Ինչ դիտել հուլիսին

Ինչ դիտել հուլիսին

Հերթական «Սառցե դարաշրջանն» ու «Աստղային ուղի 3»-ը

Չնայած հուլիսն ավանդաբար համարվում է մեծ բլոկբասթերների ժամանակաշրջան, այս տարի ակնկալիքները մեծ չեն: «Ուրվականներ որսացողների» շարունակությունն ընդհանրապես չի կարելի որպես կինո ընկալել, դատելով բազմաթիվ նյութերից, իսկ միայն «Սթարթրեքով» ամիսը բլոկբասթերներով հարուստ չես համարի: Թեև, մյուս կողմից, ընտրության աղքատիկ հնարավորությունն, անշուշտ, 2016-ի հուլիսը դեռ անօգուտ չի դարձնում կինոսերների համար:

PanARMENIAN.Net - Ծանոթանալով կինոցանկին` PanARMENIAN.Net ը 5 նորույթ է ներկայացնում, որոնք կարելի է դիտել հուլիսին Երևանի կինոթատրոններում:

«Հանճարը» (օրիգ. անվանումը` Genius)

Դրամա, կենսագրություն, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, 2016 թ.

Ռեժիսոր` Մայքլ Գրանդաջ

Դերերում` Նիքոլ Քիդման, Վանեսսա Քիրբի, Ջուդ Լոու, Գայ Պիրս, Լորա Լիննի, Քոլին Ֆերտ

Պրեմիերան Երևանում հուլիսի 7-ին

Ոչ, սա Թեոդոր Դրայզերի վիպաշարի էկրանավորումը չէ: Դերասան Մայքլ Գրանդաջի դեբյուտային նախագիծը պատմում է երկու շատ տաղանդավոր մարդկանց` գրող Թոմաս Վուլֆի և աշխարհի համար մեծ վիպասաններ Ֆիցջերալդին և Էռնեստ Հեմինգուեյին բացահայտած հրատարակիչ Մաքս Փերքինսիբարդ ընկերության մասին: Դերասանական հիանալի աշխատանքների մի ամբողջ հավաքածուն, նրբաճաշակ դրամատուրգիան և լավ ռեժիսուրան թույլ են տալիս հանդիսատեսին բացահայտել մեծ ու մի քիչ խենթ ստեղծագործողների աներևակայելի աշխարհը:

«Ծանծաղուտ» (օրիգ. անվանումը` The Shallows)

Սարսափ, թրիլեր, դրամա, ԱՄՆ, 2016 թ.

Ռեժիսոր` Հաումե Կոլյետ Սերա

Դերերում` Բլեյք Լայվլի, Օսկար Հաենադա, Բրետ Քալեն, Սեդոնա Լեջե

Պրեմիերան Երևանում հուլիսի 7-ին

Կամերային սարսափի հեռանկարային ժանրը, որը պահանջում է առաջին հերթին, մեծ դերասանական վարպետություն (ժանրը նաև «մեկ դերակատարի սարսափ» են անվանում), կարող է վերադառնալ կամ հաղթանակած, կամ կձախողվի: Իսպանացի Հաումե Կոլյետ Սերան, որն աղմուկ հանած «Խավարի մանուկը» թրիլերի հեղինակն է, որոշել է հետևել մեծն Սփիլբերգի օրինակին և ֆիլմ ստեղծել մարդկային ինտելեկտի և ամենաարյունարբու գիշատիչներից մեկի` մեծ սպիտակ շնաձկան պայքարի մասին: Արյան ծովերն ու սասփենսի հարվածային չափաբաժիններն ապահովված են:

«Սառցե դարաշրջանն. Բախումն անխուսափելի է» (օրիգ. անվանումը` Ice Age: Collision Course)

Համակարգչային անիմացիա, ԱՄՆ, 2016 թ.

