Տանկը Լուսնի վրա

Տանկը Լուսնի վրա

Ինչպես հայ կոնստրուկտորը ստեղծեց առաջին մոլորակագնաց սարքը

50 տարի առաջ՝ 1966 թ․ փետրվարի 3-ին «Լունա-9» խորհրդային տիեզերական սարքը պատմության մեջ առաջին անգամ փափուկ վայրէջք կատարեց Լուսնի մակերեսին՝ նոր էջ բացելով արտերկրային մարմինների հետազոտության պատմության մեջ։ Երկնային մարմինների կիրառական հետազոտությունների այդ դարաշրջանում մեծ է հայազգի ինժեներ-կոնստրուկտոր, գյուտարար Ալեքսանդր Քեմուրջյանի (1921-2003 թթ․) դերը։ Նա համարվում է խորհրդային մոլորակագնաց սարքերի հիմնադիր-հայրը և տիեզերական տրանսպորտային մեքենաշինության գիտական դպրոցի ստեղծողը։

PanARMENIAN.Net - ը ներկայացնում է դարակազմիկ հետազոտություններում իր ավանդն ունեցող հայազգի գիտնականի գործունեության ուշագրավ դրվագները։

Ալեքսանդր Քեմուրջյանը ծնվել է Վլադիկավկազում ․ նախնիները Տրապիզոնից գաղթած հայերից էին։ 1942 թ․, ուսումը կիսատ թողնելով, կամավոր մեկնել է ռազմաճակատ և մինչև վերջ մասնակցել Հայրենական մեծ պատերազմին՝ արժանանալով մի շարք պետական և ռազմական պարգևների։ 1951-1998 թթ․ աշխատել է Տրանսպորտային մեքենաշինության համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտում (1969թ․-ից՝ գլխավոր կոնստրուկտոր և տնօրենի տեղակալ):

1960-70-ականներին Խորհրդային Միության և ԱՄՆ-ի միջև սուր մրցակցություն ծավալվեց տիեզերագիտական հետազոտությունների և, մասնավորապես, միջմոլորակային թռչող կայանների ու տարբեր տիեզերական սարքերի նախագծման ու կիրառման ասպարեզում։ Երկու գերտերությունների գիտական կենտրոնները մրցակցում էին երկնային մարմինների վրա ոչ միայն առաջինն իրենց հետքը թողնելու հարցում, այլև ձգտում էին ստանալ առավել տպավորիչ արդյունքներ ու բարելավել իրենց գիտատեխնիկական ցուցանիշները։ 1960-ական թթ․ վերջին ամենաարդիական գիտական խնդիրներից մեկը տիեզերական այնպիսի սարքերի ստեղծումն էր, որոնց միջոցով հնարավոր կլիներ Լուսնի, ինչպես նաև Մարսի ու Վեներայի մակերևույթների վրա կատարել տարաբնույթ հետազոտություններ, լուսա- և տեսանկարահանումներ, հավաքել ապարների նմուշներ ու վերադարձնել Երկիր։

Լուսնագնաց-1-ի կրկնօրինակը Մոսկվայի Տիեզերագնացության թանգարանում

Ամերիկյան կողմն արդեն մշակում էր լուսնային ամենագնաց անվավոր մեքենաների նախագիծը։ Իսկ 1969 թ․ ամերիկացի տիեզերագնացների կողմից Լուսնի վրա առաջին պատմական վայրէջքից հետո Խոհրդային Միության համար արդեն պատվի հարց դարձավ Երկրի արբանյակի վրա ինքնագնաց մեքենայով առաջինը հետք թողնելու նպատակը։ Վերջապես, 1970 թ․ նոյեմբերի 17-ին «Լունոխոդ-1» («Լուսնագնաց-1»)՝ աշխարհում առաջին ավտոմատ ինքնագնաց գիտական լաբորատորիան լուսնէջք կատարեց ու սկսեց իր աշխատանքը։ Գիտատեխնիկական ոչ հեշտ այդ ծրագիրը գլուխ բերելու հարցում առանցքային է հենց Ալ․ Քեմուրջյանի կատարած աշխատանքը։

Ուշագրավ է առաջին լուսնագնացի ստեղծման պատմությունը։ Դեռևս 1950-ականների վերջին Լուսնի վրա հեռակառավարվող ինքնագնաց կայանք ուղարկելու միտք ունեին նշանավոր գիտնական Սերգեյ Կորոլյովը և նրա թիմակիցները։ Սակայն դրա համար անհրաժեշտ էր լուծել Լուսնի մակերեսին նման կայանքի տեղաշարժման՝ բուն ընթացային մասի ստեղծման խնդիրը։ 1963 թ․ Կորոլյովի ներկայացուցիչը նման առաջադրանք է տալիս այն ինստիտուտին, որտեղ աշխատում էր Քեմուրջյանը։ Ինստիտուտի տնօրենի հանձնարարությամբ այդ աշխատանքը պետք է կատարվեր հենց հայազգի կոնստրուկտորի ղեկավարությամբ, որը տարաբնույթ բարդ ու նորարարական նախագծերի, մասնավորապես տանկերի մշակման մասնագետի լայն համբավ ուներ, և զարմանալի չէ, որ լուսնագնացի առաջին մոդելը ստեղծվել էր պարզապես T-55 տանկի շասսիի հիման վրա։

