17  Հայկական ժառանգություն. Հոռոմայրի վանական համալիր (Լոռու մարզ)
Հոռոմայրի Սբ Նշան եկեղեցու վերականգնումը

Հոռոմայրի Սբ Նշան եկեղեցու վերականգնումը

Մարզպետի նախաձեռնությունը, ճարտարապետի հավակնություններն ու նախարարության զարմանքը

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ կվերականգնվի Օձունի Հոռոմայրի վանական համալիրի կազմում ընդգրկված Սբ Նշան եկեղեցու վերին հատվածը: Համապատասխան գրառումն արված է Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջում: Ինչպես պարզվեց հետագայում, այդ մասին տեղյակ չէին նույնիսկ մշակույթի նախարարությունում: PanARMENIAN.Net-ը փորձեց պարզել, թե ինչու եկեղեցու վերականգնող ճարտարապետի՝ «5 ամսում կվերականգնենք» հայտարարությունը իրատեսական չէ, ինչ փուլեր ու ընթացակարգեր է բաց թողել մարզպետարանը նման հայտարարություն անելուց առաջ և թե ինչպես կպատժվի, եթե սկսի վերականգնման աշխատանքներն առանց պատկան մարմիններին տեղեկացնելու:

PanARMENIAN.Net - Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ նշվում է. «Հուշարձանախմբի վերականգնման աշխատանքները կմեկնարկեն ապրիլին, իսկ առայժմ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում»:

Արթուր Նալբանդյան, Լոռիի մարզպետ

PanARMENIAN.Net ի հետ զրույցում, սակայն, մարզպետ Արթուր Նալբանդյանը նշեց, որ ապրիլին վերականգնումը սկսելու մասին խոսք գնալ չի կարող.

«Որոշ փաստաթղթային խնդիրներ կան, որ դեռ պետք է կարգավորել՝ կապված թույլտվության հետ»:

Ճշտող հարցին, թե այդ դեպքում ինչու է մարզպետարանի ֆեյսբուքյան էջում գրված, որ վերականգնման աշխատանքները կսկսվեն ապրիլին, մարզպետ Նալբանդյանը պատասխանեց. «Ուշադիր չեմ եղել՝ ինչ է գրվել»:

Արև Սամուելյան, մշակույթի փոխնախարար

Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը հայտնեց, որ իրենք հուշարձանի հնարավոր վերականգնման մասին իմացել են մարզպետարանի ֆեյսբուքյան էջից և «փոքր-ինչ զարմացել».

«Կարծում ենք՝ թյուրըմբռնում է եղել և մոտ ժամանակներս անպայման կներկայացնեն նախագիծը նախարարություն: Համենայն դեպս, այս ձևով՝ որևիցե պաշտոնական օղակ շրջանցելով, իսկ մշակույթի նախարարությունը հուշարձանների վերականգնման գործում լիազոր մարմինն է, հնարավոր չէ որևէ գործընթաց իրականացնել ՀՀ տարածքում»:

Միևնույն ժամանակ փոխնախարարը շեշտեց, որ «նախարարությունը ողջունելի է համարում մարզպետարանի և անձամբ պրն. մարզպետի նախաձեռնությունը պետական հաշվառմամբ հանրապետական նշանակության հուշարձանի վերականգնման աշխատանքների մասին հոգ տանելու համար»:

Սամուելյանի համոզմամբ՝ եկեղեցին վերականգնելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել հուշահամալիրի տարածքը, հնագիտական պեղումներ անել, ինչը չի արվել, քանի որ նախարարության միջգերատեսչական հանձնաժողովը որևէ թույլտվություն չի տվել. «Այս առումով ևս որևէ դիմում չի եղել: Պետք է արվի հնագիտական չափագրում, մանրամասն չափագրվեն բոլոր բեկորները, կազմվի լուրջ գիտական հիմնավորումներով նախագիծ և ներկայացվի նախարարության համաձայնեցմանը: Դեռևս պետական լիազոր մարմինը որևէ դիմում չի ստացել»:

Արև Սամուելյանը նաև հավելեց, որ տեղյակ չէ՝ արդյոք չափագրումներ արդեն արվել են, թե՝ ոչ. «Այնուամենայնիվ, հնագիտությունն անհրաժեշտ է: Առնվազն ամռան ընթացքում պետք է պեղումներ իրականացվեն: Այնուհետև, եթե նախագիծը կա, այն պետք է պեղումների արդյունքի համաձայն ճշգրտվի, ապա ներկայացվի, և հետո միայն հաջորդ տարիներին վերականգնվի: Մեկ տարվա ընթացքում սկսել, վերականգնել հուշարձանն ամբողջությամբ անհնար է: Եթե խոսքը մասնակի վերականգնման, ամրակայման մասին է, դա հնարավոր է: Բայց ամբողջապես հուշարձանը վերականգնելու համար տարիներ են անհրաժեշտ»:

Վահե Դոխոյան, Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին պետ

Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին պետ Վահե Դոխոյանն իր հերթին նշեց, որ իրենց ֆեյսբուքյան գրառումը սխալ են մեկնաբանել. «Խոսքը ոչ թե շինարարական աշխատանքներն ապրիլին սկսելու մասին է, այլ ընդհանուր աշխատանքները՝ այդ թվում՝ նախապատրաստական»:

Ի դեպ, հենց Դոխոյանի գլխավորած բաժինն է վարում մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

Ինչ վերաբերում է համաձայնությանը, Վահե Դոխոյանը նշեց, որ իրենք ստացել են Մայր Աթոռի համաձայնությունը եկեղեցին վերականգնելու համար, իսկ մշակույթի նախարարություն դեռ նոր պետք է դիմեն: «Մենք գրել ենք «հուշարձանախմբի վերականգնման աշխատանքները կմեկնարկեն ապրիլին»՝ նկատի ունենալով նաև այս՝ փաստաթղթային և համաձայնեցման աշխատանքները»:

Վրթանես քահանա Բաղալյան, Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ

Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ Վրթանես քահանա Բաղալյանը հաստատեց՝ Մայր Աթոռը տեղյակ է, ի դեմս Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի:

«Թեմակալ առաջնորդն ու մարզպետը շատ մեծ ցանկություն ունեն, որ սրբավայրը նորոգվի և սկսի գործել: Սակայն կոնկրետ ժամկետներ չգիտեմ»,- նշեց Տեր հայրը:

Սուրեն Աբովյան, ճարտարապետ, Վանաձորի գլխավոր ճարտարապետ

Հուշարձանախմբի վերականգնման աշխատանքները վստահվել են վերականգնող ճարտարապետ, Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանին: Վերջինս մեզ ասաց, որ այժմ համապատասխան թույլտվությունները ստանալու ուղղությամբ են աշխատում:

«Վերականգնման համար նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: Այժմ թղթերն ենք հավաքում, որ ներկայացնենք մշակույթի նախարարություն՝ թույլտվություն ստանալու համար»,- ասաց Աբովյանը՝ նշելով, որ աշխատանքները կսկսվեն միայն պաշտոնական թույլտվությունից հետո: Ինչ վերաբերում է հնագիտական աշխատանքներին ու պեղումներին, Աբովյանի համոզմամբ, ի տարբերություն Սամուելյանի, դրա կարիքը պարզապես չկա, քանի որ «հուշարձանի վերգետնյա հատվածն ամբողջովին տեսանելի է».

«Մենք պատերին ձեռք չենք տալու, սալիկապատում չենք անելու: Եթե ամրակայման կարիք լինի, կամրացնենք ու կլրացնենք պակասող քարերը: Սակայն հիմնական աշխատանքը վերաբերում է զուտ տանիքի, ծածկի վերականգնմանը»:

Ի դեպ, ճարտարապետը խոստանում է՝ աշխատանքները սկսելուց առավելագույնը 5 ամիս անց 4 դար առաջ խոնարհված եկեղեցին նորից կանգուն կլինի:

Վերականգնող ճարտարապետ Սուրեն Աբովյանը մինչև այժմ վերականգնել է միայն մեկ՝ Բազում գյուղի Սբ Աստվածածին եկեղեցին:

Ինչ վերաբերում է մարզպետարանի հրապարակած լուսանկարին, Աբովյանը նշեց, որ այն աշխատանքային նախագիծ չէ, անգամ գույներն են սխալ. «Այն պարզապես ներկայացնում է, թե ինչ տեսք կարող է ունենալ սրբավայրի տանիքը»:

Ի դեպ, ճարտարապետը նշեց, որ վերակառուցման համար կպահանջվի մոտ 20 մլն դրամ, իսկ շինության ընդհանուր տարածքը մոտ 30 քմ է:

Արմեն Աբրոյան, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ

Միաժամանակ PanARMENIAN.Net ը կապվեց Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանի հետ՝ պարզելու, արդյոք տեղյակ են մարզպետի նախաձեռնության մասին: Պարզվեց, որ ինչպես մշակույթի փոխնախարարը, Արմեն Աբրոյանը ևս վանական համալիրի վերականգնման նախաձեռնության մասին իմացել է մարզպետարանի ֆեյսբուքյան գրությունից:

«Ես տեղյակ չեմ եղել մարզպետի նախաձեռնությունից: Ինքս էլ նոր եմ այս մասին իմացել: Պաշտոնական համաձայնեցում չի եղել: Մեզ անգամ չեն էլ դիմել. ոչ մի պաշտոնական գրություն չենք ստացել»,- ասաց Աբրոյանը:

Հարցին՝ իսկ ինչ կլինի, եթե մարզպետարանն առանց դիմելու սկսի վերականգնման աշխատանքները, պահպանության գործակալության պետը պատասխանեց. «Համապատասխան պատժամիջոցներ են սահմանված: Նախ՝ կդադարեցնենք աշխատանքները, հետո կուսումնասիրենք հասցված վնասի չափը և այլն»:

Նա նաև շեշտեց, որ նման չհամաձայնեցված գործելաոճը չեն խրախուսում և այժմ փորձում են պարզել մանրամասները, որպեսզի վերահսկեն գործընթացը:

Ստեփան Նալբանդյան, Պատմական հուշարձաններ վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի փոխնախագահ

Պատմական հուշարձաններ վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Ստեփան Նալբանդյանը ներկայացրեց կարգը՝ ինչ և ինչպես պետք է արվի հուշարձանն օրենքի շրջանակում վերականգնելու համար:

«Նախաձեռնողը, այս դեպքում՝ մարզպետարանը, նամակով պետք է դիմի մշակույթի նախարարություն՝ նշելով, որ ուզում են վերականգնել կառույցը: Նախարարությունը պատասխանում է՝ միաժամանակ նախաձեռնողին առաջադրանքի փաստաթուղթ ու ակտ տրամադրելով: Այսինքն, այդ երկու փաստաթուղթը պետք է լրացվի ու նորից հաստատվի նախարարության կողմից: Այս դեպքում՝ եթե նախագծային առաջադրանք չունես, ի՞նչ ես ուզում անել: Իսկ նախագծային առաջադրանքի մեջ նախաձեռնողը պետք է մանրամասն նկարագրի, որ սա է ուզում անել, այն է ուզում անել և այլն: Ակտի մեջ էլ նշվում է տեխնիկական վիճակի նկարագրությունը, թե կառույցն ինչ վիճակում է գտնվում: Այդ երկու թուղթը լրացնելուց ու նախարարության հետ հաստատելուց հետո նոր սկսվում է բուն գործընթացը»:

Մասնագետը նաև շեշտեց՝ նախևառաջ, պատմամշակութային ցանկացած հուշարձանի տարածք մտնում են հնագետները. «Մինչև նրանք տարածքը չմաքրեն, չի կարելի որևէ աշխատանք սկսել. հնարավոր է՝ հին արժեքավոր քարեր գտնեն, չեն բացառվում նաև այլ գտածոներ, հազար ու մի բան կարող է գտնեն: Զուգահեռաբար, ճարտարապետները գծագրում են աշխատանքային ամբողջ տարածքն ու եղած չեղածը՝ չափերը, վիճակը, համարակալված քարերը և այլն: Բացի այդ, միշտ, երբ հուշարձանի հետ ենք առնչվում, պարտավոր ենք պատմամատենագրական նյութեր ուսումնասիրել: Պետք է ուսումնասիրել արխիվները, տեղեկություններ, լուսանկարներ գտնել, գուցե այնպիսի տեղեկություններ հայտնաբերվեն, որ շատ կարևոր լինեն աշխատանքի ընթացքում»:

«Հոռոմայրի այս նախագծի պարագայում ես այդ ճարտարապետին նույնիսկ չեմ ճանաչում, չգիտենք՝ ով է ինքը: Արել է ինչ-որ նախագծեր, Բազում գյուղի Սբ Աստվածածին եկեղեցին, օրինակ, բայց դա Հոռոմայրի վանական համալիր չէ: Բայց դա այս պարագայում երկրորդական է: Ի՞նչ է նշանակում՝ Լոռու մարզպետարանը հայտարարում է, որ ապրիլին աշխատանքներ են սկսում: Ո՞ւր են այդ փաստաթղթերը»,- ասաց Նալբանդյանը՝ հավելելով, որ գիտխորհրդի առաջիկա նիստում բարձրաձայնելու է այս հարցը:

«Դատելով իմ տեսած էսքիզից, դա գծագիր չէ: Մանրամասն, քայլ առ քայլ պետք է այդ ամենն արվի, ցույց տրվի, հաստատվի: Ուրախ եմ, որ նախաձեռնում են, ուրախ եմ, որ միջոցներ են տրամադրում, բայց ինքնագործունեությամբ թող չզբաղվեն: Այդ տարածքը միայն պեղելու համար, ըստ իս, մոտ երկու տարի կպահանջի: Նորից եմ ասում՝ դեմ չեմ, ցանկացած նախաձեռնություն միշտ էլ գովելի է, բայց միմիայն ընթացակարգին, օրենքին հետևելով»,- ասաց նա:

Հոռոմայրի վանական համալիրում ընդգրկված Սուրբ Նշան եկեղեցին Օձունի տաճարից 1.5 կմ հարավ արևելք է, Օձուն-Այգեհատ ճանապարհի արևելյան եզրին: Սրբավայրերի երկու խումբ ունի՝ ստորին սրբավայրը գտնվում է Դեբեդի ձախափնյա ձորալանջին՝ ուղղաձիգ քարափի տակ, վերինը՝ բարձունքում, սարահարթի եզրին: Նախապատմական քարանձավները նախաքրիստոնեական քաղաքատեղի են եղել, որոնք վաղ միջնադարում վերածվել են ճգնարանների: Վանքի հիմնադիրն է համարվում Սբ Հովհան Օձնեցու կողմից աղոթքով բժշկված, ազգությամբ հույն՝ հոռոմ Վասիդը: Վանքում է պահվել Օձնեցու կողմից վանքին տրված խաչափայտի մասունքը՝ Սբ Նշանը: Եկեղեցի-զանգակատունն էլ վիմական արձանագրությունում անվանվում է Սբ Նշան, ինչպես հետագայում կոչվել է ամբողջ վանքը:

Վերին սրբավայրը բաղկացած է երկու համաչափ եկեղեցուց և նրանց միջև գտնվող գավթից: Հարավային եկեղեցին երկլանջ տանիքով կիսագլանաձև թաղով ծածկված ուղղանկյուն դահլիճ է: Արևելյան լուսամուտի պսակի արձանագրության համաձայն կառուցվել է Գրիգոր քարագործի կողմից 950 թվականին: Հյուսիսային եկեղեցին ու գավիթը հարավային եկեղեցու մուտքի արձանագրության համաձայն կառուցել է վանահայր Սամվելը միաբանների հետ 1206-ին: Հյուսիսային եկեղեցին ունի հարավայինի հատակագծային հորինվածքը: Գավիթը գրեթե քառակուսի հատակագծով սրահ է՝ ծածկված անկյունագծային դասավորությամբ, փոխհատվող կամարներով ուժեղացված թաղով՝ պահպանված միայն հյուսիսային հատվածում:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net, Կարո Սահակյան / PAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է ասում Rammstein-ն իր նոր հոլովակում
4 կոթող, որ վերականգնվեցին մոխրից
10 պատճառ՝ DZEN-ին ներկա գտնվելու
Sigma Sol խումբը՝ նոր խոսք հայկական երաժշտության մեջ
 Ուշադրության կենտրոնում
Բրեգովիչն Ամանորի գիշերը համերգ կտա Երևանում

Բրեգովիչն Ամանորի գիշերը համերգ կտա Երևանում Այդ մասին հայտնել է է քաղաքապետի մամուլի խոսնակը

 Բաժնի այլ նյութերը
«Խավարամտությունը գլուխ է բարձրացնում, անկեղծ պիտի խոստովանեմ» Տիկնիկայինի տնօրենը՝ թատրոնում ռոք-համերգի չեղարկման մասին
Ռենեսանսի «վերածնունդը» Երևանում Նկարչուհին կտավների հերոսներին տեղափոխում է գրասենյակ, բար ու լողափ
6 ֆիլմ՝ քարոզարշավի ընթացքում «չցնդելու» համար Ի՞նչ դիտել ընտրություններին ընդառաջ