Ռեժիսորներ` Մայք Թյորմայեր, Գալեն Տ. Չու

Դերերում` Ռեյ Ռոմանո, Ջոն Լեգուիզամո, Դենիս Լիրի, Քուին Լատիֆա

Պրեմիերան Երևանում հուլիսի 14-ին

Ամենափոքր կինոդիտողների համար սա սառցե դարաշրջանի կենդանիների մասին պատմող արդեն մի փոքր ձանձրալի դարձած ֆիլմաշարի 5-րդ մասն է: Որպես միանգամայն լուրջ, շեքսպիրյան կրքերով անիմացիոն դրամա մեկնարկած «Սառցե դարաշրջանը» շատ արագ վերածվեց անհոգի հոսքագծի, որը պարբերաբար ներկայացնում է տպավորիչ հատուկ էֆեկտներով հերթական «փուչիկը»: Այս անգամ պոպոքը որսալու Սկրատի ձգտումը բերում է նրան բաց տիեզերք, որտեղ նա Արեգակնային համակարգ է ստեղծում: Նրա գործողությունների հետևանքով Երկրին երկնաքար է մոտենում: Մեննին, Սիդը, Դիեգոն և հոտի մյուս մասը պետք է լքեն տներն ու նոր տան որոնումներ սկսեն:

«Սթարթրեկ. Անվերջություն» (օրիգ. անվանումը` Star Trek Beyond)

Գիտական ֆանտաստիկա, արկածներ, մարտաֆիլմ, ԱՄՆ, 2016թ.

Ռեժիսոր` Ջասթին Լին

Դերերում` Քրիս Փայն, Զաքարի Քուինտո, Զոի Սալդանա, Իդրիս Էլբա, Անտոն Ելչին

Պրեմիերան Երևանում հուլիսի 21-ին

Ամռան գլխավոր բլոկբասթերի ուղին մթագնեց տաղանդավոր երիտասարդ դերասան Անտոն Ելչինի ողբերգական մահը, որը կատարում է օդաչու-նավիգատոր Պավել Չեխովի դերը: 190-միլիոնանոց հսկան այս անգամ վստահվել է «Ֆորսաժների» անփոփոխ հեղինակ Ջասթին Լինին (Ջեյ Ջեյ Աբրամսը տեղափոխվել է մրցակից ֆիլմաշար): Որոշվել էր ստեղծել մի ֆիլմ, որը մոտ կլինի կանոնին` «էնթերփրայզի» անձնակազմը կդեգերի տիեզերքում` որոնելով կյանքի նոր ձևեր, և, անշուշտ, նոր սպառնալիքների հանդիպելով:

«Նեոնային հրեշը» (օրիգ. անվանումը` The Neon Demon)

Սարսափ, թրիլեր, դրամա, Ֆրանսիա, Դանիա, ԱՄՆ, 2016 թ.

Ռեժիսոր` Նիկոլաս Վինդինգ Ռեֆի

Դերերում` Էլ Ֆաննինգ, Կառլ Գլուսման, Ջենա Մելոուն, Բելլա Հիթքոթ, Էբբի Լի

Պրեմիերան Երևանում հուլիսի 28-ին

Դանիացի Նիկոլաս Վինդինգ Ռեֆին բավականին ինքնատիպ կերպար է, որին հատուկ են վայրիվերումները: Միանգամայն հիասքանչ «Դրայվի» հետ մեկտեղ նա նաև անհամ ու անհասկանալի «Միայն աստված կների» դրամայի հեղինակն է: Սակայն, նրա բոլոր գործերին հատուկ է խորը փիլիսոփայականությունն ու նուրբ ճաշակը: Երբ սկսնակ մոդել Ջեսսին տեղափոխվում է Լոս Անջելես, նա հայտնվում է գեղեցկությամբ մոլի տարված մի խումբ աղջիկների տեսադաշտում, որոնք պատրաստ են ամեն ինչի Ջեսիի երիտասարդությունն ու կենսական ուժը ստանալու համար:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---