// IP Marketing video - START// IP Marketing video - END
Կարմիր մոլորակի բնակիչները

Կարմիր մոլորակի բնակիչները

Թարմացնում ենք Մարսի «բնակեցման» ժամանակացույցը

Հոկտեմբերի 19-ին նշանակալի իրադարձություն է տեղի ունեցել Մարսի ուսումնասիրության պատմության մեջ: «ԷկզոՄարս» ծրագրի «Սկիապարելլի» մոդուլը վայրէջք է կատարել Կարմիր մոլորակում: «ԷկզոՄարսը» Եվրոպական տիեզերական գործակալության (ЕКА) և ռուսական «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի Մարսի հետազոտման համատեղ ծրագիր է: Ծրագիրը գործարկվել է առաջին հերթին պարզելու համար թե արդյոք Մարսի վրա երբևէ կյանք եղել է և կա արդյոք հիմա:

PanARMENIAN.Net - «Սկիապարելլին» մեր հարևան մոլորակի առաջին «բնակիչը» չէ: PanARMENIAN.Net ը թարմացնում է Մարսի բնակեցման ժամանակացույցը:

Մարսի հետազոտման պատմության ընթացքում մարդկությունը 13 անգամ փորձել է արհեստական օբյեկտների վայրէջքն ապահովել մոլորակի վրա: Որոշ փորձեր անհաջող եղան. խորհրդային «Մարս 2», «Մարս 3», «Մարս 6», ամերիկյան Mars Polar Lander-ը և Deep Space 2-ը, ինչպես նաև բրիտանական «Բիգլ-2»-ը կապ չհաստատեցին կոշտ վայրէջքից և սարքավորումների շարքից դուրս գալու պատճառով: Մյուսներն ավելի հաջողված էին, և այդ սարքերն աշխատեցին հանուն մարդկության բարօրության: Դրանց մասին էլ խոսք կգնա:

«Վիկինգ 1», ԱՄՆ, վայրէջքը 1976թ. հուլիսի 20-ին

Սա առաջին տիեզերական սարքն է, որը հաջող վայրէջք է կատարել Մարսի վրա և ամբողջությամբ կատարել հետազոտությունների ծրագիրը: «Վինկինգ-1»-ը նաև այն երկու տիեզերական սարքերից մեկն էր, որը գործարկվեց NASA-ի դեպի Մարս «Վիկինգ» առաքելության ժամանակ: «Վիկինգ-1»-ի օգնությամբ ստացվել է Մարսի մակերեսի առաջին գունավոր լուսանկարը, որը, ցավոք, չի պահպանվել:

Մարսի մակերեսի առաջին պատկերը, որը փոխանցել է «Վիկինգ-1» կայանը 1976թ. հուլիսի 20-ին: Անկյունում տեսանելի է կայանի վայրէջքի հենակետը:

Սարքը բազմաթիվ սև-սպիտակ համայնապատկերային լուսանկարներ է ուղարկել Երկիր, կատարել է բոլոր անհրաժեշտ էքսպերիմենտները և նույնիսկ ստուգել է Էյնշտեյնի Հարաբերականության ընդհանուր տեսությունը: «Վիկինգ-1»-ը Կարմիր մոլորակի մակերեսին է աշխատել 6 տարի և 116 օր Երկրի ժամանակով: 1982թ. նոյեմբերի 11-ին օպերատորի սխալի հետևանքով ծրագրային ապահովման թարմացման ժամանակ ուղղորդված անտենան ներքև է թեքվել և կապը խզվել է:

«Վիկինգ-2», ԱՄՆ, վայրէջքը 1976թ. սեպտեմբերի 3-ին

«Վիկինգ» առաքելության շրջանակում գործարկված երկրորդ սարքը փափուկ վայրէջք է կատարել Ուտոպիա հարթավայրում, սակայն անսարքությունների պատճառով կենսաբանական էկրանը մնացել էր միացած ուղեծրային սարքին: Չնայած դրան, սարքին հաջողվել է վերցնել Կարմիր մոլորակից հողի առաջին նմուշն ու ուղարկել մակերեսի առաջին գունավոր պատկերները:

Առաջին գունավոր պատկերը, որը փոխանցել է «Վիկինգ 2» ավտոմատ մարսիական կայանը:

«Վիկինգ-2»-ը մակերեսին աշխատել է 1281 մարսիական օր` մինչև 1980թ. ապրիլի 11-ը, երբ շարքից դուրս եկան մարտկոցները:

Mars Pathfinder, ԱՄՆ, վայրէջքը 1997թ. հուլիսի 4-ին

Երկու տասնամյակ անց NASA-ն Մարս ուղարկեց պատմության մեջ առաջին Sojourner («Եկվորը») Մարսագնացը Mars Pathfinder ծրագրի շրջանակում, որը բաղկացած էր բուն մարսագնացից և անշարժ մարսիական կայանից:

Մարսագնաց Sojourner-ը «Յոգի» քարի չափումներ է կատարում ալֆա-պրոտոնային ռենտգենային սպեկտրագրի օգնությամբ:

Առաքելության ընթացքում Ամերիկյան տիեզերական գործակալությունն առաջին հերթին մտադիր էր հղկել էժան վայրէջքի նորագույն համակարգի կիրառման հետ կապված որոշ տեխնիկական լուծումները: Կայանի օգնությամբ կատարվել են բոլոր գիտական էքսպերիմենտները` սպեկտրագրի միջոցով ուսումնասիրվել է ապարների, մթնոլորտի բաղադրությունը, և, անշուշտ, ստացվել են նոր առավել մանրամասն լուսանկարներ: Ընդհանուր առմամբ 16,5 հազար լուսանկար է փոխանցվել Մարսում կայանի տեսախցիկներից, և 550 լուսանկար մարսագնացի տեսախցիկներից: Կատարվել է ապարների 15 անալիզ: Գիտական արդյունքները հաստատել են այն հիպոթեզը, որ մի ժամանակ Մարսն ավելի «խոնավ և տաք» է եղել:

«Սպիրիթ», ԱՄՆ, վայրէջքը 2004թ. հունվարի 4-ին:

Օգտվելով նույն սխեմայից, որը հիանալի աշխատեց 70-ականներին, NASA-ն միանգամից երկու մարսագնաց է գործուղել Մարս Mars Exploration Rover ծրագրի շրջանակում: Առաջինը «Սպիրիթն» էր` 185 կգ քաշով ռոբոտը, որն աշխատեց մինչև 2010թ. մարտի 22-ը:

Երեք մարսագնացների մոդելները համեմատության մեջ. Sojourner (ամենափոքրը), «Սպիրիթ/Օփորթյունիթի» (միջինը) և Curiosity (ամենամեծը):

Մարսագնացը շատ ավելի երկար աշխատեց, քան նախապես էին ծրագրել ինժեներները` Մարսի քամիների շնորհիվ, որոնք պարբերաբար մաքրում էին ավազից սարքի արևային պանելները: Մարսագնացը որոնել և նկարագրել է հողաշերտերը և լեռնային ապարաները, որոնք վկայում են մոլորակի նախորդ ջրային ակտիվության մասին, որոշել է վայրէջքի տեղանքում առկա հանքանյութերի, ապարների և հողերի տարածվածությունն ու բաղադրությունը: Դա թույլ է տվել հասկանալ, թե ինչ երկրաբանական գործընթացներ են ձևավորել տեղանքի ռելիեֆն ու քիմիական կազմը:

Դասակարգելով հանքանյութերն ու երկրաբանական շերտերը` «Սպիրիթը» որոնել է այն երկրաբանական պատճառները, որոնք ձևավորել են շրջակա միջավայրի այն պայմանները, որոնք եղել են, երբ մոլորակում հեղուկ ջուր կար:

«Օփորթյունիթի», ԱՄՆ, վայրէջքը 2004թ. հունվարի 25-ին:

Սա Mars Exploration Rover ծրագրի նմանակն է: «Օփորթյունիթի» մարսագնացը վայրէջք է կատարել Իգլ խառնարանում, Մերիդիանի բարձրավանդակում: Այսօրվա դրությամբ սարքը շարունակում է արդյունավետ գործել, արդեն ավելի քան 40 անգամ գերազանցելով սահմանված ժամկետը:

Ֆրամ խառնարանի համայնապատկերը, 2004թ. ապրիլի 24

«Օփորթյունիթի»-ն կատարում է գրեթե այն նույն էքսպերիմենտները, ինչ «Սպիրիթը»: Մարսագնացը համոզիչ ապացույցներ է ներկայացրել, որոնք հաստատում են նրա գիտական առաքելության հիմնական նպատակը` քարերի և հողի որոնում և հետազոտում, որոնք կարող են տվյալներ պարունակել Մարսում ջրային շրջանի մասին: Այն պարզել է, որ հնում Կարմիր մոլորակում ջուր է եղել, պիտանի կենդանի օրգանիզմների համար:

«Ֆենիքս», ԱՄՆ, վայրէջքը 2005թ. մայիսի 25

Mars Exploration Rover ծրագրի տրամաբանական շարունակությունը դարձավ Mars Scout նախագիծը, որի գլխավոր նպատակն էր ջրի երկրաբանական պատմության ուսումնասիրությունը, ինչպես նաև միջավայրի հետազոտումը` պարզելու համար միկրոօրգանիզմների բնակության համար բարենպաստ պայմանները: «Ֆենիքսը» վայրէջքային մոդուլ է, որը պատմության մեջ առաջին անգամ հաջող վայրէջք է կատարել մոլորակի բևեռային շրջանում:

Մակերեսը «Ֆենիքսի» տակ: Հնարավոր է, սառույց է երևում:

Սարքի հետ կապի վերջին միացումը տեղի է ունեցել 2008թ. նոյեմբերի 2-ին, իսկ նույն թվականի նոյեմբերի 10-ին հայտարարվեց առաքելությունն ավարտելու մասին: Առաքելության գլխավոր գիտական արդյունքը սառույցի հայտնաբերումն էր բարակ հողաշերտի տակ, ինչպես նաև հողաշերտի քիմիական անալիզը` այսինքն սարքն առաջին անգամ ջուր էր հայտնաբերել Մարսում:

Curiosity, ԱՄՆ, վայրէջքը 2012-ի օգոստոսի 6-ին

899 կգ քաշով երրորդ սերնդի մարսագնացն այս պահի դրությամբ Կարմիր մոլորակի գլխավոր «քաղաքացին է» և ամենահայտնի ռոբոտը Մարսում: NASA-ի բազմամիլիարդանոց նախագիծը մինչ օրս ուրախացնում է իր գիտական արդյունքներով` շրջելով մոլորակի մակերեսով և բարձրորակ լուսանկարներ ուղարկելով:

Curiosity-ի աշխատանքը Մարսի վրա նկարչի պատկերացմամբ

Հողաշերտի և մթնոլորտի առավել մանրամասն ուսումնասիրությունից բացի, մարսագնացն օգտագործել է RAD ռադիացիոն դետեկտորը, որի օգնությամբ կարելի է գնահատել պոտենցիալ սպառնալիքները, կապված մարդկանց ճառագայթման հետ դեպի Մարս ուղևորատար թռիչքի դեպքում: Պարզվել է, որ դեպի Մարս տիեզերագնացներ ուղարկելու դեպքում, նրանք տիեզերական ճառագայթման մահացու բաժին կստանան` իոնիզացված ճառագայթման 1 զիվերտից ավելի, որի երկու երրորդը ճամփորդները կստանան դեպի Մարս թռչելիս:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ermire Mirror-ը կօգնի «փորձել» հագուստը սմարթֆոնի միջոցով
ՀՀ-ում առաջին Zero Robotics մրցույթ-ճամբարն է
ՏՏ ոլորտի նոր ռեկորդները՝ թվերով
Ինչպես է բիզնեսը լուծում սոցխնդիրները
 Ուշադրության կենտրոնում
Երևանում մեկնարկել է WCIT 2019-ը

Երևանում մեկնարկել է WCIT 2019-ը Համաժողովը Հայաստանում կանցկացվի հոկտեմբերի 6-9-ը՝ ընդգրկելով ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից

 Բաժնի այլ նյութերը
Հայկական ստարտափ ստարտափների համար SkizbUp հարթակը՝ միջնորդ ստեղծողների և ներդրողների միջև
«Խելացի օրորոց» Հայկական արտադրանքը հեքիաթ կպատմի ու կքնեցնի երեխային
Հայկական ՏՏ-ն 10 հավելված, որոնք օգտակար կլինեն ՀՀ-ում ճամփորդելիս