// IP Marketing video - START// IP Marketing video - END
Լավ մոռացված հինը

Լավ մոռացված հինը

Ամենախոշոր խաղային ցուցահանդեսի կարևորագույն նորությունները

Հունիսի 10-ից 13-ը Լոս Անջելեսում անցկացվեց համակարգչային խաղերի արդյունաբերության ամենախոշոր E3 (Electronic Entertainment Expo) ցուցահանդեսը, որի ընթացքում շուկայի հսկաները ներկայացրեցին իրենց կարևորագույն նորությունները: Անակնկալներն այս տարի շատ չէին, սակայն 2017-ի միջոցառումը բավականին հարուստ էր թե կոնտենտի, թե արդյունաբերության նոր ոլորտներին, օրինակ` վիրտուալ իրականությանը հատկացված ուշադրության առումով:

PanARMENIAN.Net - Այս տարի E3-ն առանձնահատուկ էր նաև նրանով, որ ներկայացվեցին ժամանակին խիստ պոպուլյար խաղերի` երկար սպասված շարունակությունները կամ ռեմեյքները: Ցանկացած նոր բան դա լավ մոռացված հինն է. PanARMENIAN.Net ը պատմում է այս տարվա E3-ի կարևորագույն նորությունների մասին:

Xbox One X

Բավականին երկարատև սպասումից հետո Microsoft ընկերությունը վերջապես ներկայացրեց իր նոր խաղային սարքը, որի ստեղծման վրա ինժեներներն աշխատել էին երեք տարի: Կոնսոլը այսուհետ կկոչվի ոչ թե Project Scorpio, այլ Xbox One X: Այն վաճառքում կհայտնվի արդեն նոյեմբերի 7-ին: 6 տերաֆլոպս հզորություն ունեցող GPU-ն աշխատում է 1,772 ԳՀց հաճախականությամբ` ի համեմատությունը PlayStation Pro-ի 4,2 տերաֆլոպսի: Ultra HD Blu-Ray դիսկերի աջակցություն, 12 գիգաբայթ օպերատիվ հիշողություն և 1 ՏԲ ծավալով կոշտ դիսկ: Հզոր, 8-միջուկ պրոցեսորը (2,3 ԳՀց) սառեցվում է vapor chamber տեխնոլոգիայի միջոցով: Սարքն ապահովում է նաև պատկերի իրական 4K խտություն: Վստահաբար կարելի է ասել, որ Xbox One X-ը ժամանակակից ամենահզոր ու զարգացած խաղային սարքն է:

Ori and the Will of the Wisps

2015-ին հայտնված ու բազում գեյմերների սիրելին դարձած Ori and the Blind Forest պլատֆորմերի շարունակությունը կկոչվի Ori and the Will of the Wisps: Շքեղ պատմության, գեղեցիկ ձևավորման ու հրաշալի կերպարների շնորհիվ առաջին խաղը ջերմորեն էր ընդունվել քննադատների և խաղային հանրության կողմից: Խաղի ստեղծողները Moon Studios-ից խոստացել են, որ շարունակությունն առաջինին ոչնչով չի զիջելու:

The Evil Within 2

Resident Evil խաղային շարքի ստեղծող Սինձի Միկամիի նոր աշխատանքը` The Evil Within սարսափ ժանրի խաղը 2014թ-ին բավականին մեծ աղմուկ էր առաջացրել: Երեք տարի հետո լեգենդար ճապոնացին ներկայացնում է խաղի շարունակությունը` հրաշալի թրեյլերի միջոցով: Բնականաբար, նման խաղերի սիրահարներին կրկին սպասում է հետաքրքիր ու լարված սյուժե` լի գաղտնիքներով ու ոչ միանշանակ բացահայտումներով:

Hidden Agenda

Until Dawn թրիլլերի ստեղծողների` Supermassive Games ստուդիայի նոր խաղն իրենից ներկայացնում է ինտերակտիվ թրիլլեր, որը թույլ կտա միանգամից մի քանի խաղացողների համատեղ անցնել լարված պատմությունով ու որոշումներ կայացնել հատուկ մոբայլ հավելվածի միջոցով: Կայացրած որոշումներից կախված կլինի խաղի կերպարների կյանքը: Hidden Agenda-ն կդառնա PlayLink նախագծի առաջին խաղը, որը միավորելու է PlayStation ընտանիքի կոնսոլներն ու մոբայլ սարքերը՝ ընկերների հետ սյուժետային խաղեր խաղալու հնարավորություն տալով:

