Թվային միջնադար

Թվային միջնադար

Եվգենի Կասպերսկու սեմինարը Երևանում

Հայաստանում յուրարաքանչյուր երրորդ օգտատեր 2016թ-ին համացանցում բախվել է կիբերսպառնալիքների՝ վնասաբեր ծրագրերի, ցանցահենային գրոհների, դրամաշորթության՝ մասնավորապես, կեղծ, ֆիշինգային էջերի, սպամի և համացանցային այլ վտանգների հետ։ Հայաստանի օգտատերերի 40 տոկոսը ենթարկվել է, այսպես կոչված, տեղային սպառնալիքների՝ վնասաբեր օբյեկտների, որոնք սարքեր են թափանցում հանովի կրիչների, օրինակ՝ ֆլեշ հիշողությունների միջոցով։ Եւս 10 տոկոսն ունեցել է շարժական սարքերի սպառնալիքների հետ բախման փորձառություն։

PanARMENIAN.Net - Այս ամենը պարզել է համակարգչային պաշտպանության միջոցներ արտադրող հռչակավոր «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերությունը, որը նման տվյալներ է ստացել Kaspersky Security Network ամպային ենթակառուցվածքի օգնությամբ 2016թ-ի արդյունքներով հավաքված ներքին վիճակագրական վերլուծությամբ։ Այս ենթակառուցվածքը միավորում է ընկերության արտադրանքի օգտատերերին աշխարհով մեկ, և նրանց համաձայնությամբ հավաքում ու կենտրոնացված սերվերներ է հասցնում օգտատերերի՝ ընկերության արտադրանքներով պաշտպանված մեքենաները վարակելու բոլոր միլիոնավոր փորձերը և դրանց կասկածելի վարքագծի մասին տեղեկատվությունը։

Այս տվյալները լրացվում են շատ այլ աղբյուրների տեղեկատվությամբ՝ այսպիսով իրականացնելով համացանցային վիրուսային իրավիճակի անընդհատ մշտադիտարկում։ Այն պահին, երբ վնասաբեր նոր ծրագիրը փորձում է վարակել գոնե մեկ համակարգիչ, ընկերության փորձագետներն ակնթարթորեն ստանում են այդ ծրագրի և դրա գործողությունների մասին տեղեկատվությունը, ծրագիրը համապատասխան կարգավիճակ է ստանում, դրա մասին տվյալներն ուղարկվում են բոլոր օգտատերերին, ինչի արդյունքում բացառվում է վարակման հետագա ցանկացած փորձ։

PanARMENIAN.Net ը երեկ ներկա է գտնվել «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկու մասնակցությամբ սեմինար-ընթրիքին և ներկայացնում է ՏՏ աշխարհի հայտնի ներկայացուցչի հնչեցրած հիմնական թեզերը, որոնք առնչվում են ժամանակակից աշխարհում կիբերանվտանգությանը։

«Ժամանակակից թվային աշխարհը կարելի է նկարագրել, որպես «թվային միջնադար»։ Եթե 1986-2006թվականների ընթացքում, այսինքն, 20 տարում աշխարհում ընդհանուր առմամբ գրանցվել է վնասաբեր ծրագրային ապահովման 1 մլն օրինակ, ապա 2016թ-ի ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում գրանցվում է 2,2 մլն բոլորովին նոր, ունիկալ վնասաբեր ծրագրային ապահովում, իսկ օրական՝ 310․000։ Այսինքն, համացանցում առկա վնասաբեր ծրագրերի թիվը վերջին 10 տարիների ընթացքում աճել է էքսպոնենտով, և այդ տենդենցը շարունակվելու է։

Աճել է նաև հարձակման ենթարկված օգտատերերի քանակը։ Եթե 2013թ-ին հարձակման էին ենթարկվել բոլոր օգտատերերի միայն 56 տոկոսը, ապա 2015թ-ին այդ ցուցանիշը կազմում էր արդեն 62 տոկոս։ Ընդ որում, վտանգի տակ են բացառապես բոլոր օպերացիոն համակարգերը․ առաջատար է, բնականաբար, Windows-ը։ Այս ՕՀ-ի համար գրված ունիկալ վնասաբեր ծրագրերի թիվը ներկայումս կազմում է 448 մլն։ Երկրորդ տեղում է մոբայլ սարքերի Android օպերացիոն համակարգը՝ 22 մլն ցուցանիշով․ հետևաբար, սխալվում են այն օգտատերերն, ովքեր կարծում են, թե սմարթֆոնը, կամ պլանշետը հարձակման չեն ենթարկվում։ Հակառակը, մոբայլ սարքերի համար գրվող վիրուսների թիվը և բարդությունը գնալով ավելանում է, քանի որ ներկայումս մարդիկ հսկայական քանակության ֆինանսական օպերացիաներ իրականացնում են հենց նման սարքերի միջոցով։ Երրորդ տեղում Mac OS-ն է՝ 40․000 ցուցանիշով, ապա՝ Linux-ը՝ 30․000-ով։ Ամենաքիչ քանակի վնասաբեր ծրագրեր գրվել են մոբայլ iOS օպերացիոն համակարգի համար․ դրանց թիվը կազմում է 600։

