// IP Marketing video - START// IP Marketing video - END
Տիգրան Մեծը և եվրոպական օպերան

Տիգրան Մեծը և եվրոպական օպերան

Հայոց արքան եվրոպական մշակույթում

Հայոց արքա Տիգրան II Մեծը ներշնչանքի աղբյուր է հանդիսացել ոչ միայն հայ պատմագիրների ու մշակույթի գործիչների համար, այլև եվրոպական մշակույթի գործիչների համար։

PanARMENIAN.Net - Այդ մասին վկայում է հատկապես նշանավոր հայ գահակալի կերպարի վերարտադրությունը եվրոպական երաժշտական արվեստում։ Հայտնի փաստ է, որ նրա կերպարն ընկած է քսանից ավելի օպերաների հիմքում։ PanARMENIAN.Net ը ճշտել և ներկայացնում է բոլոր այն օպերաներն ու դրանց հեղինակներին, որոնք անդրադարձել են Տիգրան Մեծի կերպարին։

Ինչպես նշել է ֆրանսիացի ականավոր արևելագետ ու արվեստի պատմաբան Ռընե Գրուսեն (1885—1952), «Տիգրանը՝ այդ մեծագույն տիրակալը, անկասկած ավելի արժանի է պատմության հիացմունքին, քան իր ժամանակակից Միհրդատ Եվպատորը (Պոնտոսի թագավոր - PAN), Միհրդատը փայլուն կերպով «ինքնակործանման հասցրեց իր տերությունը», մինչդեռ Տիգրանն ապահովեց իր ժողովրդի հավերժ գոյությունը»։ Պատահական չէ, որ եվրոպացի կոմպոզիտորները 17 օպերա են գրել Միհրդատ Եվպատորի մասին, և գրեթե բոլորի մեջ Տիգրան Մեծը գլխավոր հերոսներից է։ Նման օպերաներից մեկը գրել է նաև Ամադեուս Մոցարտը 15 տարեկանում։

Ինչ վերաբերում է Տիգրանի կերպարն արտացոլող օպերաներին, առավել ընդունված տեսակետի համաձայն, դրանք 24-ն են, իսկ այն օպերաները, որտեղ այս կամ այն կերպ հիշատակվում է Տիգրանի կերպարը, որոշ տվյալներով շուրջ 32-ն են, սակայն վերջինների մի մասի հեղինակները հայտնի չեն կամ մի քանի հեղինակ ունեն («պաստիչո» ժանրի օպերաներ, որոնք գրված են մի քանի կոմպոզիտորի կողմից)։ Ընդգծենք, որ ոչ բոլոր օպերաներն են հենց Տիգրան Մեծի վերաբերյալ, կան ստեղծագործություններ, որտեղ թեև գլխավոր հերոսներից մեկը Տիգրան անունով, բայց ոչ հայոց թագավոր՝ այլ հայազգի իշխան կամ զորավար է։ Այդ ստեղծագործությունները հիմնականում գրվել են երաժշտական բարոկկո և կլասիցիստական ուղղությունների ներկայացուցիչների կողմից։