Shadow of the Colossus

12 տարի առաջ թողարկված արկածային խաղի ռեմեյքը ստեղծելու գաղափարը խաղային արդյունաբերության կարևորագույն որոշումներից մեկը կարելի է համարել: Հայտնի հեղինակ Ֆումիտո Ուեդայի կուլտային խաղը` լի գլուխկոտրուկներով ու հետաքրքիր արկածներով, նոր ժամանակների գեյմփլեյի առանձնահատկությունների ու գրաֆիկայի հնարավորությունների հետ կկարողանա բազմապատկել այս ստեղծագործության երկրպագուների` առանց այն էլ մեծ բանակը:

God of War

Յոթ խաղից բաղկացած շարքը, որը պատմում է աստվածներին ձեռնոց նետած սպարտացի գեներալ Կրատոսի մասին, հաջորդ տարի կհամալրվի ևս մեկ մասով: Հատուկ Play Station 4 կոնսոլի համար մշակված God of War-ը ոչ միայն 2010թ-ի God of War III-ի սիքվելն է, այլև ամբողջ շարքի վերաթողարկումը` միաժամանակ շարունակելով նախորդ խաղերի սյուժեն: Այս անգամ շարքը կտեղափոխվի սկանդինավյան դիցաբանության աշխարհ (նախորդ բոլոր խաղերը հիմնված էին հունական դիցաբանության վրա):

Spider-Man

Հերթական «Սարդ-մարդու»` մեծ էկրաններ բարձրանալու նախաշեմին հայտարարվեց նաև Insomniac ստուդիայում մշակվող համանուն խաղի մասին, որի տպավորիչ թրեյլերը ներկայացվեց ցուցահանդեսի մասնակիցներին: Միայն այս մի քանի րոպեանոց հոլովակն ինքն իրենով ավելի ազդեցիկ է, քան հայտնի գերհերոսի մասին բոլոր ֆիլմերը միասին վերցրած: Խաղը հասանելի կդառնա 2018թ-ին:

Beyond Good and Evil 2

Առանց չափազանցնելու` այս տարվա E3-ի կարևորագույն իրադարձությունը 15 տարի առաջ խաղային աշխարհը ցնցած Beyond Good and Evil-ի շարունակության մասին հայտարարությունն էր: Խաղի հեղինակ Միշել Անսելն աշխատել էր իր նոր գաղափարի ստեղծման շուրջ մոտ 15 տարի, և միլիոնավոր երկրպագուներն արդեն կարող են վստահ լինել, որ սիրելի աշխարհը կրկին վերադառնալու է:

Metroid Prime 4

Եւս մեկ աղմկոտ իրադարձություն ցուցահանդեսի շրջանակներում: Nintendo ընկերության հռչակավոր Metroid պլատֆորմերի հերթական մասը լույս կտեսնի նոր` Nintendo Switch խաղային սարքերի վրա: 90-ականներին մեծ ժողովրդականություն վայելող շարքը վերջին տարիներին նկատելիորեն զիջել էր դիրքերը, սակայն ճապոնացիները երբեք չեն մոռանում անցյալի լեգենդներին:

Super Mario Odyssey

Եզրափակվեց ցուցահանդեսը ևս մեկ վառ իրադարձությամբ. Nintendo-ն ներկայացրեց աշխարհի ամենահայտնի խաղային կերպարի` Մարիոյի մասին հերթական պլատֆորմերը, որը վաճառքում կհայտնվի հոկտեմբերի 27-ին: Հաշվի առնելով խաղերի ստեղծման նկատմամբ ընկերության պեդանտությունն ու «մաքրասիրությունը», այն սիրելի կդառնա թե մեծերի, և թե փոքրերի համար. ինչպես նաև թույլ կտա զգալի ավելացնել նոր խաղային սարքի` Nintendo Switch-ի վաճառքի ծավալները:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ermire Mirror-ը կօգնի «փորձել» հագուստը սմարթֆոնի միջոցով
ՀՀ-ում առաջին Zero Robotics մրցույթ-ճամբարն է
ՏՏ ոլորտի նոր ռեկորդները՝ թվերով
Ինչպես է բիզնեսը լուծում սոցխնդիրները
 Ուշադրության կենտրոնում
Ռոբոտ Սոֆիան Փաշինյանի հետ սելֆի է հրապարակել Twitter-ում

Ռոբոտ Սոֆիան Փաշինյանի հետ սելֆի է հրապարակել Twitter-ում Անդրոիդ Սոֆիան ՄԱԿ կողմից որպես մարդ ճանաչված և քաղաքացիություն ունեցող միակ ռոբոտն է

 Բաժնի այլ նյութերը
Հայկական ստարտափ ստարտափների համար SkizbUp հարթակը՝ միջնորդ ստեղծողների և ներդրողների միջև
«Խելացի օրորոց» Հայկական արտադրանքը հեքիաթ կպատմի ու կքնեցնի երեխային
Հայկական ՏՏ-ն 10 հավելված, որոնք օգտակար կլինեն ՀՀ-ում ճամփորդելիս