Ինչ դիտել հունիսին

Ինչ դիտել հունիսին

Սփիլբերգի նոր ֆիլմն ու եկվորների պատասխան հարվածը

2016-ի ամառը թեժ է լինելու համաշխարհային կինոյի տեսակետից: Թեև բոլոր հիմնական «կոմիքսային» բլոկբասթերներն արդեն հասցրել են ռեկորդներ գրանցել ապրիլին և մայիսին, հունիսն ավելի բազմազան կլինի` այստեղ և օրիգինալ քրեական մարտաֆիլմ կա, որն ունի մշակութային ֆենոմեն դառնալու բոլոր շանսերը, և հիանալի անիմացիոն ժապավենի շարունակություն, ինչպես նաև 20-ամյա վաղեմության ֆիլմի սիքվել, որը ոչ ոքի անտարբեր չի թողնի:

PanARMENIAN.Net - Ծանոթանալով ցանկին` PanARMENIAN.Net ը ներկայացնում է 5 նորույթ, որոնք կցուցադրվեն հունիսին Երևանի կինոթատրոններում:

«Ֆինանսական հրեշը» (օրիգ. անվանումը` Money Monster)

Թրիլեր, դրամա, կրիմինալ, ԱՄՆ, 2016թ.

Ռեժիսոր` Ջոդի Ֆոսթեր

Դերերում` Ջորջ Քլունի, Ջուլիա Ռոբերթս, Ջեք Օ’Քոննել, Դոմինիկ Ուեսթ, Քաթրինա Բալֆ

Պրեմիերան Երևանում հունիսի 2-ին

Օսկարակիր Ջոդի Ֆոսթերն իրեն հիանալի է զգում նաև ռեժիսորի դերում` ոչ ստանդարտ և զարմանալի պատմություններ նկարահանելով վառ անհատականությունների կյանքից: «Ֆինանսական հրեշը» քրեական թրիլերի ժանրում ուժերը փորձելու հավակնություն է: Գերազանց դերասանական կազմ հավաքելով և ամուր դրամատիկ հիմք ունենալով` Ֆոսթերը գնացել է արդեն պաշտամունքային դարձած «Հեռախոսախցիկի» և «Գաղտնի սենյակի» հետքերով: Ֆիլմի սյուժեն ծավալվում է հայտնի հեռուստահաղորդավար Լի Գեյթսի շուրջ, որի ֆինանսական խորհուրդները նրան Ուոլ Սթրիթի իսկական գուրու են դարձրել: Շոուի հանդիսատեսներից մեկը, հետևելով Լիի անհաջող խորհրդին, կորցրել է իր ամբողջ կարողությունն ու այժմ վրեժ է ուզում լուծել: Նա պատանդ է վերցնում հայտնի անձին և այդպիսով բարձրացնում է հաղորդման վարկանիշը. մարդիկ քարացել են էկրանների առջև` ակնկալելով ստանալ այն հարցի պատասխանը, թե որն է մարդկային կյանքի գինը:

«Լավ տղաները» (օրիգ. անվանումը` The Nice Guys)

Դետեկտիվ, կատակերգություն, ԱՄՆ, 2016թ.

Ռեժիսոր` Շեյն Բլեք

Դերերում` Ռայան Գոսլինգ, Ռասսել Քրոու, Մեթ Բոմեր, Քիմ Բեյսինգեր

Պրեմիերան Երևանում հունիսի 9-ին

Լոս Անջելես, 1970-ականներ, մասնավոր խուզարկու Հոլլանդ Մարչն ու վարձու գրոհային Ջեքսոն Հիլը ստիպված են միասին աշխատել, բացահայտելու համար անհետացման և սպանության մասին խճճված գործը: 90-ականների պաշտամունքային մարտաֆիլմերի «հայր» Շեյն Բլեքը զարմանալիորեն կարողանում է շաղախել մարտաֆիլմը սրամիտ ու շատ ծիծաղելի երկիծանքով: Նրա ֆիլմերն իրավիճակների կատակերգություն չես անվանի բառիս բուն իմաստով, սակայն նուրբ, գրեթե աննկատ հեգնանքը տեսանելի է բոլոր իրավիճակներում, որոնք նկարագրված են ֆիլմում: «Լավ տղաներն» առնվազն լավ պատմություն են խոստանում, որտեղ շատ լուրջ թեմաները ներկայացվում են Բլեքին հատուկ թեթևությամբ:

«Դորիին որոնելիս» (օրիգ. անվանումը` Finding Dory)

Համակարգչային անիմացիա, ԱՄՆ, 2016թ.

