// IP Marketing video - START// IP Marketing video - END
27  05.05.17 - «Օտրի տրիո» անսամբլի համերգը՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար
«Օտրի տրիոյի» համերգը՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար

«Օտրի տրիոյի» համերգը՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար

«Նոր երազանք ունենալու հնարավորություն»

«Օտրի տրիո» անսամբլը, Հայաստանի «Փյունիկ» բարեգործական հասարակական կազմակերպության, Երվանդ Քոչարի թանգարանի հետ համատեղ, մայիսի 5-ին համերգ էր կազմակերպել հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Համերգին ավելի քան 10 երեխա էր ներկա. լսում էին Արամ Խաչատրյանի, Կոմիտասի, Դմիտրի Շոստակովիչի երաժշտությունը:

PanARMENIAN.Net - Երեխաների համար նվագեց «Օտրի տրիո» անսամբլը (ֆլեյտա, ջութակ, ալտ): Համերգն ինտերակտիվ էր. երաժիշտները պատմում էին երեխաներին տրիոյում ներառված երաժշտական գործիքների մասին, ներկայացնում ստեղծագործություններն ու կոմպոզիտորներին, ապա նվագում: Յուրաքանչյուր ստեղծագործությունը լսելուց հետո երեխաները հարցեր էին տալիս, զրուցում ու նորից երաժշտություն լսում:

Համերգից հետո PanARMENIAN.Net ը զրուցեց երեխաների, ծնողների և երաժիշտների հետ:

Լսողության խնդիր ունեցող 10-ամյա Կարեն Ազարյանի մայրը՝ Նարինե Ազարյանը, ասում է.

«Որոշեցինք, որ անպայման պետք է ներկա լինենք համերգին, որ երեխայի օրն ավելի հետաքրքիր անցնի: Կարծում եմ՝ դա էլ կօգնի ադապտացնել երեխային: Վիրահատությունից հետո նա 90%-ով լսում է, սակայն դեռևս խնդիրներ ունի. դժվարանում է խոսել, քանի որ հիվանդության հետևանքով դեռ 3 տարեկանում կորցրել էր լսողությունը: Այսօր լսել է հնչյունները, ինձ թվում է՝ արդյունքը դրական կլինի, գուցե հետաքրքրվի երաժշտությանբ, բայց կարևոր չէ, թե ինչ մասնագիտություն կընտրի, ամենակարևորն այն է, որ խելացի մարդ լինի»:

Նարինե Ազարյանը պատմում է, որ հաշմանդամություն ունեցող երեխաներին ընկալելու հետ կապված հասարակությունը խնդիրներ ունի:

«Կան խնդիրներ, որոնք դեռ երկար կմնան: Հաճախ դրսում անծանոթ երեխաները երկար նայում են տղայիս լսողական սարքին, իսկ ծնողները չեն բացատրում, թե դա ինչ է: Կարենը շատ անհարմար է զգում, հարցնում է՝ ինչու են այդպես իր վրա նայում: Տեղեկացվածության, վերաբերմունքի խնդիր կա: Հոգեբանական սեմինարների ենք մասնակցում, որտեղ ծնողները պատմում են, թե ինչպես են նրանց ու երեխաների վրա «թարս նայում», կոպիտ արտահայտություններ թույլ տալիս: Շատ դժվար է: Երևի մի փոքր իմ մեղքն էլ կա, քանի որ միշտ առանձնացնում եմ Կարենին, հատուկ եմ վերաբերվում», - ասում է Ազարյանը:

Կարեն Ազարյանը համերգից գոհ է մնացել: Ասում է՝ առաջին անգամ է նման գործիքների երաժշտությունը միասին լսում.

«Առաջին անգամ չեմ համերգ լսում, բայց այստեղ որոշ գործիքներ առաջին անգամ տեսա, լսեցի: Տանը դաշնամուրային երաժշտություն եմ լսում: Այսօր լավ էին նվագում: Նվագելը լավ բան է, բայց չգիտեմ՝ նորից կցանկանամ այսպես լսել, թե՝ ոչ»:

Համերգին ներկա երեխաներից Էդիկ Բախշյանն էլ ասում է, որ հավանել է համերգը, բայց կենդանի կատարման և ձայնագրված երաժշտության միջև տարբերություն չի նկատել:

«Միշտ հեռախոսով եմ երգեր լսում, և տարբերություն չեմ զգացել: Բայց այստեղ ավելի լավ էր, քանի որ տեսնում էի նաև գործիքները, երաժիշտներին, որոնք խոսում էին մեզ հետ: Ծնողներիս կասեմ, որ ինձ էլի համերգների տանեն», - ասաց Էդիկը:

Մարի Ղազարյանն էլ նշում է. «Համերգը դուրս եկավ, առաջին անգամ էի այսպիսի համերգ լսում, մինչև այս միայն համակարգչով եմ երաժշտություն լսել, օրինակ՝ Շոպենի: Ինքս եմ ընտրում, թե ինչ լսել: Ուզում եմ նաև ֆլեյտա նվագել սովորել»:

Մարիի քույրը՝ Սուսաննա Ղազարյանն էլ ասաց, որ երաժշտություն շատ չի լսում, երգում է, բայց ավելի շատ նկարել է սիրում:

«Գործիքները մեղմ էին հնչում», - համերգի մասին ասաց Սուսաննան:

«Օտրի տրիոյի» ջութակահարուհի Անժելա Հովհաննիսյանն էլ իր հերթին նշեց, որ այս երեխաներին հատուկ ուշադրություն է պետք:

«Շարժունակության կամ այլ խնդիրների հետ կապված հաճախ նրանք քիչ են դրսում լինում, ծանոթ չեն այս արվեստին, շփման կարիք ունեն: Միաժամանակ, մենք տարբերություն չենք դնում երեխաների միջև. ցանկացած երեխայի համար համերգը կարևոր է գիտելիքների ընդլայնման, երաժշտական ճաշակի ձևավորման համար»:

Ֆլեյտահար Ռուզաննա Թովմասյանն էլ նկատեց, որ այսօր երեխաներին նոր երազանք, ձգտում ձեռք բերելու հնարավորություն ընձեռվեց:

«Քանի որ երաժշտությունը խոսք չի պահանջում, դրա միջոցով կարող ես կապ հաստատել երեխաների հետ, փոխանցել ինչ-որ տեղեկատվություն, որը բառերով հասցնել միշտ չի ստացվում: Գուցե, օրինակ, ֆլեյտան առաջին անգամ տեսնեն ու հետաքրքրվեն, երաժիշտ դառնալու ցանկություն առաջանա, կամ կտավներ տեսնեն և ցանկանան նկարել, արվեստագետ դառնալ: Կարևոր է, որ երազանք արթնանա»:

Ալտահար Արևիկ Կոսյանը պատմեց, որ բազմիցս նվագել են երեխաների համար, բայց հաշմանդամություն ունեցողների համար առաջին անգամ են նվագում:

«Երեխաների համար մեր համերգները միշտ ինտերակտիվ համերգ-զրույցների տեսքով են անցնում: Այս անգամ էլ նույնն էր: Այսօր երեխաներն ակտիվ էին, աշխույժ, հետաքրքրասեր, արդեն իսկ բավականին տեղեկացված էին երաժշտության մասին: Ուզում էինք հաշմանդամություն ունեցող երեխաների ներգրավել, քանի որ Հայաստանում դեռ բազմաթիվ խնդիրներ կան, օրինակ՝ ծնողները շատ անգամ չեն ցանկանում, կամ հնարավորություն չեն ունենում հաշմանդամություն ունեցող երեխաներին համերգների, ցուցահանդեսների տանելև այլուր: Իսկ դա շատ կարևոր է, որ նրանք դուրս գան փակ տարածքից, շփվեն, մեկուսացված չլինեն: Այս թանգարանում երեխաները կտավների ծանոթացան, երաժշտություն լսեցին», - ասաց նա:

Հայաստանում իր կազմով առանձնահատուկ «Օտրի Տրիո» անսամբլը ստեղծվել է 2016-ին: Ի տարբերություն դասական դաշնամուրային տրիոների՝ դրա կազմում փողային և լարային գործիքներ են։ Սովորաբար տրիոների մեջ ֆլեյտա չի ներառվում, մշտական կազմով ֆլեյտային տրիոներ աշխարհում չեն գործում, այլ հավաքվում են միայն որոշ համերգների համար:

Կոլեկտիվի կազմում հանդես են գալիս միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ Ռուզաննա Թովմասյանը (ֆլեյտա), Անժելա Հովհաննիսյանը (ջութակ) և Արևիկ Կոսյանը (ալտ):

Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net, Արամ Կիրակոսյան / PAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Միջնադարյան ամրոցի մուտքը վճարովի կդառնա
Միքայել Օհանջանյանի նախագիծը՝ Ֆլորենցիայում Միքելանջելոյի քանդակի հարևանությամբ
Սերգեյ Մանուկյանը երևանյան նոր միտումների մասին
 Ուշադրության կենտրոնում
Ալեքսիս Օհանյանը «գաղտնի հայկական նախագիծ» կներկայացնի

Ալեքսիս Օհանյանը «գաղտնի հայկական նախագիծ» կներկայացնի Ավելի վաղ նա շախմատ խաղացող հայերի լուսանկար էր հրապարակել և նշել, որ նոր նախագիծ է նախապատրաստում

 Բաժնի այլ նյութերը
Տարվա ամենաէպիկ երաժշտական փառատոնը EPIC EYE-ը կտեղափոխի մասնակիցներին այլ իրականություն
Կրկեսի հին շենքում Ենգիբարյանը զուգարանի հերթ էր կանգնում Դերասանները վերջապես «մարդավարի» կաշխատեն
Տարվա «ամենալուսնային» միջոցառումը 9 պատճառ Absolut Moon Stage-ը բաց չթողնելու համար