// IP Marketing video - START// IP Marketing video - END
Փորձիր ապացուցել

Փորձիր ապացուցել

Ժամանակակից հայ գիտնականների ոչ ստանդարտ լուծումները համաշխարհային գիտության մեջ

Գիտական աշխատանքը միշտ հիմնված է 3 «կետի» վրա` տեսություն, կանխատեսում և էքսպերիմենտ: Գիտնականը տեսություն է առաջ քաշում, որը տալիս է այս կամ այն երևույթի բացատրությունը, կանխատեսելով էքսպերիմենտի պայմաններն ու արդյունքը, որը պետք է ստուգի տեսությունը: Եվ միայն դրանից հետո փորձնական հաստատումը կամ հերքումը ի հայտ է բերում գիտական աշխատության արժեքը: Սակայն, ժամանակակից գիտությունը լի է հանելուկներով, որոնց լուծման համար հաճախ հարկ է լինում բախվել ոչ ստանդարտ իրավիճակների, որոնք նմանատիպ մոտեցում են պահանջում: Թարմ գաղափարներն ու ընդունված շրջանակներից դուրս գալու կարողությունը միշտ եղել են գիտությունն առաջ մղող ուժերը` այդպիսի մոտեցումը հաճախ թույլ է տալիս այլ տեսանկյունից դիտարկել խնդիրը:

PanARMENIAN.Net - Հայ գիտնականները ևս չեն խուսափում ոչ ստանդարտ մոտեցումներից` տարբեր երևույթներին բացատրություն տալու մղումով: PanARMENIAN.Net ը ներկայացնում է նրանցից ոմանց աշխատությունները:

Դարի գաղտնիքը…

2015-ի սեպտեմբերին համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրությունը գրավեց KIC 8462852 անսովոր աստղը, կամ ինչպես այն հաճախ անվանում են Թաբիի աստղ, ավելի հազվադեպ` Բոյաջյանի աստղ: Բանն այն է, որ Կարապի համաստեղության կազմում գտնվող օբյեկտի (Արեգակից 1480 լուսային տարվա հեռավորության վրա) լուսարձակումը զգալի` ամբողջ 22 տոկոսով փոփոխվում է և դա տեղի է ունենում, պարբերաբար: Ընդ որում, նման անկումներ են արձանագրվել տարբեր ժամանակահատվածներում:

Թաբետա Բոյաջյան

Լուսարձակման այդ անոմալիան մի շարք հիպոթեզների առաջացման պատճառ է դարձել` աստղադիտակի հետ կապված խնդիրներից մինչև գիսաստղերի հսկայական կուտակումներ աստղի շուրջ: Սակայն հետազոտության առաջատար մասնագետ Թաբետա Բոյաջյանը դիտարկում է ևս մեկ սցենար: KIC 8462852-ի լուսատվությունը կարող է վկայել Դայսոնի գնդի նման աստղաինժեներական կառույց ստեղծելու փորձի կամ հսկայական օբյեկտների (օրինակ, լույսի կոլեկտորների) այլ կուտակման մասին, որը կառուցել է արտամոլորակային բարձրակարգ քաղաքակրթությունը` կուտակելու համար իր աստղի էներգիան: Այդ հայտարարությունն անմիջապես իրարանցում առաջացրեց հանրության շրջանում:

Դայսոնի գունդը նկարչի պատկերացմամբ

Անշուշտ, իսկական գիտնական լինելով` Բոյաջյանն առավել հավանական է համարում աստղի անսովոր դրսևորման «բնական» բացատրությունը` հավելելով, որ չնայած աստղի տարօրինակ դրսևորումների բնական պատճառների բարձր հավանականությանը, խելամիտ կլինի ամեն ինչ ստուգել: Այս պահի դրությամբ Բոյաջյանի տարօրինակ աստղի մշտադիտարկումը շարունակվում է:

Իսկ պայթյուն եղե՞լ է

Հայազգի մեկ այլ գիտնական էլ աշխատում է մի տեսության, ավելի շուտ հիպոթեզի վրա, որը պետք է բացատրի բուն Տիեզերքի առաջացումը: Ֆիզիկոս և մաթեմատիկոս, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր Վահե Գուրզադյանը հայտնվեց հանճարեղ մաթեմատիկոս, Նոբելյան մրցանակակիր սըր Ռոջեր Փենրոզի տեսադաշտում Տիեզերքի առաջացման իր մշակած մոդելի շնորհիվ:

Վահե Գուրզադյանը (ձախից) և Ռոջեր Փենրոզը

Գուրզադյանն ու Փենրոզը շարունակում են լրամշակել այդ մոդելը, որը ստացել է «Կոմֆորմային ցիկլիկ տիեզերաբանություն» անվանումը` միաժամանակ կանխատեսելով էքսպերիմենտի պայմաններն ու ընթացքը, որը թույլ կտա ստուգել դրա իսկությունը: Մոդելը ենթադրում է Տիեզերքի անսահման գոյություն ոչ միայն տարածության, այլ նաև ժամանակի մեջ`այն անցնում է անվերջ ցիկլերի միջով, որտեղ յուրաքանչյուր նախորդ ցիկլում (գոտիում) էնտրոպիան ապագայում ձգտում է անվերջության, ինչը դառնում է մեծ պայթյունի սինգուլյարությունը հաջորդի համար: Ռելիկտային միկրոալիքային ճառագայթման քարտեզ

Փենրոզն ու Գուրզադյանը արդեն նշել են, որ պատասխանը թաքնված է ռելիկտային միկրոալիքային ճառագայթման («մեծ պայթյունի» հետլուսարձակում, առաջնային մատերիայի առաջին ճառագայթում) մեջ, որտեղ հայտնաբերվել են համակենտրոն շրջաններ: Դրանք, ըստ գիտնականների, նախորդ ցիկլի, նախորդ Տիեզերքի հետքերն են:

Գլխավորը ինստիտուտներն են

Դարոն Աճեմօղլուն ամենահայտնի ամերիկացի տնտեսագետներից է` նա ծնվել է 1967-ին Ստամբուլում: Իր «Ինչու են որոշ երկրներ հարուստ, իսկ մյուսներն աղքատ. Իշխանության, բարգավաճման և աղքատության ծագումնաբանությունը» (Why Nations Fail: The Origins of Power, Prosperity, and Poverty) գրքում, որի համահեղինակն է Ջեյմս Ռոբինսոնը, նա ամփոփում է և մատչելի լեզվով ներկայացնում իր նախորդ հետազոտությունները` գալով զարմանալի եզրակացությունների:

Դարոն Աճեմօղլու

Իր գրքում Աճեմօղլուն ձգտում է ապացուցել, որ տարբեր հետազոտողների առաջարկած հիմնավորումներն այս կամ այն պետության տնտեսական հաջողությունների վերաբերյալ, հիմնված աշխարհագրական և էթնիկ գործոնների վրա, ինչպիսիք են, օրինակ, կլիման, բնական պաշարները, մշակույթն ու կրոնը, հիմնավոր չեն: Նա պնդում է, որ պետության բարգավաճումը կամ անկումը պայմանավորված է առաջին հերթին տնտեսական և քաղաքական ինստիտուտների բնույթով: Այս աշխատությունը խնդրի խորը վերլուծություն է և մանրակրկիտ հիմնավորում տարբեր երկրների բազմաթիվ օրինակների վրա, որոնք զարգանում են զգալիորեն տարբեր ուղիներով` ունենալով նմանատիպ աշխարհագրական դիրք և ազգային գործոններ:

Լավան որպես անցյալի բանալի

Հասկանալու համար Երկիր մոլորակում կատարվող կլիմայական փոփոխությունները` պետք է հուսալի գործիք ունենալ, որը թույլ կտա ի հայտ բերել Երկրի մթնոլորտի փոփոխությունները նախորդ դարաշրջաններում: Սա մեղմ ասած դյուրին խնդիր չէ:

Դորկ Սահագյան

Սակայն ամերիկաբնակ Դորկ Սահագյանը, ոչ ստանդարտ մոտեցման շնորհիվ, 2016-ի մայիսին նոր մոդել առաջարկեց, որը թույլ կտա լուծել այդ խնդիրը: Նա սարք է հայտնագործել անցյալում Երկրի մթնոլորտի ճնշումը հաշվարկելու համար` հիմնվելով սառած հրաբխային լավայում պղպջակների չափերի վրա:

Հետազոտելով տարբեր հրաբխային շերտերը, որոնք համապատասխանում են տարբեր դարաշրջաններին, կարելի է բավականին հստակ գնահատել մթնոլորտի բաղադրությունն ու մշակել ժամանակի ընթացքում տեղի ունեցած փոփոխությունների քարտեզը:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ermire Mirror-ը կօգնի «փորձել» հագուստը սմարթֆոնի միջոցով
ՀՀ-ում առաջին Zero Robotics մրցույթ-ճամբարն է
ՏՏ ոլորտի նոր ռեկորդները՝ թվերով
Ինչպես է բիզնեսը լուծում սոցխնդիրները
 Ուշադրության կենտրոնում
Երևանում մեկնարկել է WCIT 2019-ը

Երևանում մեկնարկել է WCIT 2019-ը Համաժողովը Հայաստանում կանցկացվի հոկտեմբերի 6-9-ը՝ ընդգրկելով ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից

 Բաժնի այլ նյութերը
Հայկական ստարտափ ստարտափների համար SkizbUp հարթակը՝ միջնորդ ստեղծողների և ներդրողների միջև
«Խելացի օրորոց» Հայկական արտադրանքը հեքիաթ կպատմի ու կքնեցնի երեխային
Հայկական ՏՏ-ն 10 հավելված, որոնք օգտակար կլինեն ՀՀ-ում ճամփորդելիս