Քեմուրջյանն սկսեց լայնածավալ գիտահետազոտական աշխատանք ծավալել բազմաթիվ հարցերի վերաբերյալ՝ մոլորակագնաց մեքենայի շասիից մինչև կառավարման համակարգ։ Լուսնագնացի վերջնական տեսքը կախված էր մի շարք կարևոր հարցերի լուծումից, որոնք այդ ժամանակ միանշանակ պատասխան չունեին՝ ի՞նչ առանձնահատկություններ ունի Լուսնի մակերևույթը, ինչպիսի՞ն պետք է լինի լուսնագնացի ընթացային մասը՝ թրթուրավոր, անվավոր, թե ոտքերով տեղաշարժվող․․․

Բազմաթիվ հանգամանքներ հաշվի առնելով՝ Քեմուրջյանն ի վերջո որոշում է ստեղծել անվավոր լուսնագնաց, և ինչպես հետո պարզվեց՝ այդ տարբերակը միանգամայն արդարացրեց իրեն։ Այնուհետև լուսնային մակերևույթի հնարավորինս ճշգրիտ կրկնօրինակը ստեղծելու նպատակով նա ուղևորվում է Հայաստան՝ իր հետ բերելով մի վագոն հրաբխային ապարներ, որոնք օգտագործվում են ինստիտուտի փորձադաշտում։

Ի վերջո, տարիների աշխատանքի արդյունքը՝ «Լուսնագնաց-1»-ը, ավելի քան արդարացրեց սպասելիքները և ավելի քան 10 ամիս հետազոտեց Լուսնի մակերևույթը՝ անցնելով շուրջ 10.5 կմ ճանապարհ ու Երկիր հաղորդելով ավելի քան 25 հազար լուսանկար։ Առաջին լուսնագնացի հաջողությունը զարգացրեց «Լուսնագնաց-2»-ը, որը լուսնային վայրէջք կատարեց 1973 թ․ հունվարի 15-ին։ Չորս ամսվա աշխատանքի արդյունքում այդ մեքենան անցավ ավելի քան 39 կմ (այդ հեռավորությունը ռեկորդային էր մինչև 2014 թ․, երբ Opportunity մարսագնացը գերազանցեց այն)՝ Երկիր ուղարկելով տեսանկարահանման ավելի քան 80 հազար կադր։ Քեմուրջյանի նախագծով ստեղծված հաջորդ լուսնագնացը՝ առավել կատարելագործված «Լունոխոդ-3»-ը, խորհրդային լուսնային ծրագրի դադարեցման հետևանքով այդպես էլ Լուսին չհասավ։

Լուսնագնաց-2-ը

Այնուամենայնիվ, լուսնագնացների ստեղծման ժամանակ Քեմուրջյանի գլխավորությամբ ձեռք բերված փորձն ու տեխնոլոգիաները կիրառվեցին նաև նմանատիպ այլ՝ Վեներայի, Մարսի ու վերջինիս Ֆոբոս արբանյակի ուսումնասիրման համար նախատեսված մոլորակագնացների ստեղծման ժամանակ։ Մասնավորապես, դարձյալ Քեմուրջյանի նախագծով է ստեղծվել աշխարհում առաջին՝ ПрОП-М փոքր մարսագնացը, որը, սակայն 1971 թ.՝ Մարս-3 տիեզերական կայանի վայրէջքից վայրկայններ անց շարքից դուրս է եկել մարսյան հզոր փոթորիկի հետևանքով։

Ուշագրավ է, որ Քեմուրջյանն իր նախագծած արտերկրյա մոլորակագնացների տեխնոլոգիան օգտագործվեց նաև մեր մոլորակում։ 1986թ․ Չեռնոբիլի ատոմակայանի պայթյունից հետո նրա իսկ ղեկավարությամբ շատ կարճ ժամկետում հեռակառավարվող հատուկ տրանսպորտային ռոբոտ է ստեղծվում, որը էական դեր խաղաց վթարի հետևանքների վերացման գործում։

Ալեքսանդր Քեմուրջյանի գիտական վաստակը բարձր է գնահատվել ինչպես Խորհրդային Միության (Ռուսաստանի), այնպես էլ միջազգային մասշտաբներով։ 1997 թ․Միջազգային աստղագիտական միությունը № 5933 աստղակերպն անվանել է նրա անունով (անգլ․՝ Kemurdzhian), իսկ 1988 թ Քեմբրիջի միջազգային կենսագրական կենտրոնը Քեմուրջյանի անունը ներառել է «20-րդ դարի ականավոր մարդիկ» գրքում (Outstanding People of the 20th Century)։ Խորհրդային լուսնագնացներին և Ալեքսանդր Քեմուրջյանի կատարած աշխատանքին է նվիրված ֆրանսիացի ռեժիսոր Ժան Աֆանասիեֆի «Տանկը Լուսնի վրա» փաստավավերագրական ֆիլմը (Tank on the Moon)։

Սամսոն Հովհաննիսյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---