Համաձայն մեր ստացած տվյալների, Հայաստանում անհատական համակարգչի յուրաքանչյուր օգտատեր տարվա ընթացքում միջին հաշվով 13 անգամ հանդիպել է համացանցային սպառնալիքների։ Իսկ ահա տեղային վնասաբեր ծրագրերի հետ նա 6 անգամ ավելի հաճախ է գործ ունենում՝ տարվա ընթացքում միջինը 83 անգամ։ Ամբողջ աշխարհում կիբերսպառնալիքները վերածվել են իրական խնդրի՝ ավելացնելով ինչպես հարձակման ծավալներն, այնպես էլ օգտագործելով առավել բարդ հնարքներ։ Այս տեսակի հանցագործությունները յուրաքանչյուր տարի համաշխարհային տնտեսությանը հասցնում են ավելի քան կես տրիլիոն ԱՄՆ դոլարի վնաս, հետևաբար դրանց դեմ պայքարն ամենօրյա քրտնաջան աշխատանք է պահանջում։

Պետք է գիտակցել՝ ցանկացած կիբերսպառնալիք առաջացնում է կարևոր տեղեկատվության, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի և սոցիալական ցանցի հաշիվների մուտքանունների ու գաղտնաբառերի, բանկային հաշիվների առցանց հասանելիության տվյալների, կապի տվյալների, ընտանեկան ֆոտոպահոցի ու այլ կարևոր տվյալների ու ֆինանսական միջոցների կորստի ռիսկ։ Մի շարք վնասաբեր ծրագրեր կարող են ընկնել ուղիղ օգտատերերի փողերի հետևից, սակայն, եթե նույնիսկ հաջողվի խուսափել գողությունից, վնասաբեր ծրագրային ապահովմամբ վարակման դեպքում, միևնույն է, ֆինանսական ծախսերը գործնականում անխուսափելի են։

Մեր ընկերության գնահատմամբ՝ մեկ կիբերգրոհի արդյունքում օգտատերերի կրած վնասն ամբողջ աշխարհում միջին հաշվով կազմում է 134 ԱՄՆ դոլար։ Վնասաբեր ծրագրերով վարակման զոհն այդ գումարը ծախսում է սարքի վերանորոգման, կորցրած տվյալների վերականգնման, պաշտպանական ծրագրային ապահովման տեղադրման և այլ ուղեկցող ծախսերի համար։

Մեր աշխատանքի քսանամյա փորձը ցույց է տալիս, որ և կիբերսպառնալիքները, և դրանց բախվելու հետևանքները տարեցտարի դառնում են էլ ավելի մասշտաբային։ Նման պայմաններում հուսալի պաշտպանությունն անհրաժեշտ է, ինչպես երբեք։ Մենք օգտատերերին խորհուրդ ենք տալիս զգոն լինել ինչպես համացանց մտնելիս, այնպես էլ համակարգչով ցանցից դուրս աշխատելիս։ Այդուհանդերձ, նույնիսկ ամենազգույշ վարքը չի երաշխավորում կիբերսպառնալիքներից 100 տոկոսանոց պաշտպանություն։ Հենց այդ պատճառով յուրաքանչյուր սարքի վրա պետք է տեղադրված լինի պրոակտիվ տեխնոլոգիաներով համալիր պաշտպանական լուծում, որն ի զորու կլինի կանխարգելել նույնիսկ անհայտ չարագործների կողմից դեռևս չհորինված միջոցներով վարակվելը:

Հիշեք, այսօր կիբերսպառնալիքներին բախվելու ռիսկի են ենթարկվում ոչ միայն շարքային օգտատերերը, այլև բիզնեսը, արդյունաբերական ձեռնարկությունները, ֆինանսական կազմակերպությունները, պետական կառույցները։ Այդ դեպքում չարագործները նպատակաուղղված են փողի կամ կազմակերպության աշխատանքի համար կրիտիկական գաղտնի տվյալների գողությանը, կամ՝ ընկերության աշխատանքի լիովին դադարեցմանն ու կաթվածահար անելուն։

Մենք արդեն բավականին երկար ժամանակ համագործակցում ենք ՀՀ կառավարության ու առանձին նախարարությունների հետ՝ պետական կառույցների կիբերանվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ․ համագործակցությունը ոչ միայն շարունակական է լինելու, այլև ապագայում ևս ընդլայնվելու է։

Վերջում հասկանանք, թե ինչո՞ւ հենց «թվային միջնադար»։ Կիրառական նշանակություն ունեցող ցանկացած նոր գյուտ անցնում է մի քանի փուլից բաղկացած էվոլյուցիոն ճանաօարհ։ Առաջինը հենց իննովացիան է, երբ այն ստեղծվում է։ Երկրորդը՝ իննովացիայի տարածումն է, երբ մարդիկ սկսում են դրանից օգտվել։ Երրորդը խնդիրների հայտնաբերումն, երբ հասկանում են, որ որքան էլ իննովացիան լավն է, այդուհանդերձ այն ունի նաև «մութ կողմեր»։ Իսկ չորրորդը կատարելագործումն է, որը ենթադրում է խնդիրների լուծում։ Թվային տեխնոլոգիաների աշխարհը ներկայումս գտնվում է երրորդ և չորրորդ փուլերի միջև․ մենք գիտենք, որ թիվը ներկայումս ամենուր է, կիրառվում է մեր կյանքի բոլոր ոլորտներում ու այն այլևս անհնար է անջատել, կամ դադարեցնել։ Այս միջավայրում ահռելի քանակի վտանգներ կան, և մեր խնդիրն է հասնել չորրորդ փուլի իրականացմանը։ Կարող եմ ձեզ ուրախացնել․ նման հնարավորություն կա»։

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---