Մայիսյան կինոպրեմիերաների հնգյակը

Մայիսյան կինոպրեմիերաների հնգյակը

«Առաջին վրիժառուից» մինչև «Իքս մարդիկ»

Կինոյի սիրահարները ցնծում են. մայիսն այսպես կոչված «բլոկբաստերների ամառային սեզոնի» մեկնարկն է: Սա կինոթատրոն այցելելու լավագույն ժամանակն է կինոսերների համար և համեղ պատառ ստուդիաների համար, որոնք ներկայացնում են իրենց ամենահավակնոտ նախագծերը: Փոքր բյուջեով կինոնկարների ժամանակն անցել է, այժմ մարտի մեջ են մտնում իսկական հսկաները, որոնք միլիոնների հասույթ են ապահովում:

PanARMENIAN.Net - Ծանոթանալով ցանկին` PanARMENIAN.Net ը 5 նորույթ է ներկայացնում, որոնք կարելի է դիտել մայիսին Երևանի կինոթատրոններում:

«Առաջին վրիժառուն. Դիմակայություն». (օրիգ. անվանումը` Captain America: Civil War)

Գերհերոսների մարտաֆիլմ, ԱՄՆ, 2016թ.

Ռեժիսորներ` Էնթոնի Ռուսո և Ջո Ռուսո

Դերերում` Քրիս Էվանս, Ռոբերտ Դաունի-կրտսեր, Սքարլեթ Յոհանսոն, Ջերեմի Ռեններ, Էլիզաբեթ Օլսեն

Պրեմիերան Երևանում մայիսի 5-ին

Կոմիքսների սիրահարները հիանալի գիտեն, որ ամենադրամատիկ թողարկումները միշտ նկարագրում են դիմակայությունը սիրված գերհերոսների միջև: Մարտին էկրաններ բարձրացած «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմը հիմնված էր հենց այդ գաղափարի վրա`ցավոք, հեղինակները չկարողացան նուրբ նկարագրել թեժ կրքերը, և, բնականաբար, ֆիլմն անխնա քննադատվեց: «Առաջին վրիժառուն. Դիմակայություն» ֆիլմը կարծես խուսափել է այդ թերությունից. Էնթոնի և Ջո Ռուսոները կարողացել են համոզիչ ներկայացնել Վրիժառուների թիմի պառակտման պատմությունը` շեշտը դնելով իրադարձությունների դրամատիզմի վրա: Ֆիլմն արժանացել է քննադատների բարձր գնահատականին և մտադիր է ռեկորդ սահմանել ցուցադրության առաջին հանգստյան օրերին:

«Մեզ պես դավաճանը» (օրիգ. անվանումը` Our Kind of Traitor)

Լրտեսական թրիլեր, Մեծ Բրիտանիա, 2016 թ.

Ռեժիսոր` Սյուզաննա Ուայթ

Դերերում` Յուեն Մաքգրեգոր, Նաոմի Հարրիս, Սթելլան Սքարսգարդ, Դեմիեն Լյուիս

Պրեմիերան Երևանում մայիսի 12-ին

Անգլիացի գրող Ջոն լը Կարեն հայտնի է հանրությանն իր «լուրջ» լրտեսական վեպերով, որտեղ իրադարձություններն առավելագույնս մոտեցված են իրականությանը: Անդրկուլիսյան ինտրիգները, մեծ խաղը, որ վարում են այս աշխարհի հզորները, նրա ստեղծագործությունների հիմքն են կազմում, որից մեկը` «Լրտես, դուրս կորիր» վեպը հիանալի էկրանավորվեց 5 տարի առաջ: «Մեզ պես դավաճանը» պատմում է բրիտանացի մի զույգի մասին, որը վտանգավոր խաղի մեջ է մտնում` կապված փողերի լվացման և լրտեսության հետ: Անշտապ թրիլերների սիրահարները բարձր կգնահատեն Սյուզաննա Ուայթի առաջին աշխատանքը:

«Քայքայում» (օրիգ. անվանումը` Demolition)

Դրամա, կատակերգություն, ԱՄՆ, 2015թ.

