«Այբ»-ի աշակերտները և նրանց բարեգործական նախագիծը

«Այբ»-ի աշակերտները և նրանց բարեգործական նախագիծը

Ստեղծել բազմազավակ ընտանիքի երազանքի ֆերման

«Այբ» դպրոցի լուսանկարչության խմբի աշակերտները որոշել են իրենց մեկ տարվա գիտելիքներն օգտագործել մի բազմազավակ ընտանիքի մասին պատմելու ու նրանց օգնելու համար: Դրա համար նրանք այցելել են «Հույսի ավանում» ապրող Խաչատրյանների ընտանիքին, խոսել նրանց հետ, լուսանկարել առօրյան և այդ ամենն ամփոփել Farm of Hope («Հույսի ֆերմա») նախագծում:

PanARMENIAN.Net - Նախագծի շրջանակում Indiegogo կայքում դրամահավաքի արշավ է մեկնարկել: $750 է պահանջվում, որը կօգնի ընտանիքին ստեղծելու և զարգացնելու սեփական փոքր տնտեսությունը: Ստորև ներկայացնում ենք Խաչատյանների և նրանց 12 երեխայի մասին լուսանկարներն ու պատմությունը՝ «Այբ»-ի աշակերտների աչքերով:

Մեզ ծանոթ Երևանից դուրս մեզ անծանոթ կյանք կա

Երևանի որոշակի հատվածի վրա չափազանց կենտրոնացած լինելով՝ մեր ապրելավայրերից մի քանի րոպե հեռավորությամբ գտնվող մարդկանց, իրադարձությունների մասին չենք լսում, դրանցով չենք հետաքրքրվում։ Մեզանից շատերն անգամ չգիտեն էլ, որ քաղաքի ծայրերից մեկում կա մի փոքր թաղամաս՝ «Հույսի ավան» բազմիմաստ անունով։ Արտաքնապես այն շատ նման է եվրոպական կոկիկ արվարձանների, բայց ոչ «բովանդակությամբ». թաղամասը բնակեցված է բացառապես բազմազավակ ու սոցիալապես անապահով ընտանիքներով:

«Ես այնքան հարուստ եմ, որ այսքան երեխա ունեմ։ Ինձնից հարուստ մեկ էլ ինձնից շատ երեխա ունեցողն է»,- նշում է մեզ հյուրընկալած Խաչատրյանների ընտանիքի հայրը` պատասխանելով բոլոր նրանց, ով զարմանում է, թե ինչու են անապահով ընտանիքներում շատ երեխա ունենում: Այս ընտանիքում առաջին երեխան ծնվել է 1987-ին, վերջինը՝ 2008-ին։

«Ամբողջ կյանքս հղի եմ եղել»,- պատմում է 14 երեխայի մայր տիկին Անգինը։ Երեխաներից 4-ը մահացել են (երկուսը ծնվելուց կարճ ժամանակ անց, մեկը՝ 1 տարեկանում մութ ու ցուրտ տարիներին տաք ջրի մեջ ընկնելով, մյուսը՝ 28 տարեկանում առողջական խնդիրների պատճառով)։ Մյուս 10-ից 5-ն ամուսնացել և հեռացել են հայրական տնից, 1-ը բանակում է, ծառայում է ԼՂՀ զինված ուժերում, իսկ 4 դպրոցահասակնն ապրում են իր ու ամուսնու հետ «Հույսի ավանում»։

«Միշտ երեխա շատ եմ սիրել, նախանձով էի նայում մայրերին, բայց չէի պատկերացնում, որ այսքան երեխա կունենամ»,- կեսկատակ ասում է տիկին Անգինը, ապա դառնությամբ հիշում իր առաջին հղիությունը՝ թռչնանոցում ծանրություն է բարձրացրել ու կորցրել երեխային: Այնուհետև ինքն իրեն խոստացել է երբևէ չդիմել հղիության արհեստական ընդհատմանը: Ամուսնու հետ որոշել են շատ երեխաներ ունենալ, որ, ինչպես արցախյան ազատամարտի մասնակից ամուսինն է ասում, պատերազմում կորցրած ընկերների տեղը լրանա։

