Ձմեռը սարերի հետևում չէ

Ձմեռը սարերի հետևում չէ

«Գահերի խաղի» նոր էպիզոդի գրախոսությունն առանց սփոյլերների

Ապրիլի 24-ին տեղի ունեցավ «Գահերի խաղը» սերիալի նոր 6-րդ սեզոնի երկար սպասված պրեմիերան: Հեռուստաշոուն, որը վաղուց արդեն լեգենդ է դարձել, նվաճելով միլիոնավոր երկրպագուների սրտերը, արդեն ոչ թե շարքային սերիալ է, այլ մշակութային ֆենոմեն: Ջորջ. Ռ.Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարը տաղանդավոր մարդկանց ջանքերով մեծ խնամքով տեղափոխվեց էկրան: Այդ պատճառով յուրաքանչյուր նոր սեզոն ամիսների սպասում է, ակտիվ քննարկումներ և մեծագույն հաճույք դիտումից:

PanARMENIAN.Net - ն իր տպավորություններն է ներկայացնում 6-րդ սեզոնի առաջին էպիզոդից, առանց սփոյլերների:

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ, ըստ ավանդույթի, «Գահերի խաղի» յուրաքանչյուր սեզոն ոչ միայն նախանշում է հետագա իրադարձությունների հիմնական ուղղությունները, այլ նաև ներկայացնում է այն նվազագույն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են կրկին «հունի մեջ» ընկնելու համար: Շարադրման մոդուլային կառուցվածքը` անցումը մի լոկացիայից մյուսին, թույլ է տալիս էպիզոդի ոչ այնքան երկար տևողության ընթացքում կերպարների որքան հնարավոր է լայն շրջանակ ներառել: Պատմությունը սկսվում է այն պահից, որով ավարտվել է նախորդ սեզոնը` ճնշող մռայլ մթնոլորտը կրկին հիշեցնում է բեկումնային պահի մասին, որը, հավանաբար, կփոխի ամբողջ Վեսթերոսի հետագա ճակատագիրը:

Չնայած անհրաժեշտ միապաղաղությանը (հեղինակները պետք է առաջին հերթին պատմեն մեկ տարվա վաղեմության կերպարների մասին), առաջին էպիզոդը հարուստ է գործողություններով: Դիտելիս շտապողականության զգացողություն չի առաջանում` հեղինակները մի լոկացիայից մյուսին չեն անցնում առանց հիմնավոր պատումի` պատմության «մոդուլներից» յուրաքանչյուրը կոնկրետ բովանդակային ուղերձ ունի, ավարտվում է օրինաչափ շրջադարձով և կարող է կտրուկ փոխել նախկին ուղղությունը:

Ոչ գծային շարադրանքը միայն նպաստավոր է սերիալի համար` նախորդ սեզոնի սյուժետային խճճված հնարքներից քիչ բան է մնացել: Մեր առջև պատմությունների մի նոր կծիկ է, որի հետագա իրադարձությունները, ինչպես հատուկ է «Գահերի խաղին», անհնար է կանխագուշակել: Օրինակ, ամենավերջին, բոլորովին անսպասելի և ծայրահեղ հետաքրքրական շրջադարձի մասին դեռ երկար կխոսեն:

Առաջին իսկ կադրերից աչքի է ընկնում պատումի լայնածավալ լինելը` զուր չէին հեղինակները պնդում, թե նոր սեզոնները իրենց թափով և էպիկ բնույթով աննախադեպ են լինելու հեռուստատեսային արտադրանքի պատմության մեջ: Անկասկած, մեզ սպասում են ծավալուն ճակատամարտեր և սրերի անվերջանալի զրնգոց, ինչը բնորոշ է «Մատանիների տիրակալին»: Նոր սեզոնը նաև նոր հայացք է ընդհանուր ներկապնակին` հակադրությունները գնալով խորանում են. մութ և սառցե հյուսիսին հաջորդում է Դոթրակիացիների տիրությունների շլացուցիչ դեղինն ու Դորնի հյութեղ կանաչը:

Փոփոխություններ են կրել նաև գլխավոր գործող անձինք: Շատերն ավելի խիստ են դարձել, առնական, նմանվելով գիշատիչների, որոնք ապրում են երկար ձմռան ակնկալիքով: Առջևում բազում անհայտներ են, արյան ծովեր և անակնկալ մահեր, և դրան պետք է նախապատրաստել ինչպես գործող անձանց, այնպես էլ հանդիսատեսին: Առնվազն դա է հուշում մեկնարկած սեզոնի ընդհանուր տոնայնությունը:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---