Պատվաստվել, թե՝ ոչ

Պատվաստվել, թե՝ ոչ

Ո՞ր դեպքում է վտանգն իրական

Պատվաստումների հակառակորդները հաճախ են սարսափելի դեպքեր պատմում այն երեխաների մասին, որոնց մոտ պատվաստումից հետո աուտիզմ է զարգացել: Իսկ ի՞նչ է այդ մասին ասում պաշտոնական գիտությունը: Ադյո՞ք ծնողներն իրոք մտահոգվելու տեղիք ունեն: PanARMENIAN.Net-ը մանրամասնում է՝ որն է այս վարկածի սկզբնաղբյուրը, ինչ է իրականում աուտիզմը, ինչու և երբ է այն զարգանում, և քանի երեխա Հայաստանում ամեն տարի չի պատվաստվում:

PanARMENIAN.Net - Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նախորդ դարավերջին բժիշկները նկատեցին, որ աուտիզմով հիվանդների թիվը զգալիորեն աճել է. մոտ մեկ տասնամյակում աուտիզմով երեխաների թիվը կրկնապատկվել էր: Գիտնականներն էլ սկսեցին պատճառները փնտրել և իրենց թեզերն առաջ քաշել: Դրանցից մեկն էլ՝ ամեն ինչում մեղավոր են պատվաստումները:

Որտեղ է «թաղված շան գլուխը»

1998 թվականին ամենահին և հեղինակավոր բժշկական ամսագրերից մեկում՝ The Lancet, տպագրվեց բժիշկ Էնդրյու Ուեյկֆիլդի և համահեղինակների աշխատանքը, որում նրանք կապել էին աուտիզմն ու ԿԿԽ (կարմրուկ, կարմրախտ, խոզուկ) պատվաստումից հետո երեխաների աղիներում առաջացող բորբոքումը: Պարբերականի հեղինակությունն իր «սև» գործն արեց. ԶԼՄ-ները սկսեցին զգուշացնել հասարակությանը պատվաստումների վերահաս վտանգի մասին: Շատ ծնողներ մտահոգության առիթ ունեցան, իսկ պատվաստումների դեմ պայքարողները՝ ևս մեկ «հաղթաթուղթ»:

Միևնույն ժամանակ բազմաթիվ գինականներ չհամաձայնեցին առաջ քաշված վարկածի հետ և սկսեցին ապացուցել հակառակը: Արդյունքում Ուեյկֆիլդի 12 համահեղինակից 10-ը հրաժարվեց հոդվածից, իսկ ավելի ուշ անգամ ինքը Ուեյկֆիլդը խոստովանեց, որ խախտել է բժշկական էթիկայի սկզբունքը և բավականաչափ ապացույց չի ունեցել հոդվածը տպագրելուց առաջ: Նա խոստովանել էր, որ ուսումնասիրության մեջ ներառել էր ընդամենը 12 երեխայի, ինչև վիճակագրության համար անբավարար է, եթե չասենք՝ ընդհանրապես հիմք չէ:

2015-ի գարնանը գիտկանաները որոշեցին ևս մեկ անգամ փորձել կապ հաստատել պատվաստումների և աուտիզմի միջև: Նրանք ուսումնասիրեցին 100.000 երեխայի, որոնցից 2000-ի ավագ եղբայրները կամ քույրերն արդեն իսկ հիվանդ էին աուտիզմով: Արդյունքում, ուսումնասիրությունները ևս մեկ անգամ ոչ մի կապ չէին հայտնաբերել այս 2 երևույթի միջև:

Ինչ վերաբերում է հիվանդացության ցուցանիշի կտրուկ աճին, գիտնականները ենթադրեցին, որ պատճառն այն է, որ մասնագետներն ավելի հետևողականորեն էին սկսել վիճակագրությունը հավաքել, և, բացի այդ, ավելացել էին աուտիզմի վաղ հայտնաբերման դեպքերը:

Ինչ է աուտիզմը

Աուտիզմն ուղեղի կանոնավոր զարգացման փոփոխությունների մի ամբողջ համակարգ է, որը կարող է շփման, բանավոր և ոչ բանավոր հաղորդակցության և կրկնվող վարքագծի տարբեր աստիճանների դժվարությունների հանգեցնել։ Աուտիզմով տառապող երեխաները, ինչպես նաև մեծահասակները սովորաբար դժվարություններ ունեն խոսելու, ոչ-խոսքային հաղորդակցման, սոցիալական հարաբերությունների, զվարճանալու և խաղալու ունակությունների մեջ։ Այն մեծ շառավիղ ունեցող փոփոխություն է և տարբեր մարդկանց վրա ազդում է յուրովի։ Այդ իսկ պատճառով վաղ ախտորոշումը շատ կարևոր է։