Ռեժիսորներ` Էնդրյու Սթենթոն, էնգուս ՄաքԼեյն

Դերերում` Էլեն դը Ջեներիս, Ալբերտ Բրուքս, Հայդեն Ռոուլենս, Դայան Քիթոն, Յուջին Լևի

Պրեմիերան Երևանում հունիսի 16-ին

13 տարի առաջ Pixar ստուդիան հանրությանն է ներկայացրել ուսուցողական և հուզիչ մի պատմություն, որտեղ հայրը օվկիանոս է կտրում որդուն գտնելու համար: Սակայն, կերպարների անհետացման պատմությունը դրանով չի ավարտվում` նոր ֆիլմում համակրելի, սակայն մի քիչ հիմարիկ Դորի (Մարլինի ընկերակիցը) անունով ձկնիկը ևս մեկ հետաքրքիր արկածի պատճառ կդառնա: Վերջին տասնամյակում տեխնոլոգիաները շատ են զարգացել, դրանում կինոդիտողն անձամբ է կհամոզվի` համեմատելով սիքվելի որակը 2003-ի օրիգինալի հետ:

«Անկախության օրը. Վերածնունդ» (օրիգ. անվանումը` Independence Day: Resurgence)

Ֆանտաստիկա, մարտաֆիլմ, ֆիլմ-աղետ, ԱՄՆ, 2016թ.

Ռեժիսոր` Ռոլանդ Էմերիխ

Դերերում` Լիամ Հեմսվորթ, Ջեֆ Գոլդբլյում, Բիլլ Փուլլման, Ջանդ Հիրշ, Վիվիկա Ֆոքս, Շարլոտա Գենսբուր

Պրեմիերան Երևանում հունիսի 23-ին

Սա հավանաբար 2016-ի ամենասպասված ֆիլմն է, որի մասին խոսվել է 10 տարի շարունակ: 20 տարվա վաղեմության աղմկահարույց ֆիլմի շարունակությունն է, որտեղ հսկայական նավերով ներխուժած անողոք եկվորները կարողացան ոչնչացնել ամբողջ մարդկությունը: Իրադարձությունները ծավալվում են առաջին ֆիլմից 20 տարի անց: Երկիր մոլորակում, որը դեռ ուշքի չի եկել 1996թ, հարձակումից, նոր սերունդ է մեծացել, որը յուրացրել է այլմոլորակայինների տեխնոլոգիաները: Կասկածներ կան, որ այլմոլորակայինները փարոս են թողել, որը կարող է կրկին գրավել զավթիչներին, սակայն գտնել այն չի հաջողվում: Դատելով թրեյլերում ցուցադրված ավերածությունների ծավալներից` Ռոլանդ Էմերիխը որոշել է այս անգամ վերջնականապես վերացնել աշխարհը:

«Մեծ և բարի հսկան» (օրիգ. անվանումը` The BFG)

Ընտանեկան, արկածային, ԱՄՆ, 2016թ.

Ռեժիսոր` Սթիվեն Սփիլբերգ

Դերերում` Մարկ Ռայլենս, Ռուբի Բարնհոլլ, Պենելոպա Ուիլթոն, Ռեբեկկա Հոլլ, Բիլլ Հեյդեր, Ջեմեյն Քլեմենթ

Պրեմիերան Երևանում հունիսի 30-ին

Սփիլբերգի նախորդ ֆիլմը` «Լրտեսների կամուրջը» իսկական փորձություն էր մեծ ռեժիսորի համար, ուստի զարմանալի չէ, որ դրանից հետո նա դիմել է իր համար ավանդական ընտանեկան կինոյի ժանրին: Այստեղ Սփիլբերգը հավասարը չունի: «Մեծ և բարի հսկան» հիմնված է անգլիացի գրող Ռոնալդ Դալի համանուն վեպի վրա, որտեղ սովորական աշխարհը միահյուսված է հեքիաթայինի հետ` և այստեղ իշխում են հսկաները: Գլխավոր հերոսուհի Սոֆին դառնում է ԲԴՎ անունով հսկայի ընկերը, երբ նրանք միասին արկածների են գնում չեզոքացնելու համար մարդակերներին, որոնք ներխուժել են մարդկանց աշխարհ:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---