Հայրը 1992-94 թթ. արցախյան ազատամարտին մասնակցելուց բացի, քառօրյա պատերազմի ժամանակ էլ է շտապել որպես կամավոր ռազմաճակատ մեկնել, բայց թույլ չեն տվել. առողջությունը չի ներում:

«Թուրքերի ու ադրբեջանցիների Սևանում լողալու երազանքը հենց երազանք էլ կմնա»,- ասում է նա ու համեստորեն ցույց տալիս կրծքանշանները։ Մեր մի զոհը հավասարեցվում է նրանց 20-ին. «Կինո նայելն ուրիշ բան է, էդ ամենի մեջտեղում լինելը՝ ուրիշ։ Մենք նենց բաներ տեսանք, չեմ ուզենա ոչ մի ազգ, ոչ մեկ տեսնի։ Պատերազմ տեսնելով՝ մարդու հոգեկանը խանգարվում է, հիմա ինձ հին ծանոթներ տեսնում, բարևում են, հաճախ հարցնում եմ, թե որտեղից եմ իրենց ճանաչում»։

Ամուսինները նշում են, որ սովոր են երեխաների ներկայությանն ու իրենց առօրյան առանց երեխաների այլևս չեն պատկերացնում։ Երկու ամուսնացած աղջիկները՝ Գայանեն և Մարիամը, ծնողների կարծիքը չեն կիսում. չեն ուզում շատ երեխա ունենալ։

Պարույրը՝ տղաներից ամենափոքրն ու ամենավառ ժպիտն ունեցողը, զբաղվում է կարատեով, արդեն դեղին գոտի ունի, 5 մեդալ ու բազմաթիվ պատվոգրեր: Իր կյանքն էլ 1-ից 10 սանդղակով առանց վարանելու 10 է գնահատում: Թեև ոչ բոլոր երեխաներն են համամիտ. ըստ Մարիամի` իրենց կյանքն այդքան էլ հեշտ չէ, այն գնահատում է 10-ից` 5, իսկ փոքրը` Աննան, 7։ Մյուս դուստրը` Թամարան, օրերս է դպրոցն ավարտել, գործում է ու երազում բժշկություն սովորել, նոր վիրահատված տատիկին անձամբ է խնամում. տիկին Անգինն ասում է` ցանկացած բուժքրոջից լավ է գլուխ հանում:

«Կաթսայիս չափսերը տեսնեք, կվախենաք, որ բոլորով՝ 21 հոգով, հավաքվում ենք, շարժվելու տեղ չի լինում»,- պատմում է տիկին Անգինը։

Ասում է, որ պետական կառույցներից, որպես բազմազավակ մայր, օգնություն շատ քիչ է ստանում, հենց երեխաները չափահաս են դառնում, էլ դա էլ չեն տալիս։

Մինչև գերմանական «200 տուն 400 ընտանիքի կողմից» ծրագրով «Հույսի ավանում» տուն ստանալը 11 տարի բնակվել են նախկին ռեստորանի տարածքում: Այժմ տնամերձ փոքրիկ հողամաս էլ ունեն, որտեղ հավ են պահում: Նաև փորձել են ոչխար պահել, բայց 3-ից մեկին գողացել են, մյուս երկուսին էլ իրենք են որոշել վաճառել:

Հավերը նվեր են ստացել ու հիմա փորձում են հավաբունը մեծացնել։ «Հուսով ենք` հետագայում գլխաքանակն էլ կավելանա»,- ասում է տիկին Անգինը: Հավերի խնամքով անձամբ նա է զբաղվում, թեև երեխաներն ու ամուսինն էլ են օգնում:

Օգնել ընտանիքին ու միանալ դրամահավաքին կարելի է Indiegogo կայքում:

Լուսինե Ասլանյան, Նարե Հոնարչյան, Ստեֆանի Հարությունյան, Նանե Մուրադյան, Ռոզի Մկրտչյան, Ռիմա Թորոսյան, Մարիամ Մանթաշյան, Լիլիա Միրզոյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---