Եվրոպացի կոմպոզիտորներից Տիգրան Մեծի վերաբերյալ կամ նրա կերպարին որևէ կերպ անդրադարձող և մեզ հայտնի օպերաների հեղինակներից հայտնի են 24-ի անունները, որոնց մեծ մասը իտալացի կոմպոզիտորներ են։ Նրանց թվում կան նաև շատ հայտնի և նշանավոր անուններ։ Թվարկենք այդ հեղինակներին և ստեղծագործությունները (փակագծերում նշված է նաև ստեղծման կամ առաջին բեմադրության տարեթիվը)․ իտալացիներ՝ Տոմազո Ալբինոնի («Տիգրան, արքա Հայաստանի», 1697 թ․), Անտոնիո Մ․ Բոնոնչինի («Տիգրան` արքա Հայաստանի», 1710 թ․), Պիետրո Բերնարդոնի («Տիգրան՝ արքա Հայաստանի», 1710թ․), Ալեսանդրո Սկարլատի («Տիգրան», 1715թ․), Ֆրանչեսկո Գասպարինի («Տիգրան», 1719թ., Անտոնիո Վիվալդիի, Ֆրանչեսկո Կոնտիի և Ջուզեպե Օրլանդինիի համահեղինակությամբ), Անտոնիո Վիվալդի («Տիգրան», 1724 թ․), Ջեմինիանո Ջակոմելլի («Տիգրան», 1733թ․), Ջուզեպե Պագանելլի («Տիգրան», 1733թ․), Սանտո Լապիս («Տիգրան», 1739թ․), Ջուզեպե Արենա («Տիգրան», 1741թ․), Դանիել Դալ Բարբա («Տիգրան», 1744թ․), Անտոնիո Պալելլա («Տիգրան», 1745թ․), Ջովանի Լամպունիանի («Տիգրան», 1747թ․), Ջուզեպե Կարկանի («Տիգրան», 1750թ․) Իգնացիո Սելոնիատ («Տիգրան», 1757թ․), Նիկոլո Պիչինի («Տիգրան», 1761 թ․), Անտոնիո Տոցցի («Տիգրան», 1762թ․), Ջուզեպե Կոլլա («Տիգրան», 1767թ․), Պիետրո Ալեսանդրո Գուլիելմի («Տիգրան», 1767թ.), Վինչենցո Ռիգինի («Տիգրան», 1795թ․)։ Տիգրան Մեծի կերպարին անդրադարձել է նաև իտալացի կոմպոզիտոր Ջուզեպե Սարտին (1729-1802) «Պոմպեոսը Հայաստանում» օպերայում (տարեթիվն անհայտ է)։

Hungaroton լեյբլով ձայնասկավառակի կազմը (2004թ․), հատված Հունգարիայում բեմադրված Վիվալդիի «Տիգրան» օպերայից

Տիգրանի կերպարին անդրադարձել են նաև գերմանացի կոմպոզիտորներ Յոհան Ադոլֆ Հասսեն («Տիգրան», 1729 թ․) և Քրիստոֆ Վիլլիբալդ Գլյուկը («Տիգրան», 1743թ.), իսկ գերմանական ծագմամբ նշանավոր անգլիացի կոմպոզիտոր Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Հռադամիստ» օպերայում, որի սյուժեն վերցված է մ․թ․ 1-ին դարի հայոց պատմության դեպքերից, ի թիվս այլոց հիշատակվում է նաև Տիգրան իշխանը (Հենդելը «Տիգրան» վերնագրով օպերա չունի, ինչպես հաճախ նշվում է որոշ հրապարակումներում)։ Տիգրան Մեծին նվիրված օպերա է գրել նաև ռուս կոմպոզիտոր Ալեքսեյ Արտամոնովը («Տիգրան»), որի բեմադրության նկարիչն, ի դեպ, եղել է Մարտիրոս Սարյանը։

Թվարկված օպերաների մեծ մասի միայն անունը և գրվելու փաստն է հայտնի ներկայում․ դրանք կամ չեն պահպանվել, կամ պահպանվել են մասամբ։ Բացի այդ, մասնագետների դիտարկմամբ այդ օպերաների զգալի մասի լիբրետոյի հիմքում ոչ թե Տիգրան Մեծի՝ պատմությունից հայտնի իրական կերպարն է, այլ աղավաղված կամ ստեղծագործական մեծ ձևափոխությունների ենթարկված կերպարը, հետևաբար, դրանք առանձնապես մեծ հետաքրքրություն չեն ներկայացրել ժամանակակից բեմադրությունների համար։ Ներկայացնենք առավել նշանավոր կոմպոզիտորներից մեզ հասած երեք հայտնի օպերաները։

