Կենսառիթմեր. Երբ է նախընտրելի զբաղվել սպորտով և երբ քնել

Կենսառիթմեր. Երբ է նախընտրելի զբաղվել սպորտով և երբ քնել



Բոլոր օրգանիզմները` բույսերից սկսած մինչև միկրոօրգանիզմներ, անողնաշարներ և ողնաշարավորներ ու կաթնասուններ և մարդ, ենթակա են օրվա ռիթմերի ազդեցությանը: Ապացուցված է, որ այդ ազդեցությունը կախված է արյան մեջ հորմոնների պարունակության տատանումներից: Գիտնականները գլխուղեղում հայտնաբերել են «ցիրկադային կենտրոն», իսկ այնտեղ` այսպես կոչված առողջության կենսաբանական ռիթմերի «ժամային գեներ»:

PanARMENIAN.Net - Մարդու օրգանիզմի կարևորագույն ներքին խրոնոմետրերը գտնվում են գլխում (էպիֆիզ, հիպոտալամուս) և սրտում: Կենսաբանական ռիթմերը կարող են փոխվել, ներդաշնակվելով արտաքին ռիթմերի հետ` լուսավորվածության շրջանների (գիշեր-ցերեկ) հետ:

Օրվա ռիթմերն ուսումնասիրող գիտությունը կոչվում է քրոնոկենսաբանություն: Նրա հիմնական հասկացությունները ձևակերպել են գերմանացի և ամերիկացի գիտնականներ Յուրգեն Աշոֆն ու Քոլին Թիթենդրիգը:

Քրոնոկենսաբանության գլխավոր հասկացությունը ցերեկային ցիկլերն են, որոնց տևողությունը պարբերական է` մոտ մեկ օր: Ուստի իրար հաջորդող ցերեկային ցիկլերը կոչվում են ցիրկադային ռիթմեր: Այդ ռիթմերն անմիջական կապ ունեն լուսավորվածության փոփոխման ցիկլերի հետ, այսինքն կապված են իր առանցքի շուրջ Երկիր մոլորակի պտտվելու հետ:

1959-ի Աշոֆը մի օրինաչափություն հայտնաբերեց`այսպես կոչված «Աշոֆի կանոնը»; Ըստ կանոնի, «գիշերային կենդանիների մոտ ակտիվ շրջանի (արթմնի) տևողությունը ավելի տևական է մշտական լուսավորության դեպքում, իսկ ցերեկային կենդանիների մոտ արթմնի շրջանն ավելի տևական է մշտական մթության պայմաններում»: Եվ իրոք, մարդու և կենդանիների տևական մեկուսացման դեպքում մթության մեջ «արթմնի-քնած» ցիկլը երկարում է աթուն մնալու տևողության երկարացման հաշվին: Աշոֆի կանոնից բխում է, որ հենց լույսն է որոշում օրգանիզմի ցիրկադային տատանումները:

Ցիրկադային օրվա ընթացքում (արթնություն) մեր ֆիզիոլոգիան հիմնականում վերամշակում է կուտակված սննդարար նյութերը, որպեսզի էներգիա ստանա ակտիվ ցերեկային կյանքի համար: Հակառակը, ցիրկադային գիշերվա ժամանակ սննդարար նյութերը կուտակվում են, տեղի է ունենում հյուսվածքների վերականգնում և «նորոգում»:

Արթնանալուց առաջ, աշխարհագրական, իրական տեղական ժամանակով մոտ 05:00-ին, օրգանիզմը սկսում է նախապատրաստվել առաջիկա արթնացմանը. աճում է «ակտիվության հորմոնների»` կորտիզոլի, ադրենալինի, արտադրությունը: Արյան մեջ ավելանում է հեմոգլոբինի և շաքարի պարունակությունը, արագանում է երակազարկը, բարձրանում է արյան ճնշումը, խորանում է շնչառությունը: Սկսում է բարձրանալ մարմնի ջերմաստիճանը, բարձրանում է արագ քնի ֆազաների հաճախականությունը, աճում է սիմպատիկ նյարդային համակարգի տոնուսը: Բոլոր այդ երևույթներն ուժեղանում են լույսի, ջերմության և աղմուկի ազդեցության տակ:

Եվ այսպես, առավոտյան 4-6-ը օրգանիզմը պատրաստվում է արթնանալ, տեղի է ունենում բոլոր համակարգերի ակտիվացում: Առավոտյան 7-9-ը օրգանիզմն արդեն պատրաստ է արթնանալու, մարզանքի և նախաճաշի: Ժամը 9-10-ը բարձրանում է գլխուղեղի ակտիվությունը, 9-11-ը` իմունիտետը, արդյունավետ է դեղերի ընդունումը: Մինչև ժամը 11-ը օրգանիզմն իր ակտիվության գագաթնակետում է: Ժամը 12-ին պետք է նվազեցնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Գլխուղեղի ակտիվությունը նվազում է, արյունը լցվում է մարսողական օրգաններ: Աստիճանաբար սկսում է նվազել արյան ճնշումը, երակազարկը և մկանների տոնուսը, համապատասխանաբար, սակայն մարմնի ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ: 13-14-ը օրգանիզմը պատրաստ է ճաշի:

13-15-ը անկման շրջան է, որին բնորոշ է արյան ճնշման և հորմոնների մակարդակի նվազումը: Օրգանիզմը վերականգնվելու համար հանգստի կարիք ունի:

Ժամը 14-ից հետո ցավի զգացողությունը նվազագույնն է: Այդ ընթացքում առավել արդյունավետ և տևական են գործում ցավազրկող դեղամիջոցները: Ժամը 15-ին աշխատում է երկարատև հիշողությունը, 16-ից հետո սկսվում է օրգանիզմի ակտիվացման երկրորդ շրջանը:

Ժամը 15-18-ը լավ ժամանակ է սպորտով զբաղվելու համար: Այդ ընթացքում սկսվում է օրգանիզմի երկրորդ վերելքը` բարելավվում է արյան շրջանառությունը և հյուսվածքները հագենում են թթվածնով: Այս շրջանն իդեալական է սպորտով զբաղվելու և մաքուր օդին զբոսնելու համար:

16-19-ը բարձրանում է մտավոր ակտիվությունը: Ժամը 19:00-ն իդեալական է ընթրիքի համար:

19-ից հետո բարձրանում է ռեակցիան, 20-ից հետո կայունանում է հոգեկան վիճակը, օգտակար է զբոսանքը:

Երեկոյան, գիշերվանից առաջ, այսպես կոչված վերին ուղեղային հավելուկց` էպիֆիզից արյան մեջ է արտազատվում «գիշերային հորմոնը», մելատոնինը: Այդ նյութը էպիֆիզն արտադրում է միայն մութ ժամանակ, և նրա առկայությունն արյան մեջ ուղիղ համամասնական է լուսային գիշերվա տևողությանը: Մի շարք դեպքերում անքնությունը տարեց մարդկանց մոտ կապված է էպիֆիզում մելատոնինի անբավարար արտադրության հետ: Մելատոնինի պրեպարատները հաճախ օգտագործվում են որպես քնաբեր:

21:00-ից հետո բարձրանում է իմունիտետը, օրգանիզմը պատրաստվում է քուն մտնել, գրեթե 2 անգամ աճում է սպիտակ արյան գնդիկների քանակը (բարձրանում է դիմադրողականությունը), մարմնի ջերմաստիճանը նվազում է, շարունակվում է բջիջների թարմացումը:

22:00-ն իդեալական ժամանակ է քնելու համար: Իմունիտետն ուժեղացած է` պաշտպանելու համար օրգանիզմը քնած ժամանակ:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---