ի վերջին հայտնությունը կինոյում, մեղմ ասած, ձախողված էր: 2009-ին նկարահանված «Իքս մարդիկ. Սկիզբ. Ռոսոմախա» կինոնկարում հայտնի կերպարն այնքան էր նվաստացած, որ երկրպագուներն այդ գործը հիշում են բացառապես որպես սարսափելի երազ: Արդարությունը հաղթեց միայն 2015-ին, երբ էքսցենտրիկ Թիմ Միլլերը սկսեց «ճիշտ» «Դեդփուլի» նկարահանումները: Կինոնկարը «մեծահասակների համար» վարկանիշ ստացավ, քանի որ այդ կերպարի գոյությունն առանց որոշակի դաժանության անհնար է պատկերացնել: Սև և սուր հումորը, կինոյին հատուկ տարբեր կարծրատիպերը ծաղրի ենթարկելու հետ մեկտեղ, նոր ֆիլմը դասեց անմոռանալի «Պիպեց»-ի շարքին:

«Ուշադրության կենտրոնում» (օրիգ. անվանումը` Spotlight)

Դրամա, ԱՄՆ, 2015 թ.

Ռեժիսոր` Թոմաս Մաքքարթի

Դերերում` Մարկ Ռուֆալլո, Մայքլ Քիթոն, Ռեյչել Մաքադամս, Լև Շրայբեր, Ջոն Սլեթթերի, Սթենլի Տուչչի, Բիլլի Քրուդափ:

Պրեմիերան Երևանում փետրվարի 11-ին:

Ֆիլմը լավագույն հավակնորդներից է «Օսկարի» «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում: Միաժամանակ` վերջին շրջանի լավագույն խոսակցական դրամաներից մեկն է: Իրական իրադարձությունների վրա հիմնված ֆիլմը պատմում է The Boston Globe-ի լրագրողի հետաքննության մասին, որի ժամանակ պարզվում է, որ Բոստոնի թեմի սպասավորներից շատերը մանկապիղծներ են: Բարդագույն թեման մատուցվում է որպես մանրակրկիտ լրագրողական հետաքննություն, որը վիրահատական ճշգրտությամբ է նկարագրում իրադարձություններն ու հատում վերքերը, որոնք երբեք չեն ապաքինվի: Միաժամանակ` սա իսկական լրագրողական ձոն է և սիրո խոստովանություն լրագրողի մասնագիտությանը:

«Հպարտություն և նախապաշարմունք և զոմբիներ» (օրիգ. անվանումը` Pride and Prejudice and Zombies)

Մարտաֆիլմ, սարսափ, ԱՄՆ, 2016 թ.

Ռեժիսոր` Բյոր Սթիրս

Դերերում` Լիլի Ջեյմս, Սեմ Ռայլի, Ջեք Հյուսթոն, Բելլա Հիթկոթ, Դուգլաս Բուտ

Պրեմիերան Երևանում փետրվարի 18-ին:

2009-ին գրող Սեթ Գրեմ-Սմիթը հանրությանը ներկայացրեց Ջեյն Օսթինի դասական «Հպարտություն և նախապաշարմունք» վեպի պարոդիան: Նա մեծ վարպետությամբ միախառնել է վիկտորիանական Անգլիայի իրողությունները զոմբի-սարսափի և արևելյան մենամարտերի ժամանակակից տարրերի հետ: «Հպարտություն և նախապաշարմունք և զոմբիներ» վեպն այնքան հաջողված ստացվեց, որ այն արագ էկրանավորելու որոշում կայացվեց: Սակայն, բարդ արտադրական գործընթացը, դերասանների և ռեժիսորի հաճախակի փոփոխությունները հետաձգեցին երկար սպասված ֆիլմի պրեմիերան կես տասնամյակով: Այժմ, վերջապես, Գրեմ-Սմիթի երկրպագուներն ու զոմբիների մասին ֆիլմերի սիրահարները կարող են տեսնել վերջնական արդյունքը:

«Երեք իննոց» (օրիգ. անվանումը` Triple 9)

Դրամա, թրիլեր, ԱՄՆ, 2016 թ.

Ռեժիսոր` Ջոն Հիլքոութ

Դերերում` Քեյսի Աֆլեկ, Չիվետել Էջիոֆոր, Ահարոն Փոլ, Էնթոնի Մակի, Նորման Ռիդուս, Քեյթ Ուինսլեթ, Գալ Գադոթ, Վուդի Հարելսոն:

Պրեմիերան Երևանում փետրվարի 25-ին:

Բեն Աֆլեկի «Գողերի քաղաքը» կողոպուտների մասին ֆիլմերի շարքի վերջին արժանի նմուշն է: Գերազանց «Աշխարհի ամենահարբած շրջանի» ռեժիսոր Ջոն Հիլքոութը, կարծես, վճռական է տրամադրված փոխելու իրավիճակը: Հավաքելուվ հոլիվուդյան աստղերին և «մեծահասակների» համար վարկանիշ ստանալով իր ֆիլմի համար` ռեժիսորն անմոռանալի պատմություն է խոստանում հանդիսատեսին մի խումբ հանցագործների և կաշառված ոստիկանների մասին, որոնք հայտնվում են ռուսական մաֆիայի որոգայթում:

«Եգիպտոսի աստվածները» (օրիգ. անվանումը` Gods of Egypt)

Ֆանտաստիկա, արկածային, ԱՄՆ, 2016 թ.

Ռեժիսոր` Ալեքս Փրոյաս

Դերերում` Ջերարդ Բաթլեր, Ջեֆրի Ռաշ, Նիկոլայ Քոսթեր-Վալդաու, Էլոդի Յունգ, Բրենթոն Թուեյթես:

Պրեմիերան Երևանում փետրվարի 25-ին:

Եգիպտական Սեթ աստվածը սպանում է եղբորը` Օսիրիսին և յուրացնում է իշխանությունը: Օսիրիսի որդին` Գոռը, փորձում է վրեժխնդիր լինել: Սեղմ այսպես կարելի է բնութագրել Ալեքս Փրոյասի նոր ֆիլմի սյուժեն: Մեծ ռեժիսորը («Մութ քաղաքը» միայն արդեն թույլ է տալիս նրան մեծ համարել) որոշել է անդրադառնալ Եգիպտոսի աստվածներին` հին Եգիպտոսի մշակույթի տարրերը վերածելով $140 մլն բյուջեով բլոկբաստերի: Թե ինչ է դրանից ստացվել, դեռ պարզ չէ: Թրեյլերները տխուր տպավորություն են թողնում: Սակայն, հույս կա, որ Փրոյասը հաղթահարել է դեպրեսիան, կապված իր երազած ` «Մթության սիրտը» ֆիլմի չկայացած նկարահանումների հետ, և կարող է արժանի բան ներկայացնել:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---