7  05.05.17 - Կոմպոզիտոր Տիգրան Համասյանի մամուլի ասուլիսը
Համասյանի An Ancient Observer-ը

Համասյանի An Ancient Observer-ը

Ժողովրդի երաժշտական ճաշակից մինչև աշխարհում հայկական երաժշտության պահանջարկը

Մայիսի 7-ին և 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կոմպոզիտոր Տիգրան Համասյանի մենահամերգն է լինելու, որտեղ երաժիշտը ներկայացնելու է իր նոր՝ մարտի 31-ին թողարկված An Ancient Observer ալբոմը: Երաժշտի խոսքով, համերգի ռեպերտուարի 95%-ը կազմված կլինի հենց ձայնասկավառակի ստեղծագործություններից, բայց մի քանի հին ստեղծագործություն էլ է հնչելու: PanARMENIAN.Net-ը հավաքել է Համասյանի նախահամերգային ասուլիսի գլխավոր թեզերը:

PanARMENIAN.Net - Նոր ալբոմի մասին

An Ancient Observer-ը սոլո ձայնասկավառակ է, որի ռեպերտուարը կազմված է վերջին 4 տարվա իմ ստեղծագործություններից: Ալբոմում ընդգրկված գրեթե ամբողջ երաժշտությունը նոր է, բացի երկուսից՝ հիմնված հայկական մեղեդիների վրա: Դրանցից մեկն «Էտյուդ N մեկ» ստեղծագործությունն է, որն իրենից ժողովրդական երգի մշակում է ներկայացնում: Առհասարակ, պատրաստվում եմ էտյուդների նոր շարք սկսել, որի հիմքում ժողովրդական պարզ մեղեդիներ կլինեն. պարզ, բայց միաժամանակ շատ բարդ և ռիթմիկ էտյուդներ: Այդ շարքի առաջին էտյուդն արդեն ներառվել է An Ancient Observer-ում: Երկրորդ ստեղծագործության հիմքում, որը ևս ներառվեց ալբոմում, հայկական ժողովրդական երկու մեղեդի է: Մնացածը նոր ստեղծագործություններ են:

Մինչև երևանյան համերգն աշխարհի տարբեր երկրներում արդեն 27 մեհահամերգ եմ ունեցել: An Ancient Observer-ի շրջագայությունը դեռ մինչև 2018-ի վերջ սոլո ֆորմատով կշարունակվի: Երևանից Ժնև եմ մեկնելու, հետո՝ Մոսկվա: Այնուհետև կուղևորվեմ Ճապոնիա, ապա՝ Ավստրալիա:

Երևանում նախնական ծրագրով մեկ համերգ էր նախատեսված՝ ամսի 7-ին, բայց տոմսերի վաճառքի մեկնարկից ու կարճ ժամանակում դրանց սպառվելուց հետո հասկացանք, որ պահանջարկը մեծ է, ես էլ ազատ օր ունեի, և որոշեցինք համերգային ևս մեկ օր ավելացնել:

Ժողովրդի երաժշտական ճաշակի մասին

Գիտե՞ք Եվրոպայում ինչպես են զարգացնում հադիսատեսի ճաշակը: Հատուկ պետական թատրոններ կան, որտեղ 2 տարվա ընթացքում 100-ից 150 համերգ է լինում, ամենատարբեր ազգերի երաժիշտների: Այդ թատրոնն իր հանդիսատեսին ունի, և շատերը դեռ ամիսներ առաջ գրանցվում են իրենց նախընտրած համերգների: Եվրոպացիներին այդպես են կրթում: Արդյունքում ստացվում է, որ նրանք մեկ-երկու տարվա ընթացքում լսում են այն, ինչ Հայաստանում երևի 20 տարվա մեջ կլսեն:

Չարժե ասել, որ Հայաստանում ժողովրդի մշակութային կրթվածության խնդիր կա, մեղադրել ժողովրդին, որ վատ երաժշտություն են լսում, դեգրադացվում են: Ամերիկայում այդ տեսակետից վիճակն ավելի վատ է: Ես այդ երևույթը «մյուզաք» (music-ից ձևափոխված,- խմբ.) եմ կոչում: «Մյուզաքը» մարդկանց ուղեղները լվալու «դեղ է», որի միակ նպատակը գումար վաստակելն է: Դա խնմդիր է ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում կամ ԱՄՆ-ում: Մի պարզ ճշմարտություն կա՝ ցանկացած երաժիշտ պետք է գիտակցի, որ կարևորը ոչ թե հայտնի դառնալն է, այլ բարձրորակ, լավ երաժշտություն մատուցելը: Դրա համար տարիների ուսում ու քրտնաջան աշխատանք է պահանջվում:

Հայաստանում գլխավոր խնդիրներին մեկն այն է, որ մրցակցություն չկա: Նույն ջազի ոլորտում օրինակ. չկա: Կան մի քանի երաժիշտներ, որոնք չեն կարողանում տեսնել իրենցից ավելի լավ երաժիշտների, կամ թեկուզ իրենց մակարդակի: Ցանկացած արվեստագետ պետք է մեկնի արտերկիր՝ կայանալու: Կան մարդիկ, որոնք այնտեղ կայանում ու այնտեղ էլ մնում են, կան մարդիկ, որոնք կապ են պահում արտերկրում ապրող երաժիշտների հետ, և կան, որոնք առհասարակ կտրված են այդ ամենից, իսկ դա շատ կարևոր է, որովհետև տարբեր ազգերի մշակույթի փոխանակումն անհրաժեշտ է:

Երաժիշտների քանակը մեր երկրում պետք է շատանա, որ մրցակցություն լինի, մյուս կողմից էլ, կառավարությունն ու տարբեր անհատներ պետք է աջակցեն ու առաջ տանեն ոլորտը, տարբեր համերգներ կազմակերպեն: Բայց մրցակցությունն այստեղ լուրջ խնդիր է:

Երաժշտագիտական կրթություն

Այն ոճը, որով ես նվագում եմ, կոնկրետ ուղղություն է: Ես դա սովորել եմ դրսում: Մեզ մոտ չկա դպրոց, որտեղ կսովորեցնեն այն, ինչ դասավանդում են նույն Նյու Յորքում, Լոս Անջելեսում կամ Եվրոպայում: Այստեղ ուսուցիչները դասավանդում են ինչ-որ մի ուղղություն, այն, ինչ կոնկրետ ինչ-որ դարաշրջանի է վերաբերվում: Բայց երաժշտությունը զարգանում է, չէ՞: Նորություններ, փոփոխություններ են լինում, որոնք, ցավոք, չեն ընդգրկվում դասավանդման մեջ:

Ինձ համար Հայաստանի հետ կապված առաջնային մի խնդիր կա՝ տալ, փոխանցել այն, ինչ ես սովորել եմ դրսում, կիսվել իմ անձնական գիտելիքով: Ուզում եմ իմացածս ու փորձս փոխանցել երեխաներին, երիտասարդ սերնդին:

Առաջնային խնդիրն ինձ համար Հայաստանում մշակութային է՝ տալ, փոխանցել այն, ինչ ես սովորել եմ, ինչ գիտեմ, իմ անձնական գիտելիքները, որ այդ ամենը փոխանցեմ երեխաներին, երիտասարդ սերնդին:

Աշխարհում հայկական երաժշտության պահանջարկի մասին

Երաժշտական աշխարհում կա world music (թարգ.՝ «համաշխարհային երաժշտություն») հասկացողություն: Հայաստանում այլ երաժշտություն են լսում, դրսում՝ այլ: Եվրոպացիները չեն կարող հասկանալ հայկական երաժշտությունը, իրենց համար դա էկզոտիկ է, իսկ մեզ համար այն մերն է: Այստեղ էլ հակառակը, տարբեր տեսակի երաժշտություն կա: Ի դեպ, տարիների ընթացքում հասկացա, որ մարդիկ այստեղ այդքան էլ չեն հասկանում երաժշտական աշխարհի զարգացումը. իրենք ուղղակի լսում են երաժշտությունն ու հավանում այն կամ ոչ: Դրսում այդպես չէ: Ինչպես ասացի, այնտեղի ժողովուրդը ծանոթ են տարբեր ազգերի երաժշտությանը, տարբերում են ոճերը, քանի որ շաբաթը մի քանի տարբեր բարձրորակ երաժշտություն են լսում: Հենց այդ պատճառով էլ իրենց չես խաբի սովորական մշակմամբ, պետք է աշխատել:

Ժողովրդականի մասին

Ժողովրդական երաժշտությունը մշակման կարիք չունի, այն արդեն կայացած է, իդեալական է, և երբ ձեռք ես տալիս այդ երաժշտությանը, դա պետք է հիմնավորված լինի: Այդ հիմքերը գտնելու համար տարիների ուսումնասիրություն է անհրաժեշտ: Մշակողը պետք է ապրի դրանով, այդ մշակումները պետք է իր միջից բխեն: Չի կարելի ինչ-որ երաժշտություն մշակելու մակերեսային որոշում կայացնել, վերցնել ու սկսել անել դաԼ Ամենակարևորն այստեղ ժողովրդական երաժշտությունը բարձրացնելն ու զարգացնելն է, այլ ոչ թե մշակելը: Մշակումը պետք է ժողովրդականը նոր կերպ մատուցի, որ ամեն մի նոտա ավելի «պայծառանա»:

Հայաստանյան համերգների մասին

Հայաստանյան հաներգներիս այնքան էներգիա եմ ծախսում, որ դրսում ոչ մի համերգիս ժամանակ այդպես չի լինում: Կարելի է ասել՝ հայաստանյան ամեն համերգն ինձ համար յուրահատուկ սթրես է: Դա, հավանաբար, պատասխանատվության զգացողության հետ է կապված, կամ անհամբերության: Երբ ինչ-որ մի նոր բան եմ գրում, սկսում եմ սպասել, թե երբ է գալու այն օրը, որ Հայաստանում կկատարեմ այդ երաժշտությունն ու տեղի հանդիսատեսը կհասկանա այն: Միշտ ուզում եմ ամեն համերգիս մի նոր բան ներկայացնել: Առհասարակ, ամեն ձայնասկավառակիս ձայնագրության ժամանակ ինձ համար ամենակարևորն այն է, թե ինչպես այն զարգացավ՝ նախորդի համեմատ:

Խոսելով ձայնասկավառակների մասին: Հուսով եմ՝ մի քանի տարուց նորից կվերադառնամ «Լոյս ի Լուսոյ»-ին: Նյութն այնքան շատ է, որ անհամբեր սպասում եմ, թե երբ եմ սկսելու նոր մշակումներ անել:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---