Թրոլինգ և խորտիկներ

Թրոլինգ և խորտիկներ

Ով է «Պուտինի խոհարարն» ու ինչ է անում ռուսական ռազմակայանում

Ռուսաստանում իր ընդդիմադիր հայացքներով հայտնի, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար, իրավաբան Ալեքսեյ Նավալնին հայտարարել է կարտելի գոյության մասին, որը ստեղծել է որպես «Պուտինի խոհարար» հայտնի Եվգենի Պրիգոժինը: PanARMENIAN.Net-ը սեղմ ներկայացնում է Պրիգոժինի գործունեության և մեքենայությունների հիմնական ուղղությունները, որոնք հայտնի են Նավալնու հետաքննությունից:

PanARMENIAN.Net - Ով է Եվգենի Պրիգոժինը

Պրիգոժինը հայտնի ռուս գործարար է, ՌԴ կառավարության շեֆ-խոհարարը: Նա մի քանի ռեստորանների սեփականատեր է, սպասարկում է նաև Սպիտակ տունն ու Կրեմլը: Բացի խոհարարական գործունեությունից, Պրիգոժինի հետ է կապված այսպես կոչված «թրոլերի ֆաբրիկայի» գործունեությունը՝ մի կազմակերպության, որը համացանցում տարածում է իշխանությանը և Պուտինին գովաբանող մեկնաբանություններ և բոթերի ու սփամի գրոհներ է կազմակերպում ընդդիմադիր ԶԼՄ-ների և բլոգերի դեմ:

Ինչ է ասում Նավալնին

Մայիսի 19-ին ռուս ընդդիմադիր գործիչը նոր հետաքննության արդյունքներն է հրապարակել, որոնք վերաբերում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած անձանց: «Որպես «Պուտինի խոհարար» հայտնի Եվգենի Պրիգոժինը կարտել է ստեղծել, որի միջոցով, հանցավոր պայմանավորվածության գալով ՌԴ ՊՆ պաշտոնյաների հետ, յուրացրել է պաշտպանության ոլորտի համար հատկացվող պետական գումարները»,-գրել է Նավալնին տեսանյութի նկարագրության մեջ:

Ըստ նրա, «Պուտինի խոհարարը» ընդհանուր առմամբ յուրացրել է 23 մլրդ ռուբլի, ինչը ռեկորդային գումար է, որի առնվազն մեկ երրորդը, գողացվել է: Իսկ ընդհանրապես, Պրիգոժինի կառույցներով ավելի քան 180 մլրդ ռուբլի է անցել:

Ինչում են մեղադրում Պրիգոժինին

Ըստ Նավալնու, Պրիգոժինն է կազմակերպել Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի իրավաբան Լյուբով Սոբոլի ամուսնու դեմ հարձակումը: Սոբոլն է հիմնադրամի մեկ այլ իրավաբան Վալերի Զոլոտուխինի հետ հայտնաբերել Պրիգոժինի մեքենայությունները:

Դեռ 2016-ին Նավալնին Պրիգոժինի մասին ասել էր թե նա «երկու անգամ դատված հանցագործ է, որը դարձել է միլիարդատեր և ՌԴ ամենամեծ պետական կապալառուներից մեկը: Նա գումար է ստանում զինվորականների ավանների սպասարկման և ռազմական ոլորտում նոր շինարարության համար: «Հաջողության պատճառը պարզ է՝ նա Պուտինի խոհարարն է: 2001-ին նա անձամբ է սպասարկել Պուտինին ռեստորանում և դուր է եկել նրան», -հայտարարում է Նավալնին:

Ինչ է կորցրել «Պուտինի խոհարարը» Երևանի ռուսական ռազմակայանում

Ըստ ընդդիմադիր գործչի կայքում հրապարակված փաստաթղթի, Պրիգոժինի ընկերությունները բաժանմունքներ և գրասենյակներ ունեն փակ տարածքներում՝ ՌԴ ՊՆ զորամասերում: Այդ թվում Հայաստանում տեղակայված ՌԴ զորամասում, մասնավորապես Երևանում տեղակայված «Էրեբունի» ավիաբազայում, որտեղ գործում է «ԱՍՊ» ՍՊԸ-ն, որն էլ հաղթել էր տարածքի սպասարկման համար աճուրդում:

Ինչ են ակնկալում Դաշնային հակամենաշնորհային ծառայությունից

Մայիսի 22-ին Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը պետք է որոշում կայացնի կարտելի գործով: Պրիգոժինին մեղադրանք է առաջադրվել կարտել ստեղծելու և 8 մլրդ դոլար պետական բյուջեից յուրացնելու համար: Նավալնին մտավախություն ունի, որ գերատեսչությունը ճնշում չի գործադրի ՌԴ նախագահի մերձավոր շրջապատին հարող մարդու վրա և հնարավորինս կմեղմացնի գործը՝ նվազագույն տուգանքներ սահմանելով կամ կարճելով գործը:

Երևանում տեղակայված 3624-րդ ավիաբազան 102-րդ ռուսական ռազմակայանի մաս է կազմում: Ռազմակայանը տեղակայված է ՀՀ-ում 1994թ. պայմանագրի հիման վրա, որը 2010-ին երկարացվեց 25 տարով՝ մինչև 2044թ.:

 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Իրանի ՊՆ ղեկավար․ Կաջակցենք Ադրբեջանի և ՀՀ միջև ուղիղ կապերին

Իրանի ՊՆ ղեկավար․ Կաջակցենք Ադրբեջանի և ՀՀ միջև ուղիղ կապերին Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---