Անտոնիո Վիվալդիի (1678-1741) «Տիգրան» օպերայի հիմքում Տիգրան Մեծի և Պոնտոսի թագավոր Միհրդատ Եվպատորի դստեր՝ Կլեոպատրայի սիրո պատմությունն է։ Ի տարբերություն պատմական տվյալների՝ օպերայում բարեկամ թագավորները որպես թշնամիներ են ներկայացված։ Տիգրանը սիրահարված է Կլեոպատրային և նրա փոխադարձ սիրուն արժանանալու համար Ֆառնաս կեղծանվամբ զինվորագրվում է Միհրդատի բանակին և հաղթական մարտեր վարում Պոնտոսի թագավորի թշնամիների դեմ մղված ճակատամարտերում՝ դրանով իսկ շահելով Կլեոպատրայի սերը։ Տիգրանին սիրահարված էր նաև Սինոպի Օրոնտե իշխանի քույրը՝ Ապամիան, որի հետ ամուսնանալու մեծ ցանկություն ուներ Միհրատ թագավորը։ Մյուս կողմից, Կլեոպատրայի հետ ամուսնանալու ցանկություն ուներ իշխան Օրոնտեն։ Տիգրանը, Կլեոպատրայի նկատմամբ ունեցած սիրուն անդավաճան, մերժում է Ապամիային։ Այս սիրային խճճված պատմությամբ էլ զարգանում են օպերայի գործողությունները։

Հատված Սկարլատիի «Տիգրան» օպերայի բեմականացումից (Նիցցայի օպերային թատրոն, 2012թ․)․ կենտրոնում՝ Ֆլավիո Ֆերրի-Բենեդետին Տիգրանի դերում

Հետաքրքիր է, որ օպերան երեք համահեղինակ է ունեցել, և բարեբախտաբար, պահպանվել ու մեր օրերն են հասել օպերայի երկրորդ գործողության լիբրետոն և պարտիտուրը, որի հեղինակը հենց Վիվալդին է, 1-ին և 3-րդ գործողությունները, համապատասխանաբար հեղինակել են Բենեդետտո Միքելին և Նիկոլա Ռիմալդին։ Լիբրետոյի հեղինակը Վիվալդիի համակուրսեցի Ֆրանչեսկո Սիլվանին է։ Առաջին աննգամ բեմադրվել է Հռոմում 1724 թվականին։

Վիվալդիի «Տիգրան» օպերան Հայաստանի ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում բեմադրվել է 2001թ՝ եզրափակելով Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության պետական ծրագիրը։

Ալեսանդրո Սկարլատտիի (1660-1725) «Տիգրան, կամ սիրո և հավատարմության համարժեք կապեր» օպերան հերոսական դրամա է՝ գեղարվեստական, կեղծ պատմական սյուժեի հիման վրա, համեմված սիրային ինտրիգների և կատակերգական տեսարանների հատվածներով։ Գործողությունները կատարվում են առասպելական Տոմիրիս սկյութական թագուհու արքունիքում, որի զորքերի հրամանատարն էլ իշխան Տիգրանն է։ Կոմպոզիտորը և լիբրետիստ Դոմենիկո Լալլին համատեղ ստեղծել են խելացի և արժանապատիվ հայ իշխանի կերպարը։

Քրիստոֆ Վիլլիբալդ Գլյուկը

Այս օպերայում հայոց պատմության արձագանքների հետ կապը, ըստ Մ․ Խարմանդարյանի, արտացոլվում է նրանով, որ հայոց թագավորի արքունիքում դաստիարակված ու մեծացած իշխան Տիգրանը հայոց ազնվականության լավագույն հատկանիշների կրողն է։ Օպերայի տարբեր պերսոնաժների բերանով Տիգրանը անվանվում է «պատվախնդիր զինվորական, որի ազնվազարմ կերպարը սկյութների մեջ մարմանվորում է մեծ զորավարի կերպարը», «Տիգրանին հիացնում է բարեկամությունը, պատիվը, օրենքն ու բանականությունը», որի ազնվությունն ու մեծությունը խոստովանում են նույնիսկ նրա թշնամիները («Դամասկոսի և Լիդիայի թագավորները»)։ Օպերայում բազմիցս ընդգծվում է հատկապես Տիգրանի իմաստնությունն ու հնարամտությունը։

