Երկու ֆոտոխցիկ և անլար ականջակալներ

Երկու ֆոտոխցիկ և անլար ականջակալներ

Apple-ի 3 գլխավոր նորույթը

Սան Ֆրանցիսկոյում սեպտեմբերի 7-ին ամերիկյան Apple ընկերությունն անցկացրեց իր ավանդական աշնանային շնորհանդեսը։ Բնականաբար, բոլորի ուշադրությունը սևեռված էր 7-րդ սերնդի iPhone-ի վրա, սակայն այլ սպասելիքներ նույնպես կային, որոնք, ցավոք, չարդարացան․ մասնավորապես, վերլուծաբանները կանխատեսում էին, որ «կուպերտինյան» հսկան կներկայացնի նաև նոր «Մակբուքերը», անգամ խոսում էին սկզբունքորեն նոր արտադրանքի՝ անվարորդ ավտոմեքենայի ներկայացման մասին։ Իրականությունը, սակայն, մի փոքր ավելի տրիվիալ էր։

PanARMENIAN.Net - Հետևելով շնորհանդեսի ընթացքին՝ PanARMENIAN.Net ը ներկայացնում է Apple-ի՝ այս աշնան երեք գլխավոր նորույթները։

AirPods անլար ականջակալներ

Ընկերությունը ներկայացրեց $159 արժեքով անլար ականջակալներ, որոնց մեկ լիցքավորումը բավական է մինչև 5 ժամ աշխատանքի համար։ Ընդ որում՝ դրանք վաճառվում են հատուկ խցիկի հետ միասին, որն իրենից ներկայացնում է թե լիցքավորման կայան, և թե iPhone-ի հետ ականջակալները սինքրոնացնելու համակարգ։

Լիցքավորման կայանը միացվում է սովորական հոսանքին՝ լիցքավորվելով ու կատարելով մոբիլ կուտակիչի դեր․ ականջակալների լիցքը վերջանալու դեպքում դրանք խցիկում տեղադրելուց հետո կարելի է դրանք լիցքավորել ևս 20 ժամով։ Ինֆրակարմիր սենսորի միջոցով ականջակալները «հասկանում» են՝ գտնվո՞ւմ են իրենք օգտատիրոջ ականջներում, թե՞ ոչ՝ ավելորդ լիցք չծախսելու համար։ Առկա է նաև Siri ձայնային օգտականի հետ կապ հաստատելու սենսոր։

Apple Watch Series 2

Ընկերության արտադրած «խելացի» ժամացույցների նոր սերունդը մի շարք կարևորագույն նորամուծություններով է համալրվել։ Առաջին՝ այն հարմարեցվել է լողի համար ու լիովին ջրակայուն է դարձել։ Հատուկ դինամիկը թույլ է տալիս սարքին դուրս մղել ջուրը, առկա է նաև լողի ժամանակ ծախսված կալորիաները հաշվելու հավելված։ Երկրորդ՝ ժամացույցները կստանան նոր օպերացիոն համակարգ, ինչը ենթադրում է նոր ցիֆերբլատներ, մեկ մատով տառերի մուտքագրման հնարավորություն և այլն։

Երրորդ՝ «խելացի» ժամացույցների միջոցով հնարավոր է խաղալ աշխարհահռչակ Pokemon Go խաղը։ Իհարկե, սարքերի միջուկը ևս փոխվել է․ ավելի հզոր պրոցեսոր, վառ էկրան, GPS։ Ժամացույցները ստացել են նոր գոտիներ, ստեղծվել է կերամիկական պատյանով, ինչպես նաև, Nike ընկերության հետ համատեղ, հատուկ մարզական տարբերակ՝ վազքի համար։ Նոր Apple Watch 2 ժամացույցների արժեքը սկսվում է $369-ից։

iPhone 7 և iPhone 7 Plus

Բնականաբար, հիմնական սպասելիքները կապված էին յոթերորդ սերնդի iPhone-ի հետ․ չի կարելի ասել, որ նոր սարքերում փոփոխություններն արմատական էին, սակայն առկա են մի շարք հետաքրքիր լուծումներ։

Այն, ինչ ընդհանուր է երկու սմարթֆոնների համար էլ․ թե iPhone 7-ը, և թե iPhone 7 Plus-ը լիովին ջրակայուն են, ինչպես նաև՝ փոշին նույնպես չի կարող թափանցել կաղապարից ներս։ Ընկերությունը հրաժարվել է ականջակալների սովորական խոռոչից՝ հօգուտ Lightning միացման համակարգի փոխադրման ադապտերի։ Home կոճակն այսուհետ չի սեղմվում, այլ «զգում» է հպումը։

Հիմնական տեխնիկական նորույթներն առնչվում են iPhone 7 Plus թոփային սմարթֆոնին։ Սարքը ստացել է երկօբյեկտիվ 12-մեգապիքսել ֆոտոխցիկ հետևի մասում՝ լայնանկյուն և տելեֆոկուս, որը, մասնավորապես, թույլ է տալիս ավտոմատ կերպով պատկերի վրա առանձնացնել նկարահանման գլխավոր օբյեկտը։ Թվային պրոցեսորը, ստանալով տվյալները երկու օբյեկտիվներից, բաժանում է պատկերը շերտերի՝ ըստ խորության։

Հեռախոսները ստացել են երկու անգամ ավելի արագ A10 Fusion քառամիջուկ պրոցեսոր ու ավելի երկար «ապրող» մարտկոց։ Նոր iPhone-ը ներկայացված է jet black, արծաթագույն, ոսկեգույն ու վարդագույն տարբերակներով։ 32 ԳԲ iPhone 7-ի արժեքը սկսվում է $649-ից, իսկ նույն ծավալի iPhone 7 Plus-ինը՝ $769-ից։

Լուսանկարները՝ The Verge

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ermire Mirror-ը կօգնի «փորձել» հագուստը սմարթֆոնի միջոցով
ՀՀ-ում առաջին Zero Robotics մրցույթ-ճամբարն է
ՏՏ ոլորտի նոր ռեկորդները՝ թվերով
Ինչպես է բիզնեսը լուծում սոցխնդիրները
 Ուշադրության կենտրոնում
Երևանում մեկնարկել է WCIT 2019-ը

Երևանում մեկնարկել է WCIT 2019-ը Համաժողովը Հայաստանում կանցկացվի հոկտեմբերի 6-9-ը՝ ընդգրկելով ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից

 Բաժնի այլ նյութերը
Հայկական ստարտափ ստարտափների համար SkizbUp հարթակը՝ միջնորդ ստեղծողների և ներդրողների միջև
«Խելացի օրորոց» Հայկական արտադրանքը հեքիաթ կպատմի ու կքնեցնի երեխային
Հայկական ՏՏ-ն 10 հավելված, որոնք օգտակար կլինեն ՀՀ-ում ճամփորդելիս