Աուտիզմի առաջացման պատճառը պետք է փնտրել գենային մակարդակում: Դրա զարգացմանը կարող է նպաստել նաև այն, որ հղիության ընթացքում կինը սուր շնչառական, գրիպային հիվանդություն տանի, հակաբիոտիկներ ընդունի:

Ամբողջ խնդիրն այն է, որ երեխաների մեծ մասի մոտ ուղեղի զարգացումը սկզբնական շրջանում կատարվում է բնականոն հունով: Վարքի մեջ շեղումները նկատվում են հիմնականում 1 տարեկանում: Եվ հենց այս ժամանակ էլ կատարվում է ԿԿԽ պատվաստումը: Սա է նաև պատճառներից մեկը, որ աուտիզմի առաջացումը սկսեցին կապել այս պատվաստման հետ: Սակայն, եթե 2 գործընթաց տեղի են ունենում մոտավորապես նույն ժամանակահատվածում, բնավ պարտադիր չէ, որ դրանցից մեկը մյուսի հետևանքով լինի:

Քանի երեխա չի պատվաստվում Հայաստանում

Այս հարցի պատասխանը ստանալու համար PanARMENIAN.Net ը զրուցել է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական, իմունականխարգելման ազգային ծրագրերի ղեկավար Գայանե Սահակյանի հետ: Վերջինս նշեց, որ յուրաքանչյուր տարի Հայաստանում չի պատվաստվում նորածինների 4-5%-ը, այսինքն՝ մոտ 1600-2000 երեխա: Սակայն այս թվի մեջ են մտնում նաև այն երեխաները, որոնք բաց են թողել, օրինակ, ռոտաիրուսի պատվաստումը. այս պատվաստումը կատարվում է մինչև 15 շաբաթականը: Այս դեպքում, եթե անգամ երեխան ստանա մյուս բոլոր պատվաստումները, այդ թվում՝ ԿԿԽ-ն, նա համարվում է թերի պատվաստված: Չպատվաստվածների մեջ են մտնում նաև այն երեխաները, որոնք առողջական խնդիրների պատճառով հակացուցումներ ունեն և պարզապես չեն կարող պատվաստվել:

Ինչևէ, ըստ Գայանե Սահակյանի, յուրաքանչյուր տարի Հայաստանում պատվաստումից հրաժարվում են նորածինների 1-2 տոկոսի ծնողները: Մասնագետը հորդորում է՝ եթե երեխան չունի առողջական խնդիրներ ու հակացուցումներ, մի հրաժարվեք պատվաստումից, քանի որ դրանով դուք վտանգում եք նաև այն երեխաներին, որոնք չեն կարող պատվաստվել:

«Մի քանի տարի առաջ մենք մի դեպք ունեցանք, երբ չպատվաստված երեխան գնացել էր Եվրոպական երկրներով շրջագայության: Նա այնտեղից վարակված եկավ կարմրուկով: Արդյունքում այդ երեխայի հետ շփումից ևս մեկ երեխա վարակվեց, որն առողջական խնդիրների պատճառով չէր պատվաստվել: Արդյուքում այս 2-րդ երեխային չկարողացանք փրկել: Ստացվում է, որ մեզ մոտ գրանցվեց մի իրավիճակ, որը կարող էր և չլինել, եթե առաջին երեխան, որը հակացուցումներ չուներ, պատվաստված լիներ»,- նշում է մասնագետը:

1995-ից հետո Հայաստանում պոլիոմիելիտի, 2000-ից` դիֆթերիայի դեպքեր չեն գրանցվել, իսկ 2007-ին նաև` կարմրուկի ու կարմրախտի դեպքեր, փայտացում գրանցվում է շատ եզակի, այն էլ՝ մեծահասակների շրջանում: Սակայն, հաշվի առնելով Հայաստանի հետ կապ ունեցող երկրների համաճարակային վիճակը, Առողջապահության նախարարությունը պատվաստումները չի հանում պլանային օրացույցից:

Շատ ծնողներ պատվաստումներից հրաժարվելիս նշում են, թե դրանցում իմաստ չեն տեսնում, քանի որ այդ հիվանդությունների մեծ մասը Հայաստանում տարիներ շարունակ չի հանդիպում:

«Աշխարհը տեղում կանգնած չէ: Ամեն օր մարդիկ գնում-գալիս են և իրենց հետ նաև հիվանդություններ են բերում: Վերջին տարիներին մեզ մոտ գրանցված կարմրուկի բոլոր դեպքերը եղել են բերովի: Մենք այս հիվանդության տեղային շրջանառություն չունենք»,- ասում է Սահակյանը:

ԱՆ պաշտոնյան պնդում է նաև, որ շատ կարևոր է պահպանել պատվաստումների օրացույցային ժամանակացույցը, քանի որ մինչև 3 ամսականը սպառվում են երեխայի օրգանիզմի այն հակամարմինները, որ ստանում են մորից:

«Սա է պատճառը, որ պատվաստումները սկսում ենք 6 շաբաթականից, որ մինչև 6 ամսականը երեխան լիովին պաշտպանված լինի և սեփական իմունիտետ ձևավորի»,- մանրամասնում է մասնագետը՝ հավելելով, որ պատվաստանյութի անգամ 1 դեղաչափը կարող է պաշտպանել, բայց ոչ լիովին: Պարզապես հիվանդության ընթացքն ավելի թեթև կլինի:

Ինչ վերաբերում է հետպատվաստումային ռեակցիաներին, դրանցիցի առաջինը սպասվելիներն են՝ ջերմություն, թուլություն և այլն, որոնք լինում են պատվաստվածների մոտ 10%-ի մոտ և կառավարելի է. ենթարկվում են ջերմիջեցնողներին և անցնում են 1-2 օրվա ընթացքում: Իսկ անսպասելի ռեակցիաների թվում են անաֆիլակտիկ շոկն է և անաֆիլաքտոիդ ռեակցիան (որևէ արտաքին ազդակի նկատմամբ մարմնի սուր ալերգիկ ռեակցիան), որոնք կապ չունեն պատվաստանյութի հետ, կարող են լինել հասարակ, կենցաղային դեղորայքից, սպասք լվանալու միջոցից կամ անգամ օծանելիքից:

Ինչ վերաբերում է ալերգիային, այն ևս բնորոշ չէ պատվաստանյութին, այլ օրգանիզմի առանձնահատկությունն է, երբ գերզգայուն է այս պատվաստանյութի որևէ բաղադրիչի հանդեպ: Հնարավոր է նաև ալերգիան լինի ոչ թե բուն պատվաստանյութից, այլ ջերմիջեցնողից, որը ծնողները տալիս են հետպատվաստումային ջերմությունը իջեցնելու համար:

Մասնագետն անդրադարձավ նաև թոքաբորբի դեպքերին. «Պատվաստումից հետո երբեք թոքաբորբ չի զարգանում: Լինում են համընկնելու դեպքեր, սակայն, բարեբախտաբար, արդեն 2 տարի է նման դեպքեր ևս չեն գրանցվել: Բուժաշխատողները պետք է մինչև պատվաստումը զննեն երեխային, և եթե այդ պահին երեխան առողջ է, նոր պատվաստեն»:

Անդրադառնալով այն վարկածին, թե պատվաստումները թուլացնում են երեխայի դիմադրողականությունը, մասնագետը նշում է.

«Եթե երեխան հիվանդանալու է, օրինակ, սուր շնչառական հիվանդությամբ, նա միևնույն է վարակվելու է, անկախ նրանից՝ կպատվաստվի, թե՝ ոչ: Ընդահակառակը, այն երեխաները, որ հաճախ են հիվանդանում, ավելի թույլ դիմադրողականություն ունեն, նրանց ծնողները պետք է առավել շահագրգռված լինեն, որ երեխաները ժամանակին ստանան պատվաստումները»:

Ստացվում է, որ ծնողները, այդ թվում՝ Հայաստանում, հրաժարվում են պատվաստումներից՝ փորձելով պաշտպանել իրենց երեխաներին մտացածին բարդություններից, որոնք ոչ մի գիտական հենք չունեն: Բայց այս քայլով իրենց երեխաներին կանգնեցնում են իրական վտանգի, իրական հիվանդություններով վարակվելու վտանգի առջև:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---