Տիգրան Մեծի կերպարին նվիրված լավագույն ստեղծագործություններից մեկը հեղինակել է երաժշտական կլասիցիզմի նշանավոր ներկայացուցիչ, 107 օպերայի հեղինակ, օպերային արվեստի բարեփոխիչ, երաժշտական դրամայի ստեղծող Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկը (1714-1787), որն օպերային արվեստում բացահայտեց մի ամբողջ դարաշրջան։ Հայոց արքային նվիրված օպերան գրվել է կոմպոզիտորի գործունեության իտալական շրջանում, որտեղ կատարելապես յուրացնելով opera-seria-ի («լուրջ օպերա», երաժշտական դրամատիկ ստեղծագործություն) ժանրը, Գլյուկը ձեռնամուխ է լինում իր չորրորդ՝ «Տիգրան» օպերայի ստեղծմանը։ Այդ օպերան ստեղծելու համար Գլյուկը համագործակցում է իտալական թատրոնի խոշոր ներկայացուցիչ, թատրոնի ռեֆորմատոր և ազգային կատակերգության հիմնադիր Կարլո Գոլդոնիի հետ (1707-1793):

Գոլդոնիի «Տիգրանի» լիբրետոյի հիմքում իտալացի աբբա Ֆրանչեսկո Սիլվանիի «Առաքինությունը հաղթանակ է տանում սիրո և ատելության նկատմամբ» («La virtù trionfante dell'amore, e dell'odio, overo il Tigrane») պիեսն է։ Հռոմեացի պատմագիրների երկերից, մասնավորապես Պլուտարքոսի «Զուգահեռ կենսագրություններ» նշանավոր երկից ներշնչված՝ Ֆ․ Սիլվանին այս պիեսը գրել է դեռևս 1691 թվականին․ այդ գործը հետագայում Տիգրան Մեծի մասին գրված բազում օպերաների լիբրետոյի հիմքում է։

Ցավոք, Գլյուկի «Տիգրան» օպերան, ի թիվս կոմպոզիտորի միլանյան շրջանի այլ ստեղծագործությունների, միայն մասնակիորեն է պահպանվել։ Միլանյան երկերի մի մասը հրկիզվել է 1776-ին Միլանի օպերային թատրոնի հրդեհի ժամանակ, երբ ոչնչացավ այդ թատրոնի ողջ գրադարանն ու արխիվը։ Մյուս մասը տուժեց Նապոլեոնի դեմ մղված պատերազմի ժամանակ, երբ 1809-ին ֆրանսիական զորքերը թալանեցին Կալհսբուրգում գտնվող կալվածքը, որտեղ պահվում էին Գլյուկի ձեռագրերը։ Մնացածն էլ կորավ մասնավոր հավաքածուներում։

Սամսոն Հովհաննիսյան/PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
EPIC EYE-ը կտեղափոխի մասնակիցներին այլ իրականություն
Ի՞նչ դիտել ընտրություններին ընդառաջ
Նկարչուհին կտավների հերոսներին տեղափոխում է գրասենյակ, բար ու լողափ
Ինչ է ասում Rammstein-ն իր նոր հոլովակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Տաթևից՝ Դրեզդեն 4 կոթող, որ վերականգնվեցին մոխրից
«Շեմը ակունք է» Միքայել Օհանջանյանի նախագիծը՝ Ֆլորենցիայում Միքելանջելոյի քանդակի հարևանությամբ
Փաբերը բարձրացել են ջազի մակարդակին Սերգեյ Մանուկյանը երևանյան նոր միտումների մասին