Ռեժիսոր` Ժան Մարկ Վալլե

Դերերում` Ջեկ Ջիլլենհոլ, Նաոմի Ուոթս, Քրիս Կուպեր, Ջուդա Լյուիս

Պրեմիերան Երևանում մայիսի 19-ին

3 տարի առաջ կանադացի Ժան Մարկ Վալլեն ցնցեց հանդիսատեսին և քննադատներին «Գնորդների դալասյան ակումբը» հիանալի դրամայով: Նրա նոր «Քայքայում» ֆիլմը դժվար ճանապարհ է անցել մոնտաժային սեղանից մինչև հանդիսատես: Սակայն, արտադրական դժոխքի բոլոր շրջաններից հետո հանդիսատեսը կկարողանա գնահատել ռեժիսորի աշխատանքը: Մեծ դերասան Ջեկ Ջիլենհոլը, որն ի դեպ կարող է «պարզերես» անել այնպիսի մի միջակություն, ինչպիսին բռնցքամարտիկի մասին պատմող «Ձախլիկն» էր, էկրանավորում է ավտովթարի հետևանքով կնոջը կորցրած բանկիրի: Ֆիլմի ամբողջ ընթացքում նրա հերոսն իր անձնական դժոխքի միջով է անցնում և ինքնաքայքայվում:

«Իքս մարդիկ. Ապոկալիպսիս» (օրիգ. անվանումը` X-Men: Apocalypse)

Ֆանտաստիկա, մարտաֆիլմ, արկածներ, ԱՄՆ, 2016 թ.

Ռեժիսոր` Բրայան Սինգեր

Դերերում` Ջեյմս Մաքէվոյ, Մայքլ Ֆասբենդեր, Ջենիֆեր Լոուրենս, Օսկար Այզեկ, Նիկոլաս Հոլթ, Ռոուզ Բիրն, Սոֆի Թըրներ

Պրեմիերան Երևանում մայիսի 19-ին

Էկրանային «Իքս մարդկանց» «հայրը»` Բրայան Սինգերը կարողացավ 2014-ին շտկել այն, ինչ փչացրել էին նախորդ կինոֆիլմերի հեղինակները: «Անցած ապագայի օրերից» հետո ստուդիան վերջնականապես հավատաց, որ Սինգերից բացի ոչ ոք ավելի լավ կինո չի նկարահանի մուտանտ մարդկանց համար, քան Սինգերը: 250-միլիոնանոց բյուջեով նոր ֆիլմը հզոր թշնամու հասկացություն է ներմուծում. Ապոկալիպսիսն ամենահզոր ու հին մուտանտներից է: Նրան հաղթելու համար նախկին հակառակորդները ստիպված կլինեն միավորել ջանքերը:

«Վարքրաֆթ» (օրիգ. անվանումը` Warcraft)

Ֆենտեզի, արկածներ, ԱՄՆ, 2016 թ.

Ռեժիսոր` Դանքան Ջոնս

Դերերում` Թրեվիս Ֆիմմել, Փոլա Փաթթոն, Բեն Ֆոսթեր, Դոմինիկ Կուպեր, Թոբի Քեբբել, Ռոբերտ Կազինսկի

Պրեմիերան Երևանում մայիսի 26-ին

Համակարգչային խաղերի և, մասնավորապես, իրական ժամանակով Warcraft ստրատեգիայի մոլի երկրպագուներն ավելի քան 9 տարի սպասել են այս իրադարձությանը: Blizzard արտադրող ընկերությունը տվել է անվանումն օգտագործելու թույլտվությունն այն պայմանով, որ ինքն է հետևելու արտադրական գործընթացին: Այս փաստը ռեժիսորի անձի հետ միասին (Դանքան Ջոնսը, Դևիդ Բոուիի որդին, «Լուսին 2112» և «Ելքային ծածկագիր» ֆիլմերի հեղինակն է) էպիկական ծավալ է ենթադրում, որը ոչնչով չի զիջի «Մատանիների տիրակալին»:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---