Դեպի ՄարսՍեպտեմբերի գլխավոր գիտական իրադարձությունները Սեպտեմբերի 30-ին ավարտվում է Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր առաքելություններից մեկը: Միջմոլորակային «Ռոզետա» զոնդը, որը հետազոտում է Չուրյումով-Գերասիմենկոյի գիսաստղը, ուղևորվում է դեպի այդ երկնային մարմինը կոշտ վայրէջք կատարելու նպատակով: 12 տարի տևած լեգենդար առաքելությունը թույլ է տվել գիտնականներին նոր մանրամասներ պարզել գիսաստղերի կազմավորման և դրանց քիմիական բաղադրության մասին: Չնայած որոշ խնդիրներին, որոնք առաջացան վայրէջք կատարող Philae մոդուլի պարագայում, առաքելությունը կարելի է հաջողված համարել: 30 սեպտեմբերի 2016 PanARMENIAN.Net - Սեպտեմբերը հարուստ էր նոր բացահայտումների տեսակետից. PanARMENIAN.Net ը ներկայացնում է անցնող ամսվա առավել նշանակալի իրադարձությունները: Բնապահպանություն Չնայած մշտական պայքարին ու նոր օրենքների ընդունմանը, մարդկությունը դեռ ի վիճակի չէ լուծելու մթնոլորտի աղտոտման հետ կապված խնդիրները: 2016-ի սեպտեմբերին ածխաթթու գազի կուտակումը հաղթահարել է 400 ppm հոգեբանորեն նշանակալի նիշը, ինչը կասկածելի է դարձնում զարգացած երկրների ծրագրերը, որոնք հայտարարել են, որ թույլ չեն տա, որ ջերմաստիճանը Երկիրի վրա ավելի քան 2 աստիճանով բարձրանա:
Այդ ցուցանիշը նախկինում էլ է բազում անգամ գերազանցվել, սակայն սեպտեմբերն ավանդաբար համարվում է ածխաթթու գազի ամենափոքր կուտակման ամիսը Հյուսիսային կիսագնդում: Ուստի, եթե հոգեբանորեն կարևոր շեմը գերազանցվել է հենց սեպտեմբերին, ապա, հավանաբար, ամսական ցուցանիշներն էլ երբեք այդ նիշից ցածր չեն լինի:
Երկիր մոլորակի բնապահպանական վիճակն անբարենպաստ է ազդում առաջին հերթին Անտարկտիդայի վրա: Գիտնականները պարզել են, որ անտարկտիկ ծովային սառույցի քանակը 2016-ին 2007-ից հետո երկրորդ անգամ հասել է կրիտիկական նիշի: 1979թ. ի վեր, երբ գիտնականները սկսեցին հետևել անտարկտիկ սառույցի հալոցքին արբանյակներից, մասնագետներին հաջողվեց երկրորդ անգամ արձանագրել Անտարկտիկայի սառցադաշտի մակերեսի ռեկորդային ցածր ցուցանիշը: Ըստ գիտնականների, դա գլոբալ ջերմացման ևս մեկ նշան է: Տեխնոլոգիաներ Բնապահպանական խնդիրների հետ անմիջական կապ ունի ածխաջրածինների լայն կիրառումը տրանսպորտային համակարգերում: Տարբեր երկրներ պայքարում են դրա դեմ տարբեր միջոցներով` մշակում են էլեկտրամոբիլներ կամ կենսաբանական վառելիքով աշխատող տրանսպորտային միջոցներ: Հեռանկարային են համարվում ջրածնային վառելիքային տարրերի վրա հիմնված տեխնոլոգիաները:
Այդպես, ֆրանսիական տրանսպորտային Alstom ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին ուղևորատար գնացքը, որը երթևեկելու է Գերմանիայի երկաթուղիներով ջրածնային քարշով: Դիզելային վառելիքով աշխատող գնացքներին հատուկ արտանետումների փոխարեն, Coradia iLint գնացքը կարտանետի մթնոլորտ միայն գոլորշի և ջրի կաթիլներ: Տիեզերագնացություն Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը և նրա SpaceX ընկերությունը կարողացան ինչ-որ իմաստով, փոխել պատկերացումները տիեզերագնացության մասին` մշակելով այսպես կոչված Falcon 9 «հետադարձ» հրթիռներ: Սակայն սեպտեմբերի 1-ին վթար տեղի ունեցավ. Ֆլորիդայում Քանավերալ տիեզերակայանի մեկնարկային համալիրում պայթեց Falcon 9 հրթիռը: Պայթյունի ժամանակ հրթիռի հետ միասին ոչնչացավ նաև իսրայելյան արբանյակը, որը նախատեսվում էր ուղեծիր դուրս բերել: Պայթյունը որոտաց վառելիքով հրթիռի լիցքավորման ժամանակ:
Չնայած դրան, ավելի ուշ`սեպտեմբերի 27-ին, Մասկը ներկայացրեց հանրությանը Մարսը բնակեցնելու իր հավակնոտ ծրագրերը: Հատուկ շնորհանդեսի ժամանակ նա պատմեց, որ առաքելությունը կյանքի կոչելու համար 10 տարի անց SpaceX ընկերությունը ստիպված կլինի ստեղծել ամենամեծ մարդատար հրթիռը, որ երբևէ կառուցել է մարդկությունը: Ըստ Մասկի, Մարսում հնարավոր է «ինքնասնուցվող» քաղաք ստեղծել, եթե հրթիռներում որպես վառելիք ու թթվեցուցիչ օգտագործվի «մեթան-թթվածին» զուգակցումը, քանի որ մեթանը կարելի է արտադրել Մարսում:
Նախատեսվում է, որ հրթիռի բոլոր համակարգերը պետք է բազմակի օգտագործման լինեն: Այս պարագայում կարևոր է ապահովել վերալիցքավորման հնարավորությունն ուղեծրում: Միլիարդատերը նաև հավելել է, որ առաջին առաքելությունը դեպի Մարս միայն առաջին քայլը կդառնա «միջմոլորակային տրանսպորտային համակարգի» ստեղծման ճանապարհին:
Չինական իշխանություններն իրենց հերթին հայտարարեցին, որ ազգային «Տյանգուն-1» տիեզերակայանը դուրս է եկել հսկողությունից: Այժմ այն անկառավարելի երթևեկում է ուղեծրում` աստիճանաբար իջնելով: Նրա անկումը ակնկալվում է 2017-ի առաջին կիսամյակում: 11 մ երկարությամբ կայանը տիեզերք է ուղարկվել դեռ 2011-ին` այդ ընթացում կայան է այցելել 6 «տայկոնավտ», այդ թվում առաջին չինացի կին տիեզերագնացը: Աստղագիտություն Սեպտեմբերի 25-ին Չինաստանում պաշտոնապես գործարկվել է FAST ռադիոաստղադիտակը, որի շինարարությունն ամբողջ 5 տարի տևեց: Այն գտնվում է Գույչժոու գավառի լեռներում գտնվող բնական կարստային գոգավորության մեջ և ներկայացնում է իրենից գնդաձև արտացոլիչ կես կիլոմետր տրամաչափով և վրայից կախված երկրորդական հայելիով: Աստղադիտակի շնորհիվ աստղագետները կկարողանան հետևել հեռավոր համաստեղություններին ու այլմոլորակային բանականություն որոնել:
Նոր սարքի գործարկման առաջին իսկ ժամերին գիտնականները ստացան Երկրից ավելի քան 1300 լուսային տարի հեռավորության վրա գտնվող պուլսարի (ռադիոճառագայթման բաբախող աղբյուրներ) ազդանշաններ: Էկզոմոլորակների (այլ աստղերի շուրջ պտտվող մոլորակներ) հայտնաբերումը ինչ-որ սովորական բան է դարձել աստղագետների համար: Երբեմն նրանց հաջողվում է ինչ-որ հետաքրքիր բան հայտնաբերել:
Օրինակ, տիեզերական Hubble աստղադիտակը թույլ տվեց աստղագետներին նոր մոլորակ հայտնաբերել, որը պտտվում է միանգամից երկու աստղի շուրջ: OGLE-2007-BLG-349 համակարգը գտնվում է Երկրից 8.000 լուսային տարի հեռավորության վրա`համաստեղության կենտրոնի` Ծիր կաթինի ուղղությամբ: Մոլորակը զույգ աստղերից հեռու է մոտ 500 մլն կմ, ինչը համապատասխանում է Արեգակից մինչև Աստերոիդների գլխավոր գոտին ընկած տարածությանը: Իսկ աստղերը բաղկացած են երկու կարմիր գաճաճ աստղից, որոնք գտնվում են իրարից 10 մլն կմ հեռավորության վրա:
Զարմանալի բաներ կարելի է հայտնաբերել նաև Երկրի վրա: Օրինակ, Արգենտինայում հայտնաբերվել է 30.800 կգ կշռող երկնաքար: Ենթադրվում է, որ երկնաքարը բախվել է մոլորակին 4.000 տարի առաջ` երկնաքարերի հոսքի ժամանակ: Ֆիզիկա Քվանտային ֆիզիկայի ամենազարմանալի հատկություններից մեկը այսպես կոչված «խճճված վիճակն է» մասնիկների միջև, երբ մի մասնիկի վիճակի փոփոխությունն անմիջապես ազդում է երկրորդի վիճակի վրա, անկախ նրանց անջատող տարածությունից: Հենվելով այդ երևույթի վրա` գիտնականները կարող են տեղեկատվության քվանտային տելեպորտացիա իրականացնել մեծ տարածությունների վրա:
Սեպտեմբերի վերջում միանգամից 2 լաբորատորիա քվանտային տելեպորտացիայի էքսպերիմենտներ իրականացրեց 7 կմ հեռավորության վրա: Նախորդ նմանատիպ աշխատանքներից սրանք տարբերվում են նրանով, որ տեղեկատվությունը փոխանցվել է սովորական օպտիկական մալուխով, ինչը գրեթե հասանելի է դարձնում այդ տեխնոլոգիան զարգացման այս մակարդակում: Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները Բաժնի այլ նյութերը Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |