Հայ թագավորներն՝ իտալացիների վրձնով

Հայ թագավորներն՝ իտալացիների վրձնով

Ինչպես վենետիկցի վարպետներն առաջին անգամ պատկերագրեցին հայոց պատմությունը

19-րդ դարի վերջին Վենետիկի Մխիթարյան միաբանության հայրերը հայոց պատմության ամբողջական ժողովածուի նկարազարդումների համար դիմում են ժամանակի վենետիկցի հայտնի արվեստագետներին, որոնցից մեզ հայտնի են Ջուլիանո Ձասսոյի, Ջովանի Ֆուզարոյի և Ջուզեպե Կանելլա կրտսերի անունները։

PanARMENIAN.Net - Նրանց աշխատանքների մեծ մասը՝ շուրջ 40 գրաֆիկական գործ, Մխիթարյան միաբանության վենետիկյան թանգարանից 2005 թվականին առաջին անգամ դուրս բերվեցին և մի քանի ամիս շարունակ ցուցադրվեցին Հայաստանի Ազգային պատկերասրահում։ Այդ գործերի մեծ մասը առանձին ժողովածուով հրատարակվել է 2007 թ․ Երևանում։ PAN-ը ներկայացնում է այդ նկարիչների 8 ուշագրավ գործերը։

Ջուզեպե Կանելլան (1837-1913) Կանելլա ընտանիքի կրտսեր ներկայացուցիչն էր, հայրը՝ Ջուզեպե Կանելլա ավագը, նույնպես հայտնի նկարիչ էր։ Ջուլիանո Ձասսոն (Guiliano Zasso, 1833-1889) նկարիչ ու տպարանատեր էր, համագործակցում էր նաև Սուրբ Ղազարի տպարանի հետ։ Ֆուզարոյի (Ֆուսսո) վերաբերյալ, ցավոք, հստակ կենսագրական տվյալներ չեն պահպանվել։

Իտալացի մի շարք հայտնի վարպետներ կլասիցիզմի ուղղության իրենց գործերում անդրադարձել են հայկական թեմային՝ գերազանցապես պատմանկարչության ժանրում։ Առավելապես հայտնի են 18-րդ դ․ վարպետներ Ֆ․ Ձունյոյի «Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատ թագավորին», Ֆ․ Մաջոտոյի Սբ․ Մեսրոպ Մաշտոցի և Սբ․ Սահակ Պարթևի դիմանկարները, ինչպես նաև ավելի ուշ շրջանում՝ Լ․Գավանյինի «Ավարայրի ճակատամարտը» նկարները, որոնք նույնպես պահվում են Սուրբ Ղազարի թանգարանում։

Հայոց պատմության նման առաջին ժողովածուն (ֆրանսերեն) հրատարակվել է 1887 թ․Սբ․ Ղազար կղզում Հայր Հակոբոս Իսավերդենցի (1835-1902թթ․) կողմից։ Գրքի նախաբանում նա տեղեկացնում է, որ հայ մեծահարուստ Ժան Արաթուն Բատավիացին (Հովհաննես Հարությունյան), որի ծախքով էր տպագրվել էր ժողովածուն, հայրենասիրական մղումից դրդված դիմել է իրեն՝ «փնտրելու և ժողովելու մեր սիրասուն Հայաստանի պատմության գլխավոր իրադարձությունները՝ իրապատում, թե առասպելական»։ Հակոբոս Իսավերդենցը, որը նաև բանասեր ու թարգմանիչ էր, այդ հանրամատչելի ժողովածուն կազմելիս օգտագործել է հայ բանահյուսության և պատմագրության նյութերը՝ հատկապես Մովսես Խորենացու և Միքայել Չամչյանի «Հայոց պատմություն»-ները։

Հենց Ժան Արաթունի հովանավորությամբ էլ հրապարակվում է Ձասսոյի, Կանելլայի և Ֆուզարոյի կողմից հայոց պատմության առաջին ամբողջական պատկերագրությունը՝ շուրջ վեց տասնյակ գրաֆիկական գործ։ Դա աննախադեպ էր հայ իրականության համար, և պատահական չէ, որ այդ գործերը հետագա վերահրատարակությունների միջոցով տարածվել են ու հրապարակվել նաև Մխիթարյանների կազմած դասագրքերում։

Իտալացի այս նկարիչները եվրոպական դասական գեղանկարչության լավագույն ավանդույթներով կարողացել են վերակերտել հայոց պատմության իրապատում և առասպելական միջավայրը՝ բնապատկերների, ճարտարապետական շինությունների, քաղաքային ու ռազմական տեսարանների, պալատական ինտերիերների, ժամանակի հագուստների, զենքուզրահի վարպետորեն պատկերմամբ։ Նրանք հայոց պատմության նշանավոր դրվագները պատկերում են հինարևելյան և անտիկ պատմության կարևոր դեմքերի ու դեպքերի հետ միահյուսված՝ դրանով իսկ հայոց պատմությանը համաշխարհային պատմության շունչ հաղորդելով։

Ջուլիանո Ձասսո, «Առասպելական Հայկ նահապետը հաղթում է բաբելացի Բելին»․ պատկերված է Հայկի կողմից Բելին նետահարման պահը։

Ջ․ Ֆուզարո, «Տիգրան Մեծը իրեն շրջապատող չորս թագավորների հետ»

Հետաքրքիր է նշել, որ հունա-հռոմեական նշանավոր պատմագիր Պլուտարքոսն այսպես է նկարագրում Տիգրան Մեծի աշխարհակալ արքա լինելը․ «Նրա մոտ գտնվում էին շատ թագավորներ, որոնց ծառաների դիրքին էր դասել, իսկ նրանցից չորսին նա մշտապես իր մոտ էր պահում՝ որպես ուղեկիցներ կամ թիկնապահներ․․․»։

Ջուզեպե Կանելլա, «Արտաշես 1-ինի հուղարկավորումը»

Ըստ Մ․ Խորենացու՝ Արտաշես Բարեպաշտի մահից հետո բոլորը ողբում էին նրա մահը, իսկ շատերը նույնիսկ ինքնասպան եղան՝ չցանկանալով ապրել իրենց սիրելի թագավորի մահվանից հետո։

Ջ․ Ձասսո, «Դրաստամատը ինքնասպանություն է գործում իր տիրոջ՝ հայոց Արշակ թագավորի հետևողությամբ» (դրվագ)

«Արշակ և Շապուհ» նշանավոր ավանդազրուցի վերջին դրվագի պատկերումն է։ Արշակ 2-րդ թագավորի պալատական ներքինի Դրաստամատը, որը պարսկական բանակում մեծ քաջագործություններ էր արել քուշանների դեմ մղված պատերազմներում, հրաժարվում է պարգևներից և խնդրում է պարսից Շապուհ թագավորին իրեն թույլատրել մեկ օր ծառայել Անհուշ բերդում բանտարկված իր թագավորին: Շապուհը բավարարում է նրա խնդրանքը։ Այցելելով Արշակին՝ Դրաստամատն արձակում է նրա շղթաները, արքայավայել հանդերձավորում, կազմակերպում ճոխ խնջույք, որի ավարտին էլ թե՜ Արշակը, թե՜ Դրաստամատն անձնասպան են լինում:

Ջ․ Ձասսո, «Սմբատ Բագրատունին խարանում է դավաճան մերուժան Արծրունուն»

Ըստ Մովսես Խորենացու, Արշակ 2-րդին դավաճանած նախարար Մերուժան Արծրունին Ձիրավի ճակատամարտում (371թ․) պարսկական զորքի պարտությունից հետո Կոգովիտ գավառում ձերբակալվել և մահապատժի է ենթարկվել Արշակին հաջորդած Պապ թագավորի մերձավորներից թագադիր ասպետ Սմբատ Բագատունու ձեռքով։ Վերջինս, պսակաձև շիկացած շամփուրը դնելով Մերուժանի գլխին՝ ասում է․«Քեզ պսակում եմ, Մերուժան, որովհետև դու ձգտում էիր Հայոց վրա թագավորելու և իմ՝ ասպետիս պարտքն է քեզ պսակել իմ հայրենի իշխանության կարգով»։

Ջ․ Ձասսո, «Հայերը փախուստի են մատնում Անին պաշարող բյուզանդական զորքին»

Նկարում պատկերված է Անիի Բագրատունյաց թագավորության նշանավոր սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ հայոց մայրաքաղաքը նվաճել փորձող բյուզանդական զորքին ջախջախելու և փախուստի մատնելու (1043-44 թթ․) դրվագներից մեկը։

Ջ․ Ձասսո, «Քաջ Թաթուլ Վանանդեցին բռնակալ Տուղրիլի առջև»

1054 թ․ Տուղրիլ սուլթանի գլխավորությամբ Հայաստանն ասպատակող սելջուկյան զորքերին Վանանդում հերոսական դիմադրություն ցույց տվեցին Կարսի Բագրատունյաց վերջին թագավոր Գագիկ Ա-ի և Թաթուլ զորավարի գլխավորած ուժերը։ Սակայն Կարսի ճակատամարտում հերոսական մարտեր մղելիս Թաթուլը գերի է ընկնում, որին Տուղրիլը խոստանում է ազատել, եթե նրա կողմից վիրավորված իր ազգական իշխանի որդին ապաքինվի։ Թաթուլը հպարտ ու ինքնավստահ պատասխանել է` «…եթե իմ զարկածն է, ապա չի ապրի»: Վիրավորի մահից հետո Թաթուլը մահապատժի է ենթարկվում։

Ջ․ Ձասսո, «Լևոն Մեծագործի թագադրությունը» (դրագ)

Ջուլիանո Ձասսոյի այս գործը պատկերում է 1198 թ․ հունվարի 6-ին Տարսոն քաղաքի մայր տաճարում Լևոն Բ Մեծագործի՝ որպես հայոց թագավոր օծումը։

Օգտագործված աղբյուր՝ Հայոց պատմության էջեր իտալացի նկարիչների գրաֆիկական աշխատանքներում (Մծիթարյան Միաբանության հավաքածուից), Ե․ 2007

Սամսոն Հովհաննիսյան/PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---